Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Ջազի պարագայում ազգություն, կրոն, գույն, ամե՜ն-ամեն ինչ դրվում է մի կողմ»

«Ջազի պարագայում ազգություն, կրոն, գույն, ամե՜ն-ամեն ինչ դրվում է մի կողմ»
25.05.2012 | 23:09

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դաշնակահար, ջազմեն, «Կատուներ» ավանգարդ ֆոլկ խմբի հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

«ԲՈԼՈՐՍ ԷԼ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՎԱՆԳԱՐԴ ՖՈԼԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

-Վահա՛գն, ապրիլի 30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Ջազի միջազգային օր: Այն այս տարի նշվեց նաև Երևանում: Արդյո՞ք կոնկրետ օրվա, արարողակարգի մեջ ջազ երևույթը զետեղելը չի կաղապարում այն:
-Չէ՛, չէ: Այդ օրը շատ լավ համերգ տեղի ունեցավ Երևանում` Կասկադում, որի նմանը վաղուց չէր եղել: Քաղաքապետարանն էր կազմակերպիչը: Չնայած Հայաստանի ջազմենների մոտ 30 տոկոսն էր մասնակցում համերգին, այնուամենայնիվ հիանալի տոն ստացվեց: Մեկ անգամ ևս ինձ համար ապացուցվեց, որ մեր ժողովուրդը շատ է սիրում ջազ ու շատ է կարոտել կենդանի, որակյալ երաժշտության: Մի ուրիշ հանգամանք էլ նկատվեց. էս ժողովրդին արվեստով է պետք միավորել: Արվեստով է էս ժողովուրդը համախմբվում:
-«Կատուներն» այս տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի արժանացավ «Լավագույն ջազ նախագիծ» անվանակարգում: Ձեր զգացողություններն այս հանգամանքի առնչությամբ:
-Նախ` ասեմ, որ «Կատուները» նախագիծ չէ, խումբ է. մրցանակը չպետք է կոչվեր «Լավագույն ջազ նախագիծ»: Ինչևէ: Մրցանակն անսպասելի էր: Իրոք: Մենք ամբողջ կազմով ներկա էլ չէինք: Մի մասին էի կարողացել հանպատրաստից հավաքել, որովհետև չէինք սպասում, որ մրցանակ կստանանք: Ավելի շատ ենթադրվում էր, որ մրցանակը կշնորհվի նոր խմբին` «PENMAN»-ին` նրանց գործունեությունը խրախուսելու համար: Բայց մրցանակը շնորհվեց «Կատուներին»: Շնորհակալություն:
-Ջազի երևանյան սիրահարներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են տարբեր ջազ ակումբներում` «Մալխաս ջազ ակումբում», «Մեցցոյում», «Առագաստում», «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի համերգասրահում: Դուք ելույթ եք ունենում թվարկածս բոլոր սրահներում: Ըստ Ձեզ` ո՞րն է ամենաջազային միջավայրը Երևանում, որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում:
-«Գաֆէսճյանում»: Նախ շատ տրամադրող են բեմը, դահլիճը: Գործիքն է շատ տրամադրող. հրաշալի ռոյալ է: Սա փոքրիկ համերգասրահ է: ՈՒ այստեղ նաև չեն կորչում ակումբի համն ու հոտը: Ժողովուրդը «Գաֆէսճյան» է գալիս երաժշտություն լսելու: ՈՒ սրահն այնպես է կառուցված, որ մարդիկ իրար չեն նայում, բեմին են նայում: Կենտրոնացումն ամբողջովին դեպի բեմն է: Այստեղ եկողները տեղյակ, հասկացող մարդիկ են: Մինչդեռ Ձեր նշած մյուս վայրերում ով ասես` կարող է լինել: Կարող է անգամ հայտնվել մեկը, որին ուղղակի խանգարում է ջազ երաժշտությունը. մարդը չգիտի էլ` ուր է եկել: Ընդամենը եկել է նստելու, ժամանակ անցկացնելու, զրուցելու ու չի էլ պատկերացնում, թե ինչ է լինելու, ինչ երաժշտություն է հնչելու: «Գաֆէսճյան» եկողները գիտեն, թե ուր և ինչու են գալիս, նախապես տեղեկացված են ծրագրին: ՈՒ մենք «Գաֆէսճյանում» այնքան էլ հաճախ չենք նվագում: «Մալխասում» կամ «Պոպլավոկում» ես նվագում եմ պարբերաբար: Իսկ «Գաֆէսճյանում» կարող է լինել ամիսը մեկ ելույթ կամ դա էլ չլինել: Եվ շատ կարևոր է, որ այդ դահլիճը զուտ ջազային ուղղվածությամբ չէ: Այնտեղ հնչում է և՛ դասական, և՛ էթնո, և՛ ռոք, և՛ այլ ժանրերի որակյալ երաժշտություն: Ի դեպ, ես կցանկանայի, որ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում մի նորույթ մտցնեին` «Ավանգարդ ֆոլկ երաժշտություն»: Այս տարի ջազ նոմինացիայում երեք խումբ էր ներկայացված` «Կատուներ», «Armenian Navy Band», «PENMAN»: Սրանցից ոչ մեկն էլ ջազ չի ներկայացնում: Թեև երեքն էլ կապ ունեն ջազի հետ: Բոլորս էլ ներկայացնում ենք մեր ավանգարդ ֆոլկ երաժշտությունը: ՈՒրեմն անվանակարգն էլ պիտի համապատասխանաբար կոչվի այդպես և շեշտադրի կապը ազգայինի հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋԱԶԻ ԲՆՕՐՐԱՆ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՅԵՐԻ ՈԳԻՆ ՇԱՏ ՄՈՏ Է ՋԱԶԱՅԻՆ ՄՈՏԻՎՆԵՐԻՆ»
-Հայկական ջազի կենսագրության մեկնարկը վերագրվում է 1930-ականներին: Այն օրերի և 21-րդ դարի հայկական ջազը ի՞նչ առնչություններ և առանձնահատկություններ ունեն:
-Երբ ես լսում եմ Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, մյուսների ստեղծագործությունները, էն ժամանակվա նվագախմբերի ելույթները, զգում եմ, որ ջազի համն ու հոտը պահելով հանդերձ` նրանք ավելի մոտ են եղել ազգային արմատներին: Մի պահ խզում եղավ. ազգայինի հետ մի տեսակ անհասկանալի բան կատարվեց: Անընդհատ` դուդո՜ւկ-դուդո՜ւկ: Որտեղ ասես մտնում է էդ դուդուկը: Դիսկո երգի մեջ` դուդուկ, դասականի մեջ` դուդուկ, ռաբիսի մեջ` դուդուկ… Դրանով ընկնում է դուդուկի արժեքը: Ի՞նչ պարտադիր է, որ ամեն տեղ դուդուկ լինի: Այսպիսի երևույթներով մենք օտարացանք մեր ազգային երաժշտության արմատներից: Բայց հիմա կրկին դրանց վերադառնալու երևույթն է նկատվում:
-Ջազի հայրենիքը Նոր Օռլեանն է համարվում: Այսինքն` Հայաստանը ջազի բնօրրան չէ: Բայց փաստ է, որ այն պահանջված ժանր է այսօր մեզանում: Ինչո՞վ կբացատրեք:
-Հայաստանը ջազի բնօրրան չէ, բայց հայերի ոգին շատ մոտ է ջազային մոտիվներին: Մենք էլ մեր բլյուզն ունենք: Չգիտեմ` երևի մեր ու սևամորթների ապրածը, կրած տառապանքները, բազմաչարչար կյանքը կապ ունեն միմյանց հետ: Բայց որ ինչ-որ կապ կա, հաստա՛տ է:
-Ձեր լուսահոգի հայրը` Կարո Հայրապետյանը, ժողովրդի բոլոր շերտերի համար սիրելի և ընկալելի դարձրեց ջութակը: Ո՞րն է Ձեր առաքելությունը` որպես արտիստի:
-Իմ հայրն ապացուցեց, որ գործիքը չունի ազգություն: Նա կոնկրետ ջութակի օրինակով շեշտեց, որ գործիքը չէ, որ պիտի հայերեն նվագի, նվագողը պիտի հայերեն նվագի: ՈՒ ես էլ «Կատուներով» շարունակում եմ նրա առաքելությունը: Ինձ թվում է, որ իրեն պիտի սա դուր գա: Ես էլ մեր այսօրվա ֆոլկում եմ նույն բանն անում: Ոչ թե փորձում եմ այն վերածնել, այլ այսօրվա մեր պատմությունն եմ պատմում` հնարավորինս հասկանալի ոչ միայն Երևանի, Հայաստանի, այլև աշխարհի համար:
-Հայկական շոու-բիզնեսում օրինաչափ է կատաղի, նույնիսկ անբարոյական մեթոդներ ենթադրող մրցակցությունը: Ի՞նչ փոխհարաբերություններ են տիրում հայաստանյան ջազ ընտանիքում, որն օրըստօրե ավելի բազմամարդ է դառնում:
-Հայաստանում շոու-բիզնես չկա:
-Դե՜, նկատի ունեմ այն աշխարհը, որ կոչում են շոու-բիզնես:
-Չկա նման բան: Մենք էդ շուկան չունենք: Իսկ ինչ վերաբերում է ջազ ընտանիքին, ապա ասեմ, որ մենք շատ ջերմ փոխհարաբերությունների մեջ ենք միմյանց հետ: Իհարկե, ընտանիք է, և ընտանիքում ամեն ինչ էլ կպատահի: Բայց միևնույն է, հենց առաջին իսկ ակորդից ամեն բան ընկնում է իր տեղը` իր լավ տեղը: Շատ է պատահում, որ վիճում ենք փորձերի ժամանակ, որոշ մարդիկ կարող են ամիսներով չխոսել իրար հետ, բայց հետո ժամանակը հարթում է ամեն ինչ: Ջազի մեջ պիտի քո էգոն մի կողմ թողնես: Դա ամենակարևոր բանն է: «Եսդ» պիտի մոռանաս: Եթե համատեղ մի բան է արվում, այդտեղ «ես» չի կարող լինել: Ջազը «մենք» է, «ես» չէ:
-Մեր ազգային մշակութային, այդ թվում և` ջազային պոտենցիալը սփռված է դրսում` Տաթևիկ Հովհաննիսյան, Տիգրան Համասյան, այլք: Ի՞նչ եք մտածում այս մասին:
-Լավ է, որ այդպես է: Դա մեր հպարտությունն է: Չպետք է դա ցավագին ընկալենք:
-Այդպես ցաքուցրիվ չե՞ն լինում մեր ազգային ուժերը:
-Չէ՛, չէ: Ժամանակն է մեր ազգային ուժերը ցաքուցրիվ անելու աշխարհով մեկ, որպեսզի աշխարհը ճանաչի մեզ: Էդ մարդիկ աշխարհի մյուս ծայրում ավելի մեծ բան են անում մեր ազգի, երկրի համար, մեզ ճանաչելի դարձնելու համար, քան շատերը, որ այստեղ նստած են: Մենք վաղուց պիտի այդպես վարվեինք: Մենք ինքներս մեզ անընդհատ նույն պատմությունն ենք պատմում ու հետո հոգնում ենք այդ պատմությունից: Պետք է այդ պատմությունը օտարներին էլ պատմենք: Երևանն էլ է մտնում աշխարհի մեջ: Չդառնանք ինչ-որ փակ, մեկուսացած գոտի:
-Օրեր առաջ մենք ականատես եղանք մի հաճելի իրողության. «Դասական Եվրատեսիլ» մրցույթի 2-րդ պատվավոր մրցանակն ստացավ Ավստրիան ներկայացնող մեր հայրենակիցը` ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: 3-րդ մրցանակը նույնպես հայորդի նվաճեց` արդեն Հայաստանը ներկայացնող վանաձորցի քանոնահար Նարեկ Գազազյանը: Տարբե՞ր են Ձեր հուզական մոտեցումներն այս երկու մրցանակներին և մրցանակակիրներին:
-Ի՞նչ տարբերություն, թե որ երկիրն են ներկայացնում: Բոլորն էլ գիտեն, որ նրանք հայ են:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն երևույթը, որ դասական երաժշտության համաշխարհային մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցող դասական երաժշտության մրցույթում Ավստրիան ներկայացնում է հայ պատանին:
-Հրա՛շք է: Դրանից ավելի մեծ հպարտություն կարո՞ղ է լինել հայ մարդու համար: Հենց նույն Տիգրան Համասյանը, որ 10 տարեկանից ինձ մոտ` իմ տան մեջ է կատարել իր առաջին ջազային ակորդները, այսօր իմ հպարտությունն է: Աշխարհով մեկ հայտնի է, ու երբ ինձ հարցնում են` ճանաչո՞ւմ ես Տիգրան Համասյանին, ուղղակի երջանիկ եմ ինձ զգում: ՈՒ բոլորս այդպիսի երևույթներով պիտի հպարտանանք:


«ՋԱԶԸ ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է, ԻՆՉՊԵՍ ՕԴԱՆԱՎԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ, ՀԵՌԱԽՈՍԸ…»
-Ի դեպ, նշածս մրցույթի ընթացքում էլ շատ շեշտադրված էր ջազը. բոլոր ոչ մրցութային կատարումները Վիեննայի «Mnozil Brass» ավստրիական ջազային բրասս-նվագախմբինն էին: Սա խոսում է դասական երաժշտության և ջազի հարազատության մասի՞ն:
-Իհարկե: Ջազը հենց դասականի շարունակությունն է:
-Իսկ միջանկյալ օղակ չէ՞ դասականի և էթնոյի արանքում:
-ՈՒզենք, թե չուզենք, ջազը մեր էսօրվա գոյության մի մասն է, ինչպես օդանավը, համակարգիչը, հեռախոսը… Ջազը դարձել է այն երաժշտությունը, որի պարագայում ազգություն, կրոն, գույն, ամե՜ն-ամեն ինչ դրվում է մի կողմ: Ինձ համար էսօրվա «World music» ասվածը ջազն է: Աշխարհի երաժշտությունը ջազն է: ՈՒ այնքան է մտած մեր կյանքում, որ առանց դրա հնարավոր չէ պատկերացնել ոչինչ: Ամեն ինչում այն կա: Նույն ավանգարդ ֆոլկն էլ, որ ինքնին ջազ չէ, իր մեջ կրում է ջազը: Մեր ապրելակերպի մեջ մտել է ջազը, ինչպես դասականը: Երաժշտությունը շատ ավելի մեծ երևույթ է, քան առանձին վերցրած այս կամ այն ժանրը: Օրինակ` ավանգարդ ֆոլկ անունն ինչով է ինձ դուր գալիս. նրանով, որ հավակնոտ չէ:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՐԱԾ ՀԻՄՆԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ»
-Կա՞ ինչ-որ ասելիք, որին իմ հարցերում չանդրադարձա:
-Կա՛: Մի հարց կա, որն ինձ համար չափազանց կարևոր է` մեր պետական օրհներգի հարցը: ՈՒզում եմ, որ Արամ Խաչատրյանի գրած հիմնը վերադառնա հայրենիք:
-Եթե իմանաք, թե ե՜ս որքան եմ ուզում:
-Մեր այսօրվա հիմնը` Լիտվայի մանկապարտեզի 8 տակտանի երգը, չի սազում մեզ, էլի՛: Հարցնում ես` ո՞վ է գրել, ոչ ոք պատասխան չունի: «Իտալացի աղջկա երգը» ի՞նչ կապ ունի մեզ հետ: Անշուշտ, գիտեք դրա իսկական տեքստը:
-«Մեր հայրենի՛ք, թշվառ, անտեր…»:
-Հենց սկսեցինք էդ հիմնը երգել, մեր հայրենիքը դարձավ թշվառ, անտեր: Հենց դրեցին Կարաբալայի արձանը, բոլորը դարձան Կարաբալա, հենց Անդրանիկի երկու ձիով արձանը դրեցին, բոլորն սկսեցին երկու-երեք մեքենա քշել: Էդ հիմնի երաժշտության աուրան ընդունելի չէ: Չի կարելի դա բերել-կախել ազգի, պետության գլխին: Հիմնի մեղեդին, բոլոր կոմպոզիտորական օրենքներով, պիտի վերընթաց լինի: Մերը հակառակն է: Եթե ունենք Արամ Խաչատրյանի հիմնի նման արժեք, արվեստի բացառիկ գործ, ի՞նչ գործ ունենք էդ «թշվառ, անտերի» հետ: Մեր ժողովրդի ամենակարկառուն դեմքը երաժշտության մեջ եղել է ու կա Արամ Խաչատրյանը: Հայ երաժշտությունն աշխարհին ներկայացնող ավելի մեծ անուն մենք չունենք: Էլ ուրիշ ո՞վ պիտի գրեր մեր պետության հիմնը: ՈՒ գիտե՞ք` ինչ կատարվեց մի քանի տարի առաջ կայացած օրհներգի մրցույթի ժամանակ. երբ հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ողջ ժողովուրդը ինքնաբուխ տեղից վեր կացավ-կանգնեց: Այսպիսին պիտի լինի հիմնը: Ես տարբեր տեղերում եմ խոսում այս մասին ու պիտի խոսեմ այնքան, մինչև ուզածիս հասնեմ: Պայքարելու եմ մինչև վերջ: Մի անգամ Էդվարդ Միրզոյանի մոտ էի խոսում, ու նա այդպես էլ ասաց. «Պայքարը շարունակվում է»: Նկատի ուներ, որ իրենից հետո էլ իր պայքարը շարունակող երիտասարդություն կա:
-Ի դեպ, այսօր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրն է: (Հարցազրույցը կայացել է մայիսի 12-ին- հեղ.):
-Շնորհավորում եմ սիրելի Էդվարդ Միխայլովիչին: Նա մեր բոլորի իսկական ընկերն է եղել ու այդպիսին էլ միշտ կմնա:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ