38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքական նոր տեխնոլոգիա կամ ազգային շահեր

Քաղաքական նոր տեխնոլոգիա կամ ազգային շահեր
21.10.2008 | 00:00

ՀԱՅԱՑՔ
«Անձնապաշտությունն անհաջողակների վերջին պատվարն է»։
ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ
Ամբողջ աշխարհում և բոլոր ժամանակներում «Հայրենիքը վտանգի մեջ է» կարգախոսը միշտ էլ եղել է հասարակության առավելագույն համախմբման գրավական։ Համախմբում, ինչը միաժամանակ առաջնորդներից ու քաղաքական գործիչներից պահանջում է ամենաակտիվ գործողություններ։ Սակայն այս անգամ էլ հայկական քաղաքական մտքի «հանճարը» գալիս է հերքելու համաշխարհային իրողությունները։
Արմատական ընդդիմության վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն ի լուր հանրության հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու համար պատրաստվում է հանձնել Ղարաբաղը։ Առաջին նախագահի բնորոշմամբ՝ Հայաստանը ռեսուրսներից զրկված երկիր լինելով, չունի այլ բան, քան իր պետական շահերը, և Սերժ Սարգսյանն էլ որդեգրել է պետական շահերը զոհաբերելու ուղին, ինչը հաստատվում է նրա «զիջողական դիրքորոշմամբ Ղարաբաղի հարցում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»։ Տեր-Պետրոսյանը զուգահեռաբար առաջարկում է իր համախոհներին... ազգային շահերի վտանգվածության պայմաններում չխոչընդոտել գործող նախագահին՝ զբաղվելու դավաճանությամբ, այլ ընդմիջում վերցնել։ «Իրավիճակը պահանջում է լուրջ վերաբերմունք բոլոր քաղաքական ուժերի կողմից։ Հուսով եմ, որ իմ ելույթը կդառնա լուրջ հրապարակային բանավեճի առարկա Ղարաբաղի հարցում»,- հայտարարեց առաջին նախագահը։
Բոլորս արդեն վաղուց վարժվել ենք, որ ընդդիմությունը միշտ, այդ թվում և՝ Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում, նախանձելի համառությամբ խոսել է Ղարաբաղի հարցում հնարավոր դավաճանությունից, արտաքին ուժերի կողմից կիրառվող աննախադեպ ճնշումից և հայկական կողմի համար խիստ վնասակար կարգավորման նախագծերից։ Այդպիսի քննադատությունն ինչ-որ տեղ բնական էլ է, դրանում է ընդդիմության գործունեության իմաստը։ Բայց այսօր արմատական ընդդիմությունը գլխավորող առաջնորդն ազգային շահերի «զոհաբերման» պայմաններում որդեգրում է նախկինում չտեսնված քաղաքական տեխնոլոգիա, որը ընդդիմության հնարավոր դիմադրությունը զրոյի հասցնելու, ընդդիմադիր քաղաքական դաշտը տևականորեն ու վերջնականապես ապաինտեգրացնելու մեջ է։
Ի դեպ, այս կապակցությամբ շատ հետաքրքիր էր նաև Ռոբերտ Քոչարյանի ոչ վաղուցվա «մարգարեությունը», թե ընդդիմության հոկտեմբերի 17-ի հանրահավաքը կդառնա վերջինը։
Միաժամանակ նկատենք, որ թեկուզ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը բավականին բարդ է և նախկինում էլ երբեք հեշտ չի եղել, Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն խտացնում է գույները, գիտակցաբար անտեսելով այն հանգամանքը, որ արտաքին ուժերի միջև գոյություն չունի միասնական կարծիք՝ կարգավորման նախագծի կամ նախագծերի վերաբերյալ, ինչն արդեն նշանակում է, որ իրավիճակը բոլորովին էլ այդքան ողբերգական չէ։ Ավելին, բառացիորեն այս օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլդար Սաբիրօղլուն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում այս կամ այն պետության զինված ուժերի տեղակայման մասին խոսք լինել չի կարող։ Այսպիսի հայտարարությունն արձանագրում է այն իրողությունը, որ Ադրբեջանը կանխավ հրաժարվում է կարգավորման գործընթացի կարևորագույն կետերից մեկը կատարելուց, դրանով իսկ «փոզմիշ» անելով միջնորդների բոլոր ջանքերը։
Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց այն «վտանգի» մասին, ինչը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, «որը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափը»։ Այստեղ հարկ է արձանագրել, որ առաջին նախագահի օգնականներն արջի ծառայություն են մատուցել նրան, չտեղեկացնելով, որ բառացիորեն հանրահավաքի օրը Սերժ Սարգսյանը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը գրեթե զուգահեռ հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը պահպանելու անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն կոպիտ սխալին, թե իբր լուրեր են շրջանառվում, որ Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանին Մինսկի խմբից, փոխարինելով նրան Թուրքիայով, ապա լուրջ քաղաքական գործչին ուղղակի հարիր չէ իրականությանը բացարձակապես չհամապատասխանող նման «փաստարկների» վրա հենվելը։ Ընդհանրապես, իր ընդարձակ խոսքում Տեր-Պետրոսյանը թույլ տվեց քաղաքական գործչի համար գլխավոր սխալը՝ նա դուրս եկավ իր համար արդեն սովորական դարձած և փորձարկված կերպարից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցում և հայ-թուրքական հարաբերություններում իշխանություններին զիջողականության մեջ մեղադրելուն, ապա այդ մեղադրանքը հազիվ թե լուրջ է այն քաղաքական գործչի կողմից, որը ժամանակին իշխանությունից զրկվեց հենց ավելորդ զիջողականության համար մեղադրվելու հետևանքով։ Գործիչ, որը միշտ էլ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերություններն ամեն գնով կարգավորելու օգտին, եղել է միակ հայը, որն իր հարգանքի տուրքն է մատուցել Աթաթուրքի գերեզմանին։ Եթե նման հայտարարությունները նպատակ են հետապնդում ավելի հաճելի դառնալ Արևմուտքի հետ այսօր հակադրության մեջ մտած Ռուսաստանի համար, ապա դա ուղղակի լուրջ չէ։ Մանավանդ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին ակտիվացումն ամենից առաջ Մոսկվայի նախաձեռնության հետևանքն է։
Սակայն առաջին նախագահի բացթողումները սրանով չեն սահմանափակվում։ Նա հայտարարեց, որ ինչպես իր, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը վարել է հավասարակշռված կամ կոմպլեմենտար քաղաքականություն աշխարհաքաղաքական երկու բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ։ Եվ, այնուամենայնիվ, մեր քաղաքական այրերը շատ շուտ են մոռանում հայոց նորագույն պատմության և մանավանդ իրենց կառավարման շրջանին վերաբերող փաստերը։ Մինչդեռ 1994-ին Տեր-Պետրոսյանի և այն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թելբոտի հանդիպումից հետո, որի ժամանակ ձեռք բերվեցին որոշ պայմանավորվածություններ, և այդ մասին իմացան Մոսկվայում, հենց ռուսներն օգնեցին ադրբեջանցիներին՝ հարձակում սկսել Օմարի լեռնանցքի ուղղությամբ։ Հայկական կողմից եղած բազմաթիվ զոհերը վկայում են, որ դրանից կարելի էր խուսափել, եթե այն ժամանակվա իշխանությունն իսկապես հավասարակշռված քաղաքականություն վարեր Ռուսաստանի նկատմամբ։
Սակայն տվյալ պարագայում ավելի կարևոր է ոչ թե Տեր-Պետրոսյանի բավականին հակասական ելույթի վերլուծությունը, մանավանդ որ այն կարող է դառնալ նրա քաղաքական կարիերայի վերջին ակորդը։ Ավելի կարևոր է արմատական ընդդիմության առաջնորդի մարտավարական մոտեցումների պարզաբանումը, որը նա առաջարկում է իր համախոհներին։ Ավելի կոնկրետ՝ ընդդիմադիր գործունեության ժամանակավոր դադարեցում, որը, իր իսկ խոստովանությամբ, «կարող է միանշանակ չընկալվել այս բարդ քաղաքական փուլում»։ Մինչդեռ ակնհայտ է, որ հենց նախկին և ներկա իշխանությունների «ջանքերի» շնորհիվ Հայաստանում գրեթե չեն մնացել լուրջ քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք սեփական հեղինակության և ապագայի հաշվին պատրաստ են հակադրվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ հայանպաստ ծրագրերին, անկախ այն բանից, կլինեն դրանք Արևմուտքի, թե Ռուսաստանի նախաձեռնությունը։ Մինչդեռ ազգային շահերն այսօր պահանջում են նման դիմադրություն, և այդպիսի դիմադրության առկայությունը Հայաստանի իշխանությունների համար մանևրելու հնարավորություն կարող էր ստեղծել բանակցային գործընթացում։ Այս իրողությունը չի կարող չիմանալ բազմափորձ Տեր-Պետրոսյանը, որի օրոք ընդդիմադիր ուժերն արդյունավետ հակակշռի դեր էին խաղում ղարաբաղյան պատերազմի և բանակցային գործընթացի ամենածանր ժամանակներում։ Մանավանդ որ իշխանությունը չի կարող արագ թափով հասարակության մեջ և քաղաքական դաշտում «դիմադրության ճակատ» ձևավորել, որը լիներ այնքան ուժեղ, ինչպիսին էր պատերազմի ժամանակ, Քի-ՈՒեսթի կամ Ռամբուեի բանակցային գործընթացի շրջանում։ Դա ինքնին ենթադրում է, որ դժվար կլինի միջազգային հանրությանն ապացուցել, թե իշխանությունները պատրաստ են խաղաղության համաձայնագրի ստորագրման, բայց չեն կարող դա անել ընդդիմության դիմադրության պատճառով։ Իսկ ոչ նպաստավոր նախագծերի տապալման հիմնական ուղիներից մեկը հենց դա է։
Տարրական տրամաբանությունը և ազգային շահերը, կարծես, պահանջում են Տեր-Պետրոսյանից, որ նա, եթե իսկապես այդքան մտահոգված է Սերժ Սարգսյանի «հակառուսական դրսևորումներով», պետք է հանրահավաքային ներուժն ուղղորդեր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանությունների առջև բողոքի միջոցառումների իրականացմանը։ (Միգուցե նաև ռուսական դեսպանատան, որովհետև ոչ ոք չի կարող պնդել, թե Մեդվեդևի առաջարկած կարգավորման ծրագիրն ավելի լավն է)։ Եթե առկա է ազգային շահերին դավաճանելու փաստ կամ մտահոգություն, ընդդիմության առաջին կարգախոսը պետք է դառնար «Ղարաբաղը մերն է», բայց ստացվում է, որ որդեգրվում է «Որքան վատ, այնքան լավ» սկզբունքը, կամ՝ «Իսկ մենք հրդեհի ժամանակ քոչարի կպարենք» կարգախոսը, որի արդյունքում էլ ընդդիմությունը կգա իշխանության։ Այդպիսի մոտեցումը «ազգի հոր» դերակատարությանը հավակնող գործչին առնվազն պատիվ չի բերում։
Ավելին, բոլոր նրանք, ովքեր հուսով են ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել և կարծում են, թե Ղարաբաղը հանձնող փաստաթղթի ստորագրման դեպքում կկարողանան հեղափոխություն անել, չարաչար սխալվում են։ Ընդհակառակը, այդ սցենարի դեպքում արտահերթ իշխանափոխության հնարավորությունը հասնելու է նվազագույնի։ Որովհետև՝ ով ստորագրում է, նա էլ պետք է կյանքի կոչի իր ստորագրած փաստաթուղթը. այդպիսին է քաղաքականության և ընդհանրապես կյանքի տրամաբանությունը։ Նույնիսկ եթե գործող նախագահը հանձնի Ղարաբաղը (հանգամանք, որ շատ կասկածելի է), բոլորովին չի նշանակում, թե այդ հողի վրա տեղի կունենա իշխանափոխություն։ Միլոշևիչի տարբերակը, որը Դեյտոնի համաձայնագիրը ստորագրելուց հետո, այնուհանդերձ, նստեց Հաագայի դատարանում՝ մեղադրյալի աթոռին, այլևս չի կրկնվելու։ Ավելին, միջնորդների կողմից այնպիսի խոշոր ֆինանսական միջոցներ կտրամադրվեն հակամարտության կողմերին, որ միանգամայն բավարար կլինեն հեղափոխական զանգվածների ավյունը սառեցնելու համար։ Հայտնի բան է, որ նույն գետը երկու անգամ մտնելը դժվար է, իսկ այդպիսի մարտավարության պայմաններում շատ ֆանտաստիկ է թվում, որ եկող տարվա գարնանը հանրությունն ականատես կլինի Տեր-Պետրոսյանի «երրորդ գալուստին»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ