38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարենը իմ ընկերն էր և է՛

Կարենը իմ ընկերն էր և է՛
22.03.2024 | 13:00

Մենք երեք ընկեր էինք և ենք. Կարեն Ավետիսյանը, բոլորիդ հայտի պատմաբան Արտակ Մովսիսյանը, որ նույնպես երջանկահիշատակ է, և ես: Մեր պատանության երազներն Արևմտյան Հայաստանը, Արցախը, Նախիջևանն ազատագրելն էր. միացյալ, հզոր, անկախ Հայաստանը: Կարենը 34 տարի առաջ` մարտի 22-ին, 21-ը չլրացած, նահատակվեց այդ առաքելության ճանապարհին` Սյունյաց աշխարհի պաշտպանական մարտերում:

Կարենի և ձեր թույլտվությամբ այստեղ եմ տեղադրում իր հիշատակի համար այդ օրերին գրածս բանաստեղծությունը:

ՄԵԿԸ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆԵՐԻՑ

Կարեն Ավետիսյանին

Հող է համարյա`

երկիր ըմբռնմամբ կամ էլ հայրենիք,

տաքացած զենքեր ու քարերի պես ցիրուցան արյուն.

և այստեղ մահվան ամեն մի պոռթկում ավերված ժայռ է:

Հրեշը զարհուր

մահվան սև շունչն է ծանր դատարկում հիվանդ թոքերից,

և թունավոր են ջրերն ու լույսը, պտուղը հասուն.

անհամ գույնի մեջ ծարավն ու քաղցն են համառ մեծանում

ու փոթորիկը` գոլ քամիներից հոգնած այրերի:

Հավաքվել նորից,

մութից չեն սոսկում մահը պատվիրան չընդունողները,

կծկում են սիրտը բռունցքի հանգույն

և ինքնին բխմամբ խոստանում են քեզ հավաք հայրենիք:

Դու հողմեր էիր շարունակ փնտրում քամիների մեջ,

ու կյանքն էր կախվել որպես օրհնություն

թելի պես բարակ քո նուրբ շուրթերից,

որերո՞րդ այրն ես, որ զենքի լծվեց արյան խեղումից:

Ես վերադարձիդ

չապրած օրերդ բաց դաշտ կտանեմ, որ տնկեն ծառեր,

ես վերադարձիդ լույսեր կանցկացնեմ

արմատներից ներս…

բայց դատարկը այն,

որ քեզ չհասած արալեզի մեջ փոխարենն է քո,

իբրև ավետիս չի լցվի երբեք:

Վերքիդ թավիշը հոգնած մարմինդ իր մեջ կծածկի,

և ստվերը քո որպես լռություն

մեր բաց աչքերից անընդհատ պետք է քարի պես կախվի:

Հող է` հազիվ թուղթ,

գրված է` երկիր, կամ էլ` հայրենիք,

ու փոթորիկը` գոլ քամիներից հոգնած այրերի.

և այստեղ մահվան ամեն մի պոռթկում ավերված ժայռ է:

Որերո՞րդ այրն էր, որ զենքի լծվեց արյան խեղումից:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ