38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Օրացույցը թերթելով՝ ես երկարացնում ու կարճացնում էի օրը

Օրացույցը թերթելով՝ ես երկարացնում ու կարճացնում էի օրը
08.11.2023 | 14:22

Պատի պոկովի օրացույցն իսկական 365-էջանոց փոքր հանրագիտարան էր, որի մեջ հոդվածները դասավորված էին ոչ թե այբբենական կարգով, այլ՝ ամսաթվերով։ Նոր օրացույցն առնում էինք Նոր տարվա կողմերը, երբ դեռ պատից կախած էր լինում հինը՝ բարակած, վերևի մասում՝ պատռված թերթերի անհավասար մնացորդներով։ Առնում էինք ու պահարանի խորքերում պաշարած պնդուկ-պոպոքի, նարնջի ու մանդարինի հետ դառնում էր Նոր տարվա տոնական տրամադրության առաջին ծիծեռնակներից մեկը։ Նոր օրացույցից միշտ Նոր տարվա շունչ էր գալիս։ Մեջը սպասում կար, խորհրդավորություն, մի ամբողջ տարվա դեպքեր, որ դեռ չեն պատահել, բայց պատահելու են։

Ինձ համար նոր օրացույցը նոր գրքի նման մի բան էր։ Հենց տուն էր մտնում, վերցնում էի, փորի վրա պառկում էի բազմոցին ու սկսում թերթել։ Ամեն ամսաթվի ներքևում միշտ մանր տառերով գրված էր լինում, թե էդ օրը երբ է լույսը բացվում ու երբ է մթնում, ցերեկն ինչքան է տևում, լուսինը քանի օրական է։ Օրացույցը թերթելով՝ ես երկարացնում ու կարճացնում էի օրը, լիալուսիններ ու կիսալուսիններ ստանում։ Իսկական տիեզերական ատրակցիոն էր։ Իսկ էջի հակառակ կողմում միշտ էդ օրվա հետ կապված մի հետաքրքիր հոդված էր լինում ինչ-որ իրադարձության կամ էդ օրը ծնված հայտնի մարդկանց մասին։ Գիտնականների մասին էր լինում, գրողների, հետաքրքիր գյուտերի։ Շատ նոր բաներ էի իմանում ու հետո, երբ ընկերներիս ինչ-որ բան էի պատմում, ասում էի, որ օրացույցում եմ կարդացել։ Ոչ ոք չէր զարմանում. դա մոտավորապես նենց էր հնչում, ասես՝ թերթում կամ գրքում եմ կարդացել։

Առաջին հերթին բացում էի էն օրերը, որոնք ինձ հետաքրքրում էին։ Նախ՝ ծննդյանս օրն էի բացում ու էդ պահին մի քիչ ծննդյան տրամադրություն էի ապրում, մի քիչ մեծանում էի մի տարով։ Մատներիս արանքում մնացած էջերի հաստությունը ցույց էր տալիս, թե դեռ ինչքան երկար պիտի սպասեմ մինչև էդ օրը գա։ Հետո գտնում էի մայիսի 31-ն ու պատկերացնում էի էն մայիսյան շոգ օրը, երբ թեթև հագնված՝ առանց մրսելու, պիտի պատռեմ էդ էջը, ու պիտի սկսվի ամառային երկար ու ձիգ արձակուրդը։ Մայիսյան էդ արևոտ օրվա արձագանքը մի քիչ ջերմացնում էր դեկտեմբերյան ցուրտը։ Մայիսի 1-ն էի բացում ու փուչիկները ձեռքիս մտովի իջնում Բաղրամյանով դեպի հրապարակ։ Բացում էի դեկտեմբերի 31-ը ու դեռ էս Նոր տարին չեկած՝ մյուս տարվա Նոր տարին անում։ Ես անպայման գիտեի, որ երկար տարվա ընթացքում հրաշքներ են լինելու, ու պատկերացնում էի, թե մյուս Նոր տարվան ինչ եմ զգալու, երբ էդ հրաշքներն արդեն եղած լինեն, ու ես արդեն իմանամ էն գաղտնիքները, որոնք էս պահին դեռ չգիտեմ։ Օրացույցի մեջ շատ տոներ կային, որ չէինք նշում, բայց ես գիտեի, որ էդ օրերին ինչ-որ մարդիկ ուրախանում են, իրենց տոնն են տոնում՝ ձկնորսի օր, մետալուրգի օր, երկրաբանի օր, ռադիոյի օր։ Մի քիչ պատկերացնում էի էդ մարդկանց, որ սպասում էին, թե երբ է իրանց տոնը գալու։

Երբ հին օրացույցի վերջին թերթը պոկում էինք, պատից նոր օրացույցն էինք կախում։ Դա հունվարի մեկին էր լինում։ Էդ օրն օրացույցն ամենահաստափորն էր լինում, մյուս օրն արդեն մի էջով բարակելու էր։ Տոնական տրամադրության մեջ օրացույցների էդ փոփոխությունն էնքան էլ կարևոր իրադարձություն չէր թվում, իսկ մի քանի օրից նոր օրացույցը դառնում էր սովորական մի բան, ասես հազար տարի պատից կախած էր եղել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9022

Մեկնաբանություններ