-Այս օրերին շատ միջոցառումներ, նախագծեր հետաձգվում են, չեղարկվում կամ նոր ձևաչափ ստանում: Ի՞նչ փոփոխություններ է կրել միրզոյանական մրցույթ-փառատոնը:
-Հաշվի առնելով վերջին շրջանում տիրող իրավիճակը և այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից, պետք է խրախուսել, քաջալերել ստեղծագործ պատանիներին, մենք որոշեցինք չհրաժարվել միրզոյանական 7-րդ տոնն անցկացնելուց, բայց որոշակի փոփոխություն կատարել: Եթե նախորդ տարիներին այն մրցութային ձևաչափ ուներ, այս տարի կանցկացվի որպես մրցույթ-փառատոն, նախ և առաջ, բացառելու համար երեխաների լրացուցիչ լարվածությունն ու ընկճվածությունը: Տարիներ շարունակ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը պատանի կոմպոզիտորների հետ անցկացնելու այս գեղեցիկ ստուգատեսը բարի ավանդույթ է դարձել, և մենք ժամկետների փոփոխություն չենք անելու: Պարզապես այս անգամ մեր պատանիները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները տեսագրությունների միջոցով: Չեն լինի մրցանակային տեղեր, դրա փոխարեն նախագծի կազմկոմիտեի ընտրած լավագույն ստեղծագործություններից կպատրաստվի միասնական տեսանյութ, որը Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կտեղադրվի առցանց երեք հարթակներում՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական կոնսերվատորիայի և կոմպոզիտորների միության (ներառյալ՝ միրզոյանական մրցույթի): Ընտրված ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում՝ իհարկե, երբ վերացվեն ազատ տեղաշարժվելու սահմանափակումները: Նշեմ, որ մրցույթն անցկացնում է կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:
-Հայտերի ընդունումն ինչպե՞ս է կազմակերպվում:
-Ելնելով ազատ տեղաշարժման սահմանափակումներից, երեխաներն իրենց ստեղծագործությունները պետք է ներկայացնեն առցանց տարբերակով՝ տեսագրելով և պատրաստի տեսագրությունն ուղարկելով մրցույթի պաշտոնական էջ (ցանկալի է՝ բարձր որակի, վերջնական պատկերը՝ հորիզոնական ստացված): Կարելի է ներկայացնել ցանկացած մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 3 գործիքի համար (անսամբլային ստեղծագործությունները կարելի է ձայնագրել նաև առանձին-առանձին՝ միացնելով դրանք տեսամոնտաժի միջոցով):
-Կա՞ն արդեն մասնակցության հայտեր: Մրցութային ձևաչափի փոփոխությունը ենթադրում է ավելի շատ մասնակցությու՞ն, թե՞ հակառակը:
-Այս պահի դրությամբ ստանում ենք մեծ թվով զանգեր, հաղորդագրություններ, հետաքրքրվում են ձևաչափի փոփոխությամբ, ներկայացվելիք ստեղծագործությունների տևողության սահմանափակումներով և այլն: Իսկ մասնակիցների թվի առումով կդժվարանամ այս պահին որևէ բան ասել: Հուսանք՝ այս նոր ձևաչափը կգրավի պատանիներին, և միասին կկարողանանք ստեղծել միրզոյանական տոն:
-Դրական իմաստով ի՞նչ տվեցին պարտադիր արձակուրդն ու դրան հարմարեցված գործելաոճը: Այլընտրանքային ձևերը, առցանց հարթակի գործածումը հնարավո՞ր է կիրառվեն նաև հետո:
-Սա կարելի է համարել փորձարարական ժամանակաշրջան: Ինչու՞: Որովհետև բազմաթիվ միջոցառումներ, նախագծեր կրում են որոշակի փոփոխություններ: Հարցի այլ կողմն է՝ այդ փոփոխությունները կարդարացնե՞ն իրենց, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է` անկախ ամեն ինչից, պետք է քայլել ժամանակին համընթաց, լինել ճկուն և փորձել ելք գտնել ցանկացած իրավիճակում: Իսկ արվեստի ներկայացուցիչներին, մասնավորապես պատանի ստեղծագործողներին պետք է խրախուսել, տալ հնարավորություն դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, անկախ ամեն ինչից: Անգամ մեր անվանի կոմպոզիտորները, մրցույթին առնչվող գործիչները տեսաուղերձներով ողջույններ են հղում պատանի ստեղծագործողներին ու քաջալերում նրանց: Ի դեպ, այդ տեսաուղերձները նկարահանվում են բացառապես բջջային հեռախոսների տեսախցիկներով, որպեսզի համահունչ լինեն այս տարվա ընտրված ձևաչափին:
-Ձայնագրությունների նպատակը պատանիների ստեղծագործությունների հանրահռչակու՞մն է:
-Առաջին հերթին՝ երեխաները կունենան իրենց ստեղծագործությունների պրոֆեսիոնալ ձայնագրությունները: Իսկ հետագայում, այո, կա նպատակ՝ բոլոր այդ ձանագրություններն ամփոփել խտասկավառակում՝ որպես միրզոյանական մրցույթի ստեղծագործությունների հավաքածու:
-Մրցույթի մասնակիցները բացառապես երաժշտական դպրոցների՞ց են: Պատահել է, որ հայտ ներկայացնեն նաև երաժշտական կրթություն չունեցող պատանիներ:
-ՈԻնեցել ենք նման մասնակիցներ, սակայն փորձը ցույց է տալիս, որ հիմնականում հայտեր են ուղարկում երաժշտական դպրոցներում, նաև ուսումնարանում սովորող մինչև 18 տարեկան պատանիները: Մրցույթը բաց է, ստեղծագործող յուրաքանչյուր պատանի կարող է տեսանկարել իր կատարումը և ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջ՝ մինչև մայիսի 10-ը:
-Սփյուռք-Արցախ-Հայաստան. մասնակցության բալանս կա՞, թե՞, այնուամենայնիվ, Երևանից ավելի շատ են մասնակիցները:
-Թեև տարբեր տարիներին ունեցել ենք հայազգի մասնակիցներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Վրաստանից, Արցախից ու ՀՀ մարզերից, բայց և այնպես, գերակշռող մասը Երևանից է:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ