Անիմաստ, անբովանդակ փառատոներից Հայաստանն աչք չի բացում
21.02.2020 | 00:54
Չգիտեմ՝ փառատոնամոլությունն ով է բերել ու մեր վզին փաթաթել, բայց որ առանձնակի անտաղանդ ենք իսկապես նորմալ փառատոն ունենալու ու այն կազմակերպելու հարցում, անքննարկելի է: Անկեղծ ասած, մեծ հույսեր ունեի, որ այս իշխանությունում, որտեղ, առաջին հայացքից, խանդավառ երիտասարդների պակաս չկա, պաշտոնյաներ կլինեն, որ կառաջարկեն վերջ դնել տարիներ ի վեր ռաբիսության աստիճանի իջեցված փառատոներին: Բայց նրանք ոչ միայն վերջ չդրեցին, այլև շարունակեցին առավել քան անտրամաբանական փառատոներ կյանքի կոչել: «Մորուքի փառատոնը», օրինակ, որ հաստատել էր դեռ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը, կյանքի կոչվեց նորերի օրոք: Օրերս էլ տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ «յարխուշտայի» փառատոն անցկացնելու թեմայով քննարկում է տեղի ունեցել: Փառատոն իրականացնելն իրականում վատ չէ, ուղղակի այն խիստ բովանդակային ու ըստ էության պետք է լինի՝ միտված որևէ բանի հանրահռչակմանը, պահպանությանն ու զարգացմանը: Տարիներ ի վեր, օրինակ, Ախթալայի սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցու բակում խորովածի փառատոն էր անցկացվում. մի կողմ թողնելով հարցը, թե որն է խորովածի պահպանության, հանրահռչակման ու զարգացման օրակարգը, ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ուտել-խմելու այդ արարողությունը հոգևոր միջավայրում էր անցկացվում: 2009-ից իրականացվող այդ փառատոնը չեմ սիրել, ընդունել, իմաստավորել դեռ ամենասկզբից, քանի որ մշտապես ականատես եմ եղել «մի-մի թաս կոնծելու» տրամաբանությամբ իրականացվող գործընթացի: Այս մասին երկար խոսելուց հետո, փառատոնի կազմակերպիչները նախ դրա անվանումը փոխեցին՝ դարձնելով «Խորովածի, երգի, պարի ու արվեստի» փառատոն, այնուհետև անցկացման վայրը տեղափոխեցին՝ եկեղեցու բակից քաղաքի ֆուտբոլի դաշտ:
Բայց ո՛չ երգը, ո՛չ պարը, ո՛չ էլ, առավել ևս, արվեստն ու անցկացման վայրը չկարողացան հետին պլանում թողնել խորովածը: Փառատոնը մինչ այսօր էլ շարունակում է մնալ որպես «մեկ շիշը քանիսո՞վ ես վաճառում», «գառան մատերը՝ մոշի հատիկներով», «խոզի սուկին՝ ընկույզի մուրաբայով», «ձմերուկի սոուսով՝ հորթի փափկամիս» արտահայտությունների փառատոն:
Նույն պատկերն է նաև Տավուշում անցկացվող «Օղու», «Մեղրի և հատապտուղների», Արմավիրում անցկացվող «Տոլմայի» ու տարաբնույթ այլ փառատոների ժամանակ: Իհարկե, դեռևս անգերազանցելի է «Ոչխար խուզելու» փառատոնը, բայց, հուսանք, փառատոնամոլությամբ տարվող մեր չինովնիկների խանդավառ գաղափարները դրանից այն կողմ չեն գնա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ