ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հայ-ռուսական ինտեգրացիան՝ ապազգային գլոբալիզացիայի հակակշիռ

Հայ-ռուսական ինտեգրացիան՝  ապազգային գլոբալիզացիայի հակակշիռ
23.10.2012 | 11:44

Հոկտեմբերի 13-ին Երևանում կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը (հիշեցման կարգով` առաջինը տեղի էր ունեցել 2011-ի ապրիլին), որն այս տարի անցկացվեց «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն - 2012» խորագրով: Անցկացման վայրն էլ թերևս «ռուսական թեքում» ուներ, քանի որ նորաբաց «Երևան-Էքսպո»-ն կառուցվել է «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի սուբյեկտներից մեկը հանդիսացող Մերգելյանի ինստիտուտի տարածքում:

Համաժողովին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ռուսական կողմից՝ ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի հարցերով վարչության պետ Վլադիմիր Չեռնովը, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, երկու երկրների կենտրոնական և մարզային իշխանությունների, հանրային հատվածի, գործարար շրջանների ներկայացուցիչներ:
Համաժողովի կարևորագույն նպատակն էր եվրասիական տարածքի վրա ինտեգրացիոն գործընթացների համատեքստում ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծումը: Համաժողովում ստորագրվեց տարբեր ոլորտների վեց համաձայնագիր, որոնցից երեքում հայաստանյան կողմի սուբյեկտը Լոռու, Վայոց ձորի և Կոտայքի մարզերն էին: Այս իրողությունը նախ և առաջ պայմանավորված էր համաժողովի «թիրախներից» մեկով` չափից ավելի կենտրոնացված Հայաստանում զարկ տալ մարզերի զարգացմանը:
Դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, հայ-ռուսական հերթական միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց երկու երկրների միջև երկարաժակետ տնտեսական համագործակցության ծրագիր` մինչև 2020 թ.: Ժամեր անց Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում տեղի ունեցավ բացառիկ կլոր-սեղան, որին մասնակցում էին միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Ցեմախովիչը, իսկ հայկական կողմից` միության վարչության անդամները, Հայաստանում ապրող ազգային համայնքների, հանրային և գործարար հատվածի ներկայացուցիչներ: Հրավիրվածների մեջ էր նաև Եվրոպայի հայկական համայնքների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ինչպես կլոր-սեղանի իր բացման խոսքում նշեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «այս հանդիպումը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ ռուս բարձրաստիճան պաշտոնյայի և մեր երկրի հանրային հատվածի ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական միջավայրում մտքերի ազատ փոխանակման հնարավորություն է ընձեռվում»:
Արմատներով երևանցի պարոն Ցեմախովիչը (նա ծնվել է այստեղ և 15 տարեկանում ընտանյոք վերաբնակեցման մեկնել ՌԴ) նախ տվեց ստորագրված երկարաժամկետ ծրագրի գնահատականը, ըստ որի «այդ փաստաթղթում «հոգի» է դրված, քանի որ դրանով փորձ է արվել, չոտնահարելով տնտեսավարող սուբյեկտների շահերը, գտնելու որոշ լուծումներ, որոնք թույլ կտան վերականգնել ԽՍՀՄ փլուզման հետևանքով կորցրած ինտեգրացիոն կապերը», այնուհետև անդրադարձավ այն գլխավոր ուղղություններին (առաջին հերթին` գյուղմթերքների վերամշակում, միկրոէլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ), որոնք հայ-ռուսական տնտեսական զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են ներկայացնում:
ՀՔՄ վարչության անդամ, պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը շեշտեց այն կարևորությունը, որ ներկայացնում է հայ-ռուսական ինտեգրացիոն գործընթացը` այսօրվա գլոբալիզացված աշխարհում: Ըստ նրա, նման գործընթացները յուրատեսակ մարտահրավերներ են` նետված ազգային առանձնահատկությունները համահարթեցնող գլոբալիզացիային:
ՀՔՄ վարչության անդամ Ահարոն Ադիբեկյանը հնչեցրեց այն տեսակետը, թե Հայաստանում նախկին արդյունաբերական ներուժը վերականգնելու մասին կոչերն ու առաջարկներն իրատեսական չեն, քանի որ ամենատարբեր հաշվարկներով դրա համար պետք կլինի մոտ 120 մլրդ դոլար, իսկ ոչ մի կողմ, այդ թվում և` Ռուսաստանը, մեզ նման գումարներ չի տրամադրի: Ըստ սոցիոլոգի, կարևորն այն է, որ Հայաստանում կառավարական մակարդակով հասկանան, որ մեզ համար գերակա ճյուղերը պետք է լինեն էներգախնայողական ու դյուրփոխադրելի արտադրությունները, և հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն իրատեսորեն պետք է զարգանա հենց այդ ուղղություններով: Անդրադառնալով «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից աշխատուժ «քամելու» և էմիգրացիոն ծրագրերի վրա մեծ գումարներ ծախսելու իրողությանը, սոցիոլոգը նշեց, որ դրա փոխարեն, ավելի լավ կլիներ տեղում կոնկրետ աշխատատեղեր ստեղծել, հիշեցնելով, որ եթե, օրինակ, Ճապոնիայում մեկ աշխատատեղ բացելը գործատուի (պետության) վրա «նստում է» 150 հազար ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի պարագայում այդ ծախսն ընդամենը 10 հազար դոլար է, ինչը տեղական աշխատանքի շուկա ձևավորելու գործում բարենպաստ գործոն է:
Ի լրացում այդ տեսակետի ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բերեց որոշ փաստարկներ, որոնք հիմնավորում են դեպի Ռուսաստան արտագաղթի` «չարյաց փոքրագույն» լինելու սկզբունքը և կարող են հակիրճ սահմանվել` «եթե արտագաղթել, ապա գոնե Ռուսաստան» ձևակերպմամբ: Ըստ նրա, իր բոլոր բացասական գործոններով հանդերձ, ռուսաստանյան արտագաղթը որակական տարբերություններ ունի դեպի ԱՄՆ և Եվրոպա արտագաղթի համեմատությամբ, քանի որ առաջինի դեպքում երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված նմանատիպ կենսակերպն ու մենթալիտետները, վիզային ռեժիմի բացակայությունը, աշխարհագրական մոտիկությունը, միջկառավարական ծրագրերի մշակման պայմաններում որոշ երաշխիքների առկայությունը համեմատաբար տանելի են դարձնում պանդխտության հետ առաջ եկող անխուսափելի բարդությունները, նաև առավել հավանական են դարձնում մեկնողի հետագա վերադարձը հայրենիք: Ըստ քաղաքագետի, նաև հօգուտ Ռուսաստանի է խոսում այն իրողությունը, որ հայաստանցիներին ուղարկվող տրանսֆերտների 83 %-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ից ուղարկվելիքը կազմում է տրանսֆերտների ընդհանուր ծավալի ընդամենը 5 %-ը: Հմայակ Հովհաննիսյանը կարևորեց բարոյահոգեբանական կողմը, քանի որ, ըստ նրա, ռուսական միջավայրին բնորոշ միջանձնական, կենցաղային շփումները զերծ են պահում մեր հայրինակիցներին «զոմբիացումից», մի երևույթ, որն, ավաղ, շատ բնութագրական է Նահանգներ ու Եվրոպա մեկնածներին:
«Այն, որ «գրին քարտերի» մասին, չգիտես ինչու, չեն խոսում, իսկ փոխարենը նման աղմուկ է բարձրացնում «Հայրենակիցներ» ծրագիրը, միտումնավոր հակառուսական հիստերիա է, մեր ուղեղները լվանալու փորձ»,- հավելեց Հմայակ Հովհաննիսյանը:
Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը խոսեց արտագաղթի փոքր-ինչ քողարկված դրդապատճառների մասին, հիշեցնելով, որ մեր շատ հայրենակիցներ երկիրը լքում են ոչ թե անպայման հանապազօրյա հացի փնտրտուքով (գաղտնիք չէ, որ գնալով խորանում է համեմատաբար բարեկեցիկ ապրողների` Հայաստանը լքելու միտումը), այլ այստեղ ապագա չտեսնելու, փոխարենն այն օտար ափերին, մասնավորապես` Ռուսաստանում, տեսնելու պատճառաբանմամբ: Իսկ մեզ մնում է տարակուսել, թե այդ ինչո՛ւ Ռուսաստան մեկնողներն օտարության մեջ ապագա տեսնում են, իսկ մեզ մոտ` ոչ, և ինչպե՞ս եղավ, որ այդքան անապագա երկիր դարձանք:
Ռուսական համայնքի ներկայացուցիչ, «Ռուսները` Հայաստանի պատմության մեջ» գրքի հեղինակ Իվան Սեմյոնովը, ով հայ-ռուսական բարեկամության անմնացորդ ջատագովներից է, կանգ առավ այն իրողության վրա, որ խորհրդային փլուզմանը հաջորդած տարիներին նախկին 70 հազար հայաստանաբնակ ռուսների թիվն այսօր հասել է 8 հազարի: Արդյո՞ք դրանում միայն հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններն են պատճառը, թե՞ կան այլ` միջմշակութային կամ ազգամիջյան խնդիրներ:
Ամփոփելով քննարկման արդյունքները, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ «եթե անգամ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են տարաձայնություններ, ապա դա պայմանավորված է ոչ թե երկու ժողովուրդների ձգտումներով, այլ քաղաքական վերնախավի մոտեցումներով»: Այդ մասին նա խոսեց նաև հաջորդ օրը` հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանին, որը կրում էր՝ «Ռուսաստան և Հայաստան. մասնակցություն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին» խորագիրը, այն բանից հետո, երբ հայկական կողմը` ի դեմս էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, որոշ «փակագծեր բացեց» առ այն, թե ինչու Հայաստանին ձեռնտու չէ Բելառուս-ՌԴ-Ղազախստան Մաքսային միությանն անդամակցելը, հակառակ ռուսական կողմի ներկայացրած` մեզ համար շահեկան առավելություններին:


Հակոբ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանի քաղաքագետների միության անդամ

Դիտվել է՝ 29404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ