ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թե ինչ եղավ հետո, երբ չեղյալ հայտարարվեց դեպի Լոնդոն լրացուցիչ թռիչքը

Թե ինչ եղավ հետո, երբ չեղյալ հայտարարվեց դեպի Լոնդոն լրացուցիչ թռիչքը
19.08.2008 | 00:00

ՀԱՍՈՒՆ ԼԻՆԵԼԸ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑՈ՞Ւ ԽՆԴԻՐՆ Է
Չնայած մեր երկրում կարծես թե ամեն բան իսկապես արվում է Վրաստանից մուտք գործած քաղաքացիների (կապ չունի` Վրաստանի քաղաքացի են նրանք, թե ոչ) հետագա ուղևորությունը կարգավորելու համար, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ հաճախ նաև բարդություններ են առաջանում հատկապես դեպի Եվրոպա մեկնող ուղևորների համար…
Այսպես, օրինակ, մեզ հաջողվեց պարզել, որ չնայած նախապես հայտարարված թռիչքին, անցած երկուշաբթի օրը «Բրիտանական ավիաուղիները» չեղյալ է հայտարարել դեպի Լոնդոն լրացուցիչ թռիչքը, ինչի պատճառով երևանյան գրասենյակը բավական տխուր վիճակում է հայտնվել: Բանն այնտեղ է հասել, որ անցած շաբաթ օրը կանայք սկսել են գոռգոռալ մեր աշխատակիցների վրա, երեխաները` լաց լինել, տղամարդիկ՝ բղավել ու ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ հայերիս հասցեին, իբր` «օգուտներ ենք քաղում ուրիշի պատերազմից ու թափված արյունից», իսկ առավել «հանդարտները» պարզապես արտասվել են ու տոմս վաճառող մեր աղջիկներին բացատրել, որ անցած երկուշաբթի օրվանից իրենք Երևանում են ու այլևս, քոռ, կոպեկ էլ չունեն, որ հայտնվել են փողոցում, չեն կարող անգամ մի կտոր հաց առնել և այլն, ու այսպես շարունակ:
Արդյունքում, մերոնք էլ, ի միջի այլոց, «տակ չեն մնացել». նախ` հիշել են «իրենց իսկ արյան ու պատերազմի արդյունքում Վրաստանում հանգստացող հայերից փող քամող «մարշրուտնու» վարորդներին», հետո սկսել են հանգստացնել երեխաներին` նրանց կոնֆետ բաժանելով, այնուհետ` տղամարդկանց են խնդրել դուրս գալ գրասենյակից` մի քանի «մուխ ծխել` բալքիմ ուղեղները մաքրվի տարբեր հիմարություններից», իսկ վերջում էլ սկսել են վրացիների հետ միասին արտասվել` թե բա ի՞նչ են անելու, լավ, էս մարդիկ. մեր տները տանե՞նք, ինչ է: Տեսել են` էլ ելք չկա, զանգել-հրավիրել են Հայաստանում Վրաստանի դեսպանին (չնայած, ասում են, մի քանի վրացի արդեն շատ ավելի վաղուց են բողոքի կարգով կապվել իրենց դեսպանատան հետ, իսկ CNN-ի մի լրագրող էլ մեր աղջիկներից մեկի անուն, ազգանունն է ուզել, իբր` ջանիկ ջան, շատ շուտով դու կազատվես աշխատանքից, որ ինձ տուն չես թռցնում իմ ուզած օրն ու ժամին, բա՞…), որ գոնե սա կարողանա իրավիճակը հանդարտեցնել: Բայց դեսպանն էլ եկել, ընդամենը մարդկանց վրա գոռգոռացել է, թե` խիղճ ունեցեք, էս մարդկանց աշխատանքը գիտե՞ք, թե քանիսին է ավարտվում, գիտե՞ք, որ հիմա ձեր պատճառով են էս ուշ ժամին գրասենյակում նստած, բացատրել է, որ աղջիկները «մեղավոր չեն «Բրիտանական ավիաուղիներում» աշխատելու համար», որ, հազար ներողություն, չեն հասցնում անգամ «մի տեղ մտնել-դուրս գալ», ու… գնացել է իր գործին: Ոչ մի օգնություն ցույց չի տրվել, փաստորեն, այս մարդկանց…
Մեզ հանդիպած վրացի կանանցից մեկը, ի դեպ, ասում էր, թե ինքը նորից ստիպված է գնալ մթերային մի խանութ և գիշերը քնել, այնուհետ լաց լինելով շնորհակալ եղավ խանութի տնօրենին, որովհետև սա «կրակն ընկած իրեն ու երեխային արդեն մի շաբաթ է` կերակրում-պահում է, մինչև գնան այստեղից»: Մի տղամարդ էլ հայհոյում էր աշխարհի բոլոր երկրների կառավարություններին ու նրանց դիվանագիտական կորպուսներին, մի խոսքով` ում պատահի, գոռում էր, թե սուտ է, որ ամերիկացիներն ու Արևմուտքն օգնում են իրենց ու Միշային: «Բա որ օգնում են, մի թռիչքի էղածն ի՞նչ է, որ դա էլ չեն անում. տո, թող հանուն «փոքրիկ ժողովրդավար Վրաստանի»` մի 30 տեղ էլ պակաս թռչի էդ այլանդակների ինքնաթիռը, ի՞նչ կլինի»: «Լավ, էլի, բայց դուք հասկանո՞ւմ եք, որ մեր ավիաուղիներն արդեն շատ բան են արել ձեզ համար, և որ ևս մի դատարկ ինքնաթիռը կարող է լրիվ սնանկացնել մարդկանց` մեզ էլ հետը անգործ թողնելով…համ էլ` փառք տվեք Աստծուն, հասուն մարդ եք, գոնե կենդանի եք` ի տարբերություն շատ շատերի»,- փորձեց տղամարդուն հանգստացնել ավիաուղիների աշխատակիցներից մեկը, ինչին ի պատասխան տղամարդն ասաց` «Տեսնես էդ հասունությունը մենակ մե՞զ է վերաբերվո՞ւմ, մեր հիստերիկ նախագահին, Բուշին, Պուտինին ու էն մեկին` արջին, չի՞ վերաբերվում, որ մեզ էս օրը գցեցին: Լավ, գոնե մեր դեսպանին վերաբերվո՞ւմ է, թե՞ չէ, որ թողեց, հանգիստ գնաց իր գործին»…
Մենք, իհարկե, չկամեցանք որպես լրագրող ներկայանալ, որովհետև իրադարձությունների ողջ «բնականությունը կկորչեր», բայց որքան հասկացանք` շաբաթ-կիրակի օրերը մի կերպ Երևանում անցկացնելուց հետո արդեն երկուշաբթի, այսինքն` երեկ, մարդիկ կարողանալու էին վերջապես շարունակել իրենց ճանապարհը…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9057

Մեկնաբանություններ