ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

....

....
08.07.2008 | 00:00

Զգուշավոր խոսնակը
Արդեն տևական ժամանակ մամուլով պարբերաբար շրջանառվում է այն տեղեկությունը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս փաստը փորձեցինք ճշտել ՀՀ նախագահի մամուլի պատասխանատու Սամվել Ֆարմանյանից, որը չցանկացավ «մեկ րոպեի» ընթացքում ժխտել կամ հաստատել այս տեղեկությունը` խոստանալով պատասխանել հարցին` ըստ ընթացակարգի, այսինքն` մեկ օրվա ընթացքում, այն էլ` էլեկտրոնային փոստով: Անհասկանալի է` ինչո՞ւ է նախագահի մամուլի երիտասարդ պատասխանատուն մի «այո կամ ոչ»-ի համար մեկ օր պահանջում, հետո էլ նախընտրում աշխատել միմիայն էլեկտրոնային փոստով։ Թերևս մտավախություն ունի, որ հանպատրաստից արտաբերված յուրաքանչյուր անզգույշ միտք, առավել ևս սեփական միտք, կարող է նախագահի սրտով չլինել։ Եվ, իրոք, չէ՞ որ նա ընդամենը նախագահի խոսափողն է։
Ռ. Խ.

Խմորումներ՝ դաշնակցության ներսում
Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Սերժ Սարգսյանի հայտարարությունները խիստ բացասական արձագանք են գտել Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում, ինչպես «էրգրին մեջ», այնպես էլ նրա սահմաններից դուրս։ ՀՅԴ ղեկավարները, ըստ շրջանառվող լուրերի, օրեր շարունակ դռնփակ ժողովներում լարված քննարկել են խոցելի իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու հարցը, սակայն Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո ստիպված են եղել հանդարտության կոչել դաշնակցական ընկերներին, փորձելով հավաստիացնել, թե նախագահի հայտարարությունները բոլորովին այլ ենթատեքստ ունեն։ Այդուհանդերձ, ՀՅԴ շարքերում գնալով խորանում է դժգոհությունը ինչպես երկրում տիրող իրավիճակի, այնպես էլ կուսակցության ղեկավարության վարած քաղաքական գծի առնչությամբ։ Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերին կայանալիք Դաշնակցության գերագույն մարմնի ընդհանուր ժողովում կարող են քննարկման առարկա դառնալ ինչպես կուսակցության ներսում կադրային լուրջ սրբագրումների, այնպես էլ քաղաքական կուրսի փոփոխության հարցերը։
Այս խմորումների տրամաբանությանը հակառակ, կառավարության մաս կազմող դաշնակցական նախարարները, նույն աղբյուրների հավաստմամբ, շարունակելու են անշեղորեն կյանքի կոչել ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլոբալ բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, իրենց ղեկավարած կառույցներում կոշտ պայքար սկսելով կոռուպցիայի ու կաշառակերության դեմ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Առայժմ ՆԱՏՕ չենք գնում։ Բայց միայն՝ առայժմ
«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Հայաստանն այսօր բավական ակտիվ համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Մենք ունենք Հայաստան-ՆԱՏՕ երկամյա անհատական համագործակցության ծրագիր, որի ավարտին Բրյուսելում ՆԱՏՕ-Հայաստան խորհրդի 26+1 ձևաչափով հանդիպման ժամանակ նշվել է, որ Հայաստանը սահմանված ժամկետներում իրականացնում է այդ ծրագիրը»,- օրերս հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, միաժամանակ նշելով, որ այժմ Հայաստանն իրականացնում է հիշյալ երկամյա ծրագրի երկրորդ փուլը։
Արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ առաջին հայացքից որևէ արտառոց նրբերանգ, կարծես թե, չկա, եթե մի կողմ թողնենք, որ այս հայտարարությունը հնչեց Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին զուգահեռ, ինչն ամենևին էլ պատահական չէր։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, Հայաստանի արտգործնախարարի վերոհիշյալ հայտարարությունը կարելի է համարել ակնարկ ռուսական կողմին, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը ևս ռազմավարական գործընկերության այլընտրանք փնտրելու հնարավորություններ ունի։ Իսկ լավ փնտրողը միշտ էլ գտնում է։
Աննա ԲԱՐՖՅԱՆ

«Դիտավորյալ» գույքը փչացրել Է
Երեկ 16:09-ի սահմաններում Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել էր մի հաղորդագրություն, ըստ որի` «Այսօր, ժամը 15:15-ի սահմաններում Աբովյան-Թումանյան խաչմերուկից 11…887 արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով առևանգվել է Հյուսիսային պողոտայում ընթացող շուրջօրյա նստացույցի մասնակից, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Արսեն Ներսիսյանը: Առևանգիչները փորձել են գողանալ նստացույցի ևս 2 մասնակցի, ինչը նրանց չի հաջողվել: Սա դիտարկելով որպես բանդիտիզմի հերթական դրսևորում՝ խստորեն պահանջում ենք ոստիկանությունից` անհապաղ հայտնաբերել և պատասխանատվության կանչել առևանգիչներին»:
Բնականաբար, փորձեցինք պարզել, թե հատկապես ովքեր են առևանգել Արսեն Ներսիսյանին: Ի՞նչ է պատահել իրականում, հարցրինք ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանին: Պարզվեց` փոքրիկ թյուրիմացություն է եղել: Ավելի ճիշտ, Արման Մուսինյանի ասելով, «շատ արագ արձագանքելու անհրաժեշտության պատճառով լրատվամիջոցներին տրված հաղորդագրության մեջ սկզբում շատ էլ լավ չի հասկացվել, որ եթե նստացույցի մասնակից է եղել, ինչու է հատկապես Աբովյան-Թումանյան խաչմերուկից առևանգվել»: Մի խոսքով, նոր հաղորդագրությամբ ամեն բան շտկվել էր, իսկ իրականում ահա թե ինչ էր տեղի ունեցել։ Երեկ, երբ դատարանի առաջ հավաքված մարդիկ լսել են, որ արցախյան ազատամարտի հերոս Սասուն Միքայելյանի կալանքը դռնփակ նիստում երկարաձգվել է ևս երկու ամսով` ինչ-որ անհասկանալի «քննչական գործողություներ անցկացնելու» պատճառաբանությամբ, հենց դատարանի դռանը բողոքի ակցիա են անցկացրել` «Ամոթ, ամոթ», «Ազատ, անկախ Հայաստան» գոռալով, այնուհետև որոշել են երթով հասնել Հյուսիսային պողոտա, որտեղ շարունակվում է ընդդիմության վերջին միտինգից հետո սկսված նստացույցը: Հավաքվածների թվում է եղել նաև հիշյալ Արսեն Ներսիսյանը, որը Հրազդանի Վանատուր գյուղի բնակիչ է և Միքայելյանի հայրենակիցը, և հենց նրա ու էլի 2 վանատուրցիների վրա են առանց բացատրություններ տալու հարձակվել քաղաքացիական հագուստով մոտ 10 անհայտ անձինք, փորձելով նրանց մտցնել 11...887 արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենան: «Մենք փախանք, իսկ Արսենը չհասցրեց. ձեռքերը ոլորեցին և մտցրին մեքենա: Այդպես էլ չիմացանք, թե ովքեր էին եւ ինչի համար տարան»,- արդեն պողոտայում պատմել է Արսեն Ներսիսյանի ընկեր Ժորա Ստեփանյանը։
Ի միջի այլոց, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հաջողվել էր պարզել, որ Արսեն Ներսիսյանն իրականում այս պահին Ոստիկանության կենտրոնի բաժնում է: Եվ եթե հանկարծ պարզվի, որ հենց նրանք են կազմակերպել առևանգումը, այն էլ` քաղաքացիական հագուստով, այն էլ` առանց բերման ենթարկելու որոշման, այս ամենից հետո իսկական խայտառակություն կլինի: Մանավանդ որ նույն պատգամավորների միջոցով արդեն իսկ պարզվել է, որ Արսենին թույլ չեն տալիս փաստաբան ունենալ, և որ մեղադրանքն էլ շատ անկապ մի բան է. «դիտավորյալ գույքի ոչնչացում»: Հիմա պարզ չէ` էդ գույքն է «դիտավորյալ» եղե՞լ, թե՞ Արսենն է գույքը դիտավորյալ փչացրել:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Փաստ կա, գործ չկա
Հուլիսի 4-ի ընդդիմության հանրահավաքից երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իշխանության և ընդդիմության արձագանքները կտրուկ տարբերվում էին: Եթե ընդդիմությունը հաստատակամ էր այն հարցում, որ կատարվածն իշխանության ձեռքի գործն է, և սադրիչների «ծագումնաբանությունը» իշխանական է, ապա իշխանությունն էլ իր հերթին սադրիչներին փնտրում էր հենց ընդդիմության մեջ: Հյուսիսային պողոտայի միջադեպի և սադրիչներին ի հայտ բերելու գործում որևէ առաջընթաց կա՞, այս հարցով դիմեցինք Համաժողովրդական շարժման անդամ Լևոն Զուրաբյանին, ով վստահեցրեց, թե «ընդդիմությունն ամեն ինչ տրամադրել է գործ կազմելու համար»: «Սակայն առայժմ գործի ընթացքի մասին ոչ մի տեղեկատվություն չունենք»,-հավելեց Զուրաբյանը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև Կենտրոնի ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կռոյանը մեզ փոխանցեց, որ այս պահին այդ գործով Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: «Իսկ այն տվյալները, որոնք տուժած քաղաքացիներն են տրամադրել հիմք չե՞ն ինչ-որ մեկին պատասխանատվության կանչելու համար», հարցրինք: «Հենց դրանցով էլ զբաղվում ենք»,-փաստեց Կռոյանը։
Հետաքրքրվեցինք նաև, թե հանրահավաքին հաջորդած երթն իշխանությունների հետ փոխպայմանավորվածությա՞ն արդյունք էր, ինչի առնչությամբ նա միայն նշեց. «Տեղյակ չեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել»: Միևնույն հարցադրումն ուղղեցինք Լևոն Զուրաբյանին: «Իշխանությունների հետ փոխպայմանավորվածությունների արդյունք չէր կարող լինել, քանի որ նախօրոք հանրահավաքի հայտի հետ քաղաքապետարանին ներկայացվել էր երթի ուղին, իսկ և՛ երթը, և՛ հանրահավաքն օրինական էին»,- ասաց վերջինս:
Ռ. Խ.

Դիտվել է՝ 5404

Մեկնաբանություններ