ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԺՈՂՈՎՐԴԻՆ` ԿՈՆՖԵՏՆԵՐ, ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ` ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՃԱՆ

ԺՈՂՈՎՐԴԻՆ` ԿՈՆՖԵՏՆԵՐ, ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ` ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՃԱՆ
13.04.2010 | 00:00

Համազգային թատրոնի բեմում նոր ներկայացում է` երաժշտական կոմեդիայի ժանրում. Բ. Բրեխթ, Կ. Վայլ, «Երեք գրոշանոց օպերա» սատիրական թատերգություն, որը ծանոթ է հայ հանդիսատեսին դեռևս 1966 թվականից, երբ այն բեմադրվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Բրեխթի ստեղծագործական սկզբունքն էր հանդիսատեսի մեջ արթնացնել ինքնուրույն քննադատական, հեղափոխական մտածողություն: Այս սկզբունքի հետքով էլ սովորաբար ուղղորդվում են Բրեխթի ստեղծագործությանը ձեռք զարկող թատերական գործիչները:
Համազգային թատրոնում արված բեմադրության հեղինակն է Արմեն Մելիքսեթյանը, նկարիչը` Դավիթ Մինասյանը, պարերը բեմադրել է Աննա Կարապետյանը, գործիքավորումը կատարել է «Արդինի» ստուդիան:

Բեմում Անգլիայի թագուհու թագադրությանն սպասող ամբոխն է` հասարակության «ընտրախավը»` բանսարկուներ, գողեր, մուրացկաններ, հաշմանդամներ` ամեն մեկն իր հորինած կերպարի` նրբորեն մշակված մանրամասներով: Ընդոծինների այս թագավորությունում նախապատրաստվում են մեծ խրախճանքին. Սոհոյի տոնավաճառում «աղքատներն աղքատություն են անում, գողերը` գողություն, անառակները` անառակություն...»: Թագադրման արարողությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում աղքատներին և տնանկներին` արժանանալու շռայլ ողորմածության, իսկ գողերին ու ավազակներին` ապահովաբար թալանելու հարուստ բնակարանները: Դեպքերի կենտրոնում երկուսն են` «ձեռներեց կոմերսանտ» Փիչըմը (Կարեն Խաչատրյան) և մարդասպան ավազակ Դաշույն Մեքին (Ավո Խալաթյան): Թատերգության գլխավոր ինտրիգը ծավալվում է խաբեբայի և մարդասպանի միջև, իսկ նրանց արանքում տարուբերվում են ոստիկանապետ Բրաունը, հասարակաց տան թիթեռնիկները, Փիչըմի ու ոստիկանապետի դուստրերը, ավազակների ու մուրացկանների ստվար զանգվածը:
Փիչըմը փիլիսոփայական մտքերի մի ողջ ընտրանի է դնում հանդիսատեսի առաջ. «Տրվողին տրվում է ի վերուստ»: «Շատ քիչ բաներ կան, որ կարող են հուզել մարդուն, շատ քիչ բաներ: Սակայն վատն այն է, որ դրանք հաճախակի օգտագործելուց կորցնում են իրենց ազդեցությունը»: «Մարդ արարածը սարսափելի հատկություն ունի, նա կարող է ցանկացած պահի դառնալ անզգա»: Փիչըմն իր ճշմարտությունները քաղում է Աստվածաշնչից, բայց և տարակուսում. «Որքա՞ն այն կհերիքի»:
Յուրաքանչյուր անգամ հայտնվելով բեմում` Կարեն Խաչատրյանը և Արմինե Պողոսյանը (տիկին Փիչըմ) հանդիսատեսին հրամցնում են դերասանական համոզիչ խաղի, պլաստիկայի, վոկալի բացառիկ համադրություն, որը շահեկանորեն առանձնանում է ներկայացման մյուս տեսարաններում կատարվող անցուդարձից: Փիչըմի ճամարտակումները հորդում են Կարեն Խաչատրյանի շուրթերից` վայրիվերումների սահուն ընթացքի մեջ ներառելով աստվածաշնչյան գաղափարաբանությունն ու գետնաքարշ բնազդները, անգլիական աղմկոտ հրապարակն ու «Ծղոտներ» ռեստորանը: (Այո՛, թեև թագադրումն Անգլիայում է, թագադրողներն էլ` անգլիացիք, բայց իրավիճակը զերծ չէ հայկական տարրերից):
Փոքրիկ, բայց տպավորիչ կերպար է մարմնավորել Նարինե Գրիգորյանը (Լյուսի), որը հայտնվում է բեմում մի քանի րոպե միայն (ա-լյա` Ծիծաղելի աղջիկ-Բարբարա Սթրեյզանդ) և կատաղի, հավիկային մենամարտի բռնվում իր տարփածուին խլած մրցակցուհու հետ:
Դրամատիզմով հագեցած կերպար է Արմինե Անդրեասյանի պոռնիկ Ջենին` չարենցյան տողերի («Միայն պոռնիկը մշուշում համբուրեց»)` բրեխթյան վերարծարծումով ու հատկապես գեղեցիկ վոկալով:
Մանրախնդիր հասարակության համապատկերին անհարիր թվացող ճռվողուն թագուհին (Տաթև Ղազարյան), որը հայտնվում է վերջնարարում, վայրկենապես ձուլվում է իր ժողովրդի հավաքական դիմանկարին ու անակնկալի եկած հանդիսատեսին շռայլում մի քանի կոնֆետ` նրա ակնկալած հաց ու պանրի փոխարեն: Իսկ մահապատժի դատապարտված Դաշույն Մեքին, ի դեմս թագուհու, գտնում է նոր հովանավորի: Եթե մինչ այդ նա ավազակային ծրագրերն իրականացնում էր` դաշն կնքած ոստիկանապետի հետ և նրան բաժին հասցնելով իր ավարից, ապա թագուհու շնորհին` արքայազն Շառլզի պատմուճանին և արքայական շքանշանին արժանանալուց հետո այլևս դժվար կլինի նրան կանգնեցնել: Եվ Մեքիի կյանքն ու մահը մի քանի ֆունտով սակարկող պարոն Փիչըմն առիթ կունենա լրջորեն մտածելու այդ հաջողակի հետ հարաբերությունները ճշտելու մասին, քանզի երկու տականքների դաշինքը` հովանավորված վերին իշխանության կողմից, անկասելի թռիչքների նոր ուղեծիր է նախանշում:
Այսպես է բեմում: Ավա՜ղ, ոչ հազվադեպ` նաև կյանքում: ՈՒ կարելի է շնչահեղձ չլինել, անգամ լիաթոք ծիծաղել, երբ այս ամենը ներկայացվում է կատակերգական մյուզիքլի ժանրում` ինքնատիպորեն մտահղացված բեմական ներհարդարանքի ֆոնին:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ