Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մենք և մեր ապագա մրցակիցները

Մենք և մեր ապագա մրցակիցները
17.06.2008 | 00:00

Հունիսի 13¬ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ «Փաստարկ» մամուլի ակումբում առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ։

¬Արդեն հինգերորդ ամիսն է` գտնվում եմ Հայաստանում և հայկական թիմի հետ ոչ միայն լավ եմ զգում, այլև հաճույք եմ ստանում այստեղ ապրելով։ Դուք արդեն գիտեք, թե անցած 4,5 ամսում հավաքականն ինչ ճանապարհ է անցել։ Իմ առաջին ծանոթությունը տեղի ունեցավ Մալթայում անցկացված միջազգային մրցաշարում։ Առաջին տպավորությունս լավ էր։ Այս ընթացքում շատ խաղացողների եմ փորձարկել և արդեն ընտրել եմ այն կորիզը, որը օգոստոսի 20¬ին վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ։ Շատ լավն էին հանդիպումները Հունաստանի հավաքականի և Գերմանիայի ակումբային թիմի, ոչ այնքան լավ՝ մոլդովացիների հետ։ Գիտեք, այսօր մարզչի համար շատ դժվար է։ Տղաները գալիս են ընդամենը մի քանի օրով, և այդ ընթացքում ճանաչել նրանց չես հասցնում, սակայն աստիճանաբար փորձում ենք մերվել միմյանց, և դա հաջողվում է։ Ես, իհարկե, չեմ ցանկանում ինչ¬որ խոստումներ տալ։ Մեր ապագա մրցակիցներից Թուրքիայի և Իսպանիայի հավաքականներն այժմ հանդես են գալիս Եվրոպայի 13¬րդ առաջնությունում և՝ բավականին հաջող։ Իսպանացիներն արդեն դուրս են եկել քառորդ եզրափակիչ, այդ ճանապարհին 4։1 հաշվով պարտության մատնելով Ռուսաստանի և 2։1 հաշվով՝ Շվեդիայի հավաքականներին։ Ավելորդ է ասել, թե այս հավաքականներն իրենցից ինչ են ներկայացնում։ Հավանաբար նվեր չեն լինի նաև Բելգիայի և Սլովակիայի հավաքականները, սակայն ես միշտ ասել եմ, որ խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթանակի հասնելու վճռականությամբ և փորձելու ենք պայքարել մինչև վերջ, անկախ նրանից, թե ով է մրցակիցը։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ապա այն բավականին հետաքրքիր է։ Լավ խաղ են ցուցադրում Ավստրիայի և Շվեյցարիայի հավաքականները, որոնց մասնագետները ֆավորիտ չէին համարում։ Անակնկալներից կառանձնացնեի գերմանացիների պարտությունը խորվաթներից։

Խոսելով իր գլխավորած հավաքականի մասին՝ Յան Պոուլսենը նշեց.

¬Մենք միգուցե առաջին մեծության աստղեր չունենք, սակայն ունենք թիմ, ունենք 11 խաղացողներ, որոնք կոլեկտիվ աշխատանք են տանում, և առաջին հերթին ես դա եմ գնահատում...

Եթե Հայաստանի գլխավոր մարզիչը հիմնականում անդրադարձավ իր սաներին, ապա վետերանների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ զրույցն ամբողջովին նվիրված էր Ավստրիայում և Շվեյցարիայում ծավալվող իրադարձություններին։

¬Ի՞նչ կարող եմ ասել։ Առաջնության յուրաքանչյուր օրը նշանավորվում է նոր՝ հաճելի անակնկալներով։ Դեռ մեր առաջին հանդիպման ժամանակ ասացի, որ մեր ապագա մրցակիցները՝ թուրքերը, այս առաջնությունում կարող են շատ տհաճություններ պատճառել, և դուք տեսաք, թե չեխերի հետ խաղում ինչ տեղի ունեցավ։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներն ուղղակի ջախջախեցին չեխերին, և վերջիններս այս դասը երբեք չեն մոռանա։ Ես հիացած եմ թուրքերի խաղով։ Այստեղ մենք տեսանք այն ամենը, ինչով գեղեցիկ է ֆուտբոլը. հաղթանակի հասնելու կամք, վճռականություն, կոլեկտիվիզմի զգացողություն, հոգեբանական գերազանց պատրաստվածություն։ Մի խոսքով, ինչ էլ ասենք, արժանի են։ Երկրորդ խաղում լավ տպավորություն թողեցին նաև ռուսները։ Իսպանացիներից 1։4 հաշվով կրած պարտությունից հետո Գուուս Հիդինկի սաները լավ դաս տվեցին Եվրոպայի նախորդ առաջնության հերոսներին՝ հույներին։ Հանդիպումն անցավ ռուսների բացահայտ առավելությամբ։ Զիրյանովի՝ 33¬րդ րոպեին կատարած դիպուկ հարվածին մրցակիցները ոչինչ չկարողացան հակադրել, և այժմ Հիդինկի սաները բոլոր հնարավորություններն ունեն տիրելու քառորդ եզրափակիչի երկրորդ ուղեգրին, եթե, իհարկե, շվեդների հետ խաղում խաղադաշտ դուրս գան նույն մարտական տրամադրությամբ։

Հունիսի 15¬ից սկսվեցին վերջին տուրի հանդիպումները։ Առաջին խմբում պայքարը կշարունակեն Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականները։ Երկրորդ խմբում չեմ կասկածում գերմանացիների հաջողությանը։ Ճիշտ է, նախորդ խաղում նրանց նկատմամբ այնքան էլ «բարեհաճ» չգտնվեցին խորվաթները՝ առավելության հասնելով 2։1 հաշվով, սակայն այս խմբում այլ հավակնորդ չեմ տեսնում։

Երրորդ խմբում հետաքրքիր հանդիպում եմ ակնկալում աշխարհի առաջնության առաջին երկու մրցանակակիրների՝ Իտալիայի և Ֆրանսիայի թիմերի միջև։ Հնարավոր է` այս զույգից մեկը շարունակի պայքարը մեդալների համար, եթե իհարկե, արդեն հաջորդ փուլի ուղեգիր նվաճած հոլանդացիները հանկարծ չպարտվեն ռումինացիներին, որոնք նույնպես, իտալացիների նման, իրեն ակտիվում երկու միավոր ունեն...

Մի խոսքով, Եվրոպայի առաջնությունն իսկապես վերածվել է ֆուտբոլային անկրկնելի տոնի։ Խաղից խաղ այն ավելի դիտարժան և հետաքրքիր է դառնում, իսկ նրա գագաթնակետն անպայման կդառնան հաջորդ փուլի հանդիպումները։ Ինչ վերաբերում է դիտորդությանը, ապա չեմ կարող չանդրադառնալ մի հանգամանքի, որը Եվրոպայում վաղուց դարձել է օրինաչափություն. ազգային հավաքականներում հանդես են գալիս լեգիոնականներ, ինչը, կարծում եմ, պատիվ չի բերում ոչ մի երկրի։ Եվրոպայի առաջնությունը եզրափակիչ դուրս եկած ազգային հավաքականների հաշվետվություն պետք է լինի։ Այստեղ հույսը օտարերկրացիների վրա դնելն ինձ համար անհասկանալի է. շատ դեպքերում ես չտեսա ազգային ֆուտբոլի այցեքարտը, պակասում էր հայրենասիրությունը, հանուն որի դուրս են եկել խաղադաշտ։

Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9217

Մեկնաբանություններ