Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով, 2019-ի փետրվարի 14-ին հյուրընկալվել էր համալսարանում։
Կարևորելով ուսանող՝ ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը, ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում՝ Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ գլխավոր ճարտարապետի հետ ուսանողների հանդիպումը դարձնել պարբերական։
Համալսարանի ճարտարապետական նախագծման արվեստանոցը լեփլեցուն էր՝ գլխավոր ճարտարապետի հետ մոտ 2 ժամ տևած ուսանողների հանդիպումը փոխադարձ հետաքրքրությունների դաշտ էր ստեղծել։ Հարց ու պատասխանի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի կառուցապատման, կայանատեղերի, ավտոճանապարհների բեռնաթափման և քաղաքաշինական այլ հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Համալսարանի ուսանողները բաց չթողեցին հնարավորությունը ճշտելու՝ գլխավոր ճարտարապետը կվերադառնա երգին թե՞ ոչ։ «Այդ էջը փակված է», - ասաց Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ինքը ճարտարապետ է և հասուն տարիքում մտադիր չէ բեմ վերադառնալ:
Բարձր գնահատելով ուսանողների ներուժը, գլխավոր ճարտարապետն առաջարկեց ուսանողներին նախագծեր անել ոչ թե վերացական, այլ կոնկրետ տեղանքների համար, որպեսզի հետագայում դրանցից լավագույները հնարավոր լինի կյանքի կոչել։
ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին ՎԻԼՅԱՆ