ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նեոօսմանիզմի դոկտրինի հյուսիսկովկասյան ուղղությունը

Նեոօսմանիզմի դոկտրինի հյուսիսկովկասյան ուղղությունը
13.03.2009 | 00:00

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍԸ
Անցած տարիների ընթացքում միշտ ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ վրաց-աբխազական հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան գործնականում չի տեղեկացրել Վրաստանին Աբխազիայում կատարած իր գործողությունների մասին, ըստ էության, անտեսելով այդ հարցում Թբիլիսիի կարծիքը։ Նույնը տեղի էր ունենում Աջարիայում։ Վերջին ամիսներին Թուրքիան փորձում է որոշակիորեն ինստիտուցիոնալացնել կամ առավելագույնս պաշտոնական բնույթ հաղորդել Աբխազիայում իր քաղաքականությանը։ Վրաստանում Թուրքիայի դեսպանի մասնակցությունն Աբխազիայի հետ հարաբերություններ կառուցելու գործին, ընդ որում, կազմակերպելով աբխազական խնդիրների լայն քննարկում, խոսում է այն մասին, որ թուրքական քաղաքական ներկայությունն Աբխազիայում ձեռք է բերում նոր մակարդակ։
Թուրքական մամուլի համայնապատկերում, ինչպես նաև առանձին թուրքական վերլուծաբանների հրապարակումներում ակնհայտ է Թուրքիայի հետաքրքրության աճն Աբխազիայի նկատմամբ։ Սա մեկուսի հետաքրքրություն չէ, այլ «Նեոօսմանիզմի դոկտրինի» ակտիվացման տարր Թուրքիայի քաղաքականության մեջ։ Անկարան ակտիվացել է ամբողջ «նեոօսմանական» ճակատով` Բալկաններ, Սևծովյան ավազան, Կովկաս, Հյուսիսային Իրաք և հնարավոր է նույնիսկ Իրան։ Այս կապակցությամբ, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպես է Թուրքիան իրագործելու իր քաղաքականությունն Աբխազիայում, Վրաստանի էթնիկ երկրամասերում և միաժամանակ հարաբերություններ կառուցելու Թբիլիսիի հետ։
Ամենայն հավանականությամբ, Անկարան ունի լավ մշակված մոտեցումներ, որոնք ամենից առաջ ենթադրում են ինտերակտիվ քաղաքականության իրագործում։ Դա ենթադրում է ուժեղացնել իր ազդեցությունը էթնիկ երկրամասերում իբրև մեծ տարածաշրջանների վրա, ինչպես նաև Վրաստանի ու Ռուսաստանի նկատմամբ ազդեցության ընդլայնման միջոց։ Համարժեք խնդիրներ Անկարան փորձում է լուծել նաև Գագաուզիայում ու Ղրիմում։ Այս էթնիկ երկրամասերի օրինակով կարելի է բացահայտել այն նախանշաններն ու Թուրքիայի քաղաքականության նոր տարրերը, որոնք առկա են Ռուսաստանի նկատմամբ Անկարայի դիրքորոշումներում։ Որոշակի փուլից հետո, որը կարելի է համարել «մեղրամիս» ռուս-թուրքական հարաբերություններում, Անկարան համոզվել է, որ չնայած լայնածավալ համատեղ նախագծերին ու ընդհանուր մտադրություններին, Ռուսաստանը բոլորովին էլ չի պատրաստվում այդ տարածաշրջաններում իր ազդեցությունը զիջել Թուրքիային։ Դա Անկարայում հանգեցրել է այն հետևության, որ սպասողական քաղաքականությունն անիմաստ է, ու Թուրքիան անցել է աշխարհաքաղաքական «հարձակման», որ համարժեք է այն քաղաքականությանը, ինչը փորձում է իրագործել Ռուսաստանը։ Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի և հատկապես Աբխազիայի անկախության ճանաչումը, անկասկած, թաքուն բավականություն և նոր սպասումներ է առաջացրել Անկարայում։ Միանշանակ է, որ այս նոր իրավիճակում Թուրքիան ձեռք է բերել իր ազդեցությունը Հյուսիսային Կովկասում ուժեղացնելու հեռանկարներ, նորից կառուցելու իր հարաբերություններն Աբխազիայի, չերքեզների և հյուսիսկովկասյան այլ ժողովուրդների հետ։ Թուրքիան լիովին պատրաստ է հզոր ներդրման Հյուսիսային Կովկասում, հատկապես նկատի ունենալով աբխազական էլիտայի հավակնությունների օգտագործման հնարավորությունը։ Թուրքիայում վաղուց գոյություն ունեն հյուսիսկովկասյան ժողովուրդների տարաբնույթ կազմակերպություններ, սակայն վերջին ժամանակներս այդ աշխատանքը ձեռք է բերել նոր բովանդակություն, ինչը պայմանավորված է միանգամից երկու խնդիրներ համադրելու Անկարայի ձգտմամբ։ Այսինքն` կառուցել ավելի սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ և միաժամանակ ուժեղացնել էքսպանսիան Հյուսիսային Կովկասում։
Աբխազիայից ստացվող տեղեկությունների համաձայն, Թուրքիան արդեն իսկ առաջ է քաշել մինիմում ծրագիր, որը ներառում է թուրքամետ հասարակական և այլ կազմակերպությունների ստեղծում, որոնք պիտի օժանդակեն Անկարայի ազդեցության աճին Աբխազիայի քաղաքական կառույցներում։ Կա որոշում` ստեղծելու մշտական տնտեսական կապեր, որոնք Աբխազիայի համար ձեռք կբերեն որոշիչ նշանակություն։ Դրա մեջ է մտնում նաև կանոնավոր տրանսպորտային կապի կարգավորումը, կրթական համակարգը վերահսկողության տակ վերցնելը։ Գոյություն ունի Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հրամանը` ուժեղացնել գործակալական աշխատանքներն աբխազական զինված ուժերում։ Առաջին անգամ հետխորհրդային տարիների ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որոշակի միջոցներ է հատկացրել մի շարք նպատակների համար։ Արտաքին գործերի նախարարությանը նույնպես արդեն տրված է հանձնարարական Սուխումում թուրքական հյուպատոսություն բացելու վերաբերյալ։ Վրացական քաղաքական ղեկավարությունն արդեն լավ տեղեկացված է Թուրքիայի կողմից Աբխազիային ռազմական և այլ օգնություն ցույց տալու մասին, ինչը եղել է նաև Վրաստանի հետ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում։ Թուրքական հետախուզությունն ու պանթուրքիստական կազմակերպությունները մասնակցել են վրաց-աբխազական հակամարտությանը։ Թուրքիայի տարածքում ձևավորվել են 8-10-հոգանոց կամավորական խմբեր` աբխազների կողմում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Վարձկանների տեղափոխումն իրականացվում էր ծովային ճանապարհով` Տրապիզոնից Սոչի։ Նրանք հավաքագրվում էին Թուրքիայում բնակվող մահմեդական աբխազներից, այդ գործին ակտիվ աջակցություն էր ցուցաբերում թուրքական աբխազների «Աբխազիայի հետ համերաշխության ընկերությունը»` Բ. Տամտեկինի առաջնորդությամբ։ Ստամբուլից 56 կմ դեպի արևմուտք գտնվող Չաթալջա քաղաքում ստեղծված էր և գործում էր հատուկ ճամբար, որտեղ էլ իրականացվում էր աբխազական զինյալների վերապատրաստումը։ Սովորական կուրսանտի ուսուցումը տևում էր երեք շաբաթ, 150-200 մարդ նախապատրաստություն էր անցնում թուրքական բանակի նախկին կադրային սպաների ուսուցմամբ։ Խմբերի ձևավորման առումով առավելություն էր տրվում երիտասարդ և բանակային ծառայության փորձ ունեցող մարդկանց, Թուրքիայում բնակվող աբխազներին, իսկ ֆինանսավորումն իրականացվում էր պետական միջոցներից։
1992-ի սեպտեմբերի վերջին թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով և Թուրքիայում «Հյուսիսկովկասյան մշակութային ընկերակցության» ներկայացուցչի ուղեկցությամբ Աբխազիա հասցվեց հումանիտար օգնություն, որը ներառում էր 16 տոննա դեղորայք, ինչպես նաև զենք ու զինամթերք։ Ռազմական գործողություններում աբխազական կողմից այդ ժամանակ արդեն մասնակցում էր կովկասյան ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիների մի խումբ (մոտ 30 մարդ), ովքեր լեգալացվել էին Աբխազիայում իբրև Հյուսիսային Կովկասի բուհերում սովորող ուսանողներ։ Այնուհանդերձ, այդ ժամանակաշրջանում Անկարայի դիրքորոշումն Աբխազիայի հետ կապված բնութագրվում էր իբրև զուսպ։ Ըստ որոշ տվյալների, 1992-ի օգոստոսի 25-ին թուրքական աբխազների ու չերքեզների ներկայացուցիչների հետ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշի (ազգությամբ` չերքեզ) հանդիպման ժամանակ գեներալը նշել է, թե հարկ չկա ակնկալել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման փոփոխություն Վրաստանի նկատմամբ։ Որովհետև վրացական տարածքով և վրացական իշխանությունների գիտությամբ Թուրքիան զենք ու զինամթերք էր մատակարարում Ադրբեջանին և այդ ծառայության դիմաց միաժամանակ երկարաժամկետ կտրվածքով համակարգված պարենային օգնություն էր ցուցաբերում նույն Վրաստանին։
Արդեն 1988-ից թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ արագացված տեմպերով ստեղծվում էին բազմաբնույթ կովկասյան ազգայնական կազմակերպություններ` աջ ուղղվածության, որոնք զբաղված էին պատմական հայրենիքի հետ կապերի հաստատմամբ։ Այս խողովակն ակտիվորեն օգտագործվում էր թուրքական արտաքին հետախուզության (ՄԻԹ) և ռազմական հետախուզության կողմից` տարածաշրջանում իրենց խնդիրների լուծման համար։ ՄԻԹ-ի հանձնարարությամբ Թուրքիայում գործող ադղների հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում էին արտասահմանում ապրող կաբարդինների, չերքեզների և ադղների վերաբնակեցմանը պատմական հայրենիքում` Հյուսիսային Կովկասում։ Կովկասյան վտարանդիների` Թուրքիայից Ռուսաստան ներթափանցելու բոլոր խողովակներն առայսօր կազմակերպվում և օգտագործվում են թուրքական հետախուզության կողմից։ Ներկայումս թուրքական էմիսարները փորձում են Աբխազիայի ռազմական հրամանատարությանն առաջարկել միջոցառումներ, որոնք նպատակ ունեն վերակողմնորոշել չճանաչված հանրապետության զինված ուժերը դեպի Թուրքիա։ Կան տվյալներ, որ Անկարան փորձում է երկարաժամկետ կտրվածքով Աբխազիայում լուծել ռազմական կադրերի պատրաստման համար անհրաժեշտ «հրապարակ» ունենալու խնդիրը, իսկ այդ կադրերը պետք է պատրաստվեն հյուսիս-կովկասյան ժողովուրդների` ադղների, կաբարդինների, աբազինների ներկայացուցիչներից։ Ենթադրվում է, որ այս նախագիծը նպատակ ունի ուժեղացնելու Թուրքիայի ազդեցությունը Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում, ինչպես նաև վերահսկողության տակ ունենալ մարդկանց զգալի թվակազմով խմբավորում, որն ընդունակ է մարտական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու։ Եթե հաջողվի կազմակերպել ծովային և օդային հաղորդակցություն Թուրքիայի ու Աբխազիայի միջև, ապա այս խնդիրը լիովին լուծելի է։ Վերոնշյալ խնդիրներով էր հավանաբար պայմանավորված նաև Թուրքիայի կողմից Սերգեյ Բաղապշին և նրա թիմին ցուցաբերված աջակցությունն Աբխազիայի նախագահական ընտրություններում, երբ, ռուսամետ «կուսակցությունից» բացի, Աբխազիայում երևան եկավ ավելի ազգայնական «կուսակցություն», որը, չընդգծելով դեպի Թուրքիա իր կողմնորոշումը, այնուհանդերձ, կապեր ուներ Անկարայի հետ։
Ընդհանրապես Թուրքիան տիրապետում է հյուսիսկովկասյան ուղղությամբ հատուկ աշխատանքների իրականացման շատ հարուստ փորձի, ինչը, այսպես թե այնպես, կապված է Վրաստանի հետ։ Անկարան պատմության տարբեր փուլերում ստեղծել է մի շարք քայքայիչ կազմակերպություններ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների շրջանում աշխատանք տանելու համար։ Մասնավորապես «Հյուսիսկովկասյան ազգային կոմիտեն», որ ստեղծվել էր դեռևս 1920-ականներին, 1947-ին կրկին վերակազմավորվեց` ամերիկյան, բրիտանական և թուրքական հետախուզությունների մասնակցությամբ։ 1951-ին Մյունխենում տեղի ունեցավ Կովկասի լեռնականների հերթական համագումարը, որն այդ կազմակերպությանը վերադարձրեց իր հին անվանումը` «Հյուսիսկովկասյան կոմիտե»։ Այս կազմակերպության շրջանակներում ստեղծվեցին ընդհանուր քաղաքական, քարոզչական, սոցիալ-կենցաղային, ֆինանսական և ռազմական բաժանմունքներ։ Կազմակերպության նախագահը Մուհամեդ Ահմեդ Նաբին էր, նրա տեղակալը` Կանտեմիր Ալիխանը, որոնք երկուսն էլ համագործակցում էին թուրքական հետախուզության հետ։ Նույն 1951-ին, սակայն, «Հյուսիսկովկասյան կոմիտեն» տրոհվեց հակակոմունիստների և ազգայնականների։ Վերջիններս հրաժարվեցին ռուսական վտարանդիական կազմակերպությունների հետ համագործակցելուց և հանդես եկան Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից անջատելու ծրագրով։ Այս տրոհումը կազմակերպեց թուրքական հետախուզությունը, չնայած ամերիկացիների և անգլիացիների անհամաձայնությանը։ Տրոհումից հետո «Հյուսիսկովկասյան կոմիտեն» ամբողջությամբ անցավ թուրքական վերահսկողության տակ, իսկ նրա անդամները նպատակ էին համարում իրենց ներկայության ամրապնդումն Արևմտյան Վրաստանում ու Աբխազիայում։
1950-ականներին Թուրքիայում ստեղծվեց «Հյուսիսկովկասյան ազգային կենտրոն» կազմակերպությունը` «Ստամբուլի լեռնականների կենտրոնի» հիման վրա։ Այս կառույցն էլ նպատակ ուներ համակարգել հյուսիսկովկասյան ժողովուրդների ազգայնական գործունեությունը թուրքական քաղաքականության ուղեծրում։ «Հյուսիսկովկասյան ազգային կենտրոնի» միջոցով Անկարան կապեր ձևավորեց և իր քաղաքականությունը տարածեց հյուսիսկովկասյան ժողովուրդներին ներկայացնող այլ վտարանդիական կազմակերպությունների վրա։ 1951-ին Ստամբուլում ստեղծվեց «Հյուսիսային Կովկասի լեռնական թուրքերի մշակույթի և համագործակցության ընկերակցությունը», որն ուներ բաժանմունքներ Անկարայում, Ադանայում, Բուրսայում, Իզմիրում, Թուրքիայի այլ քաղաքներում։ Այն հրապարակում էր «Հյուսիսային Կովկաս» ամսագիրը, որի խմբագիրը թուրքական հետախուզության գործակալ Իզզեթ Այդեմիրն էր։ Այս կազմակերպությունը զբաղվում էր Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ազգայնական կառույցների համախմբմամբ` Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ուղեծրում։ Այն մեծ նշանակություն ուներ թուրքական հատուկ ծառայությունների համար Կովկասում գործակալական ցանցի հավաքագրման, տեղեկատվության հավաքման և անհրաժեշտ բազայի նախապատրաստման առումով ադղական ժողովուրդների շրջանում, ապագա քաղաքական իրադարձությունների համատեքստում։
«Շամիլի ֆոնդը» 1979-ին ստեղծվեց Ստամբուլում չեչենների ու դաղստանցիների կողմից, որոնք անջատվել էին վերը նշված «Հյուսիսային Կովկասի լեռնական թուրքերի մշակույթի և համագործակցության ընկերակցությունից»։ Բնութագրական է, որ այս ֆոնդը, ունենալով ավելի ընդգծված էթնիկ բովանդակություն, այնուհանդերձ, իրագործում էր պանթուրքիստական քարոզչություն ու քաղաքականություն։ 1992-ին այս կազմակերպությունից չեչեններն անջատվեցին ու իրենց հերթին Ստամբուլի մոտ գտնվող Աքսարայում ստեղծեցին «Չեչենական ասոցիացիան»։
1950-ականներից ստեղծվել և Ստամբուլում գործում է «Հյուսիսկովկասյան մշակութային ընկերությունը»։ Տարբեր տարիներին այն ղեկավարել են հայտնի պանթուրքիստներ Վասֆի Գյուսարը, Ջահիր Բեշգյուրը և ուրիշներ։ Այս ընկերության անդամ են եղել Թուրքիայի պետական, քաղաքական և ռազմական շատ հայտնի գործիչներ, ինչպես, օրինակ, Յաշար Բիրը, Իզզեթ Այդեմիրը, գեներալ Իսմայիլ Բերքոքը։ «Հյուսիսկովկասյան մշակութային ընկերությունը» Թուրքիայում բնակվող չերքեզների ամենախոշոր կազմակերպությունն է։ Մշակութային գործունեության ներքո քողարկվելով և Թուրքիայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ` այն ակտիվ գործունեություն է ծավալել ընդդեմ ԽՍՀՄ-ի։ 1960-70-ական թվականներին այս կազմակերպությունը հանդես էր գալիս չերքեզների համախմբման գաղափարով, առաջարկելով լուծարել ԽՍՀՄ-ի ներսում նրանց առանձին ինքնավար կազմավորումները և ստեղծել Հյուսիսային Կովկաս միասնական պետություն Սև ծովից մինչև Ազովի ու Կասպից ծովերը` ներառյալ վրացական ԽՍՀ-ի տարածքներից Աբխազիան, Մեգրելիան, Օսիան, Ռաչին, Սվանեթիան։ Կազմակերպությունը նպատակ ուներ նաև հյուսիսկովկասյան ժողովուրդների միասնական գրական լեզու ստեղծել։ Որպես ծրագրի նախնական փուլ առաջարկվում էր ԽՍՀՄ-ի կազմում ձևավորել միութենական Չերքեզական Հանրապետություն և դրանով իսկ բարձրացնել կովկասյան ինքնավարությունների կարգավիճակն ու անջատել դրանք ՌՍՖՍՀ-ից։ «Կովկաս» ամսագրի էջերում հրապարակվում էին միասնական Հյուսիսային Կովկաս ստեղծելու ծրագրի իրագործման տարբերակները, իսկ գեներալ Ի. Բերքոքը ժամանակին նույնիսկ հրատարակեց «Կովկասի պատմություն» հատուկ աշխատությունը։ Այս կազմակերպությունն ընդգծվում էր ոչ միայն հակառուսականությամբ, այլև հակավրացական տրամադրություններով, զբաղվում իսլամի տարածմամբ այն լեռնական ժողովուրդների մեջ, որտեղ կրոնը մնում էր իբրև ձևական դրսևորում։
Երկրորդ համաշխարհայինից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ ստեղծվել էին նաև «Լեռնականների կոմիտե»-ներ, որոնք ղեկավարում էին հայտնի վտարանդիներ կամ պատերազմից հետո ԽՍՀՄ չվերադարձած անձինք` Սեյֆուդին ՈՒմարովը, Մահմուդ Նալչիկովը, Ալիխան Պշչուկովը, Ալբերտ Կումիկովը, Նանու Լիևը, Քերիմ Սոբոցկոն և այլք։ Ավելի ուշ այս կառույցը թուրքական հատուկ ծառայությունների ջանքերով վերակողմնորոշվեց, և նրա միջոցով Անկարան փորձում էր վերահսկել կովկասյան լեռնականների այն համայնքները, որոնք գտնվում էին Սիրիայում, Հորդանանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Թուրքական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող հյուսիսկովկասյան առավել խոշոր և գործուն կազմակերպություններն են կումիկյան «Թենգլիկ», նողայական «Բիրլիկ», կարաչայների «Ջամահաթ» ազգային շարժումները, չեչենական «Անկախության մարտիկներ», «Չեչենական ասոցիացիա», «Չեչենակովկասյան համախմբման կոմիտե», «Աբխազական ասոցիացիա» կազմակերպությունները։
Թուրքիայի քաղաքական շրջանակները Կովկասին ու Բալկաններին միշտ առավելագույն ուշադրություն են ցուցաբերել, հատկապես իսլամ դավանող էթնոսների` չեչենների, դաղստանցիների, ադղա-չերքեզական ժողովուրդների, ալբանացիների և այլոց նկատմամբ։ Շատ հետազոտողներ համարում են, որ սա Թուրքիայի քաղաքականության պանթուրքիզմի դոկտրինի շարունակությունն է` անտեսելով այդ ժողովուրդների ոչ թուրքական ծագումը։ Միաժամանակ ուշադրություն չէր դարձվում թուրքական մեկ այլ աշխարհաքաղաքական դոկտրինին` նեոօսմանիզմին։ Մինչդեռ վերջին ժամանակներս, երբ Արևելքում ու Արևմուտքում Թուրքիայի կողքին ձևավորվել են աշխարհաքաղաքական «վակուումներ», օսմանիզմի դոկտրինի վերակենդանացումը նոր աշխարհիկ, միանգամայն ժամանակակից մեկնաբանությամբ, այսպես թե այնպես, լրջորեն դիտարկվում է Թուրքիայի կողմից։ Դա առավել հրատապ է համարվում` նկատի ունենալով Կենտրոնական Ասիայից Թուրքիայի հուսախաբությունը, երբ տարածաշրջանի պետություններն առանձնակի ոգևորությամբ չընդունեցին ի դեմս Թուրքիայի «ավագ եղբայր» ձեռք բերելու գաղափարը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ