ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Առջևում վճռական հանդիպումներն են

Առջևում վճռական հանդիպումներն են
20.06.2008 | 00:00

Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախնական փուլի հանդիպումները։ Մրցումների վերջին օրը, իր պատմության մեջ առաջին անգամ, քառորդ եզրափակիչ դուրս եկավ Ռուսաստանի հավաքականը։ Գուուս Հիդինկի սաներն արժանի մրցակցություն ցույց տվեցին շվեդներին` բոլոր առումներով գերազանցելով նրանց։ Արդյունքը` խփած երկու անպատասխան գնդակներն էին։ Նախ առանձնացավ Ռոման Պավլյուչենկոն, իսկ երկրորդ խաղակեսում հնարավորությունը ձեռքից բաց չթողեց այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստը` Անդրեյ Արշավինը։
Ինչ վերաբերում է Իսպանիա-Հունաստան հանդիպմանը, ապա այստեղ ոչ ոք չէր կասկածում իսպանացիների հաղթանակին։ Ճիշտ է, առաջինը հաջողության հասան Եվրոպայի նախկին չեմպիոնները, սակայն այնուհետև նախաձեռնությունն ամբողջովին անցավ իսպանացիների կողմը։ 2։1, և հաջորդ խաղում նրանք ձեռնոց կնետեն աշխարհի չեմպիոն իտալացիներին։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանց մրցակիցը կլինի Հոլանդիայի հավաքականը, որը գլխավորում է նշանավոր Մարկո վան Բաստենը։ Այն վան Բաստենը, որը քսան տարի առաջ անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում ճակատագրական գնդակ խփեց Ռինատ Դասաևի պաշտպանած դարպասը։ Այս թիմերի քառորդ եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։ Գուուս Հիդինկը շատ լավ է ճանաչում մրցակիցներին։ Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը քաջ ծանոթ է ֆուտբոլի հոլանդական դպրոցի ուժեղ և թույլ կողմերին, այնպես որ սպասվում է հետաքրքիր պայքար կիսաեզրափակիչի ուղեգրի համար։ Շվեդների դեմ տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ ֆուտբոլիստներին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ապա նա ստիպված կլինի կատարել խոստումը և թիմին հատկացնել նախապես խոստացած յոթ միլիոն եվրոն։
Մեր թերթի նախորդ համարներում ձեզ ենք ներկայացրել մեր առաջատար մասնագետների կարծիքներն Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացվող Եվրոպայի առաջնության մասին։ Այս անգամ որոշեցինք առաջնությանը նայել մրցավարի աչքերով։
Իմ զրուցակիցն է Հայաստանի վաստակավոր մարզիչ, համամիութենական մրցավար ՀԵՆՐԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։ Մասնագետ, որը լրացուցիչ ծանոթության կարիք չի զգում։
-Եվրոպայի 19-րդ առաջնությունն ուղղակի անթերի է կազմակերպված։ Ավստրիան և Շվեյցարիան արել են ամեն ինչ, որպեսզի առաջնությունն անցկացվի ամենաբարձր մակարդակով։ Ի տարբերություն աշխարհի վերջին առաջնության, այս անգամ իրենց բարձրության վրա գտնվեցին նաև մրցավարները։ Սա առանձնակի եմ նշում, քանի որ նրանցից է կախված` կկայանա՞ ֆուտբոլային տոնը, թե՞ ոչ։ Թերևս կարելի է նշել մեկ-երկու վրիպում։ Ավստրիա-Լեհաստան հանդիպման ժամանակ կասկածելի էր մրցավարի նշանակած 11-մետրանոց տուգանային հարվածը, իսկ Իսպանիա-Ռուսաստան առաջին խաղի ժամանակ իսպանացիները չորրորդ գոլը խաղից դուրս վիճակում խփեցին։ Առայժմ այլ վրիպում չեմ կարող նշել, ինչը խոսում է մրցավարների ճիշտ ընտրության մասին։ Նրանցից հարկ է հատկապես առանձնացնել իսպանացի և իտալացի մրցավարներին` Մեխուտո Գոնսալեսին և Ռոբերտո Ռոզետիին, որոնք երկուական հանդիպում են անցկացրել։ Թերևս անկանխակալ մրցավարությամբ էլ պետք է բացատրել նախնական փուլի հանդիպումներից ստացած տպավորությունը, իսկ այն ուղղակի հրաշալի է։ Բոլոր թիմերն էլ գերազանց են նախապատրաստվել առաջնությանը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ չզգացվեց դաշտի տերերի առավելությունը, թեև նրանցից այլ բան չէինք էլ ակնկալում։ Ինձ չզարմացրեց նաև Եվրոպայի նախորդ առաջնության անակնկալի` Հունաստանի հավաքականի թույլ խաղը։ Ավելի ճիշտ, իսպանացիներն ու շվեդներն այս անգամ խաղադաշտ դուրս եկան մարտական տրամադրութամբ և իրենց կամքը թելադրեցին հույներին։ Հնարավորություններից թույլ հանդես եկան Լեհաստանի և Չեխիայի հավաքականները։ Առանձնացան նաև Հոլանդիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի հավաքականները։ Չեմ կարող հատուկ չնշել Շվեդիայի և Խորվաթիայի ընտրանիները։ Գերմանացիներն ավանդաբար հայտնի են իրենց կարգապահությամբ, ցավոք, այս անգամ դա չնկատվեց։ Ափսոսում եմ Ֆրանսիայի հավաքականին. իմ խորին համոզմամբ, այս անգամ մեղքի հիմնական բաժինն ընկնում է մարզչի վրա, ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա նրանք լրացուցիչ ծանոթության կարիք չէին զգում։ Այս թիմը ոչնչով չէր զիջում մրցակիցներին և նրանց` քառորդ եզրափակիչ դուրս գալուց առաջնությունն անպայման կշահեր։ Իմ կարծիքով, քառորդ եզրափակիչի բոլոր թիմերն էլ կարող են հաջողությամբ պայքարել մեդալների համար։
-Պարոն Նալբանդյան, Դուք խոսեցիք թիմերի լավ պատրաստվածության մասին, ուրիշ էլ ինչո՞վ է տարբերվում այս առաջնությունը նախորդներից։
-Մասնակիցների միջին տարիքով։ Այս անգամ ես չտեսա երիտասարդ խաղացողների, ինչը բնորոշ է նման առաջնություններին։ Փաստորեն ամենաերիտասարդ թիմը Ռուսաստանն է ներկայացրել, որտեղ միջին տարիքը 26,26 է, ամենատարեցը Իտալիայի հավաքականն է (29, 57), իսկ առաջնության բոլոր մասնակիցների միջին տարիքը 26,60 է։
-Շվեյցարացի մաթեմատիկոս Ռոժե Կաուֆմանը մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը կանխագուշակել է, որ չեմպիոնի կոչումը կնվաճեն իտալացիները։ Թե այս` «մահվան» խմբում ինչպես ծավալվեցին գործողությունները, հայտնի է բոլորին։ Աշխարհի չեմպիոնները նախ 0։3 հաշվով պարտվեցին հոլանդացիներին, ապա 1։1 խաղացին ռումինացիների հետ և միայն վերջին` ֆրանսիացիների հետ խաղում ցուցադրեցին իրենց հնարավորությունները։
-Իբրև կանոն, իտալացիներն աշխարհի ու Եվրոպայի նախորդ` բոլոր առաջնություններում էլ դժվարությամբ են մեկնարկել, ապա խաղից խաղ մտել են լավ մարզավիճակի մեջ։ Բացառություն չէր նաև այս առաջնութունը, որտեղ հատկապես փայլեց հավաքականի մարզիչը` 44-ամյա Ռոբերտո Դոնադոնին։ Հոլանդացիներից կրած պարտությունից հետո նա համարձակություն ունեցավ թիմից հեռացնելու չորս խաղացողի, ինչն էլ նրան թույլ տվեց դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Իմ խորին համոզմամբ, հենց իտալացիները մեծ հնարավորություն ունեն կրկնելու աշխարհի առաջնության հաջողությունը...
Դե, ինչ, մինչև առաջնության ավարտը շատ քիչ ժամանակ է մնացել։ Թե որքանով է ճիշտ հայկական ֆուտբոլի մրցավարական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկը, կիմանանք քառորդ եզրափակիչում իսպանացիների և իտալացիների հանդիպման ժամանակ։

Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9171

Մեկնաբանություններ