38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իմ հանդիպումը տիեզերքի իմաստուն գիտակ Վիկտոր Համբարձումյանի հետ

Իմ հանդիպումը տիեզերքի իմաստուն գիտակ Վիկտոր Համբարձումյանի հետ
07.08.2024 | 09:17

Տարիներ առաջ, խորհրդային տարիներին ես Գիտություննների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի երիտասարդ աշխատակից էի, ապրում էի վարձով: Ակադեմիայում բնակարանի համար հերթագրվածների թիվը, հավանաբար, շատ մեծ էր: Բնակարան ստանալու հույսը առաջիկա տարիներին շատ անորոշ էր: Պարզ է, որ այդ հարցով Վիկտոր Համբարձումյանին, որը ԳԱԱ-ի պրիզիդենտն էր, դիմելը գործնականորեն անհնար էր: Կար բնակարանի հարցերով զբաղվող բաժին: Այդ բաժնում էին լուծվում բնակարաններին առնչվող բոլոր կարգի խնդիրները:

Ստացվեց այնպես, որ այդ տարիներին որոշվել էր աստղադիտարանի մի դիտակ տեղադրել Եղեգնաձորի ամենաբարձրադիր կետում: Քրոջս ամուսինը՝ երջանկահիշատակ Եփրեմ Թադևոսյանը, Եղեգնաձորի շրջկոմի քարտուղարն էր և շատ հարցերում աջակցում էր այդ աշխատանքներին: Այդ առիթով, նա ծանոթացել և մտերմացել էր հանրահայտ տաղանդավոր աստղագետ ակադեմիկոս Լյուդվիգ Միրզոյանի հետ, որը Համբարձումյանի տեղակալն էր Բյուրականում և ղեկավարում էր միգամածությունների և անկայուն, բռնկվող աստղերի բաժինը: Միրզոյանը Աստղագետների միջազգային խորհրդի անդամ էր: Եփրեմը Միրզոյանին ասել էր իմ մասին: Միրզոյանը համաձայնվել էր միջամտել և Բյուրականում հանդիպում կազմակերպել Համբարձումյանի հետ:

Մի խոսքով, Եփրեմն ու ես որոշեցինք շրջանցել այդ բաժինը և միանգամից ապավինել պրեզիդենտի միջամտությանն ու գնացինք Բյուրական: Մինչև Համբարձումյանի Բյուրական հասնելը, մենք Լյուդվիգ Միրզոյանի առանձնասենյակում զրուցում էինք:

Հիշում եմ, որ Փարիզում տպվող «Աշխարհ» շաբաթաթերթի մի համարում կարդացել էի ֆրանսաբնակ գիտնական Սարգիս Թոփուզխանյանի մասին, որը ստացել էր հեղուկի մի բաղադրություն, որի միջով երբ բեկում էին լազերային ճառագայթը, արտակարգ մեծ հեռավորությունների վրա այն չէր կորցնում իր ուժը:

Ըստ թերթի տեղեկության, Ֆրանսիայի կառավարությունը անմիջապես արտոնագրել էր գյուտը և նպատակաուղղել ռազմական արդյունաբերության ոլորտ: Ես նրան հարցրեցի, թե գիտի այդ գիտնականի և այդ գյուտի մասին:

Նա ծիծաղեց: Ասաց, որ ոչ միայն գիտի այդ մարդուն, այլև Ֆրանսիայում եղած ժամանակ, ապրել է նրա տանը: ՈՒ հիշեց մի զավեշտական դրվագ:

-Իրենց տանը ես նրանից խմելու ջուր ուզեցի: Սարգիսը ջուրը բաժակով բերեց և ասաց՝ Լյուդվի՛գ, ֆրանսիացիք կատակով ասում են, որ ջուրը էշերն են խմում, մարդիկ գինի պետք է խմեն:

Մի կես ժամ անց Վիկտոր Համբարձումյանը եկավ: Միրզոյանն ասաց.

- Վիկտոր Համազասպովիչ հյուրեր ունեք:

Նախ ներկայացրեց Եփրեմին ու ասաց, որ շատ է օգնում աստղադիտակը Եղեգնաձորում դնելու աշխատանքներում: Հետո ինձ ներկայացրեց: Ասաց, որ ես Գրականության ինստիտուտից եմ ու եկել եմ բնակարանի հարցում ընդառաջելու խնդրանքով: Անսահմանորեն բարեկիրթ այդ Էությունը զգացնել չտվեց, որ նման հարցերով հանճարեղ գիտնականին չեն դիմում, այլ դրանով զբաղվող բաժին գոյություն ունի ակադեմիայի կառույցում: Լռեց մի պահ:

Միրզոյանը բարեխոսի շեշտադրությամբ շարունակեց, Վիկտո՛ր Համազասպովիչ երիտասարդը գիտությամբ զբաղվելու անկյուն չունի, վարձով է ապրում, ասաց նաև, որ չի կարողանում ընտանիք կազմել այդ պատճառով:

-Լյուդվի՛գ, չե՞ս հիշում մենք էլ էինք վարձով ապրում, բայց ամուսնացանք,- անկեղծ ու անմիջական զրույցի անցավ Համբարձումյանը:

Միրզոյանն ասաց՝ Վիկտոր Համազասպովիչ, մեր ժամանակ չնչին աշխատավարձով հնարավոր էր և՛ վարձ տալ, և՛ ապրել, հիմա առանց փողի ոչինչ չես կարող անել: Համբարձումյանն ասաց՝ Լյուդվիի՛գ, ընդարձակեմ քո ճշմարիտ միտքը, հիմա փողով ամե՛ն ինչ կարող ես անել:

Հետո Համբարձումյանը դարձավ ինձ ու ասաց, որ տան հարցով մի դիմում գրեմ ու բերեմ դիմումների բաժին:

Ու սկսեց զրուցել ինձ հետ: Հարցրեց՝ Արա՛մ, ո՞վ է 19-րդ դարի ամենամեծ գրողը:

Ասացի՝Վիկտո՛ր Համազասպովիչ, 19-րդ դարում մի քանի ստեղծագործական մեթոդներ են հայտնի և յուրաքանչյուր մեթոդ ունի իր առաջատար մեծությունը: Եթե 50-60-ական թվականների լուսավորական գրականության մեծագույն մտածողը Միքայել Նալբանդյանն է, իսկ մեծագույն գրողը՝ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանն է ապա դրանց հաջորդող դրապաշտության մեթոդի առաջատարը Ալեքսանդր Շիրվանզադեն է:

Համբարձումյանն ասաց՝ դրապաշտությունը ո՞ր եզրույթի թարգմանությունն է: Ասացի՝պոզիտիվիզմ: Այդ ժամանակ նոր էին գիտական շրջանառության մեջ դրվել խորհրդապաշտություն՝ սիմվոլիզմ, տպավորապաշտություն՝ իմպրեսիոնիզմ և պաշտությամբ ավարտվող այլ նման եզրույթներ:

Համբարձումյանն ասաց՝ իդեալիզմը գաղափարապաշտություն են անվանում, դա դեռ ոչինչ, բայց ես չեմ ընդունում մատերիալիզմը նյութապաշտություն անվանելը: Ի վերջո, դա ասոցացվում է նյութի պաշտամունքի հետ, մինչդեռ դա փիլիսոփայական ուսմունք է: Համանմանորեն մի տերմին էլ ես եմ ստեղծել՝ աշխատապաշտություն:

Հետո դարձավ ինձ՝ մի փոքր կարող ես ներկայացնել Շիրվանզադեի դրապաշտությունը: Ասացի, որ Շիրվանզադեն քաջատեղյակ էր եվրոպական փիլիսոփայական և հատկապես տնտեսագիտական ուսմունքներին: Թվեցի այն անունները՝ Հերբերտ Սպենսեր, Օգյուստ Կոնտ, Հիպոլիտ Թեն, Դավիթ Ռիկարդո, Ադամ Սմիթ և այլոց, որոնց Շիրվանզադեն իր իսկ խոստովանությամբ կարդացել էր կատարելապես: Ի դեպ նա Անդրկովկասի միակ գրադարանի տնօրենն էր:

Ասացի, որ Շիրվանզադեն հորդորում էր հայ բուրժուազիային, որ արևելյան վաճառականությանը բնորոշ եղանակներով, որի զենքերն են խորամանկությունը, անտեղի խնայողությունը և տգիտությունը անհնար է կազմակերպել նավթարդյունաբերություն: Դրա փոխարեն պետք է հետևել եվրոպացի արդյունաբերողներին, որոնց հիմնական զենքերն են գիտությունը, դրամը և նախաձեռնող եռանդը ու գիտական հիմքերի վրա կազմակերպել տեղական արդյունաբերությունը, որի շնորհիվ Անդրկովկասի, մասնավորապես Բաքվի կյանքը քաոսից կարող է վերածվել կազմակերպված սոցիումի:

Համբարձումյանը ուշադիր լսում էր: Փոքր ինչ կատակով ավելացրեց՝ հունական դիցաբանության աստվածների նման, որոնք քաոսից ստեղծում էին կոսմոս: Ապա լրջորեն ավելացրեց՝ պարզ է, որ այդչափ կարևորելով գիտության դերը, Շիրվանզադեն համակարգող իմացականության արձակագիր է:

Փոքր դադարից հետո, Միրզոյանը, որն ուշադիր լսում էր ինձ, կատակով ասաց՝ Արա՛մ, կուզեի՞ր աստղագետ լինել: Հարցը անսպասելի էր, շփոթվեցի, հարմար պատասխան չգտա, ասացի, որ չգիտեմ…

Համբարձումյանն փոքր ինչ բարեհոգի հեգնանքով ասաց. ոչինչ, ոչինչ, մեր մասնագիտությունները այնքան էլ հեռու չեն իրարից: Մենք աստղագետներս զբաղվում ենք երկնային լուսատուներով, իսկ դուք՝ գրականագետներդ՝ երկրային լուսատուներով:

Փոքր դադարից հետո, արդեն խոհական լրջությամբ շարունակեց՝ մեծ բանաստեղծները, իրոք, լուսատուներ են…օրինակ Նարեկացին, Թումանյանը,… Մեծարենցը…, Եղիշե Չարենցը…, միայն այն տարբերությամբ, որ, եթե աստղերը ինքնալուսարձակ են, ապա նրանք իրենց լույսը ստանում են այլ, անհայտ, սրբազան ակունքներից…

Տիրեց լռություն..

Մի քանի րոպե անց, չուզենալով շահագործել հանճարեղ գիտնականի ժամանակը, Եփրեմը ասաց, որ մենք ուզում ենք դուրս գալ…

Զրույցն ավարտվեց, որը տևեց մոտ մեկ ժամ: Շարադրանքում ես ներկայացրեցի միայն Համբարձումյանի զրույցն ինձ հետ:

Համբարձումյանը ոտքի կանգնեց, սեղմեց Եփրեմի ու իմ ձեռքը և, չեմ մոռանա երբեք, մինչև դուռը մեզ ուղեկցեց…

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9070

Մեկնաբանություններ