38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Միշտ եմ քեզ սպասելու»

«Միշտ եմ քեզ սպասելու»
11.04.2023 | 22:27

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով հերոսաբար զոհվել է ՍԱՄՎԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

Սամվելը ծնվել է 2000 թ.-ի հոկտեմբերի 9- ին քաղաք Երևանում: Նա ընտանիքի միակ արու զավակն էր: 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր:

Այսօրվա իմ զրուցակիցը ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ է, հերոսի կյանքի միակ ու անփոխարիների սերը:

Աննան հպարտ է, ասում է՝ Սամվելը կռվել է մինչև վերջ ՝ առանց վախենալու և նահանջելու.

«Իմ Սամվելը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իր ընտանիքի ու բոլորիս համար, այսքանով ամեն ինչ ասված է»:

Աննան հիացմունքով է խոսում Սամվելի մասին, ասում է, որ ամենագեղեցիկ ու գովերգող բառերը քիչ կլինեն, որպեսզի կարողանա նկարագրել, թե ինչպիսի մարդ էր նա.

«Սամս շատ բարի ու օգնող էր, եթե դրսում տեսներ մեկին, ով ունի գումարի կարիք, անպայման կօգներ, թեկուզ դա լիներ իր վերջին դրամը»:

Աննան պատմում է, որ Սամվելը չափից շատ խաղաղասեր էր ու իրեն միշտ ասում էր՝ կյանքը կարճ է միմյանցից նեղանալու, միմյանց վատություն անելու համար: Աղջկա խոսքով՝ հերոսն հենց այդպես էլ ապրում էր, բոլորի կողմից շատ սիրված էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր:

Բանակ գնալուց առաջ Սամվելն Աննային ասել է, որ բանակը իսկական հայ տղայի համար է.

«Ասաց՝ ճիշտ է շատ կկարոտենք, բայց պետք է գնամ ,ու բոլոր տղաները պետք է գնան, ասում էր՝ պետք է հպարտ լինենք, որ զինվոր ունենք»:

Աննան առանց ժպիտի չի կարողանում խոսել Սամվելի մասին.

«Նա լույս էր, որ պետք է ապրեր, ու իր գոյությունը շատերի երջանկության պատճառն էր: Հիմա էլ դժվարանում եմ հերոսի մասին անցյալով խոսել. նա իր անսահման հոգատարությամբ ու ուշադրությամբ հիմա էլ ներկա է, ես ամեն պահ զգում եմ նրա ջերմությունը, նրա ծիծաղը ականջներումս, ու հենց դա է հիմա ստիպում ինձ ուժեղ լինել»:

Աննան էլ, Սամվելն էլ երեխաներ շատ են սիրել, անգամ փողոցով քայլելիս մոտեցել են, գրկել: Աննայի խոսքով՝ Սամվելի նպատակներից մեկը շատ երեխաներ ունենալն էր.

«Ասում էր՝ քո պես սիրուն աղջիկ եմ ուզում, դե, իսկ ես էլ երազում էի իր պես կապուտաչյա տղա ունենալու մասին, այդ երազանքով ես միշտ կշարունակեմ ապրել»:

Միասին երազել են սեփական ընկերություն հիմնելու մասին, երկուսն էլ ծրագրավորողներ էին, Սամվելը սովորում էր ԵՊՀ -ում, ասում էր՝ մի օր այնպես է անելու, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչի:

«Միշտ կատակում էր, թե ապրես, հենց ըտենց լավ սովորի, որ գնաս արտագնա աշխատանքի, ինձ ու երեխեքիս պահես: Մի լավ ծիծաղում էինք, հիմա էլ, որ հիշում եմ, չեմ կարողանում թաքցնել ժպիտս»:

Աննան անասելի ցավով է հիշում պատերազմի օրը, արթնանալուն պես զինվորից նամակ է ունեցել, որը կարդալով՝ չի հասկացել՝ ի՞նչ է կատարվում. ասում է՝ այդ օրը երբեք չի մոռանա:

Իրենց սերը չի պարտվել, հիմա ավելի շատ է սիրում հերոսին ու նրա սերն էլ զգում է իր հանդեպ:

Վերջին անգամ խոսել են ամսի 7-ին, ինչպես միշտ ասել է՝ շատ լավ եմ, մեզ մոտ հանգիստ է, հաց կերել եմ, ամեն ինչ լավ է լինելու, գալու եմ հասնեմ ձեզ: Ցավոք, հենց այդ գիշեր՝ իր ծննդյան նախօրեին, միացավ Մատաղիսի մյուս արծիվներին:

«Դու իմ կողքին ես, իմ հետ ես, ու ես քեզ միշտ սպասելու եմ… Հիշում եմ, երբ մեր վերջին հանդիպումից հետո շարունակ կրկնում էիր, որ ամենաերջանիկ մարդն ես. ես էլ երջանիկ եմ, որ քր սերն եմ եղել»:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ