38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի վաճառեք ձեր լռությունը 590 դրամով

Մի վաճառեք ձեր լռությունը 590 դրամով
31.03.2023 | 20:52

Մեր երկրի նման աղքատ պետության մեջ ամենից խոցելի վիճակում գտնվում է թոշակառուն։ Ակտիվ կյանքի, եկամտի աղբյուրի հնար չունեցող մարդիկ հայտնվում են մի իրավիճակում, երբ առաջին օրերից պարզ է դառնում, որ պետության տված չնչին թոշակով հնարավոր չէ գոյատևել։ Դատենք միասին։

ՀՀ միջին կենսաթոշակը կազմում է 41 հազար դրամ, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, այսինքն, սովից չմահանալու գինը կազմում է 46 հազար դրամ։ Թոշակառուները գիտակցում են, որ պետությունը չի կարողանում ապահովել իրենց կենսագործունեությունը և ստիպված թերսնվում են, շոր չեն փոխում, ապրում են չջեռուցվող տներում, դեղ չեն կարողանում գնել, մի խոսքով, դառը և չարքաշ կյանք են վարում: Բայց ՀՀ-ում կա մի ղեկավար, որն այսօր որոշել է պարզապես լցնել թոշակառուների համբերության բաժակը։ Կառավարության նիստի ժամանակ այդ ղեկավար կոչեցյալը շողացող դեմքով հայտարարեց, որ պետությունը քարտերով առևտուր արած թոշակառուներին, որպես cashback՝ հետվճար, վերադարձնում է մի կլորիկ գումար՝ մոտ 168 մլն ՀՀ դրամ։ Առաջին հայացքից, ոչ տնտեսագետ մարդիկ ևս կհիանան այդ հայտարարությամբ, բայց կան մարդիկ, որոնք հաշվել գիտեն։
Ինչու՞մն է խնդիրը։
Խնդիրը նենգափոխման և խաբեության մեջ է։ Այսպես, եթե հիշատակված թիվը բաժանում ենք 463 հազար թոշակառուների քանակի վրա, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառու շահել է… 590 դրամ։ Իսկ ինչու՞մ է խաբեությունը: Խաբեությունը նրանում է, որ այդ քեշբեքի կիրառման ամիսների ընթացքում արձանագրվել է պարենային նվազագույն զամբյուղի պարունակության գնաճ։ Կաթի, պանրի, հացի, վերմիշելի, կարագի, ձեթի մանրածախ գներն աճել են 20-45 տոկոսով,որի արդյունքում թոշակառուի 41.000 դրամով գնվող պարենամթերքի քանակն է նվազել քսան և ավելի տոկոսով։ Դա էլ նշանակում է, որ թոշակառուն սնվելու է ավելի քիչ, որովհետև նրա թոշակի քսան տոկոսը խժռելու է մանրածախ առևտրի ոլորտը գրաված օլիգարխիան։ Ու այսքանը իմանալով հանդերձ՝ ՀՀ ղեկավար աշխատող անձը հիացական տոնով տեղեկացնում է թոշակառուներին, որ իրենցից ամեն մեկին 600 դրամ գումար հետ են վերադարձնում, և դա մեծագույն հաղթանակ է տնտեսության մեջ։
Հերթական անգամ մարդկանց խաբում են, գողանում խեղճերի կոպեկները և դա մատուցում որպես հեղափոխական առաջընթա՞ց։ Հասկանալ է պետք, որ իրավիճակը նման կետի է հասել գնաճը չզսպելու արդյունքում։ Իսկ ո՞վ պետք է զսպեր գնաճը, որը լափում է տարեցների կոպեկները։ Այո, ՀՀ կառավարությունը և ՀՀ կենտրոնական բանկը։ Երկուսն էլ բավարար ոչինչ չեն անում գնաճը մեղմելու համար, կիրառված մեթոդներն արդյունավետ չեն և, խորքային իմաստով, իմիտացիոն բնույթ ունեն։ Իսկ ի՞նչ կարելի է անել: Հասկանալ է պետք, որ երկիրը չի կարող ապրել, եթե այն սովահարության է մատնում կենսաթոշակառուներին, դա պետական մտածելակերպ չէ և քրիստոնյա դարձած առաջին երկրին վայել չէ։ Կան բազմաթիվ պետական հնարավոր միջոցառումներ, որոնք էականորեն կարող են մեղմել գնաճի հետևանքները, և կա, վերջապես, եկամուտների հատուցման, ինդեքսավորման գործիք, որոնք կթեթևացնեն տարեցների հոգսը կյանքի մայրամուտին։ Ի՞նչ կարելի է անել:
1. Հույս մի դրեք այս կառավարության վրա,
2. մի հավատացեք տարատեսակ մոլորեցնող պետական այրերին,
3. պահանջեք եկամուտների ինդեքսավորում,
4. պահանջեք կառավարության հրաժարականը,
5. մի վաճառեք ձեր լռությունը 590 դրամով։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 10862

Մեկնաբանություններ