38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տարեմուտի խոկում

Տարեմուտի խոկում
18.12.2022 | 11:22

Հերթական անգամ մեր կյանքից սահեց ու անցավ 365 օրերից բաղկացած տարի կոչվող մի ժամանակահատված, որը իրականում տևում է մի ակնթարթ և սովորաբար թողնում է ապրված կյանքի պատրանք- տպավորություն:

Ժամանակն ավելի արագ է անցնում, քան մարդը կհասցնի հիշել անցյալից ինչ-որ բան կամ ապագայի ծրագրեր մշակել: Այս անգամ էլ ժամանակը անցավ սովորականի նման՝ առանց դույզն-ինչ գիտակցելու, թե արդյոք ինքը մարդուն ինչ տվեց կամ թե՝ ինչից զրկեց նրան: Տարեվերջին մենք շատ ավելի ջանք և ավյուն ենք ներդնում ժամանակի անցած ուղին քննելու և մեր ստացածը կամ կորցրածը արժևորել փորձելու համար, քան իրականում ձեռք ենք բերել տարվա ընթացում: Մարդիկ տխրում և իրենց դժբախտ են զգում, երբ զրկվում են ունեցվածքից, փողից, ընկերներից, սակայն նրանց համար աննկատ է մնում կորուստը իրենց մարդկային նկարագրի և Աստծո հանդեպ հավատի: Շատերը կարծում են, թե արժեքավոր են միայն փողի հետ առնչվող բաները: Հիշում եք, անշուշտ, առակը անմիտ մեծահարուստի մասին, որը տարեցտարի մեծացնում էր իր շտեմարանները և տեղավորում էր իր կալվածքներից ստացված բերքը՝ իր կյանքի հետագա տարիների համար, երբ Աստված մի օր առավ թշվառ հոգին նրա, ով իր անձի համար էր գանձեր կուտակում և Աստծով չէր հարստանում՝ իր ունեցվածքից բաշխելով կարիքավորներին:


Իրական արժանիքները, որ մարդը կարող է ունենալ, մարդկային արժանապատվության և ինքնության գիտակցությունն է, սեփական մարդկային որակների պահպանման և կատարելագործման ձգտումը: Իսկ իրական արժեքները, որ մարդը ստանում է ի վերուստ, դա լավագույն կյանքի հույսն է, լավագույն հույսերի իրականացման հավատն է, շնորհների և առաքինությունների գլուխ սերն է, որ արդարացումն է բոլոր հույսերի և վավերացումն է առ Աստված մեր հավատի: Մերօրյա աշխարհում վերոհիշյալ արժանիքները կրող և արժեքներով ապրող մարդիկ շատ քիչ են: Այսօր աշխարհը այնպիսին է, ինչպիսին որ կա, քանզի շատերին այն այդպիսին էլ դուր է գալիս, ոմանք չեն էլ փորձում այն փոխել և գերադասում են հարմարվել ընդհանուր կարգին ու որակին, ոմանք էլ անհնար են համարում այն փոխելը, բայց և ջանում են չնույնանալ նրա հետ: Մարդու կյանքի, կենսագործունեության, հասարակական հարաբերությունների, բարոյական, պարզ, մարդկային արժեքների ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ շատ բաղադրիչներ այսօր հիմնիվեր կորցրել են իրենց բուն նշանակությունը (այսօր հագուստը ո՛չ թե մերկությունը քողարկելու, այլ այն ի ցույց դնելու համար է, արվեստը ո՛չ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ այն եթեական ներկայացնելու, բացահայտ կեղծիքը քողարկելու համար է, լրագրությունը ո՛չ թե լրատվության, այլ սենսացիաների համար է, և այսպես անվերջ կարելի է թվարկել): Մեր օրերում արդեն իրական են ժամանակին մտահղացում եղած շատ բաներ, և դա կարծես ոգևորում է մարդուն ու մղում կյանքի կոչել իր երևակայության բոլոր արգասիքները, եթե անգամ դրանք անցնում են բարոյականի, թույլատրելիի, մարդկայինի սահմանները: Մարդու այդօրինակ գործունեության հետևանքով առաջացած երևակայածին արժեքների և իրական արժեքների տարբերակման ու գնահատման համար անհրաժեշտ է մի բացարձակ չափանիշ՝ Աստծո Խոսքը:


Տարվա վերջում թե՛ հոգևոր, թե՛ նյութական կարողությունները ըստ արժանվույն արժևորում և գնահատում են նրանք, ովքեր տարվա ընթացքում սպասում են այդ պարգևներին՝ ստանալու ակնկալիքով, և ստանում են վերադարձնելու, տալու և բաշխելու պատրաստակամությամբ: Իսկ կորստի ցավը մեղմվում է այն հույսով կամ համոզմունքով, որ ստացածը, այնուամենայնիվ, շատ ավելին էր, քան կորցրածը: Այսպիսի հույս ու համոզմունք ունեն միայն այն մարդիկ, ում հույսը Միակ Ճշմարիտ Աստված է և համոզմունքը՝ հավատը Միակ, Ճշմարիտ Աստծո Խոսքի հանդեպ: Աստծո Խոսքի մարմնացումը և մարդկային ծնունդը Աստծո սիրո պատասխան արձագանքն էր փրկություն ակնկալող մարդկության հույսին ու հավատին: Սերը մեծ է հույսից ու հավատից, որովհետև այն հավիտենական Աստծո տարիքին է, իսկ վերջինները՝ մարդու տարիքին: Ասում ենք՝ հույս, հավատ, սեր, ըստ աճման կարգի, քանզի հույսը մարդուն է հատուկ, հավատը մարդուն և մյուս բանականներին տրվել է Աստծուց, իսկ սերը՝ Աստված Ինքն է, և երբ Աստված սեր է տալիս մարդուն՝ Նա նրան տալիս է Ինքն Իրեն: Աստծո սիրո ինքնաբուխ դրսևորումը հասավ իր գագաթնակետին՝ Իր Խոսքի մարդեղացմամբ: Նորից վերհիշենք անմիտ մեծահարուստին և նկատենք. փրկության համար մեզ տրված կյանքը սնոտի բաների վրա վատնելով՝ մենք մեծացնում ենք մեր կորստյան շտեմարանները և այնտեղ մեր իսկ դատապարտությունն ենք կուտակում, ինքներս մեզ մեծահարուստ երևակայելով, չենք տեսնում մեր իրական թշվառ վիճակը՝ երկրի երեսին հոսող ժամանակի փոշին:


Աստծո Խոսքը մարմին առավ՝ դառնալով ոչ միայն լսելի, այլև տեսանելի և շոշափելի, հասկանալի և սիրելի: Հիսուս Քրիստոսով Աստված Իր անսահման սերը հայտնեց մարդուն նրան ընկալելի կերպով, ու թեև Նրանով ենք ապրում, շարժվում և կանք, այնուամենայնիվ, մարդը այդ ամենը ընկալում է որպես անհրաժեշտություն և ոչ որպես Աստծո անսահման սիրո արտահայտություն:
Եվ նրանք, ովքեր չընկալեցին ու չհասկացան Աստծո անսահման սերը ողջ տարվա ընթացքում, նրանք չապրեցին իրենց կյանքը, այլ ուղղակի նրանց կողքով աննկատ կերպով անցավ 365 օրերից բաղկացած, տարի կոչվող մի ժամանակահատված, որը իրականում տևեց մի ակնթարթ՝ թողնելով ապրված կյանքի պատրանք -տպավորություն:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 12817

Մեկնաբանություններ