38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի ողջ կյանք սպասում ենք, որ գալու է այդ ժամանակը. Կարինե Ավագյան

Մի ողջ կյանք սպասում ենք, որ գալու է այդ ժամանակը. Կարինե Ավագյան
25.05.2022 | 07:29

Մի ամբողջ կյանք սպասել ենք, որ մի օր գալու է խնամի-ծանոթ-բարեկամ, թիմակից, հարևան, ընկեր ձևաչափով պաշտոններ բաժանալու վերջը, որ վերջապես գրագետ, աշխատանքին մեծ նվիրումով ու սիրով լծված արհեստավարժներն իրենց արժանի տեղն են գտնելու մեր կյանքի այս կամ այն ոլորտում, որ մարդկանց վրա «գործ սարքող-գործ տվող» բանսարկուներից ազատվելու ենք, որ աղքատությունն ու թշվառությունը դառնալու են սև հուշ ընդամենը, որ ծայրահեղ աղքատներ ու ծայրահեղ հարուստներ չեն լինելու, որ մի օր հարցնելու են՝ քեզ որտեղի՞ց այսքան հարստություն՝ մեքենաներ, տներ, հյուրանոցներ ու ռեստորաններ, բենզալցակայաններ ու խանութներ, գրասենյակներ, բանկեր ու հեռուստաընկերություններ, ամառանոցներ ու վարսավիրանոցներ, երբ դու ստացել ես ընդամենը x աշխատավարձ:

Որ սոցիալական ցանցերում վխտացող, իրենց տերերին գետնաքարշ ծառայող գարշելի առնետները՝ նորօրյա կոդակներն ու հայր մարդպետները, կարդալով այս կամ այն անձի գրառումները, դրանք խեղաթյուրված, ցանկացած ձևով իրենց գործատուներին ներկայացնող չորքոտանիներն իսպառ վերանան, որ թոշակառուներն ու նպաստառուները, ազնիվ աշխատանքով ապրողներն իրենց ստացած գումարով կարողանան գոնե մեկ ամիս նորմալ ապրել, որ հերոս դիտարկվող անձանց մասին լուրջ ու խոր տեղեկատվություն չունեցողները դադարեն կուրծք ծեծել ու կուռքեր սարքել մարդկանցից, որ մեր կյանքի կարևոր, մեծ ու փոքր ոլորտներում ղեկավարման լծակներից զրկվեն ամբարտավան, տգետ ու չարակամ մարդիկ, որ քծնանքն ու պատեհապաշտությունը տեղ չունենան ոչ մի օղակում, որ անարդարությունն ու բանսարկությունը վերջ ունենան, և թագավորեն արդարությունը, ճշմարտությունն ու լույսը, որ ամեն մարդ իր տեղում, իր մասնագիտությամբ աշխատի, որ զարգացած գիտությունն ու արվեստը, մշակույթը լինեն մեր երկրի համբավանիշը, որ հայրենիքը միշտ լինի այն տունը, որտեղ դու քեզ մարդ ես զգում, որտեղ դու չես հուսահատվում, չես հիասթափվում, որտեղ ապահով է, խաղաղ , որտեղից դու երբևէ չես մտածում հեռանալ, չես մտածում մենանալ, Աբու Լալա Մահարի դառնալ...

Սակայն ամեն ինչ նույնն է մնացել, իսկ մենք մի ողջ կյանք սպասել ենք և սպասում ենք, հավատացել ենք ու դեռ փորձում ենք հավատալ, որ գալու է այդ ժամանակը:
Իսկապես՝ զարմանալի՜ հայ,
զարմանալի ազգ, ամեն ինչում՝ զարմանալի:

Դիտվել է՝ 6435

Մեկնաբանություններ