Հիշում եք‚ չէ՞‚ նոր կառավարության «նյու վասյուկին». ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Սփյուռքից Հայաստան պետք է ժամանեին բարձրակարգ մասնագետներ և «ներդրվեին» հայրենի կառավարման համակարգում։ Ամիսներ առաջ հայտարարվեց‚ որ ծրագրի նպատակն է աշխարհի լավագույն համալսարաններ ավարտած և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել Հայաստանի կառավարական համակարգում: Գրեթե բոլոր նախարարությունները‚ պարզվում է‚ Սփյուռքից ժամանած բարձրակարգ մասնագետների կարիք ունեին և ուղարկել էին իրենց «կարիքների» ցուցակը:
Ավելի ուշ հայտարարվեց‚ թե այս կամ այն նախարարությունում 100 սփյուռքահայ արդեն միացել են «Ի գործ» ծրագրին և 1 տարով աշխատանքի անցել պետական համակարգում։
Իրականում սա գործնականում ոչինչ չանող կառավարության հերթական PR ակցիան էր՝ ցույց տալու համար‚ թե ինչ-որ բանով զբաղված են‚ Սփյուռքից մարդիկ գալիս են հայրենիք ապրելու և այլն։
Պետական կառույցների ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում‚ սակայն‚ նշում են‚ որ սփյուռքի մասնագետների կարիք առանձնապես չեն էլ ունեցել։ Պարզապես կառավարությունն իրենց ստիպել է նրանց աշխատանքի ընդունել տարբեր ոլորտներում։ Ընդ որում‚ սփյուռքահայ մասնագետները Հայաստան չէին գա 150-200 հազար դրամ չնչին աշխատավարձով‚ նրանց համար նախատեսված էր շատ ավելի բարձր վարձատրություն‚ քան պետական կառույցների հասարակ աշխատողների։
Ծրագիրը‚ բնականաբար‚ ինչպես և ներկա կառավարության շատ նախաձեռնություններ‚ տապալման եզրին է։ Շատ սփյուռքահայեր արդեն իսկ որոշել են վերադառնալ իրենց երկրներ՝ այլևս որևէ հույս չկապելով հայաստանյան ապագայի հետ։ Հետաքրքիր է‚ շատ դեպքերում նրանց ապագայի երաշխիքներ չի տալիս հենց իրենց ղեկավարությունը։ Հավանաբար‚ իրենք էլ չգիտեն իրենց ճակատագիրը։ ՈՒստի մարդիկ որոշել են այլևս ժամանակ չծախսել Հայաստանում։ Ավելին‚ նախարարություններում տարբեր մակարդակի շփումներից նրանք հասցրել են հիասթափվել‚ զգալ մասնագետի նկատմամբ, այսպես կոչված, պետության անլուրջ վերաբերմունքը‚ ոչ կոմպետենտ լինելը‚ սիրողականությունը և հասկացել‚ որ այս կառավարության հետ առանձնապես հույս կապել պետք չէ‚ որքան հեռու՝ այնքան լավ։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ