Հանրապետության սահմանամերձ շրջաններում սկսել են կառուցել ապաստարաններ։ Մասնավորապես‚ տեղեկություն հրապարակվեց‚ որ Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցությամբ մարզում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանային հարվածներից: Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան: Ըստ այդ հաղորդագրության՝ ապաստարանների կառուցումը կշարունակվի:
Նման ապաստարաններ են սկսել կառուցել‚ կահավորել նաև Սյունիքի մարզի քաղաքներում և գյուղերում‚ բայց անհատական մակարդակում։ Թշնամուն շատ մոտ հայտնված սյունեցիները‚ հասկանալով թե ինչ ծանր վիճակում են գտնվում‚ հորդորում են միմյանց լծվել այս գործին‚ քանի որ չգիտեն‚ թե նույնիսկ շատ մոտ ապագան ինչ անակնկալներ է մատուցելու։ Սյունեցիները նույնպես պատրաստվում են արտակարգ‚ գուցե նաև պատերազմական իրավիճակների։ Մարդիկ հույս են հայտնում‚ որ պետությունը գոնե կձևավորի մասնագիտական խումբ և թաղամաս առ թաղամաս կամ գյուղ առ գյուղ կիրականացնի հետազոտություն‚ խորհրդատվություն կտրամադրի ապաստարանների ճիշտ կահավորման, կառուցման և նմանատիպ այլ հարցերով։
Այսօր, երբ իրականում չկա իշխանություն‚ կառավարությունն անգործունակ է‚ անկարող անգամ տարրական հարցեր լուծելու‚ կենսական նշանակության այս խնդիրները ո՞վ պետք է լուծի։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ