Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ջոն Կիրակոսյանը մի անհատ էր, որի մեծությունը հիմնավորման կարիք չունի»

«Ջոն Կիրակոսյանը մի անհատ էր, որի մեծությունը հիմնավորման կարիք չունի»
06.05.2014 | 12:26

Պետական, քաղաքական ու հասարակական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական նիստ, և բացվեց նրա անվան լսարան:

Միջոցառման նախաձեռնողը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությունն էր, լսարանն էլ գտնվում է հենց այդ ֆակուլտետում: Ականավոր գործչին հիշելու, դիվանագիտության զարգացման մեջ նրա ներդրման, գիտական մեծածավալ աշխատությունների մասին խոսելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ և ուրիշներ: «Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ խոսելով գործչի մասին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ջոն Կիրակոսյան արևելագետ-պատմաբանը, դիվանագետը, գործիչը և պարզապես հայն ու անհատը: «Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով կարողացավ ապացուցել, որ նույնիսկ Խորհրդային Միության կազմում հնարավոր է մշակել ու վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն: Այսօր կարող են վստահաբար պնդել, որ Խորհրդային Միությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց Ջոն Կիրակոսյանը»,- ասաց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, նշեց, որ Ջոն Կիրակոսյանը մի անհատ էր, որի մեծությունը հիմնավորման կարիք չունի. «Դա հիմնավորվում է նրա կյանքով ու այն ժառանգությամբ, որ նա թողել է: Եվ պատահական չէ, որ լավագույն գործիչները ԱԳՆ-ում պարգևատրվում են Ջոն Կիրակոսյանի մեդալով»:
Օրերս ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն, որը նվիրված է նրա ծննդյան հոբելյանին և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովածուն կազմել և խմբագրել է նրա որդին՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: «Այս գրքում փորձեցի ամփոփել նրա աշխատություններն ու երկերը: Սա ընտրանի է ոչ միայն նրա գիտական հոդվածների, այլև գործունեության: Կան հոդվածներ, որոնք չեն տպագրվել Հայաստանի այն ժամանակվա մամուլում, այլ նույնիսկ Ջոն Սահակյան կեղծանունով Սփյուռքի կոմիտեի միջոցով ուղարկվել են արտերկիր»,- տեղեկացրեց Արման Կիրակոսյանը:
Նշենք, որ այսուհետև ապագա քաղաքագետներն ու միջազգայնագետները դասեր կանցկացնեն նաև Ջոն Կիրակոսյանի անունը կրող լսարանում, որը կահավորված է ժամանակակից գույքով ու տեխնիկայով: Հատուկ գրապահարանում ներկայացված են նաև նրա` տարբեր տարիներին տպագրված աշխատությունները:

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ