38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մենք հաճախ պարզապես ոչնչություն ենք

Մենք հաճախ պարզապես ոչնչություն ենք
06.01.2014 | 16:29

Մի պատմություն կա, մանրամասները չեմ հիշում, բայց ընդհանուր գծերով հետևյալն է: Մի մարդ բաց դաշտում աղոթում է ջանադիր ու հավատքով. «Աստված իմ, մեղքերիդ թողություն տամ, մեղքերիդ թողություն տամ…»: Մի հոգևորական է անցնելիս լինում էդ կողմերով, լսում է հավատացյալի աղոթքը, մոտենում, ուղղում է: «Սխալ ես աղոթում, ինչպես կարելի է Աստծուն նման բան ասել, պետք է ասես` Աստված իմ, մեղքերիս թողություն տուր»,- ասում է քահանան ու հեռանում: Հավատացյալ մարդը շվարում է, շփոթվում, մտքերը խառնվում են, լեզուն կապ է ընկնում, էլ չի կարողանում շարունակել: Գիշերը քահանան երազ է տեսնում: Աստված ասում է` «Ինչու՞ լռեցրիր իմ սոխակին»:

Մեզանում հասարակությունը բաժանված է մասերի` կուսակցությունների, ՀԿ-ների, չգիտեմ ինչերի: Շատ երկրներում դա չի խանգարում ճիշտ պահին միավորվելու: Հայերին խանգարում է, քանի որ իրար սխալ հանելու մոլուցքը թույլ չի տալիս գնահատելու իրական խոսքը, նպատակը, որի համար ասվում է այդ խոսքը, պայքարը, որը տարվում է այդ նպատակի համար: Այդպես իրար սխալ հանելով հասարակությունը մասնատվում է ու շատերն արդեն լռում են, քանի որ այն, ինչ իրենց ներսում է, մեկ ուրիշի համար որոշ ուղղագրական կամ կետադրական սխալներով է «գրված», ու մինչև էս մեկը խոսում է էդ սխալների մասին, էն մեկը ձեռքը թափ է տալիս, հեռանում:

Մենք սիրում ենք միմյանց քննադատել, միմյանց սխալ ուղղել, ավելին` սխալ փնտրել ուրիշների գործողությունների մեջ` ընդգծելու համար մեր ճիշտ ու անսխալական լինելը: Մենք հաճախ պարզապես իրար տանել չենք կարողանում և լռեցնում ենք նրանց, ովքեր գուցե ավելի համարձակ են ու խոսում են այնպիսի բաների մասին, որոնց մասին մենք երբևէ համարձակություն չէինք ունենա բարձրաձայնելու: Մենք հաճախ պարզապես նախանձում ենք մեզնից համարձակներին, մեզնից անկեղծներին ու մեզնից նվիրյալներին: Վստահ եմ, որ եթե քահանան Աստծո պատվիրանները հոգով ընկալած լիներ, Աստծո մեջ ապավեն փնտրողի հոգու ձայնը սրտով կհասկանար, ոչ թե բառերով: Կամ էլ քահանան զարմացավ իրենից ավելի հավատացյալ մեկին հանդիպելով, հը՞:

…Մենք հաճախ ավելի փոքր ենք ու ավելի խղճուկ, բայց ուզում ենք մե՜ծ ու բա՜րձր երևալ ուրիշների վրա կանգնելու հաշվին: Մենք հաճախ պարզապես անտաղանդ ենք, երբ ոտնատակ ենք տալիս մեզնից տաղանդավորներին:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ