38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սրբատեղին կպատմի եզդի ժողովրդի մասին, կներկայացնի մեր դարակազմիկ պատմության էջերը

Սրբատեղին կպատմի եզդի  ժողովրդի մասին, կներկայացնի մեր դարակազմիկ պատմության էջերը
11.10.2013 | 11:20

Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցավ «Եզդիների սրբատեղի»-ի օծման առաջին տարվա տոնակատարությունը, որը գլխավորում էր Համայն եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը: Արարողությանը մասնակցում էին Իրաքի Հանրապետության պառլամենտի և Ռուսաստանի տարբեր մարզերի դումաների եզդի ազգությամբ պատգամավորներ, գործարարներ, հազարավոր քաղաքացիներ: Արարողությանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք:
2012 թ. սեպտեմբերի 29-ից հետո հայաստանաբնակ եզդիների, ինչու չէ, նաև համայն աշխարհի եզդիների համար այդ օրը դարձավ պատմական. մեր Սուրբ Լալիշա Նուրանից առանձին մեր հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգն օծեց մոսկվաբնակ բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների սրբատեղին` «Զիարատա Եզդիան»:
Համարում եմ, որ կատարվել է բոլորիս երազանքը. մենք Հայաստանում ունենք մեր հոգևոր սրբատեղին: Ցանկացած իրավիճակում այն կզարգանա, կմեծանա, կդառնա բոլորիս համար սիրելի, իսկ մենք պարտավորություն կունենանք ամեն տարի այդ օրը հավաքվելու և շնորհավորելու միմյանց:
Եզդիների սրբատեղին, հավատացած եմ, կվերածվի մշակութային հանդիսությունների, հյուրասիրությունների կենտրոնի: Այն Հայաստանցիներին և մեր հանրապետության հյուրերին կպատմի եզդի ժողովրդի մասին, կներկայացնի մեր ժողովրդի դարակազմիկ պատմության էջերը: Այն նպաստելու է մեր ժողովրդի կյանքում Սուրբ Լալիշա Նուրանի առաջնորդանիստի դերի ընկալմանը և բարձրացմանը, հայ և եզդիական մշակույթների փոխհարստացման գործընթացին:
Եզդիների սրբատեղին իր ուրույն և կարևոր տեղը կունենա հոգևոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայ ժողովրդի հետ հավերժ ապրելու մեր անսասան գործում։
Երբ նայում եմ մեր ժողովրդի տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմությանը, պարզ տեսնում եմ, որ այդ ուղին մենք հայ ժողովրդի հետ ենք անցել: Եվ ավելորդ չեմ համարում ասել, որ դարեր շարունակ համատեղ ապրող մեր ժողովուրդների պատմության մասին բազմաթիվ դրվագներ են գրվել: Ոչ մի պատմաբան, ոչ մի ազգագրագետ ու մտավորական մեր բարեկամության մասին ոչ մի բացասական էջ չի գրել, չի գրել, ոչ թե չի ցանկացել, այլ չի եղել, ապավինելով մեր մտքին և գենետիկ կոդին ու Հայաստանում ստացած մեր դաստիարակությանը, վստահաբար կարող եմ ասել, որ երբեք էլ չի լինելու:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հոգևոր բարգավաճում ու հավատի ամրապնդում: Հաստատապես համոզված եմ, որ հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը տարեցտարի կամրապնդվի, դրա վառ ապացույցն է «Զիարատա Եզդիա» հրաշակերտ սրբատեղին: Թող Մալակե Տաուսի օրհնանքն անպակաս լինի ամբողջ աշխարհի և մեր` հայաստանցիներիս գլխից:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում
ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ