«Հայաստանում այսօր չեք գտնի մեկ մարդ, որը տնտեսական պատճառով է իր երկիրը լքել: Լևոնի ժամանակներից սկսած մենք ականատես ենք լինում, որ ժողովուրդը հակառակ սահմանադրության առկայության չի կարողանում ձևավորել իշխանություն: Հայաստանում արտագաղթի միակ պատճառը իշխանությունների մեջ է: Հայասատանում իշխանները չեն սիրում այս հողը, իրենց երեխաներին, իրենց ժողովրդին, չեն սիրում ազատագրված հողերը, չեն սիրում Արցախը: Ժողովուրդը նույնպես, եթե սիրի իր երկիրը, ծնողների գերեզմանները` չի թողնի այդ ամենը և չի գնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտագաղթի, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին, ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ -վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Վերլուծաբանի գնահատմամբ, Հայաստանից գնացող յուրաքանչյուր մարդ արդարության դեֆիցիտի և սիրո պակասի պատճառով է գնում: «Միակ խնդիրը արդարության բացակայությունն է : Հայաստանում եթե լինի արդարություն, ոչ միայն էստեղից մարդ կգնա, այլ հարյուր հազարներով կվերադառնան»,-վստահեցրեց նա:
Մանրամասնելով երկրում տիրող բռնապետության, ստրկատիրական մթնոլորտում ապրող հայի կարգավիճակը Ս. Հացպանյանը ասաց. «Միայն ես 150 ընկեր ունեմ, որ 2,5 տարի է ասում են` ուզում ենք գալ Հայաստան: Նրանք ինձ հարցնում են` մեր մոտ կա մոտավորապես այսքան գումար, եթե այդքան գումարով գանք, կարո՞ղ ենք որևէ գործ դնել, որով կկարողանանք մարդավայել և արժանապատիվ կյանքով ապրել: Ես ասում եմ` ձեր այդ գումարով այստեղ կարող եք աղայի նման ապրել, բայց այստեղ մի խնդիր կա: Ինչ -որ մեկը` սաշիկներ կան էստեղ եղբայր, հենց առաջին իսկ պահից, հենց օդանավական մտնելու պահից, ձեզ հետ կուզենա կիսելձեր ամեն քայլը: Սա Ամերիկա չէ, Ֆրանսիա չէ, սա Հայաստան է, էստեղ օրենք չկա: Ասում են կներեք, այդ դեպքում մենք չենք կարող գալ Հայաստան, որովհետև չենք կարող ապրել Հայաստանում և ինչպես հասկացանք չենք կարող մասնակցել իշխանություններ ձևավորելուն: Այսինքն հայը հասկանում է, որ այստեղ իր իրավունքը ոտնահարված է, նրա ձայնը լսող չկա, ընտրելու և ընտրվելու իրավունք չունի»,-պատմում էր բանախոսը:
Ադուհանդերձ, պարոն Հացպանյանը կարծում է, որ ցանկություն լինելու դեպքում հայը ոչ մի գնով չի հեռանա իր հայրենիքից:
«Սա է մեր տունը, և հայը այստեղ պետք է ապրի: Մենք պիտի տեղեկացված լինենք մեր իրավուննքերի մասին, և արդարության մասին վճռական խոսքը միայն մեզ է պատկանում, ոչ ոք իրավունք չունի այդ խոսքը խլել մեզնից: Ո՞վ է որոշում մեր տեղը` ով արտագաղթի, ով ներգաղթի: Պետությունը այս երկիրը դատարկել է: Երբ Շառլ Ազնավուրը ասաց, ի՞նչ ցեղասպանության մասին եք խոսում, Ցեղասպանությունը Հայաստանում է կատարվում, երբ հազարավոր մարդիկ արտագաղթում են, այդ օրվանից Շառլի վրայով անցան. էլ Շառլ չկա»,-եզրափակեց փորձագետը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ