38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Իսկ Երևան քաղաքի «սիմֆոնիան» ուրիշ է»

«Իսկ Երևան քաղաքի «սիմֆոնիան» ուրիշ է»
10.04.2009 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԱՊՐԵԼԸ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՆՈՐՄԱԼ ԿԵՆՍԱԿԵՐՊ»
ԿԱՐԻՆԵ ՂԱԶԻՆՅԱՆ (ՀՀ փոխարտգործնախարար)
-Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի` Թուրքիայում հայտնած տեսակետի առնչությամբ։
-Արտգործնախարարությունը և ես մշտապես ասել ենք, որ անբնական է 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ։ Մենք հարևաններ ենք ու դատապարտված ենք կողք կողքի ապրելու, այսինքն, այնպես պետք է անել, որ այդ ապրելը երկու ազգերի համար դառնա նորմալ, բնական կենսակերպ։ Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը մենք շատ ենք կարևորում։ Մեր արտաքին քաղաքականության վերջին զարգացումներից ակնհայտ է դառնում, որ այս գործում բավականին առաջընթաց է գրանցվել։
-Այսօր հաճախակի են դարձել այն կանխատեսումները, թե առաջիկայում կբացվի հայ-թուրքական սահմանը։ Կա՞ այս հարցի շուրջ պայմանավորվածություն ՀՀ արտգործնախարարության հետ։
-Այսօր չեմ կարող այդ մասին տեղեկություն տրամադրել, քանի որ գործընթացն ընթացքի մեջ է, և, կարծում եմ, որ նախագահի ու նախարարի մակարդակով է հնարավոր այդ հարցին պատասխանել։ Համենայն դեպս, հիմա այդպիսի տեղեկության չեմ տիրապետում։
-Զուգահեռներ տեսնո՞ւմ եք ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման միջև։
-Ո՛չ։ Մեր բանակցությունների ժամանակ ԼՂ-ի հարցի հետ դա երբեք չի կապվել։ Արտգործնախարարն էլ շատ անգամ հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը երբեք բանակցային թեմա չի եղել հայ-թուրքական հարաբերություններում։
-Այսօր շարունակվո՞ւմ են հայ և թուրք դիվանագետների բանակցությունները։
-Համոզված եմ, որ այդ բանակցություններն ընթանում են, քանի որ իսկապես կարևորվում են դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը։
«ՄՈԼՈՐԱԿԸ ԲԱՑ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՒՐԵՄՆ` ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ)
-Տևական ժամանակ հայ հասարակությունը սպասում էր, թե ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայում կհնչեցնի «ցեղասպանություն» բառը։ Այն, ինչ ասաց Օբաման, արդարացնո՞ւմ է հայ հանրության ակնկալիքները։
-Օբաման կարևորեց հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը։ Հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ այն սպանդը, որ 1915-ին եղավ։ Սակայն ի սկզբանե մենք նշել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Այս պարագայում և՛ մեզ, և՛ Թուրքիայի համար շահավետ է սահմանների բացումն ու փոխադարձ հարաբերությունների կարգավորումը։ Չեմ կարող ասել` շախմատային տրամաբանությամբ նրանք քանի՞ քայլ են մտածել, և ի՞նչ անակնկալներ են սպասվում։ Սակայն այս ամենն առաջին հայացքից դրական կարելի է գնահատել։ Կյանքը ցույց կտա, թե հետագայում այս ամենից որքան կշահենք մենք։
-Որոշ քաղաքական ուժեր սահմանի բացման դեպքում վտանգներ են տեսնում։ ՀՀԿ-ն կիսո՞ւմ է այս անհանգստությունը։
-Մոլորակը բաց կառույց է, ուրեմն` փակ սահմաններ չպետք է լինեն։ Այս գաղափարը ողջունելի է։ Սահմանների փակ լինելը չի նշանակում, որ մենք կարող ենք ավելի հետևողական լինել ու ստանալ այն, ինչ ցեղասպանության ճանաչման գործում ցանկանում ենք։ Բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իրենց շահերն ունեն այս գործընթացում, այսինքն` ԼՂ-ի հիմնախնդրի առնչությամբ մեզ համար հնարավոր են ոչ նպաստավոր առաջարկություններ։ Բայց կարծում եմ` զարգացումներից ակնհայտ է դառնում, որ Թուրքիան պատրաստ է նոր մոտեցումներ որդեգրել ցեղասպանության հարցի առնչությամբ։
-ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը կապ ունի՞ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հետ։
-Միամտություն կլիներ ասել, որ կապ չունի, որովհետև բոլոր հարցերը փոխկապակցված են։ Ես հավատում եմ մեր արտաքին քաղաքականության ճարտարապետներին և վստահ եմ, որ մեր կորուստները նվազագույնի կհասնեն։
-Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի` Ձեզ գոհացնո՞ւմ են արտաքին քաղաքականության ոլորտում իշխանության վերջին քայլերը։
-Այն, ինչ այսօր ձեռնարկվում է, ողջունում եմ, որովհետև բաց տեքստով քաղաքականություն է իրականացվում։ Մենք վերջապես դուրս ենք գալիս փակ, կոնսերվացված դրությունից և ավելի ենք ընդլայնում աշխարհի ժողովուրդների հետ մեր հարաբերությունները։
«ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԱԶԳ ԵՆՔ»
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցություն)
-Պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դեռ չի տրվել, սակայն և՛ կոալիցիոն գործընկերների, և՛ ընդդիմության կողմից ՀՀԿ-ն մեղադրվում է քարոզչություն իրականացնելու, «հարյուր տոկոսանոց» ցուցակներ շրջանառելու մեջ։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ն շտապում։
-Նախ, պետք է ասեմ, որ նման բան չկա։ Այդ ամենը մտացածին է։ Քաղաքական տեխնոլոգիաների դասին պատկանող ստեղծագործություններ են։ Հասկանում եմ նաև մեր գործընկերների վիճակը, բնականաբար, ուժեղին, իշխանության ողնաշարին պետք է հարվածեն, խփեն, ներկայացնեն սև գույներով, որպեսզի իրենց ընտրազանգվածն ավելի ակտիվանա։ ՀՀԿ-ում այսօր շտաբները, ենթաշտաբները զբաղված են միայն կազմակերպչական խնդիրներով։ Առայժմ հանձնարարված է միայն ու միայն կազմակերպչական աշխատանքներ կատարել, ինչն օրենքով արգելված չէ մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը։ Այս ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր ծրագրերը, գործերը, իսկ այս իմաստով մեր ցուցակի թե՛ առաջին, թե՛ երկրորդ տեղերը զբաղեցրած մարդիկ իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ գործունյա, քաղաքային տնտեսությունն իմացող, Երևանի և երևանցիների հոգսերին ծանոթ անհատներ են։
-ՀՀԿ-ն ունի ամենամեծ ցուցակը և առաջատարն է նաև ամենաաղմկահարույց իրադարձություններում, որոնք ծավալվում են այդ ցուցակի շուրջ։ Զորօրինակ, ցուցակում ընդգրկված երկու անդամների տխուր ելքով «ռազբորկան»։ Այս ամենը ստվեր չի՞ գցում ձեր թեկնածուի ու ցուցակի վրա։
-Ցավում եմ, որ նման բան է եղել, բայց դա ընդամենը կենցաղային բնույթի դեպք է, ու չէի ցանկանա դրա վրա ծանրանալ։ Մենք բոլորս լուրջ խնդիր ունենք հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ սերմանելու առումով։
-Ասում են, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված որոշ մարդիկ դժգոհություն են հայտնել իրենց զբաղեցրած հորիզոնականների առնչությամբ։ Այդպե՞ս է։
-Ես նման որևէ փաստ չունեմ։ Այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ կգտնվեն, որ կասեն, թե կարող են լինել և՛ նախարար, և՛ քաղաքապետ, և՛ վարչապետ, և նույնիսկ նախագահ։ Այսպես է, գեներալների ազգ ենք։ Այնպես որ, չի բացառվում, որ որոշ մարդիկ նման ակնկալիքներ են ունեցել։
-Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, հայտարարում են, թե հաղթելու են։ Հետաքրքիր է` Հանրապետակա՞նն ինչ տոկոսային հարաբերությամբ է պատրաստվում հաղթել։
-Տոկոսների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նման խոսակցություններն անլուրջ եմ համարում։ Նաև հասկանում եմ տոկոսներից խոսող մարդկանց, որոնք արդեն քանիերորդ անգամ ընտրությունների են մասնակցում, բայց ոչ մի տոկոս էլ չեն հավաքում։ Մյուսներն էլ, որ տոկոս են հավաքել, այսօր վստահ չեն, թե այդ տոկոսին տեր կկանգնեն։ Կա ընտրազանգվածի տրամադրվածության խնդիր։ ՀՀԿ-ն վերջին տարիների իր գործունեությամբ ապացուցել է, որ բավականին լուրջ աշխատանքներ է իրականացրել։
-Իսկ ընդդիմության լիդերի հաղթանակը իրատեսակա՞ն եք համարում։
-Ոչ, որովհետև կան երևանցուն հուզող բազում խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, իսկ այդ ամենը փիլիսոփայական մտքեր, հրաշալի ճառեր ասելով չի լուծվի։ Սա այլ ոլորտի «սիմֆոնիա» է, իսկ Երևան քաղաքի «սիմֆոնիան» ուրիշ է։ Այնպես որ, ցանկությունների դաշտը մի բան է, իրականությունը` այլ բան։ Քաղաքապետը, ավագանին պետք է զբաղվեն Երևանի հոգևոր, մշակութային, կենսաապահովման, բարեկարգման, կանաչապատման և այլ խնդիրներով։ ՈՒ ամենակարևորը` պետք է ձգտեն Երևանը դարձնել նորմալ աշխատելու և ապրելու քաղաք։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ