38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մի գիշեր քնեցինք ու առավոտյան տեսանք, որ բարոյականությունը մեր երկրում ինքնասպան է եղել»

«Մի գիշեր քնեցինք ու առավոտյան տեսանք, որ բարոյականությունը մեր երկրում ինքնասպան է եղել»
03.04.2009 | 00:00

«ԽՈՏԱՆՆ ՈՒ ՑԻՆԻԶՄԸ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՍՈՒՄ` ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի գրողների միության նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ
–Ո՞վ եք Դուք` ըստ Ձեզ։
–1964 թ. գյուղից քաղաք եկած այն պատանին, որը 17 տարի Կողբի անաղարտ բնության գրկում, մարդկային հարաբերությունների նույնքան մաքրամաքուր աշխարհում ապրելուց հետո մի օր հայտնվեց ասֆալտի իրականության մեջ և մինչև հիմա զարմացած է, թե ո՛նց կարողացավ շնչահեղձ չլինել նախապատմական այս քաոսում... Ինձ թվում է` նույն 17 տարեկան ռոմանտիկ պատանին եմ, որն ամենուր ներդաշնակություն է փնտրում։
–Աշխարհում ներդաշնակություն կա՞։
–Արարչագործության յոթերորդ օրը հաստատ որ կար... Այդ հետո ամեն ինչ պղծվեց ու խճողվեց։ Իսկ ընդհանրապես, եթե չլինեն ներդաշնակության հույսն ու հավատը, ինչի՞ համար է այս ամբողջ պայքարը։ Ու եթե պայքարն ու պայքարողները չլինեն, համաշխարհային այս քաոսը երբեք վերջ չի ունենա։
–Ներդաշնակության որոնման ճանապարհին մարդկանց մի մասը հնարեց գրականություն, ի՞նչ է գրականությունը Ձեզ համար։
–Գրականությունն այն կյանքն է, որի տեսիլքով ապրում ենք։ Այն, ինչ անում ես հաճախ չգիտակցված, հախուռն բնազդով, գրականությունը բերում է գիտակցության դաշտ։ Ահա ինչու, երբ մի լավ գործ ես կարդում, թվում է՝ ինքդ ես գրել. քո սերն է, քո ատելությունը, քո կռիվը, քո անցած կամ անցնելիք ճանապարհը...
–Համաձա՞յն եք, որ գրականությունը պիտի մարդուն իդեալ տա։ Թե՞ պիտի բացատրի աշխարհը, ինչ-որ ճանապարհ ցույց տա, տեղ տանի, ի՞նչ պիտի անի գրականությունն այսօր։
–Գրականությունը յուրատեսակ ապաստան է, որտեղ, առօրյա հոգսերից հալածական, փորձում ես գտնել քեզ։ Այն հոգևոր օրգանիզմի կարևոր բաղադրիչ է, նույնքան կենսական, որքան արևի լույսը, օդը, ջուրը... Ավելին, գրականությունը ճյուղավորում է մյուս արվեստները՝ թատրոն, կինո, երաժշտություն... բացատրում է աշխարհն իր լույս ու ստվերով, գեղեցիկ ու հոռի կողմերով, առաջնորդում դեպ թունելի այն ծայրը, որտեղ լույսն է, այսինքն՝ իդեալի իրացման ասպարեզը։
–Ցանկացած սուր երկսայր է. չե՞ք կարծում, որ գրականությունը ոչ միայն իդեալ է տալիս, այլև պատրանք, իսկ պատրանքներից հետո... ցավը շատ է։
–Ես մարդու այն տեսակն եմ, որ սիրում է պատրանքը։ Իմ խորքերի խորքում բանաստեղծական մի սկիզբ կա, որ չեմ ուզում կորցնել։ 60 տարի շուրջս ինչ ասես կատարվել է, ինչ աղբ ու աղետ ասես չի հարվածել ինձ, բայց երբեք չի կոշտանում այն առանձնահատուկը, ինչ պատյանի մեջ գուրգուրանքով պահում եմ, և որն էլ ուժ է տալիս ինձ՝ երբեք անձնատուր չլինել։
–Կյանքը Ձեզ հնարավորություն է տվել լինելու բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, քննադատ, հրատարակիչ, դասախոս, վերջապես Հայաստանի գրողների միության նախագահ։ Ո՞ր Լևոն Անանյանն է իսկականը, որ ինքն իր հետ պատերազմ չունի ու իրեն տեր է զգում։
–Ես միշտ նույնն եմ ու նույն գործն եմ անում` դասախոսելիս, բանաստեղծություն ու հոդված գրելիս, խմբագրելիս, թարգմանելիս, հրատարակելիս, ՀԳՄ նախագահի դժվար աթոռին նստած՝ որոշում կայացնելիս։ Այս բազմադիմության մեջ Լևոն Անանյանը մեկն է, որ իր կոչումը տեսնում է իր ապրած ժամանակում հնարավորությունների չափով կյանքը բարեփոխելու, մի բան առաջ շարժելու մեջ։ Այս պատասխանատվությունը ես ժառանգել եմ իմ Անուշ տատից, հողի մշակ ու տեր իմ ծնողներից։
–Գրականությունն այսօր մարդուն ի՞նչ է տալիս, պե՞տք է նրան դեռ։
–Ես, իհարկե, հասկանում եմ, որ ժամանակն է թելադրում այս հարցը, և հարցի մեջ ինքնին ողբերգություն կա։ Ափսոս, մեր հասարակությունն այժմ լիովին չի գիտակցում, չի ըմբռնում գրականության դերը։ Հետևանքն այս ապակենտրոն իրավիճակն է, նոր սերնդին ոչ մի տեղ տանող այս ճանապարհը։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ բաց մաշկով ենք ընդունում արևմտյան ապազգայնացնող տարատեսակ պատվաստումները։
–...Բաց ու անպաշտպան...
–Անպաշտպան` ցինիզմի, բռնության, ապազգայնության դեմ։ Տարեցտարի փրփուրը դառնում է հիմնական որակ, փրփուրն արդեն տիղմի վրա է նստած։ Դա անբնական վիճակ է, և բալասանը զգայուն մշակույթն է... Գիտես՝ մամուլի, հեռուստատեսության այս անվերահսկելի ապատեղեկատվությունից հետո գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ երկրագնդի վրա կարգին մարդ չի մնացել, բոլորը շեղված են կամ խեղված... Հետզհետե շեղումն ու խեղումը դառնում են կենսաձև...
–Շատ ավելի շուտ, քան աշխարհում սկսվում են ֆինանսատնտեսական ճգնաժամերը, սկսվում է ճգնաժամը մշակույթում, սկսվում է հասարակության բարոյական ճգնաժամը, արժեքների փլուզումը, ի վերջո, հանգեցնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի։ Ո՞րն է ելքը։ Մեզ երկար ժամանակ ասում էին՝ ճգնաժամը Հայաստան չի գա, մեր բանկային համակարգը կայուն է, բանկերը կապիտալիզացված են ու մենք...
– Մենք միշտ էլ ճգնաժամի մեջ ենք եղել, մեզ ի՞նչ պիտի անի նոր ճգնաժամը։
–Կամ էլ՝ մենք ի՞նչ կապ ունենք աշխարհի հետ, տնտեսություն ունե՞նք, որ տնտեսական ճգնաժամ ունենանք... Արդյոք ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքը չի՞ լինելու բարոյական արժեքների, չափանիշ ունեցող չափանիշներով արժեհամակարգի վերականգնումը, այլ ոչ ֆինանսական ու տնտեսական ծրագրերը։
–Ես էլ չգիտեմ՝ ոնց պատահեց, որ մի գիշեր քնեցինք ու առավոտյան տեսանք, որ բարոյականությունը մեր երկրում ինքնասպան է եղել։ Այո՛, ժողովուրդները հատել են մի սահման, որը համաշխարհային կտրվածքով պիտի բերեր հատուցման. պատերազմներ, սպանություններ, խաբեություններ... Ներդաշնակ կառույցի մեջ մի կարևոր բան փշրվում է, սյուները բեկվում են, և միանգամից հայտնվում ենք փլատակների տակ։ Բարոյական երկրաշարժի մեջ է տնտեսական երկրաշարժի սկիզբը։ Մշակութազրկության համաճարակն էր, որ մեզ իջեցրեց մինչև բարոյազրկության ճահիճը։ Աշխարհը տեսել է շատ դեպրեսիաներ ու ճգնաժամեր և հաղթահարել է, հիմա էլ կհաղթահարի։ Իսկ մենք բարոյականությունը պիտի վերականգնենք նախ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության և տնտեսության մեջ, այլապես վերադառնալու ենք քարանձավ։
–Իսկ գուցե ճգնաժամը կատարսիս է, ներքին անհրաժեշտություն՝ ծովը ոնց է ինքն իրեն մաքրում՝ ափ նետելով ինչ ավելորդ է իր բնական գոյության համար։
–Ինքնամաքրման, քավության այդ պահը կա, և եթե մենք պատվով դուրս չեկանք, նոր ջրհեղեղի ժամանակն է...
–ՈՒրեմն՝ Նո՞յն էլ էր ճգնաժամի զոհ։
–Սոդոմն ու Գոմորը ո՞վ է հնարել... Նոյը զոհ չէր, Նոյն անցավ կատարսիսն ու սկսեց ճիշտ արժեհամակարգ սահմանելուց՝ նախ տապանում, հետո` ափ իջնելով...
–Այսօր ընթերցողն ունի՞ իր գրողին, և գրողն ունի՞ իր ընթերցողին։
–Այսօր՝ ոչ, գրող-ընթերցող ջրբաժանը խորն է։ Գրողն իր համար է ապրում, ընթերցողն՝ իր։ Բայց դա միակ անջրպետը չէ. հասարակությունն իր համար է ապրում, իշխանությունը՝ իր։ Քաղաքականությունը՝ իր։ Եվ ո՛չ մեկն էլ լիարժեք չի ապրում, որովհետև որևէ ամբողջականություն չի կարող այդպես հատվածականորեն կայանալ։ Ես հոռետես չեմ ու պիտի իմ հիացմունքն արտահայտեմ մեր գրողների նկատմամբ։ ՈՒ թեպետ իրենց Գյոթե կամ Շեքսպիր չեն համարում, բայց ապշելու է՝ ինչպե՞ս կարողացան քսան տարի թուղթ ու գրչին հավատարիմ մնալ։ Նրանց համառությունը, նվիրվածությունն ընթերցողին հետ են բերելու։ Մի քանի տարի առաջ ասում էին՝ ինտերնետը նոր սերնդին կտրելու է գրքից ու գրականությունից, իրականում պետք է ջանանք ինտերնետը դարձնել գրականության ու գրողի բարեկամը։ Վերջին շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Մենք պարզապես կորցրել ենք գիրք գնելու ավանդույթը։
–Երևանում քանի՞ գրախանութ կար...
–Ժամանակին՝ հարյուրավոր։ Չորս-հինգը հիմա էլ կան։
–Էս փոքր քաղաքում շա՞տ չեն՝ չորս-հինգ...
–Հեգնանքդ հասկանում եմ։ Բայց որոշ քայլեր արվել են, մասնավորապես պետական պատվերը 135 միլիոն դրամ է կազմում։ Բայց եթե գիրքը մեզանում ապրանք չի դառնում, ո՞վ ներդրումներ կանի գրահրատարակչության ոլորտում, լավ իմանալով, որ շահ չի բերում։
–Հեռանկար տեսնողը կանի։
–Գիրք-ընթերցող արանքում այնքան շերտեր կան. փորձառու հրատարակիչ, գրագետ մենեջմենթ, մարկետինգ, գրատարած ցանց... Ո՞վ պիտի քո գիրքը սփյուռք հասցնի, մարզեր... Գրքի քարոզչությունն ո՞վ պիտի կազմակերպի. ՀԳՄ-ն շուրջ 10 անուն գրական մամուլ է պահում, բայց ընդամենը 500 օրինակ տպաքանակով։
–Դե, երևի նաև հասարակության վերաբերմունքն է, որ մշակույթին տրվում է թերթերի վերջին էջը...
–Այո, էն էլ սկանդալներով, սենսացիաներով, հասարակությանն ապակողմնորոշելով։ Շատ կարևոր է ընտանիքի դերը։ Վերջին անգամ ե՞րբ ես տեսել, որ ծնողը երեխայի ձեռքից բռնած՝ գրախանութ մտնի։
–Մենք մոռացել ենք ծննդյան օրը գիրք նվիրելու ավանդույթը։
–Թումանյանի ծննդյան օրը, հենց այդ մտահոգությամբ, հայտարարեցինք գիրք նվիրելու օր։ Փետրվարի 19-ին 15000 գիրք ենք ուղարկել մարզեր՝ գրադարաններ, դպրոցներ, համալսարաններ... Կարծում եմ՝ պետությունը չպետք է ձեռքերը լվանա, այլ պետք է աջակցի մշակելու ընթերցանության ազգային ծրագիր։
–Ի՞նչ է դա նշանակում ու ի՞նչ է տալու մեզ։
–Պետության հովանավորությամբ պիտի ապահովենք լավագույն հեղինակների ու երկերի տպագրությունն ու տարածումը՝ համակարգված ծրագրով` ապահովելով գրագիտության պատշաճ մակարդակ։ Այլապես կորցնում ենք սերնդի ինտելեկտուալ զարգացումը, իսկ մեր երկիրը, ինտելեկտից բացի, ռազմավարական ուրիշ ի՞նչ հարստություն ունի։ Ունեցածն էլ, ցավոք, սփռվեց աշխարհով մեկ, ծառայում է այլոց։
–Այսօր գրողը գրող է, գրողը քաղաքացի է, գրողը քննադատ է, գրողը պայքարող մարտիկ է, գրողն ընթերցող է... Շատ խնդիրներ չե՞նք առաջադրում գրողին։
–Սա էլ ավանդույթ է։ Մեր ժողովուրդը գրողին միշտ ընդունել է իբրև հոգևոր-մշակութային առաջնորդի, որ ճանապարհ է ցույց տալիս։ Դարերով գրողն ու գրականությունը փոխարինել են պետականությանը, եկեղեցու հետ դարձել են պետականության ինստիտուտ...
–Հասարակությունը «չի՞ նկատում», որ արդեն պետականություն ունենք, ինչո՞ւ են գրողից պահանջում նախ բոլոր մյուս հարցերի լուծումները, հետո՝ գիրք գրելը, իր սպիտակ թղթի առաջ մենակ մնալը, երկուսով մենակության մեջ աշխարհը վերաբնակեցնելը։
–Ավանդույթներ կան, որ 5-րդ դարում սկսվելով՝ 25-րդ դարում կարող են շարունակվել։ Անցումային այս շրջանում ես կողմ եմ, որ դրսևորվեն նաև գրող-քաղաքացու, գրող-մարտիկի որակները, մանավանդ հիմա, երբ մեր ազգային ինքնությունը վտանգված է։ Մի փաստ միայն. 90-ականներին Հայաստանից մեկնածներն այլ երկրներում շատ ավելի արագ են ձուլվում, քան դասական սփյուռքը, որ 90-100 տարի դիմակայում է։ Հայ գրողի խնդիրն է, որ այս մի բուռ, ափաչափ տարածքի և մի քանի միլիոն ժողովրդի առանձնահատկությունը պահի։ Կորցրինք՝ դառնում ենք ազգություն չունեցող հիբրիդ։ Գուցե դա էլ տեսակ է, որին չես կարող անուն տալ։
–Քննադատությունն ավելորդություն չէ՞։
–Քննադատությունը մասնագիտություն է։
–Այնքան մասնագիտություններ են աշխարհում վերացել՝ կորցնելով իրենց կիրառության դաշտն ու առարկան։
–Իսկական քննադատությունն այն չէ, ինչ այսօր տեսնում ենք։ Մենք գրականագիտության ժողովուրդ ենք դարձել։ Հասարակարգ է փոխվել, դարաշրջան, արժեքային համակարգ, սերունդ, բայց գրականագիտական լուրջ գրքերն իրենց տեղում են։ Մամուլում երևացող այն բաժակաճառերը, կենացաբանությունը, որ փոխարինում են քննադատությանը, չեն կարող երկար կյանք ունենալ։ Որոշակի տաբուներ են գործում. խոտանն ու ցինիզմը ծաղկում են, բայց ոչ ոք չի ասում` թագավորը մերկ է։ Թեև բոլորը գիտեն ու բոլորն էլ հաճույքով բամբասում են։ Քանի որ մեր կյանքում փոփոխություններն սկսվում են բամբասանքներից, հույս ունեմ, որ մի օր հեղափոխություն կլինի և քննադատության բնագավառում։
–Քննադատությունը գրականությունից առա՞ջ պիտի լինի, գրականության կողքի՞ն, թե՞ գրականության հետևից պիտի գնա... Քննադատի դերը ո՞րը պիտի լինի։
–Այդ բոլոր գործառույթներն էլ պիտի կատարի, քարոզի, գնահատի, ամփոփի և յուրաքանչյուր փուլում արդի գրականությունից անբաժան լինի։
–Ինչո՞ւ լավագույն գրողները նաև լավագույն քննադատներ են՝ Մեծարենց, Տերյան, Թումանյան, Չարենց, Սևակ, Մաթևոսյան...
–Կան մեծություններ, որոնք մատն ինչի վրա էլ դնում են՝ հանճարի կնիք են թողնում։ Եթե Թումանյանը ժամանակին զբաղվեր ժամագործությամբ, համոզված եմ, բարձրագույն որակի արտադրանք էր տալու։ Այդուհանդերձ, այսօր մենք և՛ երևելի գրականագետներ ունենք, և՛ քննադատներ։
–1915 թ. եղեռն, հայրենիք, ժողովուրդ ոչնչանում են, գալիս է 16-17 տարեկան մի մանուկ ու գրում «Դանթեական առասպել»։ Ոչնչացումի՞, վախի՞, դիմադրությա՞ն, ինքնահաստատումի՞, ո՞ր էներգիան է ծնում «Դանթեական առասպել»։ Ի՞նչ էներգիա է մեզ պետք՝ մեր օրերի «Դանթեական առասպելն» ունենալու համար՝ արձակում, պոեզիայում, քննադատության մեջ։
–Ինձ հաճախ են հարցնում՝ բա ո՞ւր են մեր օրերի Չարենցը, մեր օրերի Թումանյանը... Հանճարը բռնկում է, պոռթկում, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ և որտեղ է ծնվելու։ Հանճարը բացառիկ է՝ նաև բոլոր օրենքները խախտելով։ Ծովինարն ինչպե՞ս հղիացավ՝ դուրս է ֆիզիոլոգիայից։ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի երևույթը տրամաբանության մեջ դժվար է տեղավորել։ Իսկ որ նոր պոռթկումը հասունանում է, անկասկած է։ Սակայն գուշակությամբ չզբաղվենք, շարունակենք ստեղծել և ստեղծագործել, մինչև... Չարենցը գա։
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ