38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ղարաբաղի անկախությունն ու ազատությունը գերակա արժեքներ են»

«Ղարաբաղի անկախությունն ու ազատությունը գերակա արժեքներ են»
19.05.2009 | 00:00

«ԱՐՑԱԽՆ Ի ԶՈՐՈՒ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ, ԻՆՔՆԱԲԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները վերջին շրջանում ակտիվ փուլ են թևակոխել, ինչի առթիվ որոշակի մտահոգություններ են առկա և՛ Հայաստանում, և՛ ԼՂՀ-ում։ Ավելին, նախօրեին Ղարաբաղում մի խումբ պատգամավորներ այս առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք էին կազմակերպել, սակայն բավարար քանակի ստորագրություններ չէին հավաքվել։ Վերոհիշյալ թեմաների շուրջ «Իրավունքը de facto»-ին պարզաբանումներ է ներկայացնում ԼՂՀ ԱԺ նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ։
-Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները։
-Կարծում եմ, եթե խնդրին մոտենանք միջնորդների տրամաբանությամբ, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վաղ թե ուշ պետք է իրագործվի, բայց որքանո՞վ են դրան պատրաստ հայ և ադրբեջանական հանրությունները։ Եթե այս տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում մարդիկ շատ ավելի պատրաստակամ են ու կարգավորումը պատկերացնում են այսօրվա իրողությունների ամրապնդման ձևով։ Ինչ վերաբերում է մեր հարևանին, կարծում եմ, նա ոչ միայն պատրաստ չէ, այլև Ադրբեջանում գնալով կարծրանում է հարևանի հանդեպ մշտական թշնամության և ատելության մթնոլորտը։ Ցավոք, այս ամենն իրականացվում է պետական մակարդակով։ Նման իրավիճակում վերջնական կարգավորման մասին խոսակցությունները, կարծես, հակասության մեջ են մտնում իրականության հետ:
Վերջին ամիսների զարգացումներում մի նկատելի երեւույթ է առանձնանում. և՛ Հայաստանում, և՛ Արցախում քաղաքական շրջանակների համար ղարաբաղյան կարգավորումը դիտարկվում է որպես Ղարաբաղի ճակատագրին ու կարգավիճակին վերաբերող հարց։ Ի միջի այլոց, այդպիսի ընկալում միշտ էլ եղել է, սակայն, ցավոք, տարբեր ժամանակահատվածներում ու ավելի շատ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից փորձ է արվել կարգավորման նպատակն ուղղորդել ղարաբաղյան հակամարտության հետևանքների վերացմանը։ Իհարկե, որոշ իմաստով այս հարցերն էլ տեղ ունեն կարգավորման մեթոդաբանության մեջ, բայց մենք պետք է հետևողականորեն առաջ տանենք այն գիծը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է իրապես կարգավորվել միայն այն դեպքում, երբ գտնվի ղարաբաղյան հակամարտության պատճառի լուծումը։ Ինչի՞ց է սկսվել ղարաբաղյան հակամարտությունը. դա Արցախի ժողովրդի ընդվզումն է ադրբեջանական բռնատիրության դեմ, իսկ մեր ազատագրական շարժման, ղարաբաղյան պատերազմի ու հետպատերազմյան փորձությունների իմաստն այն է, որ մենք ապացուցել ենք մի բան` Արցախն ի զորու է լինելու ինքնուրույն, ինքնաբավ պետություն։ Այս առումով, վերջին տարիներին մեզ շատ բան է հաջողվել, բայց այս ամենը պետք է ընդունելի լինի նաև միջազգային հանրության համար։ Մյուս կողմից էլ, այսօր կարծես արագացված ձևով փորձ է արվում ղարաբաղյան հակամարտության մեջ գտնել այն հավասարակշռությունը, որը կարելի է մատուցել որպես փոխզիջում կամ վերջնական կարգավորում: Չճանաչված մյուս պետությունների պարագայում կարծես մասամբ այդ լուծումը գտնվել է, բայց ես անձամբ կասկածում եմ, որ դա այդպես է: Ցանկությունս այն է, որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը շատ ավելի համախմբված տեսակետ ունենար և ընկալունակ լիներ մեր ժողովրդի այսօրվա պահանջների հանդեպ։
-Վերջերս Ղարաբաղի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ բանակցությունների կարգավորման առնչությամբ իրենց մտահոգություններն էին բարձրաձայնել և անհրաժեշտություն համարել արտահերթ նիստ գումարել։ Խնդրի առնչությամբ Ձեր պարզաբանումները։
-Նախ կցանկանայի, որ մեր ԶԼՄ-ներում այս կամ այն գործընթացի հանդեպ միշտ տիրապետեր այն տեսակետը, որը շատ ավելի է համապատասխանում իրականությանը:
Իսկ իրականությունն այն է, որ Ազգային ժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում մենք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամը լիովին օգտագործել ենք` ԼՂՀ արտաքին գործերի նախարարին ուղղելով պատգամավորներին հուզող հարցերի լայն շրջանակ: Այդ առթիվ արտգործնախարարը հնչեցրել է գործադիր իշխանության մոտեցումները, որոնք մամուլից արդեն հայտնի են բոլորին: Կարծում եմ, որ դրանով հարցի վերաբերյալ հիմնական մտահոգությունները սպառվել են: ՈՒստի հաջորդ օրը կազմակերպված ստորագրահավաքի նախաձեռնողներն արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը չեն տեսել: ՈՒզում եմ նաեւ ավելացնել, որ արտահերթ նիստի օրակարգի համար առաջարկված հայտարարության նախագիծը որեւէ առնչություն չուներ այն գաղափարների հետ, որոնք տարածվել են որոշ լրատվամիջոցներում: Իհարկե, ես տալիս եմ իրավիճակի իմ անձնական մեկնաբանությունը, իսկ ընթացակարգի առումով մենք առաջնորդվել ենք ԱԺ կանոնակարգի համապատասխան դրույթներով:
-Բացառո՞ւմ եք, որ հետագայում կրկին արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն կարող է լինել։
-Չեմ կարող գուշակել, թե հետագայում ինչ կլինի, բայց կարծում եմ` ԱԺ-ն միշտ էլ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ արտահայտել է իր մոտեցումները։ Հիշեցնեմ, որ 2006 թվականի ապրիլին խորհրդարանական գործունեության մեջ առաջին անգամ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված լսումներ ենք հրավիրել, որից հետո պարբերաբար տարբեր ձևաչափերով անդրադարձել ենք քաղաքական զարգացումներին։ Խորհրդարանը միշտ էլ գտնվել է իրադարձություններին հետևելու և դրանց արձագանքելու ռեժիմի մեջ:
-Այսօր հաճախ է հնչում այն տեսակետը, թե ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ապագայում (այս մասին հաճախ բարձրաձայնում են նաև Մինսկի խմբի համանախագահները)։ Նման նախադրյալներ այս պահին տեսնո՞ւմ եք։
-Միջնորդների դերակատարությունը հենց այն է, որ կարողանան հանդիպումից հանդիպում որոշակի առաջընթաց նկատել։ Այն, ինչ այսօր նրանք մատուցում են, գուցե որոշ իմաստով նաև հակամարտող կողմերի հանրային տրամադրությունները շոշափելու նպատակ ունի։ Ինձ թվում է, որ այս հարցում միջնորդները երբեմն չափից դուրս լավատեսորեն են վերաբերվում իրերի դրությանը: Ադրբեջանը գոնե որևէ ձևով ցույց չի տալիս, թե իր հասարակությունն, ինչպես է պատրաստվում Արցախի ժողովրդի հետ բարիդրացիությամբ ապրել։ Ամեն դեպքում, գոնե մեզ համար դա տեսանելի չէ։
-Ո՞րն է այն առավելագույն սահմանը, որից այն կողմ Արցախը ոչ մի փոխզիջման չի գնա։
-Ղարաբաղի անկախությունն ու ազատությունը գերակա արժեքներ են: Մյուս բոլոր հարցերը կարող են ընդգրկվել բանակցությունների տիրույթում։ Իսկ ինչպիսի՞ն կլինեն փոխզիջումները` կախված է նրանից, թե Ադրբեջանը որ- քան կհասկանա մեր վերոհիշյալ դիրքորոշման անսակարկելի լինելը ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ