Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ծիծիկների սիմֆոնիա

Ծիծիկների սիմֆոնիա
25.09.2009 | 00:00

ՊԱՏՄՎԱԾՔ
Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուն իր կյանքում առաջին անգամ աններելի սխալ թույլ տվեց։ Դրա քաղաքական հետևանքները հետագայում կուլ տվեցին ամենևին անմեղ մարդիկ։ Ազգային և միջազգային մի շարք քաղաքական կազմակերպություններ մինչև այսօր էլ ապարդյուն հավի և ձվի հայտնի հանելուկ-առեղծվածի արմատներն են հոտոտում։ Եվ դրանցից ոչ մեկն իր եզրակացությունների մեջ հեռուստախաղի պարագան չշոշափեց, նույնիսկ տվյալ երկրի խորհրդարանական պատկառելի հանձնաժողովը։
Բանն այն է, որ ենթադրյալ միլիոնատիրոջ աթոռին հայտնվեց մի մարդ, որի անցյալը մնացել է անցյալում, ներկան՝ ապագայի մեջ, իսկ ապագան՝ հայ ժողովրդական հեքիաթների օտարոտի հյուսվածքներում։
Ես առաջին մարդն էի, ով, առանց օգտվելու օգնության հնարավորություններից, հասել էր եզրափակիչ։ Սովորաբար իմ տեսակի մարդիկ կես ճանապարհին հոգնում են, հիասթափվում կամ սայթաքում ամենաանվնաս հատվածում։
Խաղավարը կարդում է հարցը։ Դահլիճը քարացած է, զանազան մոլախաղերի մեջ հմտացած հասարակության այս հատվածը հաղթելու և պարտվելու խնդիր չունի, պարզապես հոգսերից փախչելու և ապրելու դյուրին ձև է գտել։
- ՈՒշադրությո՜ւն... կարդում եմ հարցը. «Ինչպե՞ս է կոչվում երգահան Ջոնի Պապյանի գրած միակ սիմֆոնիան, որը հեղինակի մահից հետո արժանացավ Պետական մրցանակի»։
-Ծիծիկների սիմֆոնիա,- առանց առաջարկվող տարբերակները լսելու, պատասխանեցի ես։ Դահլիճում ծիծաղի ալիք տարածվեց։ Խաղավարը հասկացրեց, որ գնահատում է երգիծելու իմ ցանկությունը։
-Դուք կարող եք դառնալ առաջին մարդը մեր հեռուստախաղի պատմության մեջ, ով հասնում է եզրափակիչ և հաղթում։ Դուք ունեք օգնության բոլոր հնարավորությունները։ Դուք համարյա միլիոնատեր եք. մի՛ պատասխանեք առանց առաջարկվող չորս տարբերակներին ծանոթանալու։
Ես գրեթե չեմ լսում խաղավարին, չեմ տեսնում դահլիճը, չեմ հաշվում միլիոնները, որ ի զորու են լցնելու իմ և կնոջս միջև գոյացած անջրպետը։ Ես պատասխանում եմ.
-Ծիծիկների սիմֆոնիա։
Խաղավարը պահանջում է հարգալից վերաբերմունք իրենց շոուի և, առավել ևս, հասարակության նկատմամբ։ Նա հիշեցնում է, որ կարող եմ վերցնել գումարը, որը քիչ չէ, օգտվել օգնության հնարավորություններից կամ ընտրել առաջարկվող տարբերակներից որևէ մեկը։ Նա դանդաղ կարդում է տարբերակները, որոնց մեջ իմ պատասխանը չկա։ Նորից է բացատրում, որ ճիշտը և միլիոնները դրանցից մեկի մեջ են։
Ես բարձրանում եմ ապագա միլիոնատիրոջ աթոռից, նայում խաղավարին ու ասում.
-Ծիծիկների սիմֆոնիա,- դանդաղ դուրս եմ գալիս տաղավարից և չշրջվելով նետում,- սա իմ վերջնական պատասխանն է։
* * *
Աշխարհը կործանումից փրկելու համար ինձ նման տղերք են պետք։ Այդ բանը միայն քսաներեքամյա երիտասարդը կարող է հասկանալ, հետո այն մարդը, ով միջնորդեց, որ նա աշխատանքի անցնի ամենաազդեցիկ հիմնարկներից մեկի` մարքսիզմ-լենինիզմի պրոպագանդայի բաժնում։
Հավանաբար այս փաստն էր երգահան Ջոնի Պապյանի մեջ հիմնավորապես ամրապնդել այն համոզմունքը, որ Սովետը շուտով, շատ շուտով փլուզվելու է։ Մեկամսյա փորձաշրջանից հետո ինձ համար միջնորդած երևելի մարդը հետաքրքրվում է գլխավոր խմբագրից, թե ինչպիսին է երիտասարդը, կարողանո՞ւմ է թացը չորից ջոկել։ Գլխավոր խմբագիրն առանց այլևայլությունների պատասխանում է. «Շնորհալի տղա է, բայց քաղաքականապես տհաս է»։
Շնորհակալ եմ գլխավոր խմբագրին այդ բնորոշման համար։ Եթե «քաղաքականապես տհասի» իմ համբավը չլիներ, ես չէի արժանանա Ջոնիի ուշադրությանը։ Նա իր պատկառելի սապատը շալակած մտավ մեր աշխատասենյակ և բամբ ձայնով ասաց.
-Դո՞ւ ես քաղաքականապես տհասը։
Ես ջղային հայացքով չափեցի նրան ու ասացի.
-Քե՞զ ինչ։
Նա արհամարհական նայեց մյուս աշխատակիցներին.
-Ի՞նչ եք պլշած հորթերի պես նայում,- հետո շրջվեց իմ կողմը,- Ջոնին էլ է քաղաքականապես տհաս, գնացինք։
Քաղաքականապես տհասների մտերմությունն անցավ տարիների միջով և երբեք երկրի հանդեպ թշնամանքի չվերածվեց. պարզապես մենք հորինեցինք մեկ այլ բարոյական միջավայր, ուր ամեն ինչ տեսնում են, ամեն ինչի մասին դատում. բայց ոչ մեկին ոչնչի մեջ չեն մեղադրում։ Մեծ աշխարհ էր, մեղք կար, մեղավո՛ր չկար։
Աստված երգահան Ջոնի Պապյանի ուսերին մի գեղեցիկ սապատ էր դրել։ Ասացի «գեղեցիկ» ու լեզուս կծեցի։ Իզուր էլ կծեցի՝ եթե Աստված Ջոնիի սապատը վերցներ ու մեկ ուրիշի ուսերին տեղավորեր, ճի՞շտ էր լինելու։ Ջոնին Ջոնի չէր լինի։ Այն Ջոնին, որի մասին ես այսօր ուզում եմ պատմել, մի գեղեցիկ սապատ էր կրում իր ուսերին։ Այդ Ջոնին Բարձրյալի պարգևած ծանրությունը կրում էր արժանապատվորեն, առանց ճակատագրի դեմ ընդվզելու։ Թե ներսում ինչ էր զգում, չգիտեմ։ Նա իր մասին երրորդ դեմքով էր արտահայտվում։ Կանգնում էր Սպիտակ տան մուտքի աստիճաններին (Երևանում էլ Սպիտակ տներ կան) և անցնող-դարձող ուսանողներին ասում.
-Մատղաշներ ջան, Ջոնին ձեր ծիծիկներն ուտի։ Եկե՜ք, եկե՜ք բազմեք Ջոնիի սապատի վրա. նա ձեզ ման կտա աշխարհի ազնվագույն փողոցներով։
Իհարկե, աղջիկներից ոչ մեկը Ջոնիի սապատին բազմած աշխարհը չափչփելու ցանկություն չէր արտահայտում։ Ավելի հաճախ արհամարհանքով նայում էին և, նկատելով նրա հաշմանդամությունը, առանց կոպտելու հեռանում։
-Տեսա՞ր,- իմ կամ բանաստեղծ Րաֆֆիի կողմը շրջվելով` ասում էր,- տեսա՞ր, էն մեկը հայացքով Ջոնիին ուտում էր։ Մի քիչ էլ որ նայեի, ծիծիկներից ավիշ էր ցայտելու։
Ես կամ բանաստեղծ Րաֆֆին գլխով էինք անում։
-Սուտ եք ասում,- բղավում էր Ջոնին,- չեք տեսնում։ Էդ քոսոտ կաֆեներում նստում և էշ-էշ դուրս եք տալիս՝ Ռեմբո՜... Կաֆկա՜... Տոլստոյ։ Ամեն ծիծիկը մի աշխարհ է։ Կարա՞ք վրձնեք, կամ բառերով գրեք... չեք կարա։ Որովհետև ռամիկ եք, ազնվականի քիմք չունեք, որովհետև էգ տղամարդկանց մեջ եք մեծանում։ Ջոնին սիմֆոնիա է գրելու՝ ծիծիկների սիմֆոնիան։ Ռամիկներ, էդ կլոր, թրթռուն սիրուն բաների մեջ լիքը հնչյուն է, թեթև հպվես՝ սիմֆոնիան կհորդի։
-Ջոնի՜,- ասում էր բանաստեղծ Րաֆֆին,- հիմարություններ ես դուրս տալիս։ Ավելի լավ է քրքրիր գրպաններդ և եթե այնտեղ, պատահաբար, Լենին պապիկներ հայտնաբերես, իմացիր, որ ճիշտ ժամանակն է դրանք Ժիգուլևյան մրցանակի ներկայացնելու։
Այն ժամանակ մենք Առաջնորդի դիմանկարներով մետաղադրամների վախճանը գարեջրատներում էինք տեսնում։
-Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ի՞նչ է,- ասաց Ջոնին ու քայլեց մեր իմացած ճանապարհով։
Առանց ծպտուն հանելու հետևեցինք նրան։ Բարեբախտաբար, մեզ գոհացնելու չափ փող նա միշտ էլ ունենում էր. նրա երգերը հնչում էին բեմերից, եթերից, ռեստորաններում և հոնորարների տեսքով վերադառնում տիրոջը։ Քայլելիս շուտ էր հոգնում։ Ձևացնում էր, թե շատ կարևոր մի բան է ասելու, կանգ էր առնում, շունչ քաշում։
-Ո՞վ է Մաշտոցը։
Բանաստեղծ Րաֆֆին, ում ուշքն ու միտքն արդեն սրճարանում էր, ասում է.
- Ջոնի, խիղճ ունեցիր, ծարավ եմ։
- Լսի՛ր, ռամիկ,- նրան էր դիմում Ջոնին,- մի՞թե քո մեջ ազնվականության մի նշույլ էլ չկա։
-Ազնվական հեղուկի քաղց եմ զգում,- ասաց Րաֆֆին,- փրկիր ինձ, Ջոնի՜։
-Դու էլ ես ռամիկ,- իմ կողմը շրջվեց նա,- ասա՛, ո՞վ է Մաշտոցը։
-Հայկական այբուբենի արարիչը,- հեգնեցի` Ջոնիին շունչ քաշելու ժամանակ տալու համար։
-Այբուբենն ի՞նչ է,- քմծիծաղելով հարցրեց նա։
-Տա՛ռ,- նետեցի։ Հետո փոշմանեցի ու ասացի՝ ծիծիկ։
-Ապրես,- ասաց Ջոնին,- տառը կաշի է, Մաշտոցը նրա մեջ թրթիռ լցրեց, հնչյուն լցրեց և ստացավ ի՞նչ... ծիծիկ։ Չարենց որ կարդում ես, չե՞ս զգում, ոնց են բառերը ծիծիկների պես թրթռում։
-Ջոնի՛,- ասաց բանաստեղծ Րաֆֆին,- չխմածս օղին քթիցս բերիր։
-Տեսա՞ր,- ինձ դիմեց Ջոնին,- խանդում է։ Գիտի, որ ինքը սատկած բառերով է գրում։
Հուրախություն Րաֆֆիի` հասանք սրճարան։ Նա խոր շունչ քաշեց և սկսեց ազատ տեղ փնտրել։ Կարծես թե գտավ։ Ջոնին ընդգրկուն հայացքով յուրացրեց միջավայրը, արհամարհական ձեռքը թափ տվեց և ընդգծելով, որ ինքը սխալմամբ է հայտնվել այնտեղ, ասաց.
-Ես այս թափթփուկների որջում չեմ նստի։
Բանաստեղծ Րաֆֆիի համբերությունը հատավ։ Նա ջերմորեն ընդունեց հեռավոր սեղանից իրեն հղված ողջույնը և ասաց.
-Ես գնում եմ խմելու։
Ջոնին, որը քայլում էր դեպի սրճարանի ելքը, շրջվեց ու ասաց.
-Ջոնին միայն իր մահվան օրը չգիտի։ Մեր պոետն ամեն շերեփուկի հետ սեղան է նստում։ Կողքի նստածը գիտե՞ս ով է։
-Ո՞վ է,- հարցրեցի։
-Էգ տղամարդուն ի՞նչ են ասում, հենց էդ է։
Այդ բնորոշմանն արժանանում էին ամենքը, ովքեր Ջոնիի քիմքին չէին նստում։
-Լավ,- ասաց Ջոնին,- նստենք էն ազատ սեղանին։
Ջոնին մատուցողի միջոցով մի շիշ օղի ուղարկեց բանաստեղծ Րաֆֆիին։
-Մեր ընկերն է, թող իրեն լավ զգա էդ... երի մեջ։
Րաֆֆին, օղին ստանալուն պես, ձեռքը դեպի Ջոնին պարզած` բղավեց.
-Ջոնի՜, իմ կարոտի ընկեր, օրհնվի էն սհաթը, որ դու լույս աշխարհ եկար։- Ջոնին փնթփնթաց.
-Մի՛ բարբաջիր:
Սկսեցինք խմել, և Ջոնին առաջին բաժակը դատարկելուց հետո ասաց.
-Սովետը շուտով քանդվելու է: Ջոնին ասել է ու կասի... Գիտե՞ս ինչու է քանդվելու։
-Չգիտեմ,- կմկմացի,- հազար պատճառ կա։
-Էգ տղամարդկանց երկիր է, հացի մեջ թրթիռ չկա, ականջիդ մոտ պահիր, երաժշտություն լսո՞ւմ ես, չես լսում։ Այ, էս օղին, որ խմում ենք, մեջը շունչ չկա, մեռած է։ Օդն էլ է էգ, ծիծիկի թրթիռն ըմբոշխնող տղամարդու պակասից է քանդվելու։
-Ջոնի՜,- հեռվից բղավում է Րաֆֆին,- մի՛ հայհոյիր այս աստվածային հեղուկը, մեղք է։
-Քեզ միայն լակելու բան տան,- քրթմնջաց Ջոնին։
Մենք խմում էինք։ Քաղաքականապես տհասների մտերմությունը երկիրը կործանումից փրկելու ոչ մի ելք չէր գտնում։ Ես հայհոյում էի առաջնորդներին, իսկ Ջոնին իր անհագուրդ տղամարդկությունից էր դժգոհում։
-Քո կինը քեզ հետ առևտուր անո՞ւմ է,- հարցնում է Ջոնին։
-Մի օր ես եմ շուկա գնում, մի օր էլ կինս,- ասում եմ։
-Ռամիկ,- ասում է Ջոնին,- խոսքս տղամարդու և կնոջ առևտրի մասին է։
Հետո պատմում է, որ ինքը կնոջից չի հագենում։ Հետո ավելացնում է, որ կինը մեղավոր չէ, որ Աստված իրեն անհագուրդ է ստեղծել։ Հետո դժգոհում է, որ գիշեր թե ցերեկ, բաց թե փակ աչքերով, ինքը ծիծիկների հոսքն է տեսնում։ Հետո հրճվում է.
-Ջոնիի գլուխգործոցը «Ծիծիկների սիմֆոնիան» է լինելու։ Ով լսելու է՝ կլսի, ով տեսնելու է՝ կտեսնի։
-Ջոնի՜,- հեռվից բղավում է բանաստեղծ Րաֆֆին,- ինձ համար մի շիշ օղի հորինիր, այնպիսին, որ մեջը թրթիռ լինի, որ որձ լինի և մեջը լիքը երաժշտություն։
-Ռամի՛կ,- շնչահատ ասում է Ջոնին,- խմիր այն, ինչին արժանի ես։
Ավելի շուտ, քան ենթադրվում էր, Ջոնին իր սապատն ուսած հեռացավ աշխարհից։ Մի մեծ ողբերգություն չէ, որ նա «Սովետի քանդվելը» չտեսավ։ Ցավն այն է, որ այսօր չկա այն մարդը, ով ստույգ կարող է ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, ով է էգ, ով՝ որձ։ Ճիշտ է, ես Ջոնի չեմ, բայց «քաղաքականապես տհասի» իմ համարումն ինձ թույլ է տալիս մեկ օրով ինձ Ջոնի զգալ։ Ապագա միլիոնատիրոջ աթոռից փախչում և հայտնվում եմ հրապարակի ճիշտ կենտրոնում։ Զգում եմ, թե ինչպես է իմ միջից սապատն ուսերիս բարձրանում։ Դիմում եմ փոքրավորին և մեծավորին. «Ռամիկներ, չե՞ք տեսնում, որ ձեր ծամած հացի մեջ երաժշտություն չկա, ձեր արտաբերած բառերը սատկած են, ձեր շնչած օդը էգ է»։
Ինչ-որ ոստիկան է ինձ մոտենում։ Մոտենում է, թող մոտենա։ Զանգվածային անկարգություններ հրահրելու քրեական հոդվածը Ջոնիից փոխ առած սապատի վրա ո՞նց է տեղավորվելու։ Տեղավորվում է, թող տեղավորվի, հերն էլ անիծած։ Ինչի՞ մասին եմ մտածում, երբ բանը բանից անցել է։ Ջոնիի սապատը ուսած հետևում եմ ոստիկանին։
-Ես չեմ,- ասում եմ նրան,- և սա իմ սապատը չէ։
-Իհարկե,- ասում է ոստիկանը,- Պողոս առաքյալի սապատն է։
-Ո՛չ,- ասում եմ,- Ջոնիի սապատն է։
-Ոչինչ,- ասում է նա,- սապատի համար դատ չի հասնում, բայց լեզվի համար մի չորս տարի կշալակես։ Ի՞նչ ես կարծում,- շարունակում է,- եթե երկու կամ երեք միլիոն մարդ իրենց սապատներն առած հրապարակ մտնեն, ի՞նչ կլինի։
-Չգիտեմ,- պատասխանում եմ և պարզորոշ զգում, թե ինչպես է Ջոնիի սապատը նորից ներծծվում մարմնիս մեջ։
Հիշում եմ մանկությունս։ Կոլտնտեսությունը կեռասի այգի ուներ, որը պահպանում էին երկու տարեց մարդ։ Գողության հերթական փորձերից մեկի ժամանակ պահակն ինձ հենց ծառի ճյուղին կալանեց։ Որքան ուժ ունեի, բղավում էի.
«Ե՛ս չեմ... ե՛ս չեմ»։ Պահակը քահ-քահ ծիծաղելով` ընկերոջը ձայն տվեց. «Սեդրա՜կ, հորդ Աստծուն մեռնեմ, մեկին բռնել եմ, ասում է՝ ես չեմ։ Տեսնես ո՞վ կլինի»։
Ոստիկանությանը տված ցուցմունքս կարճ ստացվեց։ Ջոնիի անունը չշոշափեցի։ Պատմեցի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի եզրափակիչ հարցի մասին։ Գրեցի, որ առաջարկված չորս տարբերակների մեջ ճիշտ պատասխանը չկար։ Իսկ քննիչի հարցին, թե որն է ճիշտ պատասխանը, ասացի՝ ծիծիկների սիմֆոնիա։ Մի հոդված էլ արդարադատության հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար ավելացրին։ Հիմա ես և Ջոնին, երկու քաղաքականապես տհաս անձնավորություններ, մեր պատիժն ենք կրում. Ջոնին այն բանի համար, որ մեռած է, ես՝ որ իբր ապրում եմ։

Դիտվել է՝ 5942

Մեկնաբանություններ