Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խմբագրվում է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը

Խմբագրվում է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը
24.01.2024 | 15:09

Մեր թշնամին անգամ օսմանյան կայսրության ամենածանր գրաքննության շրջանում չկարողացավ հասնել իր ծրագրի իրականացմանը` խմբագրել ու հայ նոր սերնդի գիտակցությունից ջնջել իր ողջ անցյալը։ Մեր մեծերն անգամ այդ շրջանում գտնում էին ուղիներ, թե ինչպես պահել հայ ազգային դպրոցը, հրատարակել պարբերականներ, որոնք սերմանում էին ազգային-ազատագրական պայքար, հայ մշակույթ ու հայ դպրություն։

Եվ որևէ հայ մարդ երբևէ չէր կարող մտածել, որ ունենալով անկախ պետություն` ստիպված ենք լինելու մեր պատմությունն ու ժառանգությունը պաշտպանելու համար ծանր պայքար տանել հենց մեր երկրի ներսում։ Մինչդեռ պատմության ընթացքում ազգերը ձգտել են անկախություն նվաճել կամ պետականությունը վերականգնել հենց դրա համար` թշնամիների ոտնձգություններից ու նենգափոխություններից սեփական ինքնությունը պաշտպանելու, իր պատմության իրավատերը լինելու համար։

Ամիսներ առաջ շրջանառության մեջ դրվեց, այսպես կոչված «7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը», որի հակահայ ու հակագիտական բովանդակության մասին բազմիցս է խոսվել։ Էլի է գրվելու, քանի դեռ չի խոտանվել մեր ազգային գոյության, ազգային-անվտանգության սպառնալիք` այդ դանդաղ գործող «ականը»։

Սակայն ապազգային խմբակի գործունեությունն այսքանով չավարտվեց։ Հիմա էլ անցել են հաջորդ փուլին. շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որով նախատեսվում է փոխել ՀՀ կառավարության կողմից 2010 թվականին ընդունված օրենքը, և խմբագրել հայագիտական առարկաների դասավանդման ողջ մեթոդիկան ու բովանդակությունը, «Հայոց պատմություն» առարկան էլ վերանվանել «Հայաստանի պատմություն»։

Այսպիսով, ամեն ջանք գործադվում է` ջնջելու հայ ժողովրդի պատմության ամբողջ շղթան։

Ասել է` չեն եղել Հայկական բարձրավանդակում ստեղծված մեր առաջին պետական միավորումները` Արատտան, Հայասան, չի եղել Վանի թագավորությունը, չի եղել Արտաշեսյան թագավորությունը, Արշակունյաց թագավորությունը, չի եղել Բագրատունիների թագավորությունը, չի եղել Կիլիկյան Հայաստանի թագավորությունը և առհասարակ, գոյություն չի ունեցել հայերի և աշխարհի մյուս հին ժողովուրդների հետ պատմա-մշակութային առնչությունների պատմություն:

Օրինակները պատահական չեմ նշում, և մեր պատմությանը քաջագիտակ ամեն հայ գիտի, թե դրանցից յուրաքանչյուրի գոյությունը պատմական որ դարաշրջաններն է ընդգրկել։ Խմբագրելով ընդամենը մեկ իմաստային ու չափազանց կարևոր բառ` «Հայոց պատմություն», ջնջում են մի ամբողջ ժողովրդի պատմություն։

Վտանգված են մեր գոյության հիմքերը։ Հայ ժողովրդի պատմությունը ազգի Կենաց ծառի գլխավոր արմատն է։

Հայ նոր սերնդի մեջ մեր անցյալի այդ կենարար արմատը սպանելով` մեր ներկան ու ապագան են վտանգում։ Սա միտում ունի մեզ դարձնելու մի անանցյալ գոյություն, որի պատմությունն առնվազն սկսվում է Հայաստանի երրորդ հանրապետությունից։ Երևի պետք է երազենք, որ գոնե 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո ծնունդ առած Առաջին Հանրապետության մասին խոսվի։ Չնայած անգամ դրա ակնկալիքը չենք կարող ունենալ այս պարագայում, քանի որ դա հզոր կռվան է տալու հայ նոր սերնդին` մտածելու, որ ինքը զավակն է մի հին ու ազնվական ժողովրդի, ով Հայոց ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց արյան` այդ վերջին թանկ կաթիլը տվեց ահեղ մարտերում ու նորից վերադարձավ աշխարհի քաղաքական քարտեզ` պետականությունը կորցնելու շուրջ ութ հարյուր տարվա դադարից հետո։ Եվ որ ամենակարևորն է , այդ ժամանակ Արցախը չէր գտնվում մեր հարևան արհեստածին պետության կազմում։

Սա խաչակրաց արշավանք է, որին մենք էլ մեր պայքարը պիտի հակադրենք։

Եվ ահա ստորև տեղադրված հղումով քվեարկության է դրված սույն օրինագիծը, որով փորձում են խմբագրել մեր անցյալը։

Առաջարկում ենք հղումով անցնել ու քվեարկել ԴԵՄ ` ցույց տալով մեր դիրքորոշումը։

Թեև բոլորս ենք հասկանում, որ առցանց քվեարկության վերջնական արդյունքների վրա ազդելը դժվար է։

Իրական, ավելի մեծ պայքարը դեռ առջևում է։

Տեր լինենք մեր արմատներին, որ վաղն ուշ չլինի:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հղումը` https://www.e-draft.am/projects/6771

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ