Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք լինելու

Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով  մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք լինելու
20.12.2023 | 07:26

Ընդամենը ամիսներ առաջ ԱՄՆ-ը ռուս-ուկրաինական պատերազմի մասով ՈՒկրաինային ասում էր՝ կօգնենք ձեզ այնքան, ինչքան դա տևի՝ դրա անհրաժեշտությունը լինի (բառացի՝ as long as it takes).

Հիմա, երբ ռուսները շատ արագ սովորեցին նոր անօդաչու տեխնոլոգիաներ կիրառել, արդյունավետ պաշտպանական գծեր սարքեցին, մի քանի հարյուր հազար զորք հավաքեցին ու ջարդեցին տասնյակ միլիարդների արևմտյան ռազմական տեխնիկան, ԱՄՆ-ը կարծես տրամադրվում է զիջումների: Մասնավորապես, արդեն սկսել են խոսել կօգնենք այնքան, ինչքան կարողանանք (բառացի՝ as long as we can).

As long as it takes -ը սահուն դարձավ as long as we can, որովհետև ԱՄՆ-ի նպատակը ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը կամ այդ մարդկանց ազատությունը չէ, նրանց նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, մաշացնելը, և կարծես դա ստացվել է (դեռ պատերազմի սկզբում եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ էշություն էր ռուսների կողմից ՈՒկրաինայի վրա հարձակվելը):

Մասնավորապես, արևմտյան զանազան վերլուծաբաններ խոսում են այն մասին, որ, չնայած անօդաչուների կառավարման և արտադրության մեջ հաջողմանը, ռուսական հետևակը 10-15 տարի հետ ընկավ, մասնավորապես, պատերազմի սկզբում փորձառու հարյուր հազարներ զոհվեցին, իսկ նորերին մարզելն ու մարտական վիճակի բերելը տարիների գործ է, նույնիսկ՝ տասնյակ տարիների:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կարողացավ Եվրոպային մեծ հաշվով կտրել ռուսական վառելիքային ռեսուրսից (չհաշված Ադրբեջանի միջոցով ռուսական վառելիքի արտահանումը դեպի Եվրոպա, որը քիչ քանակ է) ու էլի օգտվեց ինքը. Օրինակ, Գերմանիան նավով հեղուկ գազ է առնում ԱՄՆ-ից:

Ինչևէ. Սա քննադատություն չէ ԱՄՆ-ի հասցեին: Ավելին, ես ամբողջությամբ հասկանում եմ այս քաղաքականության տրամաբանությունը, քանի որ ինքս էլ որոշ չափով ամերիկյան քաղաքական մշակույթի կրող եմ: Այստեղ հարցը ուկրաինացիներն ու մենք ենք (օգտագործվողները): Իսկ ավելի կոնկրետ՝ մենք:

Մեզ թվում է, որ մեր փոխարեն գալու են կռվեն, որ պետությունը պահելու համար բավարար է ինչ-որ թղթեր ստորագրել: Եվ սա նաև հետևանք է նրա, որ շարունակաբար հայկական «քաղաքական վերլուծաբանները» կեղծ օրակարգերով կերակրում են հանրույթին (կարծում եմ՝ իշխանությունների պատվերով) և սրանով զրկում են մեզ պաշպանունակությունից.

Քաղաքացին, տո նույնիսկ ընդդիմություն կոչվածի մի ստվար հատված կարծում է, թե Արևմուտքը չի թողնի, որ Ադրբեջանը մեզ վրա կրկին հարձակվի: Եվ սա հետևանք է նաև այս չակերտավոր քաղաքագետների գործունեության, ի լրումն՝ սրանց քաղաքական անգրագիտության:

Ռուսաստանից անկախանալը մեկ օրվա հարց չէ. Չես կարող 20-30 տարի տնտեսությունդ, տնտեսական ենթակառուցվածքներդ ամբողջովին դնել Ռուսաստանից կախվածության մեջ և մի տարում որոշես անկախանալ. Շարունակաբար սա ասում եմ, բայց շատերի գլուխը սա չի մտնում:

Այո, Հայաստանը անկախ չէ, անկախ լինելու համար դրան ձգտել, աշխատել ու արժեք է պետք ստեղծել, որպեսզի ունակ լինես ինքնուրույն որոշումներ կայացնելու և ինքնուրույն անվտանգային համակարգ սպասարկելու:

Ավելին, սա անելու համար պետք է որակյալ առաջնորդություն ունենանք, որոնք առաջնորդվում են ազգային շահով (նախ՝ դա հասկանում են), ներառականության, ժողովրդավարության, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու կառավարման սկզբունքներ են հասկանում և որդեգրում: Եվ միայն այս դեպքում ենք կարողանալու ինչ-որ պահի անկախ լինելու ճանապարհին կանգնել:

Առկա իշխանություններով և առկա քաղաքական դաշտով մենք դատապարտված ենք այլոց ձեռքին գործիք և ստրուկ լինելու: Եվ էական չէ, օգտագործվելու ենք ռուսի՞, ամերիկացու՞, թե՞ թուրքի կողմից: Ռուսասերները տենչում են ռուսի կողմից օգտագործվել, ամերիկասերները՝ ամերիկացու, ֆրանսիասերները՝ ֆրանսիացու...Եվ այս համատարած ստրկամտության տիրույթում ես չեմ տեսնում այն քաղաքական ուժերին, որոնք հայկական շահերով առաջնորդվող պետության քարոզ են անում: Կարծես այս օրակարգը գին չունի: Հապա էլ ինչի՞ց ենք բողոքում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ