ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ապազգային տարր, ուրիշ ոչինչ

Ապազգային տարր, ուրիշ ոչինչ
12.12.2023 | 13:15

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Ինչքա՜ն պետք է ստոր ու պիղծ լինես, որ խեղաթյուրելով արժեզրկես պատմությունդ, դեպքերն ու իրադարձությունները, սեփական թշվառությունդ ու ապիկարությունդ էլ բարդես իրավիճակի, նախկինների, սրա-նրա վրա:

Թե բա՝ «Բանակցային այն իրավիճակում, որ մենք էինք ժառանգել, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումն ու զրոյացումը»:

Վարչապետ կոչվածի այս նոր բացահայտումը բնականաբար չէր կարող անարձագանք մնալ.

«Փաշինյանի աղմկահարույց խոստովանությունը» վերտառությամբ հոդվածները ծփում են ադրբեջանական մամուլի երկնակամարում:

«Վովաևիչը հաստատեց, որ դեռևս 90-ականների կեսերից անխուսափելի էր ԼՂ-ի լուծարումը, որ ինքնորոշման կամ անկախության տարբերակներ չեն եղել։

Որ դրանք անհնարին են եղել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումների պատճառով:

Որ 1996 թվականին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովում Հայաստանը փորձել է պարզել, թե ինչ են նկատի ունեցել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի իրացման մասին խոսելիս և իմացել, որ դրա ամենաբարձր դրսևորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում:

Փաստորեն՝ առաջին անգամ Հայաստանի վարչապետն ուղղակիորեն հայտարարեց, որ Երևանն այս 30 տարիների ընթացքում գիտեր, որ Ղարաբաղի հարցը փակուղային է, և իրենք չեն կարողանալու այն լուծել իրենց օգտին։

Որ Լիսաբոնի գագաթնաժողովը դարձավ Ադրբեջանի դիվանագիտական մեծ հաղթանակը և որ ԵԱՀԿ-ն հստակորեն ու մեկընդմիշտ ուրվագծեց Ղարաբաղում հայերի ինքնորոշման սահմանները՝ փակելով Հայաստանի համար իրական աջակցություն ստանալու հնարավորությունը:

Այսինքն՝ հայկական ողջ գաղափարախոսությունը, նրանց պետական քաղաքականությունը, դիվանագիտությունը և Հայաստանի ղեկավարների վերջին տասնամյակների բոլոր հայտարարությունները կամ ֆարս են կամ՝ բացահայտ սուտ։

Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանը վերջապես խոստովանեց դա»։

Խոսքեր չունեմ…

«Բրա՜վո՜», Փաշինյան…

Նման էվրիկա, նման ապշեցուցիչ, աբսուրդային սենսացիոն անհեթեթություն, հակապետական ու ապազգային պարադոքսալ վերլուծություն ու նման ֆանտաստիկ պատասխան կարող էիր տալ միայն դու՝ քաղաքական մանկուրտդ, որից էլ պետք է օգտվեր թշնամին:

Նման կերպ խեղել Մադրիդյան սկզբունքները, նենգափոխել Կազանյան ու Քի-ուեստյան հանդիպումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործառույթները, իսկ այսօր էլ Լիսաբոնյան գագաթնաժողովը՝ տրված է բացառապես քեզ:

Առ այսօր Կիպրոսի ղեկավարները չեն ճանաչել Հյուսիսային Կիպրոսի «թուրքական հանրապետությունը», Սերբիան՝ Կոսովոյի, Վրաստանը՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Չինաստանը՝ Թայվանի անկախությունը, բայց հենց դու՝ «դուխով» ղեկավարդ, պետք է Արցախը ճանաչեիր Ադրբեջանի մաս, 30 տարին կեղծիքի ու ստի տարիներ հռչակեիր, մեզ էլ օկուպանտ ու նվաճող կարգեիր:

Հիմա ինչպես չասեմ՝ ա՛յ «ընկեր»,

մինչև 2020 թվականը չի եղել աշխարհի երեսին որևէ պետության ղեկավար, անգամ Էրդողանը, ով ասեր՝ Արցախը ադրբեջանական է:

Դու՛ պետք է պատմության մեջ լինեիր այն բացառիկ մեկը, ով այն ադրբեջանական համարեր և հանձներ թշնամուն:

Մինչև 2020 թվականը չի եղել աշխարհի երեսին որևէ պետության ղեկավար, ով կասկածի տակ դներ միջազգային իրավունքով օժտված, բոլոր երկրների կողմից հաստատված միակ մանդատակիր կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեթյունը, որին է առ այսօր բացառապես վերապահված զբաղվելու բանակցային գործընթացով, ինչպես նաև ԼՂ հակամարտության հանգուցալուծումը:

Բանակցային որևէ ժամանակահատվածում, որևէ հանդիպման ժամանակ, որևէ մեկի կողմից չի եղել գեթ մեկ դեպք, որ խոսվի Արցախն ադրբեջանական լինելու մասին:

Առավել ևս՝ որ այն այդպես ընդունվի ու փաստաթղթավորվի:

Իսկ Լիսաբոնում ընդհակառակը, այնպիսի դիվանագիտություն է բանեցվել ու արդյունք գրանցվել, որ հաջորդող հանդիպումները որակապես զիջել են:

Հիմա դու ի՞նչ կինո ես պատմում, լապշան էլ կախում ժողովրդիդ ականջներին:

Ստացվում է՝ 96-ից ելք չկար, բայց ելքը գտնվեց ու հակամարտությունը հանգուցալուծվեց 2020 թվականին:

Այն էլ՝ պատերազմի միջոցով, հողերի հանձման ու զոհերի գնով:

Բա «Արցախը Հայաստան է և վերջ» էյֆորիկ հայտարարությունդ ինչի՞ մասին էր կամ ու՞մ համար էր:

Եթե այդքան բան գիտեիր, բա ինչու՞ դիմեցիր

արկածախնդրության, որի արդյունքում ստացանք պատերազմ, պարտություն, տարածքային և մարդկային կորուստներ:

Բա ինչու՞ պատերազմի թեժ օրերին խոսում էիր Արցախի անկախությունը ճանաչելու կամ «Անջատում հանուն փրկության» մասին:

Իհարկե, հանուն իշխանության ու աթոռի պահպանման, որի համար դարձյալ ծանր գին է վճարելու հայ ժողովուրդը մոտ ապագայում:

Իհարկե, դրա արդյունքում, որի պատճառով Արցախի կորստի, պետականության ու սուբյեկտայնության կործանման ճարտարապետը դարձար:

Անգամ Ալիևն է ուղիղ տեքստով դա ասում:

Կամ ո՞վ ես դու, որ արհամարհես 1992 թվականի հուլիսի 8-ի՝ ՀՀ Գերագույն Խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ-ի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված լինի Ադրբեջանի կազմում:

Հասկացանք, որ դու «թիվ մեկ պատասխանատուն ես, բայց ոչ թիվ մեկ մեղավորը», որ «փրկիչ-հերոս ես», որ «պայմանավորվել ենք՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարի», որ հայրենիքը բացառապես այս պահին առկա պետությունն է, որ Արարատը Հայաստան չէ, Թուրքիա է, Արցախը Հայաստան չէ, Ադրբեջան է, որ հայկական դրամին ՀՀ զինանշան այլևս պետք չէ, Տիգրան Մեծը հերոս չէ, Մեծ Հայքի քարտեզը պատմաբանների երևակայության արդյունք է, Գառնու տաճարը հռոմեական հավաբուն է, Քարահունջը՝ ռագատկի քար, բանակն էլ՝ 5-րդ շարասյուն:

Գիտե՛մ, դու մեղավոր չես, մենք ենք մեղավոր:

Դու սուրբ ես ու անմեղսունակ:

ՈՒղղակի, երբ գայլերի մեջ գառը դու ես,

բայց քո սուրուի մեջ առյուծ ես խաղում, երկրիդ ու ժողովրդիդ վիճակը հազիվ էլ սա լինի:

Ինչևէ, իրոք չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչ գնահատական տամ այս ինտրիգային ու մառազմատիկ կերպարին:

Միայն կհամաձայնեմ Տեր-Պետրոսյանի՝ «Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հասկանում քաղաքականությունից։

Ես նրան համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքը։

Նա տեղով սպառնալիք է այս ազգին․

Ազգակործան պատուհաս է, կեսն արդեն կործանել է, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանանք» արտահայտած մտքի հետ:

ՈՒղղակի, ամեն անգամ տեսնելով այս ամենը, նողկանք եմ ապրում:

Հիասթափության ու համբերության սահմանն այլևս հատված է:

Հիասթափված եմ նաև մեր բոլորի ընդհանուր վարքից:

Երբևիցե չէի պատկերացնի, որ մեր ժողովուրդն այսքան կորուստն ու արհավիրքն աչքի առաջ կդրսևորեր կատարյալ անտարբերություն, Արցախի կորուստը կընդուներ այսքան թեթև, կհանդուրժեր սրանց, կհամակերպվեր այս աստիճան նվաստացումների ու ստորացումների հետ:

Սա մեր ազգի տոտալ ողբերգությունն է, մեր բոլորի ամոթն է ու խարանը:

Ակամա հանգում եմ այն նույն համոզմանը, որ

ամեն ազգ արժանի է իր ղեկավարին..:

Գուցե սա մեզ խրատվելու համար մի լավ դաս է ու ապտակ:

Ամեն դեպքում՝ չի հաջողվելու անդեմ ու անհայրենիք մեզ դարձնել:

Իսկ Ալիևը պետք է հասկանա, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն իրականում շինծու լակմուսի թուղթ է, չի արտացոլում հայ ժողովրդի կամարտահայտությունը, քանզի չի երաշխավորում իրական ու կայուն խաղաղություն:

Մանավանդ, երբ այն զոռբայությամբ ատորագրել պարտադրողը չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:

Այնպես որ՝ «խաղաղության պայմանագիր»կոչվածն Ալիևը ստորագրում է, ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի հետ, այլ կոնկրետ այս պահին գործող իշխանության և ի դեմս Նիկոլ Փաշինյանի հետ:

Որն էլ ի դեպ, իրեն նման սոսնձված աթոռով հանդերձ ժամանակավոր է:

Դա մի թղթի կտոր է, որը ռևանշի, վրեժի, վենդետայի դեմը չի առնելու, հային իր հայրենիքից ու հայրենատեր լինելուց չի զրկելու:

Քանզի իրական խաղաղությունը թղթով չէ, որ պետք է հաստատվի:

Մնում է ասել՝

Տո՛, դուք ի՞նչ մարդ եք,

Տո՛, դուք ի՞նչ գիտեք՝ հայրենիքն ինչ է,

Մասիսն ուրացող ա՛յ ողորմելիներ:

Դուք վաճառել եք արյուն և հողեր,

Ապագա կերտում մահով արնաբեր

Տո՛, դուք ի՞նչ գիտեք՝ ի՛նչ է Հայաստան,

Անդոկ, Մուսա լեռ, Մռավ ու Սիփան,

Տիգրիս ու Եփրատ, Արաքս, Ախուրյան,

Մուշ, Ադանա, Շուշի ու Վան,

Էջերը թերթե՛ք մեր ողջ պատմության:

ՈՒ այս տեսակով կասեք, թե հա՞յ եք,

Թե ասեք՝ այո, ամոթ է, լռե՛ք:

Երես ունեցեք՝ չքվե՛ք, գնացե՛ք:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Մեկնաբանություններ