Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Էրդողանի Թուրքիան հեգնում է Կրեմլին ու Սպիտակ տունը

Էրդողանի Թուրքիան հեգնում է Կրեմլին ու Սպիտակ տունը
10.10.2020 | 10:41

Ադրբեջանի հարձակմանը Անկարայի աջակցությունը ակնհայտ ցույց է տալիս՝ ինչպես միջին տերությունը կարող է զսպել ռուս և ամերիկացի ծանրքաշայիններին՝ գրում է Ալեն Ֆրաշոնը Le Monde-ում: Ու՞ր մնաց ԱՄՆ-ի առաջնորդությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, առանց իր «դաշնակիցներին» զգուշացնելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ճակատ է բացում: Ու՞ր մնաց Ռուսաստանի գերազանցությունը իր ավանդական «ազդեցության գոտում», որտեղ Թուրքիայի աջակցությամբ սովետական նախկին հանրապետություն Ադրբեջանը հարվածում է մեկ այլ հանրապետության՝ Հայաստանին: Վիթխարի հավակնություններով տարածաշրջանային պետությունը՝ Էրդողանի Թուրքիան, հեգնում է Կրեմլին ու Սպիտակ տանը: Ո՞րն է Բաքվի նպատակը: Փորձել վերադարձնել հողերի մի մասը, որ կորցրել է անցյալ դարի պատերազմու՞մ: Վերսկսել միջազգային բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյա՞լ: Մոսկվան ուսումնասիրում է, հրադադարի կոչէր է անում, միով բանիվ՝ տատանվում է՝ ինչպե՞ս վարվել: Ադրբեջանի հարձակումը ծրագրել ու նախապատրաստել են այն ուժերը, որոնց ավանդաբար զինում է Ռուսաստանը: Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները ևս սենտիմենտալ են՝ ընկեր «հայր» Ալիևը՝ Հեյդարը, ներկա նախագահ Իլհամ Ալիևի հայրը, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ էր: Կապերն ամրապնդվել են օղու բաժակով ու «Ինտերնացիոնալ» երգելով: Դա կատակ չէ: Հայտնի՞ են Պուտինին երիտասարդ Ալիևի մտադրությունները: Կրեմլի մեծ ստրատեգին միշտ կարելի է վերագարել մաքիավելիական ինչ-որ դրդապատճառներ, որ մղել են տարածաշրջանում վերականգնել պատերազմը առժամանակ: Օգուտը դժվար չէ տեսնել: Կոնֆլիկտի մյուս կողմում Ռուսաստանն ավելի շատ է ներկա՝ Հայաստանի հետ կապված է պաշտպանության պայմանագրով, որ չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանը ռազմաբազա ունի Հայաստանում: Ռուսաստանն իրեն տանն է զգում և Բաքվում, և Երևանում:
Սովորաբար Կրեմլը հայերի ու ադրբեջանցիների միջև կռիվների դադարի ազդաշնան է տալիս, կողմերը ենթարկվում են իրենց զենքի մատակարարին: Բայց այս անգամ Բաքուն կարող է ինքնուրույն գործողությունների ավելի մեծ ունակության հույս ունենալ՝ շնորհիվ Էրդողանի Թուրքիայի: Թյուրքալեզու Ադրբեջանի գործը Ղարաբաղում դարձել է Թուրքիայի նախագահի գործը:


ԱՄՆ Կոնգրեսում, որ 20-րդ դարասկզբին թուրքահայերի սպանդը անվանեց գենոցիդ, հազիվ թե դրական գնահատվի ՆԱՏՕ-ի թուրք դաշնակցի հարձակումը Ղարաբաղի հայերի վրա: Ընդունված է կարծել, որ պատմությունը Թուրքիային պարտադրում է չեզոքություն պահպանել, համենայն դեպս՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Սակայն Թրամփը թուլություն ունի Էրդողանի նկատմամբ: Նրան հատուկ են իմպուլսիվ-դեսպոտիկ պահվածք, հանդգնություն ու փորձագետների վրա ծիծաղելու ունակություն, որ դուր են գալիս ամերիկացուն:


Այն պահից, երբ ԱՄՆ-ը որոշեց, որ ՆԱՏՕ-ում Թուրքիային պահելն արդարացնում է իր ներողամտությունը Էրդողանի բոլոր արարքների նկատմամբ, նա ստացավ գործողությունների լիակատար ազատություն, որ վարի տարածաշրջանային էքսպանսիոնիզմի քաղաքականություն՝ Կովկասում, Մերձավոր Արևելքում, Մագրիբում ու Արևելյան Միջերկրականում: ԱՄՆ-ը, իհարկե, ափսոսանք է հայտնում, բայց համաձայնում է: Ռուսաստանի դիրքորոշումը ավելի լավը չէ: Եթե Պուտինը կարծում էր, որ 2019-ին Էրդողանին С-400 հակահրթիռային համակարգեր վաճառելով, կշահի նրա նվիրվածությունը, սխալվեց: Այսօր Կրեմլի մեծ ստրատեգը հանկարծ պարզեց, որ դիմակայում է Թուրքիային ու նրա զորքերին, նվազագույնը, իր սրտին մոտ երկու ճակատներում՝ Սիրիայում, որտեղ Անկարան օկուպացրել է երկրի մի մասը, և Լիբիայում, որտեղ թուրքերն ու ռուսները հակադիր ճամբարներում են: Արդեն չխոսելով Կովկասի մասին, որտեղ Էրդողանը կռիվներ է հրահրում Կրեմլի երկու հովանավորյալների միջև: 1956-ին, երբ ԱՄՆ զայրացած նախագահ Դուայթ Էյզենհաուերը, որ տվյալ կոնկրետ իրավիճակում խրախուսեց ԽՍՀՄ-ը, հրամայեց բրիտանացիներին, ֆրանսիացիներին, իսրայելցիներին դադարեցնել ռազմական գործողությունները Եգիպտոսի դեմ, նրան լսեցին: 90-ականների սկզբին, երբ ԱՄՆ-ը խաղաղություն հաստատեց Բալկաններում, Մոսկվայի համաձայնությամբ, թնդանոթները նույնպես լռեցին: Ծանրքաշայինները դեռ ազդեցություն ունեին: Այսօր միջին քաշային Էրդողանը քթից բռնած պտտում է և Պուտինին, և Թրամփին:
Ալեն Ֆրաշոն, Le Monde


Հ.Գ. Միջազգային ու ռուսական մամուլը պատերազմի 13 օրերին բազմիցս արձանագրել է, որ այս պատերազմը Արցախում Թուրքիան վարում է Ռուսաստանի դեմ: Պատահական չէ, որ պատերազմի ողջ ընթացքում Պուտինը ոչ Էրդողանին, ոչ Ալիևին չզանգահարեց և անգամ Պուտինի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 6-ին, Էրդողանը նրան չշնորհավորեց: Սա տասնամյակներ Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատման հետևանքն է, որ նախ մեկուսացած երկու երկրներին Թուրքիային ու Ռուսաստանին, մերձեցրեց՝ ստեղծելով ընդհանուր շահերի պատրանք, ապա՝ իրար դեմ հանեց: Ադրբեջանին հարձակողական զենքեր վաճառելուց զատ՝ Մոսկվան սկսեց զինել Թուրքիային, լավ իմանալով Անկարայի ու Բաքվի «Մեկ ազգ, երկու պետություն» հարաբերությունները, որ միանշանակ Թուրքիային հնարավորություն էին տալիս այդ զենքերը փոխանցել Ադրբեջանին կամ ուղղել Հայաստանի դեմ, ինչը և արվեց՝ հավելյալ ամերիկյան զենքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ շատ է մտածելու անցած տասնամյակներում իր արտաքին քաղաքական սխալների մասին, որոնց ցանկում է Հայաստանին զարգանալու, տնտեսությունը զարգացնելու հնարավորություններ չտալուց զատ՝ Հայաստանը դատարկելու քաղաքականությունը: Այդ հիմա է ՀԱՊԿ-ը որոշում ընդունում իր տարածքում ռազմարդյունաբերական համակարգը զարգացնել ու համագործակցաբար զենքեր արտադրել, իսկ մինչ այդ Ռուսաստանը ոչ միայն Ս-4000-ներ էր վաճառում Անկարային ու պայմանավորվում Ս-500-ների վաճառքի մասին, այլև՝ Թուրքիայում համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների փոխանցման: Ոչ մի պատերազմ մեկ օրում չի սկսվում՝ նախապայմաններ ու դրդապատճառներ կուտակվում են տասնամյակներում, իսկ հետո պատերազմը դադարեցնելը շատ ավելի դժվար ու բարդ է դառնում նրանց համար, որ նպաստել են պայմանների ստեղծմանը: Հուսանք, որ Կրեմլում արտաքաին քաղաքական գերակայությունները կվերանայվեն: Փաստացի՝ ինչպես 20-րդ դարսակզբին, 21-րդ դարասկզբին էլ թուրքերն ու ռուսները իրենց հարաբերությունները կառուցում են հայերի հաշվին, այն ժամանակ մենք ցեղասպանությունից հետո հայրենիք կորցրինք, հիմա Թուրքիան ու Ռուսաստանը իրար դեմ են դուրս եկել Կովկասում ու պաշտպանելով մեր հայրենիքը՝ մենք պաշտպանում ենք Ռուսաստանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ