Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պատերազմը Ղարաբաղում՝ առաջին շաբաթ. ВВС

Պատերազմը Ղարաբաղում՝ առաջին շաբաթ. ВВС
06.10.2020 | 09:59

Սեպտեմբերի 27-ին սկսված կռիվների առաջին շաբաթը համոզիչ վկայություն է, որ սա մեծ պատերազմ է, ոչ թե ժամանակավոր լոկալ սրում, ինչպես նախկինում եղել է Ղարաբաղում: Եվ այս պատերազմում ադրբեջանիցների կողմից է անհամեմատ ավելի վճռական ու կոշտ, քան երբևէ անցած 30 տարիներին, տարածաշրջանի մեկ այլ երկիր՝ Թուրքիան: Համաշխարհային տերություններն ու կազմակերպությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն միասին ու առանձին-առանձին կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղան, որ 26 տարի արդյունք չեն տվել:


Թուրքիայի ղեկավարները, ներառյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանում են, որ խաղաղ բանակցություններն այս անգամ կսկսվեն, երբ կդադարեցվի «Ղարաբաղի հայկական օկուպացիան», այսինքն՝ Ղարաբաղի ու Հայաստանի ուժերը ամբողջությամբ կհեռանան Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան համարյա 30 տարի անտեսել են այս խնդիրը, անընդունելի է, որ հիմա նրանք մասնակցեն կրակը դադարեցնելու միջոցների որոնմանը»՝ ասել է Էրդողանը Ազգային մեծ ժողովում այն օրը, երբ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան համատեղ հայտարարություն արեցին Ղարաբաղի հարցով: Նույնը իբրև բանակցությունների սկսելու նախապայման կրկնում է Ադրբեջանի ղեկավարությունը: Բացի քաղաքական աջակցությունից՝ Թուրքիան Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարել՝ արդյունավետ հարվածային դրոններ, և նույնիսկ, ինչպես արդեն բազում աղբյուրներ են հաստատում, կենդանի ուժ:


Մի շաբաթ մի քանի եվրոպական հրատարակություններ, ներառյալ ВВС-ին, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են, որ Ղարաբաղի պատերազմին մասնակցելու համար հավաքագրվել են հակաասադական կազմավորումների հարյուրավոր զինյալներ Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող հյուսիսային տարածքներից: Այդ վարձկանների մասին խոսել են և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՌԴ ԱԳՆ-ն: Ադրբեջանն ու Թուրքիան մեղադրանքները վճռականորեն հերքում են:
Հայերը նույնպես չափազանց վճռական են տրամադրված, նրանք Ադրբեջանի հետ կոնֆլիկտը (կողմնակիորեն նաև Թուրքիայի) ընկալում են ոչ իբրև Ղարաբաղի ու նրա հարակից շրջանների վարչական պատկանելության վեճ, այլ իրենց գոյության համար պայքար:
1991-1994-ին վայրենություններն ու էթնիկ զտումները երկու ժողովուրդներին լուրջ հոգեբանական վնաս են պատճառել: Փոխադարձ ատելությունը ոչ մի տեղ չի անհետացել: Հայերը համոզված են, որ խաղաղ ապրել Ադրբեջանի իշխանության տակ անհնար է, ուստի պետք է մինչը վերջ կռվել: «Նրանց նպատակը հայերն են, նրանց նպատակը հայերի ցեղասպանության քաղաքականությունը շարունակելն է»՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ուղերձում:


Այս անգամ մարտական գործողությունների մասշտաբը մի քանի անգամ գերազանցում է, ինչ մինչև հիմա եղել է Ղարաբաղում: Կողմերը մարտի մեջ են մտցրել մարտական տեխնիկայի հարյուրավոր միավորներ, հրանոթներ, Ադրբեջանը՝ նաև հարվածային ու հետախուզական դրոններ: Ադրբեջանի ՊՆ-ն ամեն օր հրապարակում է նոր տեսանյութեր՝ պնդելով, որ դրոնները ոչնչացնում են հրետանին, հաուբիցները, ռազմական բեռնատարները, հրամանատարական կետերը և հայերի դիրքերը: Մասնագետները այդ կադրերի հիման վրա ենթադրում են, որ հայկական կողմը լուրջ կորուստներ է կրում դրոնների գործողություններից, մասնավորապես՝ թուրքական «Բայրաքտարների»: Կողմերի կորուստների ճշգրիտ տվյալներ մամուլը չունի՝ անկախ աղբյուրներ չկան, կողմերի հաշվետվություններին՝ հակառակորդին հասցրած վնասների մասին հավատալ հնարավոր չէ, որովհետև նրանք համարյա միշտ մեծացնում են իրենց հաջողությունները:
Շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ վիճակագրական տարբերությունը՝ ադրբեջանցիների զեկույցներն ավելի գունագեղ են, հայերինը՝ ավելի զուսպ: Հայաստանը հրապարակում է իր զոհվածների անունները՝ հոկտեմբերի 4-ին՝ արդեն 207 մարդ: Ադրբեջանն ընդհանրապես չի հրապարակում իր մարտական կորուստները, հաղորդում է միայն խաղաղ բնակիչների թիվը, որ սպանվել են հրաձգությունից՝ հոկտեմբերի 4-ին՝ 24 (հայկական կողմում շաբաթ օրը՝ 11):


Չնայած մարտական գործողությունների ծավալին՝ ճակատի գիծը առաջին շաբաթում, դատելով կողմերի հաղորդումներից, շատ քիչ է փոխվել: Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանցիները հաղորդեցին, որ հարավային ճակատում 7 գյուղ են գրավել: Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հարավում 6 գյուղ են գրավել, որոնցից մեկը կար սեպտեմբերի 27-ի ցուցակում, նաև Մադագիզը (հայերեն՝ Մատաղիսը) և Թալիշը հյուսիսում՝ Մարտակերտի ճանապարհին (ադրբեջաներեն՝ Աղդերեր): Կիրակի հայ զինվորականները հրետակոծեցին Ադրբեջանի մեծությամբ երկրոդ քաղաք Գյանջան, որ ճակատից 30 կմ է հեռու: Պատերազմի առաջին օրը ադրբեջանցիները հայտարարեցին, որ շրջափակել են Մարտակերտը ու առաջարկել հանձնվել, բայց հետո այլևս չհիշեցին այդ մասին: Հոկտեմբերի 4-ին Իլհամ Ալիևը թվիթերում հայտարարեց տարածքային առաջին լուրջ հաջողության մասին՝ հարավում, Իրանի սահմանի մոտ Ջեբրայիլի գարվման: Հայկական զինվորականները տեղնուտեղը հայտարարեցին, որ սուտ է: Հուսալի տեղեկություն, թե ում ձեռքում է Ջեբրայիլը, չկա:


Քարոզչական պատերազմում հատկապես քննարկվում է հարցը՝ ռազմական գործողությունները վերաբերու՞մ են Հայաստանի Հանրապետության տարածքին: Երեքշաբթի ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հարվածել են Վարդենիսին և հարակից գյուղերին՝ Հայաստանի տարածքում: Նրանք պնդում են, որ թուրքական F-16 կործանիչը, մնալով Ադրբեջանի օդային տարածքում, 60 կմ հեռավորությունից հրթիռով հարվածել է հայկական Су-25-ին, օդաչուն զոհվել է: Մեկ օր անց Հայաստանը հայտնեց օդաչուի անունը՝ Վալերի Դանիլին, և հրապարակեց լուսանկարներ, որոնք իբր խփված ինքնաթիռինն են, բայց համոզիչ ապացույցներ դեռ չեն ներկայացվել: Փորձագետների կարծիքով՝ ապացույց կլինեին հրթիռի բեկորները, որով զինված են F-16-ները:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայտարարեց, որ հրթիռակոծվել է Գյանջան՝ Հայաստանի տարածքից: Հայաստանը հերքեց մեղադրանքը, իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Գյանջան հրթիռակոծվել է իր հրամանով՝ ի պատասխան բնակավայրերի հրթիռակոծման: Հայ զինվորականները հայտարարեցին, որ ոչնչացրել են ռազմական օդանավակայանը, որտեղից իրենց խոսքով օդ է բարձրացել F-16-ը: Բայց ռուսական Дождь-ը հաղորդել է, որ օդանավակայանի տարածքում ոչինչ չի պայթել և աշխատում է՝ ինչպես միշտ:
ВВС


Հ.Գ. Տարօրինակ չէ՞, որ ամփոփելով պատերազմի առաջին շաբաթը՝ ВВС-ին չի նկատել, որ արդեն մի քանի օր է հրթիռներով գնդակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին: Փաստացի՝ խաղաղ բնակչության, դպրոցների ու մանկապարտեզների, բնակելի շենքերի թիրախավորումը մնում է աննկատ, ու դա արդեն բրիտանացիների «օբյեկտիվության» ցուցիչ է, որ տեսնում է ամբողջ աշխարհը: Փաստացի՝ ինչ են նկարում ու ինչ են ադրբեջանցիներին ցույց տալիս թուրքերի ղեկավարած ադրբեջանցի զինվորականները, առայսօր Ալիևին ու Էրդողանին գերինտենսիվ այս պատերազմում չի հաջողվել Արցախի որևէ տարածք մտնել: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում երեկ գրել էր. «Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»: Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային զենքի մատակարարումը կասեցնելու մասին: Թվիթերում նա գրել է. «Արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և շարունակվող հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ դեպի Թուրքիա արտահանման թույլտվությունները» Նա հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ: Երեկ հայտարարություն արեցին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրանք ամենավճռական դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: «Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար: Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:


Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Ահա այսպիսին էր պատերազմի առաջին շաբաթը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ