Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սպիտակ տուն՝ դարակազմիկ ձախողման երրորդ փուլը

Սպիտակ տուն՝ դարակազմիկ ձախողման երրորդ փուլը
13.05.2020 | 09:36

Կորոնավիրուսն ավելի է մոտենում Թրամփին, նրա մերձավոր շրջապատում ավելի ու ավելի շատ մարդկանց տեստը դրական է: Զարմանալի չէ՝ ԱՄՆ նախագահն ու նրա թիմը անտեսում են պաշտպանական միջոցները: Ամերիկյան քաոսն արտացոլվում է Սպիտակ տան խառնաշփոթում՝ գրում է Die Welt-ը: Սկզբում տեստի արդյունքը դրական էր նախագահի անձնական սպասավորի դեպքում, որ նրան կերակուր է մատուցում: Հետո դրական էր Կետի Միլերի տեստը՝ փոխնախագահ Մայք Փենսի մամլո քարտուղարի: Հաջորդեց նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի աշխատակցի դրական տեստը: ԱՄՆ-ի Վարակիչ հիվանդությունների փորձագետ Էնտոնի Ֆաուչին ևս գնաց կարանտին: Հնարավոր մահացու հիվանդությունը, որով արդեն վարակվել են մի քանի սենատորներ ու կոնգրեսմեններ, հասավ գործադիր իշխանությանը: Դա զարմանալի չէ: Զարմանալի է, որ այդքան երկար ժամանակ պահանջվեց: Գերերկար մամլո ասուլիսներում Դոնալդ Թրամփը համարյա ցուցադրական չէր պահպանում ոչ մի կանոն, որոնք պահպանել հորդորում է հանրությանը Սպիտակ տունը: Ոչ ոք չէր պահում անվտանգ տարածությունը, ոչ ոք դիմակ չէր կրում, ոչ ոք ձեռնոցով չէր: Մամլո ասուլիսները անցկացվում էին լրագրողների հավաքների տեսքով, ոչ թե Zoom-ով, թեպետ դա միանգամայն հնարավոր է: Այսպիսի մասշտաբի ճգնաժամի ժամանակ նախագահն ու փոխնախագահը խոսում էին միևնույն ամբիոնից: Սովորաբար, նույնիսկ նվազագույն սպառնալիքի դեպքում նրանք առանձնանում են՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նախագահը նստեց ինքնաթիռ ու թռավ անհայտ ուղղությամբ, իսկ փոխնախագահը գնաց բունկեր՝ եթե նրանցից մեկը մեռնի, մյուսը պետք է ողջ մնա, որ կառավարի երկիրը:


Կորոնավիրուսին ԱՄՆ կառավարության արձագանքի մեջ կարելի է 3 փուլ առանձնացնել: Առաջինը հերքումն էր և տևեց մինչև մարտի կեսը: Այն ժամանակ Թրամփը հայտարարում էր, որ վիրուսը ԱՄՆ չի հասնի, պարզապես կանհետանա, որ նույնքան անվնաս է, որքան գրիպը: Նրան օգնում էր Fox News հեռուստաալիքը: Երկրորդ փուլը տևեց մինչև ապրիլ: Նախագահը (և Fox News-ը) սկսեցին վիրուսը լուրջ ընդունել, բայց նրանց չհաջողվեց պանդեմիայի պատասխան ձևակերպել: Թրամփը ուշացումով հայտարարեց արտակարգ դրություն երկրում, նա երկար էր տատանվում՝ նախքան հրաման տալը, որ ընկերություններն արտադրեն ազգի անվտանգության համար ապրանքներ՝ այդ ժամանակից General Motors-ը արտադրում է թոքերի արհեստական օդափոխման սարքեր: Ոչինչ չէր հերիքում՝ հիվանդանոցային մահճակալներ, պաշտպանիչ հանդերձանք ու ձեռնոցներ բուժանձնակազմի համար: Նահանգապետերը լցնում էին իշխանության վակուումը: Դաշնային իշխանության կենտրոնական համակարգման բացակայությամբ նրանք ստիպված էին միմյանց հետ մրցել ազատ շուկայում՝ արդյունքում սարքերի գինը ֆանտաստիկ գումարների հասավ: Հիմա երրորդ փուլն է: Նյու Յորքի նահանգում, շնորհիվ տարածության պահպանման միջոցառումների, հաջողվեց հիվանդացության կորն իջեցնել: Մնացած բոլոր նահանգներում նոր հիվանդների թիվը շարունակում է աճել՝ հատկապես հարավում և կենտրոնում: Իսկ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նորից ուզում է բացել ԱՄՆ տնտեսությունը: Թրամփի և նրա մերձավորր շրջապատի գործողությունները ցույց են տալիս՝ ամերիկյան քաոսն արտացոլվում է Սպիտակ տան խառնաշփոթի մեջ: Թրամփի պահպանողական քննադատ Դևիդ Ֆրամը ենթադրում է, որ տարածվող համաճարակի պայմաններում տնտեսությունն աշխատացնելու Թրամփի փորձի հետևում հաշվարկն է: Թրամփը տեսնում է, որ իր վարկանիշն իջնում է: Սոցիալական պաշտպանություն տրամադրելուց հրաժարվելով՝ Թրամփը ուզում է ստիպել աշխատել միլիոնավոր սևամորթների ու լատինամերիկացիների, եթե նույնիսկ հազարավոր մարդիկ մեռնում են Covid-19-ից, հավաքական իմունիտետի հույս ունենալով:


Երրորդ փուլի հետևում մռայլ հաշվարկն է, թե չծրագրված քաոսը, պարզ է, որ առաջիկայում Թրամփը չի ստանա իր ցանկացած տնտեսական վերելքը: ԱՄՆ-ի տնտեսական կենտրոնները գտնվում են մեծ քաղաքներում, իսկ նրանք վիրուսից կաթվածահար են:
Ամերիկացիների մեծ մասին շոկի մատնեց նորությունը, որ վիրուսը հասել է Սպիտակ տուն, հետո նախադպրոցական տարիքի 38 երեխաների ախտորոշվեց Կավասակիի սինդրոմը՝ արյունատար անոթների բորբոքում: Հիվանդությունը հարուցել էր նոր կորոնավարակը: Հանգստյան օրերին 3 փոքրիկներ մահացան: Վստահությունը, որ վարակը չի վնասում երեխաներին, այլևս չկա:
Հանես Շտայն, Die Welt


Հ.Գ. Եվ եղավ մի տեղ, որ մենք ու Ամերիկան հավասարվեցինք, Թրամփի բոլոր 3 փուլերը ժամանակի թեթևակի տարբերություններով անցավ և Հայաստանը՝ նախ կորոնավիրուսն ում շունն էր, հետո ուշացած ու կիսատ-պռատ կարանտին, հիմա՝ տնտեսությունը բացելու քայլեր՝ կորոնավիրուսի տարածման կիզակետում: Փառք Աստծո, որ Կավասակիի սինդրոմին չենք հասել: Բայց մի տարբերություն ունենք՝ Թրամփը նոյեմբերին ընտրության առաջ է, մենք ընդամենը մի հանրաքվե ենք հետաձգել: Մի ՙփոքրիկ՚ տարբերություն էլ կա՝ մենք ԱՄՆ-ի ռեսուրսները չունենք, ոչ էլ կարող ենք General Motors-ին հրամաններ ու պատվերներ տալ: Փոխարենը մենք Թրամփից հնարագետ ենք՝ թե տեսարաններ սարքելիս, թե կոնվենցիաներ ընդունելիս, թե փող ծախսելիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ