Չղջիկների ապստամբությունը
07.04.2020 | 00:09
Ծառերը ծաղկել են, մարզերում ձյուն է գալիս: Հայաստանում՝ ոնց Հայաստանում: Ապրիլին՝ ոնց ապրիլին: Կարանտինը շարունակվում է: Աշխարհը Չարենցի ասած՝ «մի փողոց դարձած»՝ պայքարում է կորոնավարակի դեմ, 18 երկիր է մնացել «ազատ»: Հարաբերականորեն: Կամ հերքում են, ինչպես Թուրքմենստանը, կամ կռվի մեջ են, չեն հաշվում, ինչպես Եմենը, կամ էլ՝ կղզի-պետություններ են, ինչպես Մարշալյան կղզիները:
Իսկ դուք նկատե՞լ եք, որ կատարվում է մեկ այլ, ոչ պակաս ճակատագրական ու ոչ պակաս ազդեցիկ իրադարձություն՝ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ: Որ սովորաբար՝ լինում էր պատերազմներից հետո՝ համաշխարհային: Անցած դարերում՝ եղել է տևական պատերազմներից հետո: Մեր ժամանակներում պատերազմները հիբրիդային են, միջուկային զենքի զսպիչ ուժը ոչ մի պետության թույլ չի տալիս համաշխարհային պատերազմ սկսել՝ հնարավոր միջուկային հարվածի թիրախ դառնալու գնով: Որովհետև գիտի, որ ինչպես Էյնշտեյնն էր ասում՝ դրանից հետո նետ ու աղեղով պիտի պատերազմի: Եվ՝ ապրի քարանձավներում, սնվի՝ ինչ գտնի: Որովհետև մարդկությունը, որքան զարգանում է, պատերազմներն ավելի է զարգացնում, հիբրիդային պատերազմին է վիճակված նոր աշխարհակարգի ստեղծման շարժիչ ուժ դառնալ: Հիմա հստակ ընդգծվում են նրանք, որ ուզում են իշխանությունը պահպանել ու տարածել, ու նրանք, որ ուզում են առաջ գնալ, փոփոխել ու փոփոխվել՝ զարգանալ: Առաջինների գլխավոր խնդիրն է հաստատել.
1. Ամեն ինչ կործանվում է, ինքնամեկուսացումը ոչ միայն մարդկանց, այլև պետություններին է վերաբերում, ամեն պետություն ինքն է իր հարցերը լուծում: Սուտ են միությունները, սուտ է փոխօգնությունը, սուտ է ժողովրդավարությունը:
2. Արմագեդոնը սկսվել է, մեզ մնում է միայն վախենալ ու վախեցնել: Անընդհատ:
3. Աստված չկա, չի եղել ու չի լինելու, օրվա աստվածը կորոնավիրուսն է, մահը՝ նրա մարգարեն, կյանքը տրվում է նրան, ով փող ունի ու կարող է առողջությունը գնել: Միակ ռեալ ուժը փողն է, փողը, փողը: Երեկ: Այսօր: Վաղը: Ընդմիշտ:
Փոփոխություններ փորձողների գլխավոր խնդիրն է հաստատել.
1. Կորոնավիրուսի պանդեմիան ոչ առաջին համաճարակն է, ոչ վերջին, փորձությունից դուրս ենք գալու և դուրս ենք գալու ավելի ուժեղ: Միասին:
2. Տնտեսությունը ճգնաժամի մեջ է, բայց ճգնաժամը կհաղթահարվի, ոչ ոք սոված չի մնա, ոչ ոք անտեսված չէ: Կօգնենք բոլորին:
3. Մենք հընթացս սովորում ենք մեր սխալներից, ու մենք ուզում ենք արմատական փոփոխություններ՝ թե մեր, թե աշխարհի կյանքում:
Բացի բժշկական դիմակայությունից հիմա աշխարհում օրեցօր ավելի տեսանելի է դառնում այս երկու ուժերի բախումը: Ենթագիտակցորեն ու գիտակցված: Կան երկրներ, որ հայտարարում են բացահայտ, կան երկրներ, որ հայտարարում են ձևականորեն, կան երկրներ, որ չեն էլ գիտակցում, բայց, միևնույն է, շրջապտույտի մեջ են բոլորը: Նույնիսկ 18 պետությունները, որտեղ կորոնավիրուս չկա:
Հետկորոնավիրուսային աշխարհում կլինեն պաշտոնանկություններ ու, գուցե, իշխանափոխություններ: Ապաքինված ու վերապրած քաղաքացիների միջին վիճակագրական մեծամասնությունը իրավունք ունի իր իշխանությանը հարցնել` ու՞ր է գնում իր աշխատանքի արդյունքը, ինչու՞ ինքը բարեկեցիկ չի ապրում և ինչու՞ իշխանությունը չի կարողանում ապահովել իր աշխատանքը, սովորելը, հանգիստը, բուժսպասարկումը, օրինաչափ զարգացումը: Միով բանիվ՝ աճելն ու բազմանալը՝ ինչպես Աստվածաշնչում է ավանդված: Եթե իշխանությունը չունի այս հարցերի պատասխանը, պիտի կամ հեռանա, կամ բռնությունների դիմի: Կախված՝ կոնկրետ երկրից: Միջին վիճակագրական մեծամասնությունը պիտի ընտրի իր ապագան:
Հիմա հենց այդ միջին վիճակագրական մեծամասնությանն են ուղղված աշխարհի բոլոր քարոզչամեքենաները, քարոզչապատերազմներն ու քարոզչավիրուսները: Նրան են փորձում համոզել յուրաքանչյուրն իր իրավացիությունը: Հաղթելու է այն կողմը, որ կհամոզի էլիտային, որ իր հետևից կտանի ազգի ընտրանուն: Երբ լրահոսում 50/50 է, որ գլոբալացումը, ազատությունը, ժողովրդավարությունը օգտակար կամ վնասակար են, պետք է լինի կողմնորոշող:
Պարադոքս է, բայց իշխանությունը չի կարող լինել կողմնորոշող, իշխանությունը կարող է այս կամ այն կողմից հանդես գալ, կողմնորոշողը պետք է լինի ազգի ընտրանին, ինքնապահպանման հավաքական բնազդը, երկրի աղը, խիղճը՝ ինչ անուն ուզում եք, տվեք, կարևորը բովանդակությունն է, ոչ թե ձևի արտահայտումը: Նույնպես պարադոքս է, որ այդ ընտրանին ինքը ձևավորվում է հընթացս, խնդիրների գիտակցման ու լուծումների ընտրության մեջ: Նախկին ու ներկա ընտրանիներն ապացուցել են իրենց զրոյական ՕԳԳ-ն: Նոր աշխարհակարգի սահմանման ժամանակ օգտակար գործողության գործակից է դառնում ինքնագիտակցությունը, իմա՝ ազգի նույնականացումը ոչ թե իր անցյալի ավանդույթների հետ, այլ ապագայի շանսերի: Իշխանությունների խնդիրը այս փուլում պետությունը ջրի երեսին պահելն է: Ռեցեսիա, դեֆոլտ, սնանկացում, տնտեսական անկում, ճգնաժամ՝ ու նման հասկացություններից հնարավորինս հեռու մնալը: Խոշոր հաշվով՝ բոլորն էլ հիմա միայն դա են անում: Ավելիի ոչ ժամանակ կա, ոչ հնարավորություն:
ԱՄՀ-ը անցյալ շաբաթ հայտարարեց՝ COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008-ի ֆինանսական ճգնաժամը: Գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան ասաց. «Պատերազմի համար պահուստային հիմնադրամում մենք ունենք 1 տրիլիոն դոլար (930 միլիարդ եվրո), և մենք վճռական ենք օգտագործել այնքան, որքան անհրաժեշտ է, որ պաշտպանենք տնտեսությունն այս ճգնաժամի հարվածներից»: Չինաստանը 2020-ի առաջին եռամսյակը եզրափակեց 6,7 % բացասական ցուցանիշով, լավագույն դեպքում այս տարի կունենա 2,8 % աճ: Կորոնավիրուսը փետրվարին ու մարտին համաշխարհային բորսաներին 16 տրիլիոն դոլարի վնաս է տվել։ G20-ի երկրները խոստացել են 5 տրիլիոն դոլար ծախսել ճգնաժամի դեմ պայքարում: Գրեթե բոլոր երկրները անվերադարձ դրամաշնորհներ և արտոնություններ են խոստանում փոքր բիզնեսին և անհատ ձեռներեցներին, հարկային արձակուրդներ. վճարումների հետաձգում, առավել տուժած ոլորտներում գործող ընկերությունների ձեռքբերում: Իռլանդիան COVID-19-ի պատճառով աշխատանքը կորցրած բնակիչներին խոստանում է գործազրկության նպաստների ավելացում՝ շաբաթական 350 եվրո: Նիդերլանդներում, Չեխիայում և Մեծ Բրիտանիայում իշխանությունները ստանձնել են մասնավոր բիզնեսի վճարների 80-90 տոկոսը: ԱՄՆ Կոնգրեսը 2 տրիլիոն դոլար է հատկացրել տնտեսության վերականգնմանը. կես տրիլիոնը՝ խոշոր և միջին բիզնեսին, 350 միլիարդը՝ փոքր ձեռնարկություններին, քաղաքացիներին կանխիկ 300 մլրդ դոլար կհատկացվի: Ֆրանսիան 350 մլրդ եվրո է հատկացրել: Իտալիան՝ 25: Իսպանիան՝ 10: Նիդերլանդները՝ 20: Նույնքան՝ Դանիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իռլանդիան և Չեխիան: Ավստրիան, Հունաստանը, Շվեդիան և Էստոնիան որոշել են ՀՆԱ-ի 5-10 տոկոսը հատկացնել ճգնաժամի դեմ պայքարին: Նույնը՝ Ավստրալիան, Կանադան և Իսրայելը: Ճապոնիան և մի քանի երկրներ հաշվարկում են վնասներն ու փոխհատուցումներ ձևակերպում: Սա չոր վիճակագրություն է, որի հետևում կա երկու խնդիր՝ մարդկանց ու արտադրության պահպանում, բայց կա և երրորդը՝ իշխանության պահպանումը: Պատահական չէ, որ ամեն օր հայտարարելով հակահամաճարակային նորանոր քայլերի մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օրինակ, հաստատել է, որ 2020-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին, իմա՝ չեն հետաձգվի: Ֆրանսիայի Ազգային ժողովի 58 պատգամավորներ կոչ են արել կազմել «հասարակության տրանսֆորմացիայի ծրագիր» և պատրաստվել «հետկորոնավիրուսյան աշխարհին»: Նրանց կարծիքով՝ համաճարակի հարուցած «տնտեսական փոթորիկի» հետևանքները հաղթահարելու համար սովորական միջոցները բավարար չեն, Ֆրանսիային պետք են հիմնարար փոփոխություններ: Առաջարկներից մեկը յուրաքանչյուրի անպայման բազային եկամուտն է, «սանիտարական ապաստարանի» ստեղծումը և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը Եվրոպա տեղափոխելը: Պատգամավորներն առաջարկում են ֆրանսիացիներին ուղղել «զարգացման մեր համակարգի սխալներն ու սահմանափակումները, որ արդեն տասնյակ տարիներ գոյություն ունեն» և օգտագործել կարանտինը՝ «մտածելու ինչպես կարող են աշխարհը դեպի լավը փոխել»: Պատգամավորները ստեղծել են կայք, մեկ ամիս յուրաքանչյուր ֆրանսիացի կարող է ներկայացնել իր առաջարկները՝ տնտեսության և հասարակության «վերբեռնման» համար: Հրաշալի կլիներ, եթե ՀՀ Աժ պատգամավորները ևս նման կոչ անեին ու հետկորոնավիրուսային զարգացման առաջարկների հարթակ ստեղծեին համաժողովրդական քննարկման համար: Համենայն դեպս՝ ավելի ժողովրդավարական է, քան ամենաժողովրդավարական ընտրություններով ընտրված ԱԺ-ի ձևավորած կառավարության վարչապետի միանձնյա որոշումները: ՈՒ ընթացիկ փրկարար որոշումներից զատ՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է՝ նոր իրողություններից ելնելով՝ կազմել զարգացման առարկայական ծրագիր՝ թվերով ու ժամկետներով, որտեղ առաջնահերթությունը պետք է տրվի ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻՆ ու ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ, ոչ թե արագ փողեր բերող զբոսաշրջությանն ու սպասարկման ոլորտին: Եվ այս պայմաններում պետք է ճշգրիտ կողմնորոշվել, թե երբ հանել կարանտինը, որ ոչ տնտեսությունը զրոյանա, ոչ համաճարակը վերածվի պանդեմիայի Հայաստանում: Ամեն ինչ ունի իր գինը: Ամենաբարձր գին հիմա տալիս են ռիսկին՝ նախապես ճշգրիտ հաշվարկելուց հետո: Այլապես չղջիկների, որ համարվում են կորոնավիրուսի պատճառ, ապստամբության ասպատակությունը ավարտվելու է 00 կետում, որից հետո կարող է և ոչինչ չսկսվել, ընդամենը կշարունակվի՝ ինչ կա: Իսկ եղածը, ընդամենը, պրոկրուստյան մահճում հիվանդի հարկադրական դիրքն է՝ եղած պայմանների, եղած գումարների ու հասարակության՝ իրավիճակի ոչ համարժեք գերիշխող գնահատականի մեջ: Մի կողմից՝ գերլարում, մյուս կողմից՝ գերթեթևամտություն, որ բնորոշ է պոպուլիստական համակարգերին. այդպես փլվեց Իտալիան: Այդպես ԱՀԿ-ն ձգեց պանդեմիա հայտարարելը՝ ապակողմնորոշելով ազգային համակարգերին, որ չգիտեին՝ ինչ անել: Օրինակ՝ Հայաստանում նախարարները հպարտ զեկուցում են՝ թոքերի օդափոխման քանի սարք են կուտակել, բայց չեն ասում՝ քանի՞ բուժաշխատող կարող է սարքը գործարկել: Պարզապես գործում է իներցիան՝ բուժում են հիվանդությունը, ոչ թե հիվանդին: Գործում են ցայտնոտի մեջ: Օրվա տրամաբանությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապրիլի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդը, և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Աստվածամուխ Սուրբ Գեղարդով կատարվեց Անդաստանի արարողությունը՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը. «Մեր սրտում ունենալով մեր ողջ ժողովրդին, ի մասնավորի ապաքինման և մեկուսացման մեջ գտնվող Մեր զավակներին և դժվարին այս իրավիճակի հաղթահարման համար իրենց նվիրյալ ծառայությունը բերող բոլոր անձանց։ Ամենաբուժիչ Սուրբ Գեղարդով օրհնեցինք ձեզ, սիրելի հավատավոր զավակների Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, որ զորանաք հավատով, հույսով ու սիրով, որ Տերը քաջառողջություն շնորհի և ապահով պահի ու պահպանի ձեզ բոլորիդ, և փորձության այս օրերը հաղթահարեք Աստծո շնորհով, ողորմությամբ և օգնականությամբ։ Մենք հաստատ համոզումն ունենք, որ Տերը ազատելու է մեզ վշտերից ու տառապանքներից, պարգևելու է ուժ և կորով, որ կարող լինենք միասնությամբ, համատեղ ջանքերով վերականգնել մեր բնականոն կյանքը։ Հավատավոր զավակներ Մեր, Հայրապետիս հորդորն է ձեզ, որ այս գիտակցումով աղոթեք, այս տեսլականով գործեք՝ հանուն ձեր ընտանիքների ապահովության, ձեր եղբայրների ու քույրերի առողջության։ Ամենայն լրջությամբ խստագույնս հետևեք պատկան մարմինների հրահանգներին և կատարեք անհրաժեշտ բոլոր ցուցումները»: Պատվիրանը նույնն է՝ մի վարակվեք ու մի վարակեք, մտածեք՝ որտեղ է լինելու Հայաստանը նոր աշխարհում: Ողջ լերուք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ