Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուս ուղղափառ եկեղեցին պահպանում է ավանդույթները

Ռուս ուղղափառ եկեղեցին պահպանում է ավանդույթները
29.03.2020 | 10:42

Մարտի սկզբին Սանկտ Պետերբուրգի Կազանսկի տաճարում հարյուրավոր մարդիկ երկար հերթ էին կանգնել՝ միմյանց շատ ավելի մոտիկ, քան սոցիալական տարածությունն է, որ համբուրեն տապանը, որտեղ Հովհաննես Մկրտչի մասունքն է: Իրար հետևից նրանք ճակատով հպվում ու համբուրում էին տապանը, հետո կամավորը լաթով մաքրում էր տապանակը՝ գրում է The Washington Post-ը:


Չնայած ամբողջ աշխարհում աղոթատեղիները կամ փակվել են, կամ անցել օնլայն ծառայության կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Ռուս ուղղափառ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ չեն դադարեցնի ծառայությունը և չեն արգելի սրբապատկերները համբուրելու ավանդույթը: Ռուսաստանի օրինակին հետևում են Վրաստանի, Բուլղարիայի և այլ ուղղափառ եկեղեցիներ: Բայց Ռուսաստանը, տարբեր ուղղափառ եկեղեցիներից ամենամեծը, հատուկ ազդեցություն ունի, հատկապես Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային հանրապետությունների վրա: Ռուսաստանի կառավարությունը, այլ հատվածներում արգելքներ դնելով, մինչև հիմա եկեղեցուն ձեռք չի տվել, չնայած կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է: Սանկտ Պետերբուրգը միակ քաղաքն է, որ արգելել է եկեղեցի գնալ համազգային վճարովի արձակուրդին, որի ընթացքում պաշտոնյաները հույս ունեն՝ քաղաքացիները տանը կմնան: Մոսկվայի պատրիարքարանը անցած շաբաթ կանխարգելիչ սկզբունքներ ընդունեց: Պատարագի վերջում խաչը համբուրելը արգելված է, սրբապատկերները համբուրելը թույլատրված է, բայց ամեն համբույրից հետո սրբապատկերները պետք է ախտահանվեն: Կրոնավիրուսի տարածման որոշ վայրերում կրոնական կազմակերպությունները կենտրոնական դեր են խաղացել: Փրկչական եկեղեցին Հարավային Կորեայում անցյալ ամիս իր ներդրումն է ունեցել վարակի թեժացման մեջ: Նյու Յորքի նահանգի Նյու Ռոշելի սինագոգն է վարակի բռնկման էպիկենտրոն դարձել այս ամիս, երբ ռաբբիի տեստը դրական է եղել: Կաթոլիկ եկեղեցիները Հռոմում վերջին երկու շաբաթը փակ են: Իրանը արգելել է ուրբաթօրյա աղոթքերը մարտին: Սաուդյան Արաբիան արգելել է իր քաղաքացիներին և ուխտավորներին Մեքքա մեկնել: Այս շաբաթ փակվել են Իսրայելի բոլոր սինագոգերը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր կայքում գրել է. «Հասկանալով հավատացյալ մոսկվացիների զգացումները, խնդրում ու հորդորում եմ այս օրերին կրոնական օբյեկտներ գնալուց ձեռնպահ մնալ»: Խոսակցությունները, որ կառավարությունը կարող է հրահանգել փակել եկեղեցիները՝ նույնիսկ ժամանակավոր, նուրբ թեմա են, որ պայմանավորված է Ուղղափառ եկեղեցու պատմությամբ աթեիստ ԽՍՀՄ-ում: «Բոլշևիկների ժամանակ, երբ պայմանները բոլորովին այլ էին, իսկ իշխանությունները եկեղեցու դեմ էին և վճռել էին քրիստոնեությունը վերացել Ռուսաստանի փողոցներից, ամեն անգամ սուրբ հաղորդությունը տրվում էր, երբ հնարավոր էր»՝ ասել է Մոսկվայից 200 մղոն հեռու Իվանովո-Վոզնեսենսկի միաբանության հոգևորական Մակարին: Մոսկվայի պատրիարքարանի միտրոպոլիտ Իլարիոնը Россия-24 հեռուստաալիքին ասել է. «Որևէ վարակ ու հիվանդություն չի կարող փոխանցվել սուրբ հաղորդության միջոցով»: Մակարին չի հորդորում սրբապատկերները չհամբուրել, նա գտնում է, որ եկեղեցին չի կարող ամեն ծխականի կողքին մի ոստիկան կանգնեցնել: Նա պատարագների ժամանակ սոցիալական տարածության պահպանում չի տեսնում: «Ռուս մարդիկ այնքան զգույշ չեն, որքան պարտավոր են լինել»՝ ասել է նա:
Իզաբել Խուրշուդյան, The Washington Post


Հ.Գ. ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի՝ հայտնում է կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Վարակի հաստատված դեպքերից 114-ը գրանցվել են Մոսկվայում, ապաքինվել է 49 մարդ: Կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր թվով՝ 4: Ռուսաստանում արդեն հաջողություն էր, որ հետաձգվեց ապրիլի 22-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն, որ կարող էր դառնալ համապետական մասշտաբի վարակի օր՝ շատ ավելի ավերիչ, քան սրբապատկերներ համբուրելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ