Կորոնավիրուսի դեմ պայքարում խոսքը նաև աշխարհաքաղաքականության ու ապագայում իշխանության գլոբալ բաժանման մասին է՝ գրում է Շտեֆան Իզրայելը Tages-Anzeiger-ում: Չինաստանի համար բարենպաստ իրավիճակ է ձևավորվում: Պեկինի ավտորիտար վարչակարգը ներկայանում է իբրև անձնազոհ գործընկեր: Չինական հիերոգլիֆներով ու աստղակիր կարմիր դրոշով ինքնաթիռները արագորեն վարակից պաշտպանության անհրաժեշտ միջոցներ են հասցնում Իտալիա, Իսպանիա կամ Չեխիա և համընդհանուր ուշադրության են արժանանում: Կորոնավիրուսի դեմ պայքարի հետ հիմա հոգեբանական պատերազմ է ծավալվում: Եվ Պեկինը կռվում է հիասքանչ, համենայն դեպս՝ ԵՄ-ից լավ: Իզուր չէ ԵՄ-ի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը խոսում նարատիվների գլոբալ պայքարի մասին:
Նրա կարծիքով՝ Պեկինը առաջ է մղում գաղափարը, որ Չինաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, պատասխանատու ու հուսալի գործընկեր է: Նարատիվ է նաև ԵՄ-ի վարկաբեկումը և եվրոպացիների ներկայացումն իբրև վարակի իրական տարածողներ: «Եթե չինական մամուլը լիներ ազատ, կորոնավիրուսը, հավանաբար, չէր կարողանա պանդեմիայի հանգեցնել»՝ գրում է Լրագրողներն առանց սահմանի անկախ կազմակերպությունը: Եթե չլիներ գրաքննություն, չինական ԶԼՄ-ները շատ ավելի շուտ տագնապ կբարձրացնեին, և հազարավոր կյանքեր կփրկվեին: Բայց կորոնավիրուսի շուրջ հոգեբանական պատերազմում Չինաստանը այս մասին չի խոսում: Նաև այն մասին, որ փետրվարի սկզբին առաջինը ԵՄ-ն է Չինաստան ուղարկել 50 միլիոն եվրոյի բժշկական նյութեր, որ նրանց շատ անհրաժեշտ էին: Մեծահոգի Չինաստանի ու համերաշխության անընդունակ ԵՄ-ի մասին նարատիվը Եվրոպայում շնորհակալությամբ ընդունում են նրանք, որ մնացյալում աջակցում են լատենտ եվրասկեպտիցիզմը: ԵՄ-մ վատ է նախապատրաստված այս հոգեբանական պատերազմին:
Մասնավորապես՝ Եվրահանձնաժողովը չունի սեփական ինքնաթիռներ, որոնցով Բրյուսելը, համընդհանուր ուշադրություն գրավելով, կարողանա օգնություն առաքել: Համաճարակների դեմ պայքարը երկրների առանցքային իրավասությունն է: Կարելի է պատկերացնել դժգոհությունը, երբ Բրյուսելից հրահանգվեր փակել դպրոցները ու փողոց դուրս չգալ: Հասկանալի է, որ սկզբում ազգային կառավարություններն են ինքնաբերաբար խնայում անհրաժեշտ պաշտպանական նյութերը: Պաշտպանական դիմակներն ու հանդերձանքն ամեն տեղ են դեֆիցիտ: Ոչ մի կառավարություն քաղաքական իմաստով չէր վերապրի, եթե պարզվեր, որ պաշտպանական միջոցները ուղարկվել են հարևան երկիր և հիմա հայրենիքում չկան: Բրյուսելը կարող է գործել միայն համակարգված: Եվ, կարծես, առաջընթաց կա: Ամբողջ Եվրոպայով ռեկորդային ժամկետում համատեղ ջանքերով կազմակերպվում են պաշտպանության անհրաժեշտ միջոցների գնումներ: ԵՄ-ն համակարգում ու ֆինանսավորում է արտասահմանում մնացած զբոսաշրջիկների վերադարձը: Ավելի շատ տեղեկություններ են հայտնվում մարդասիրական օգնության ու համերաշխության դրսևորումների մասին: Բավարիան ու Սաքսոնիան Հյուսիսային Իտալիային առաջարկում են ազատ տեղեր իրենց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Աստիճանաբար ԵՄ երկրները հիշում են համերաշխության ոգու մասին: Գուցե հոգեբանական մարտը Պեկինի հետ դեռ տանուլ տրված չէ:
Շտեֆան Իզրայել, Tages-Anzeiger
Հ.Գ. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է համազգային կարանտինի մասին երեք շաբաթով: «Դուք պետք է հիշեք, որ կորոնավիրուսով վարակված մարդը սկզբում սովորական տեսք ունի և որևէ ախտանիշ չի արտահայտվում: Այդ պատճառով պահպանեք զգուշության կանոնները և տանը մնացեք: Եթե մեզ չհաջողվի գլուխ հանել 21 օրում, մենք 21 տարի հետ կշպրտվենք»՝ ասել է Նարենդրա Մոդին: Կարանտինը վերաբերում է ամբողջ Հնդկաստանին, որտեղ ապրում 1,3 միլիարդ մարդ: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված է 536-ը, 10-ը մահացել է: Ռուսաստանում, որտեղ ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ի տրոհվածությունը, Իտալիային հասցագրված չինական օգնությունը Չեխիայում պահելը, վերջապես մոռացել են Ուկրաինան ու օրը 24 ժամ ցույց են տալիս Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի դատարկ փողոցները՝ շեշտելով վարակվածների ու մահացածների թվերը, և մոռանալով ապաքինվածներին, երեկ վարակվածները հատել են 600-ը: Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 22-ին նշանակված հանրաքվեն հետաձգվում է, նոր ժամկետ չնշվեց: Պուտինը բնակչությանը, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ է խոստացել, խոշոր բիզնեսի և մեծահարուստների հարկերը կավելանան: Նա մեկշաբաթյա վճարովի արձակուրդ է հայտարարել: Մարտի 30-ից ապրիլի 5-ը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային շաբաթ, բայց աշխատավարձը կպահպանվի: «Ամենաանվտանգը հիմա տանը մնալն է»,- ընդգծել է Պուտինը: Մայիսի 9-ին նախատեսված հաղթանակի շքերթի մասին Պուտինը ոչինչ չի ասել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է տնտեսական սահմանափակումները հանել մինչև Զատիկ՝ ապրիլի 12-ը: «Մենք կբացվենք համեմատաբար շուտ: Մենք դա պետք է անենք: Ես ուզում եմ, որ երկիրը բացվի Զատկին»՝ ասել է նա Fox News-ի եթերում: Apple-ը հայտարարել է, որ իր որոշ խանութներ կբացվեն ապրիլի կեսին: Boeing-ը ծրագրում է վերսկսել Boeing 737 MAX ինքնաթիռների արտադրությունը մայիսին: Ընկերությունը խնդրել է որոշ մատակարարների՝ պատրաստ լինել 737 MAX-ի մասերն ուղարկելուն ապրիլին:
Թրամփի հայտարարությունից հետո բորսաներում բարձրացել են արժեթղթերի գները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ