Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Էրդողանի խնդրանքները

Էրդողանի խնդրանքները
02.03.2020 | 08:08

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է իրեն չխանգարել Իդլիբում ու չխոչընդոտել թուրք զինվորականների գործողություններին Բաշար Ասադի ուժերի դեմ: Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան բացել է ԵՄ-ի հետ սահմանը Սիրիայի փախստականների առաջ:
«Ես Պուտինին հարցրի՝ ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը: Եթե ուզում եք բազա տեղակայել, արեք, բայց մի խանգարեք մեզ ու դեմ առ դեմ թողեք վարչակարգի հետ»՝ ասել է Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին հաջորդ օրը, երբ զոհվել էին 33 զինվորներ: Թուրքիան հաստատում է, որ հարվածը հասցրել են «սիրիական վարչակարգի» ռազմաօդային ուժերը: Սիրայի գլխավոր դաշնակից Ռուսաստանը հայտարարել է, որ կրակի տակ ընկած թուրք զինվորականները եղել են ահաբեկիչների հետ: Թուրքիան հերքում է:
Իր կուսակիցներին Էրդողանը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ փակել փախստականների մուտքը Եվրոպա: «Ի՞նչ ենք արել մենք երեկ: Մենք բացել ենք սահմանները, և հիմա արդեն 18000 մարդ է անցել: Այսօր այդ թիվը 25-30000 կհասնի: Մեր երկիրն ի զորու չէ փախստականների նոր ալիք ընդունել»՝ ասել է Էրդողանը:


Հունաստանն ու Բուլղարիան, որ սահմանակետեր ունեն Թուրքիայի հետ, անվտանգության ուժեր են ուղարկել սահման: Հունաստանը ի պատասխան Էրդողանի՝ կրնկել է, որ թույլ չի տա անլեգալ միգրանտների մուտքը: Արդեն մի քանի բախումներ են եղել փախստականների ու ոստիկանների միջև: Արցունքաբեր գազ է կիրառվել: Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասի խոսքով՝ Հունաստանն ամեն ինչ կանի իր սահմանների պաշտպանության համար: Նա տեղեկացրել է, որ 4000 միգրանտների մուտքը Հունաստան փակվել է:


Սահմանները բացելու Թուրքիայի որոշումը փաստացի հրաժարում է նշանակում ԵՄ-ի հետ համաձայնագրից: 2016-ի գարնանը Թուրքիան ու ԵՄ-ն փախստականների տեղակայման համաձայնագիր են ստորագրել, Բրյուսելն ու Անկարան պայմանավորվել են, որ Թուրքիայից հունական կղզիներ անցած անլեգալ միգրանտները, կվերադառնան Թուրքիա: Անկարան պարտավորվել է փակել ծովային ու ցամաքային ճանապարհները անլեգալ միգրանտների առաջ: Փոխարենը Անկարան Բրյուսելից ստանալու էր 6 միլիարդ եվրո 3,6 միլիոն փախստականներին պահելու համար: Բրյուսելը խոստացել է Անկարային արագացնել բանակցային գործընթացը ԵՄ-ին անդամակցության հարցով, իսկ առաջիկայում ազատականացնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Բայց ԵՄ-ն այդպես էլ վիզաները չհանեց՝ հղում անելով փաստին, որ Անկարան չի կատարել իր օրենսդրական պարտավորությունները:
Էրդողանն ու Պուտինը ուրբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակն Իդլիբում և պայմանավորվել են լրացուցիչ քայլեր անել իրավիճակի կարգավորման համար: Շաբաթվա սկզբին նրանք գուցե հանդիպեն:


Իդլիբը միակ շրջանն է Սիրիայում, որ մնում է ընդդիմության վերահսկողության տակ, այնտեղ 3,5 միլիոն փախստականներ կան Սիրիայի այլ շրջաններից: Անկարան ռազմական աջակցություն է ցույց տալիս Սիրիայի ընդդիմությանը, իսկ Ռուսաստանը ակտիվ պաշտպանում է Սիրիայի կառավարական ուժերին: ԵՄ-ն ուրբաթ օրը զգուշացրել է, որ միջազգային ռազմական առճակատման ռիսկ է ստեղծվել:
BBC-ի մեկնաբան Ջոնաթան Մարկուսի կարծիքով՝ սիրիական կոնֆլիկտը երկու կողմ ունի՝ մի կողմից՝ քաղաքացիական է, մյուս կողմից՝ մարիոնետկաների պատերազմ է, որտեղ ներգրավված են իրենց շահերը հետապնդող արտաքին ուժեր: Իրավիճակն Իդլիբում ցույց է տալիս Էրդողանի արտաքին քղաքականության սահմանափակվածությունը, որի հետևանքով նա չկարողացավ հավասարակշռություն գտնել Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև: Գուցե ինչ-որ լծակներ Էրդողանն ունի Մոսկվայի վրա, որ չի ցանկանա Թուրքիային վերադարձնել Վաշինգտոնի գիրկը: Բայց չկա որևէ արտաքին խաղացող, Ռուսաստանից բացի որ հիմա կարող է նվազեցնել լարումը Իդլիբում: Դա Մերձավոր Արևելքում Թրամփի արտաքին քաղաքականության ձախողման գինն է:
BBC


Հ.Գ. Եթե ՌԴ նախագահը համաձայներ դուրս գալ Իդլիբից, Էրդողանն արդեն տարփողած կլիներ իր հաղթանակը, բայց նա ասում է միայն՝ ինչ է ինքն ասել Պուտինին ու չի ասում՝ ինչ է պատասխանել Պուտինը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը մերժել է նրա խնդրանքը: Էրդողանը պատրաստվում է մարտի 5-6-ին մեկնել Մոսկվա: Այս պայմաններում՝ իմաստ ունի՞ նրանց տետ ա տետ հանդիպումը, և՝ ի՞նչ օրակարգով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ