Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թուրքիան սպառնում է Ռուսաստանին ու Եվրոպային

Թուրքիան սպառնում է Ռուսաստանին ու Եվրոպային
29.02.2020 | 10:49

Թուրքիան այլևս չի արգելելու իր տարածքով միգրանտների հոսքը Եվրոպա՝ AFP-ին հաղորդել է Թուրքիայի բարձրագույն իշխանության անանուն ներկայացուցիչը: Նա ճշտել է, որ դարպասները բացելու որոշումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ՝ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռմբակոծությունների հետևանքով թուրք 33 զինվոր է սպանվել, նույնքանն էլ վիրավոր են: Անկարան մեղադրում է Մոսկվայի աջակցությունն ունեցող Բաշար Ասադի ուժերին: ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ ավիահարվածները հասցրել են «Սիրիայի կառավարական ոժերը»: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը հարվածներ են հասցրել Հայաթ Թահրիր աշ Շամ ահաբեկչական խմբավորման դիրքերին, որտեղ թուրք զինվորականներ չպետք է լինեին: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ անցած օրը թուրք գործընկերներից անընդհատ ճշտել են Թուրքիայի զինված ուժերի գտնվելու վայրերը, որ ահաբեկիչների մարտական գործողություններին մոտ են:


Սիրիայում սպանվածների մասին տեղեկանալուց անմիջապես հետո Էրդողանը անվտանգությա խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որ տևել է 6 ժամ: Նիստից հետո ԱԶԿ մամլո քարտուղար Օմեր Չելիկը հայտարարել է, որ Անկարան մտադիր է խորհրդակցություններ սկսել ՆԱՏՕ-ի հետ: Չելիկը կատարվածը որակել է հարձակում ալյանսի վրա: Թուրքիայի նախագահի աշխատակազմում սպառնացել են «կոտրել նրանց ձեռքերը, որ ձգվում են դեպի թուրքական դրոշը» և խոստացել են ՙբազմակի» պատասխան: ՙԱնադոլուն» հայտարարել է, որ Թուրքիայի բանակն ամբողջ գիշեր ռմբակոծել է Ասադի ուժերի դիրքերն Իդլիբում:


ԱԽ նիստում, AFP-ի տվյալներով, որոշվել է միգրանտների համար բացել դռները: «Մենք այլևս չենք պահելու նրանց, որ ուզում են մեկնել Եվրոպա: Մենք արդեն ընդունել ենք 4 միլիոն փախստական և այլևս միջոցներ ու ռեսուրսներ չունենք, որ ևս 1 միլիոն մարդ ընդունենք»՝ հայտարարել է նախագահի ախատակազմի հասարակության հետ կապերի վարչության պետ Ֆահրեդին Ալթունը: 2016-ի մարտին Անկարան ԵՄ-ի հետ փախստականների հարցով համաձայնագիր է կնքել, բայց պարբերաբար սպառնում է Բրյուսելին բացել դարպասները փախստականների առաջ: Թուրքիան Եվրոպական հանձնաժողովին պաշտոնապես չի տեղեկացրել, թե պատրաստվում է փոխել քաղաքականությունը փախստականների հարցում:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն հույս է հայտնել, որ Անկարան հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին: «Ես ընդգծում եմ, որ թուրքական կողմից մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել, ուստի ենթադրում ենք, որ «Փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու մասին» 2016-ի մարտի 18-ի Եվրամիության և Թուրքիայի հռչակագիրը մնում է ուժի մեջ», - ասել է Ստանոն: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում Թուրքիայի պահանջով դաշինքի արտահերթ նիստ է գումարվել: ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով արտահերթ նիստի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին:


«Այսօր Թուրքիան բացատրեց իրավիճակն անվտանգության ոլորտում, դաշնակիցները ցավակցություն են հայտնում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ, նրանք նաև դատապարտել են Իդլիբ նահանգում Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ռեժիմի հարձակումները»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ դաշնակիցներն էսկալացիայի դադարեցումն անհրաժեշտ են համարում: «Կոչ ենք անում դադարեցնել հարձակումը, հետևել միջազգային իրավունքի նորմերին, աջակցել խնդրին խաղաղ լուծում գտնելու ՄԱԿ-ի ջանքերին»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ԱՄՆ-ը հայտարարել է, որ կանգնած է ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կողքին, և պահանջել է, որ Սիրիան և Ռուսաստանը վերջ տան հարձակմանը Իդլիբում: ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել թուրքական և սիրիական զորքերի բախումների կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Անկարային այս իրավիճակում՝ հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:


Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքինը հայտարարել է, որ «Անկարան դաժան վրեժ կլուծի Ռուսաստանից Իդլիբում ավիահարվածների համար», որոնց ժամանակ 30-ից ավելի թուրք զինծառայող է սպանվել՝ տեղեկացնում է ahvalnews.com կայքը: Նա նշել է, որ ՙՌուսաստանը, որտեղ 25 միլիոն մահմեդական է ապրում, կմասնատվի ներսից»: «Մենք Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք անցյալում, և նորից կանենք, մեր վրեժը շատ դաժան կլինի»,- ասել է Հաքինը:
Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ցավակցություն ենք հայտնում և, կրկնում եմ մեկ անգամ ևս, անում ենք ամեն ինչ, որԻդլիբի գոտում ապաէսկալացիայի ռեժիմը պահպանող թուրք զինվորականների անվտանգությունը ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսով քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը՝ հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօր կայացել է նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել է հանգամանալից, նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաէսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել է նա:
Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը: Երեկ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու իրավիճակն Իդլիբում: Պուտինին զեկուցվել է, որ թուրքական դիտակետերում գտնվող ոչ մի զինվոր չի վնասվել, զոհերը եղել են այն հատվածներում, որտեղ թուրք զինվորներ չպիտի լինեին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Էրդողանը հայտնվել է իր լարած թակարդում ու հիմա փորձում է կոնֆլիկտի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին ու ԵՄ-ին: Բայց Իդլիբում իր կորուստների համար դիմելով ՆԱՏՕ-ին՝ Էրդողանը մոռանում է բացատրել, թե իր զորքերը ինչ են անում անկախ երկրի տարածքում, երբ Անկարան պաշտոնապես պատերազմ չի հայտարարել Դամասկոսին, ոչ էլ Ասադն է Էրդողանին խնդրել իրեն օգնել կամ իր վրա հարձակվել: «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Չհայտարարված պատերազմը շարունակվում է: Անկարան նույնիսկ սպառնացել է փակել Բոսֆորն ու Դարդանելը, բայց երեկ ռուսական ռազմանավերն անցան թուրքական ջրերով դեպի Սիրիա: Չորեքշաբթի սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, որ կառավարական ուժերից հետ է վերցրել Սերակիբը, որտեղ հատվում են Մ-4 և Մ-5 ռազմավարական ճանապարհները: Բայց ՌԴ ՊՆ-ն հերքում է այդ պնդումները՝ գրոհները հետ են մղել սիրիական կառավարական ուժերը:


Էրդողանը նախևառաջ իր ժողովրդին պիտի բացատրի՝ հանուն ինչի՞ են զոհվում իրենց զավակները Իդլիբում: Որքան էլ փորձի ՆԱՏՕ-ին ներքաշել Սիրիայի պատերազմում՝ հայտարարություններից ավելին հազիվ թե ստանա: Նույնը՝ ԱՄՆ-ից: Հիմա կարևոր է ԵՄ դիրքորոշումը՝ ԵՄ նոր ղեկավարությունը լուրջ փորձության առաջ է՝ Էրդողանի շանտաժին դիմակայելու ու հակադարձելու: Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը պատրաստ են Անկարայում մարտի 5-ին հանդիպել Էրդողանի ու Պուտինի հետ՝ Իդլիբի իրավիճակը քննարկելու, բայց Պուտինը հանդիպման ցանկություն չունի: Կփոխվե՞ն նրա ծրագրերը հիմա: Հազիվ թե: Կհանդիպե՞ն Մակրոնը, Մերկելն ու Էրդողանը: Այդ դեպքում երկար ժամանակով չի կատարվի Էրդողանի ամենամեծ ցանկությունը՝ երկկողմ հանդիպումը Պուտինի հետ:
Կամ՝ կցանկանա՞ն Մերկելն ու Մակրոնը հանդիպել միայն Էրդողանին՝ այն էլ՝ Անկարայում: ԵՄ-ի հերթական ընկրկումը Անկարայի առաջ այս անգամ կդառնա կապիտուլյացիա, որից հետո այլևս Էրդողանը կարող է թելադրել Բրյուսելի քաղաքականությունը: Եվրոպայի իրական անվտանգության հարցը հիմա է դրված և Եվրոպան պիտի ընտրի՝ Ռուսաստանին թշնամի՞, թե՞ գործընկեր է համարում:

Դիտվել է՝ 5684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ը" />
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը