Իրանում դեռ երկար ժամանակ չեն իջեցնի վրեժի կարմիր դրոշները
21.02.2020 | 00:45
ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն բացահայտորեն Թեհրանի կողմից են, չխոսելով Չինաստանի ղեկավարության կամ ղեկավարության մի մասի ու զինվորական հրամանատարության մասին։ Այդ իրավիճակում ՌԴ նախագահի կողմից հազիվ թե խելացի լիներ ոչ թե Մերկելի, այլ Իրանի վրա «ազդելը»։ Արձանագրենք. փողով կամ քաղաքական գաղտնի գործարքներով ճնշում գործադրելու դարաշրջանն աստիճանաբար նահանջում է համաշխարհային քաղաքականության հետնաբակ։ Համաշխարհային ասպարեզ է վերադառնում, պատկերավոր ասած, ոգու ուժի և արդարության զգացման գործոնը, լինի դա առևտուր, թե ինչ-որ հանցագործության համար հատուցման պահանջ։ Իհարկե, ոչ ոք չէր մտածում, որ ամիսներով կքննարկվեն Բաղդադի օդանավակայանում ամերիկացիների կողմից իրանցի և իրաքցի բարձրաստիճան զինվորականների սպանության հանգամանքները։ Այդ առումով զարմանալի է, որ այժմ հսկայական ուշադրություն է նվիրվում Իրաքում ԱՄՆ-ի երկու բազայի վրա հունվարի 8-ի գիշերը Իրանի հասցրած հրթիռային հարվածներին։ Մեր կարծիքով, շատերն են սխալվում՝ ակնարկելով, թե հնարավոր է ինչ-որ «պայմանավորվածություն» ԱՄՆ-ի և Իրանի բարձրագույն իշխանությունների միջև։ Մենք ընդգծել ենք «երկու բազա» արտահայտությունը։ Պատճառն այն է, որ հետագայում արևմտյան ԶԼՄ-ները, չգիտես ինչու, գրել են Իրաքում ամերիկյան միայն մեկ՝ Այն էլ Ասադի բազային հասցված հարվածների հետևանքների մասին։ Եվ կարելի է կռահել, թե ինչու, հավանաբար արևմտյան ԶԼՄ-ներին կարգադրել են լռել Էրբիլի ամերիկյան բազային Իրանի հասցրած հրթիռային հարվածների մասին։
Մենք արդեն գրել ենք, որ 2020 թ. նախագահ Պուտինի առաջին արտասահմանյան այցը եղել է Սիրիա, որտեղ նա բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայից հետո Պուտինն այցելել է Թուրքիա։ Իսկ արդեն հունվարի 9-ին հետևում էր Սև ծովում Հյուսիսային և Սևծովյան նավատորմների համատեղ զորավարժությունների ընթացքին։ Դրանք գերնշանակալի էին. մասնակցում էին 30 նավ, մեկ սուզանավ և 40-ից ավելի թռչող սարքեր։ ՌԴ նախագահն անձամբ էր հետևում, թե զորաշարժի ընթացքում երկու կործանիչ-կալանիչ ՄիԳ-31Կ ինչպես են հիպերձայնային համալիրի «Դաշույն» հրթիռով կատարում մարտական հրաձգությունը պոլիգոններից մեկում գտնվող թիրախի ուղղությամբ։ «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատի, «Օրեխովո-Զուևո» փոքր նավի և «Կոլպինո» սուզանավերի անձնակազմերը ևս վերջրյա և ստորջրյա դիրքերից «Տրամաչափ» («ԽՈսՌոՐ») հրթիռներ են արձակել։ Այսինքն Դամասկոսից ու Ստամբուլից անմիջապես հետո Պուտինը հետևել է Ռուսաստանի նորագույն հրթիռային սպառազինության վարքին։
Այդ փաստն ինքնին հետաքրքիր է։ Ռազմական տեխնիկայի փորձարկումը նորմալ երևույթ է յուրաքանչյուր մեծ տերության համար, բայց տվյալ դեպքում Պուտինի այցերը Սիրիա և Թուրքիա մենք պատահաբար չենք կապում Սև ծովում ռազմածովային զորավարժությունների հետ։ Համոզված ենք, որ դրանք փոխկապակցված են, մանավանդ որ «Մարշալ ՈՒստինով» հածանավը գնում է Միջերկրական ծով՝ Սիրիայի ափերի մոտ։ Թե ինչ է կատարվել Սիրիայում, մենք մոտավորապես ներկայացրել ենք, բացի Պուտին-Ասադ բանակցությունների փակ մասից։ Թե երբ այդ բանակցությունների չնչին մասը կգծագրվի զանգվածային ընթերցողի առաջ, դժվար է ասել։ Էլ ավելի բարդ է որոշել, թե ինչ են շոշափել Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը Ստամբուլի բանակցություններում։ Պաշտոնապես նրանք մեկնարկ են տվել «Թուրքական հոսք» գազամուղի շահագործմանը։ Ընդ որում, նրանց հետ են եղել Սերբիայի, Բուլղարիայի իշխանությունների ներկայացուցիչները։ ՌԴ-ից մասնակցել են էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազարդի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Հունվարից այդ խողովակով ռուսական գազն սկսել են ստանալ Բուլղարիան, Մակեդոնիան ու Հունաստանը, հերթում են Սերբիան և այլ երկրներ։ Թվում է, թե տեղային իրադարձություն է, բայց... Բանն այն է, որ հետո Պուտինն ու Էրդողանը բանակցել են երկուսով։ Տարբեր ԶԼՄ-ներում նշվել է, որ օրակարգում եղել են իրանա-ամերիկյան հարաբերությունների սրման հարցը, և Սիրիան, և Լիբիան։ Բայց եթե Սիրիայի հարցում ինչ-որ բան արդեն պարզվում է, և Թուրքիան ինքն է Իդլիբի ապառազմականացված գոտուց հանում ահաբեկիչներին, ընդ որում նրանց մի մասն արդեն հոսքերով գնում է Թուրքիա, իսկ թե ինչի մասին կարող էին հունվարին պայմանավորվել (կամ չպայմանավորվել) ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները, առայժմ չափազանց դժվար է ասել։ Օրինակ, թուրքերն Իդլիբից ահաբեկիչների մի մասն այն ժամանակ տարել են և հիմա տանում են... Լիբիա։ Իսկ Լիբիայում, ըստ ԶԼՄ-ների, մարշալ Խալիֆ Խաֆթարի զորքերը գրավել են Մուամար Քադաֆիի հարազատ քաղաքը՝ Սիրթը։ Ընդ որում, պնդում են, թե իբր ռուսական «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության զինծառայողներն են Սիրթից քշել այն ուժերի զորքերը, որոնց Էրդողանն իր դաշնակիցներն է անվանել։ Էրդողանը վախենում է Իրաքում իրադարձությունների զարգացումից, նյարդայնանում է Իրանի այն հայտարարությունից, թե ԱՄՆ-ը պետք է հեռանա ամբողջ Արևմտյան Ասիայից, և ոչ թե միայն Իրաքից ու Սիրիայից։ Հիշեցնենք, որ Արևմտյան Ասիան նաև Այսրկովկասն է և Փոքր Ասիան, այսինքն՝ Թուրքիան։ Հայտնի է, որ հունվարի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն զանգահարել է իր իրանցի գործընկեր Զարիֆին, և նրանք մի քանի րոպե քննարկել են «տարածաշրջանի վերջին իրադարձությունները, մասնավորապես Իրանի օրինական ու վճռական հարվածից և Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազային հարված հասցնելուց հետո», հաղորդել է IRNA գործակալությունը։ Ինչպես տեսնում ենք, 2020 թ. սկիզբը շատ բուռն եղավ...
Իրավիճակն իրենց համատեղ հայտարարության մեջ գնահատել են նաև Պուտինն ու Էրդողանը։ «ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ-ի «Քոդս» հատուկ ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և նրան շրջապատող անձանց նկատմամբ հունվարի 3-ին Բաղդադում իրականացված գործողությունը մենք համարում ենք տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խարխլող գործողություն»,- ասվում է երկու նախագահի հայտարարությունում։ Բայց այդ պետական ահաբեկչությունը հետաքրքրում է ոչ միայն Ռուսաստանին ու Թուրքիային, այլև ամբողջ աշխարհին։ Ոչ միայն Չավուշօղլուն, այլև «Ավստրիայի և Մալայզիայի արտգործնախարարներն են հեռախոսով խոսել Իրանի ԱԳ նախարարի հետ՝ քննարկելու համար վերջին իրադարձությունները»,- հաղորդել է IRNA-ն։ Խորամուխ լինենք. Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում խոսքը եղել է ամբողջ Արևմտյան Ասիայի ամերիկազերծման մասին։ Բայց Փոքր Ասիայից հետո արդեն Եվրոպան է, Բալկանները։ Իսկ Պարսից ծոցի, Հորմուզի և Օմանի ծոցի ջրատարածքից այն կողմ՝ Հարավային, ապա Հարավարևելյան Ասիան։ Ափսոս, որ վերջին 6-7 տարում որևէ մեկը չի հետևել Իրանի ՌԾՈՒ-ի նավերի երթերին. հիշեցնենք, որ նրանք հասել են մինչև Շրի Լանկա, Մալայզիա և Սինգապուր, անգամ՝ Հարավային Ատլանտիկա, որտեղ հիմա էլ ինչ-որ բանով օգնում են Վենեսուելային։
Այնպես որ, սթափ ու տրամաբանորեն մտածողները չեն կարող ենթադրություններ ու երկյուղներ չունենալ։ Եվ պետք է ասել, որ ԱՄՆ-ի «կրտսեր գործընկերները» գործնականում բոլոր տարածաշրջաններում չափազանց տագնապած են։ ՈՒշադրություն դարձնենք, որ աշխարհի ԶԼՄ-ներում ընթացող վեճերի հետ մեկտեղ, թե Իրանի ԻՀՊԿ-ն հարվածներ հասցրել է, թե ոչ Իրաքում ամերիկյան բազաներին, զոհեր եղել են ամերիկացիների շրջանում, թե ոչ, ինչ-որ բաներ է ավելացրել նաև Վաշինգտոնը։ Ոմանք, այդ թվում՝ ՌԴ-ում, իրենց դատողություններում հասել են նույնիսկ նրան, թե իբր այդ ամենը «գործարք է» ԱՄՆ-ի և Իրանի միջև, իսկ իրականում ոչ մեկը հետագա սրացում չի ցանկանում, էլ չասած պատերազմի մասին։ Տասնյակ փաստարկներ են բերվել հօգուտ այդ դատողությունների։ Օրինակ, նշվում էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի ԱԽ նամակ է ուղարկել՝ հայտնելով իր երկրի պատրաստակամությունը առանց նախնական պայմանների Իրանի հետ բանակցություններ վարելու տարածաշրջանում լարվածությունն իջեցնելու համար։ Քրաֆթն ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է «թույլ չտալու իրանական վարչակարգի հետագա սպառնալիքներ միջազգային խաղաղությանն ու կայունությանը»։ Նա հավելել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունն իբր «արդարացված էր» ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով, որը երկրին ինքնապաշտպանության իրավունք է տալիս։ Ըստ Քրաֆթի, Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաֆի» շիական աշխարհազորին Վաշինգտոնի հասցրած օդային հարվածները (դեկտեմբերի 29-ին) պատասխան էին Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ուժերի և շահերի վրա Իրանի և նրա կողմից հովանավորվող կազմավորումների հարձակումների։
Իսկ ահա ԱՄՆ-ի «ինքնապաշտպանության իրավունքի մասին» ասածը բարդ հարց է։ Չէ՞ որ իրաքցի շիաները կամ իրանական «Քոդս» ջոկատը գործում են իրենց երկրում, իրենց տարածաշրջանում, ոչ թե Մեքսիկայի կամ Կանադայի տարածքից։ Ամերիկացիները պետք չեն Մերձավոր Արևելքում, պետք չեն ընդհանրապես Ասիայում։ Իսկ ինքնապաշտպանության իրավունքի մասին շատ ավելի տրամաբանական է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչիի ասածը. հունվարի 8-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում նա հայտարարում է, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին հասցված հրթիռային հարվածը համապատասխանում է ինքնապաշտպանության սկզբունքին. «Լարվածությունը նվազեցնելու համար Իրանը պատրաստ է բանակցություններ վարելու և աշխատելու տարածաշրջանի երկրների հետ»,- ավելացրել է նա։ Բայց ոչ ԱՄՆ-ի հետ, ինչը տեսնում է ամեն ընթերցող։ Եվ եթե Վաշինգտոնը հենց հիմա չունի «նախնական պայմաններ», ապա ունի Իրանը։
1) Հակաիրանական պատժամիջոցների վերացում,
2) լիակատար և անվերապահ հեռացում ողջ Արևմտյան Ասիայից, ոչ թե միայն Իրաքից ու Սիրիայից,
3) դադարեցնել Իսրայելին պաշտպանելը Երուսաղեմի, Պաղեստինի և Գոլանի բարձունքների հարցերում,
4) Արևմուտքի երկրներում «սառեցված» իրանական բոլոր փողերի վերադարձ (իսկ դրանք 150 մլրդ դոլարից պակաս չեն),
5) ԱՄՆ-ը վերադառնում է իր բոլոր պարտավորություններին ըստ 2015 թ. ամռանն Իրանի հետ կնքված «միջուկային գործարքի»։
Նույն Թախթ-Ռավանչին արդեն հունվարին էր մերժել իրանա-ամերիկյան բանակցությունների մասին Քրաֆթի առաջարկությունը. «ԱՄՆ-ը վերջին մեկուկես տարում Իրանի դեմ հսկայական քանակով պատժամիջոցներ է սահմանել, որոնք մենք դիտարկում ենք որպես տնտեսական ահաբեկչություն և միջազգային նորմերի խախտում։ Քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է թշնամություն դրսևորել Իրանի ժողովրդի նկատմամբ, որևէ համագործակցության կամ բանակցությունների մասին խոսելն անիմաստ է»։ ՈՒրիշ ինչպե՞ս կարելի է վերաբերվել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հերթական ներկայացուցչի հայտարարություններին, եթե դրանց հետ միաժամանակ հնչում է Սպիտակ տան սպառնալիքը, թե՝ պետք լինի, կհարվածենք Իրանին և հերթական անգամ ամեն ինչ կանենք Կոնգրեսը շրջանցելով։
Համոզված չենք, որ 2020 թ., երբ վերջանում է Թրամփի նախագահության առաջին ժամկետը, նա պատրաստ կլինի համաձայնելու Իրանի պայմաններին և դրանով ընդունելու Ամերիկայի պարտությունը Իրանի սահմանակից բոլոր տարածաշրջաններում, անգամ ողջ աշխարհում։ Ի դեպ, հունվարի 9-ին Իրանը ևս մեկ «փոքրիկ լուսամուտ» բացեց ԱՄՆ-ի համար։ Վերն արդեն հիշատակված Թախթ-Ռավանչին, պատասխանելով Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի մասին TACC գործակալության հարցին, հայտարարեց, թե իբր Իրանն ավարտել է վրեժ լուծելը գեներալ Սոլեյմանիի սպանության համար և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում ռազմական նոր գործողություններ չի կատարի. «Մեր բոլոր գործողությունները համեմատական են եղել մեր գեներալի սպանությանը։ Նրանք ավարտված են։ Եթե ԱՄՆ-ը այլևս ռազմական նոր գործողություններ չկատարի Իրանի դեմ, ապա մեր կողմից նույնպես չեն լինի այդպիսի գործողություններ»։ Պարզ է, որ դիվանագետին այդ խորհուրդը տվել է Իրանի ԱԳՆ-ն։ Սակայն մեզ թույլ տանք ոչ ամեն ինչում համաձայնել պարոն Թախթ-Ռավանչիի և Իրանի ԱԳՆ-ի հետ։
Բանն այն է, որ հունվարի 8-ին, սուրբ Ղում քաղաքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին բացահայտորեն հասկացրեց. «Այս գիշեր մենք նրանց ապտակ հասցրինք, բայց վրեժը բոլորովին այլ բան է»։ Ակնարկներով լի հայտարարություններ արեցին նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Ջավադ Զարիֆը։ Պետք է ուշադիր լինել՝ որսալու համար, թե էլ ինչ վրեժ են նախատեսում իրանցիներն Ամերիկայի համար։ Ռոհանի. «Սպանելով մեր թանկագին եղբայր Սոլեյմանիին, որն Իրանի ձեռքն էր, դուք կտրեցիք մեր ձեռքը։ Մենք կկտրենք տարածաշրջանում ձեր ներկայության ոտքերը»։ Երանգը նուրբ է, բայց կարևոր։ Զարիֆ, ամերիկյան CNN News-ի հետ հարցազրույցում. «Դոնալդ Թրամփը կեղծ տեղեկություն է ստացել։ Ռազմական գեղեցիկ տեխնիկան չի կառավարում աշխարհը, մարդիկ են կառավարողները, և մարդիկ ուզում են, որ ԱՄՆ-ը հեռանա մեր տարածաշրջանից»։ Մեր կարծիքով, բերված հայտարարություններն էլ բավական են հասկանալու համար, որ Իրանի գլխավոր վրեժը դեռ առջևում է։ Միայն ավելացնենք. ՆԱՏՕ-ի զորքերը փախչում են Իրաքից, հեռացել են Ռումինիան, Խորվաթիան, Գերմանիան։ «Ամերիկյան դաշինքը» քանդվում է աչքներիս առաջ։ Առայժմ միայն Ավստրալիան է ասում, որ «Իրաքից չի հեռանա։ Չի հեռանա, կստիպեն, որ հեռանա...
Ահա նաև իրանցի զինվորականների հունվարյան հայտարարությունները։ Իրանի ԶՈՒ ԳՇ-ի պետ, բրիգադային գեներալ Մոհամադ Բաղերին հունվարի 8-ին ԱՄՆ-ի իշխանություններին նախազգուշացրեց, որ Իրաքում բազաների հրթիռակոծման նպատակը եղել է Իրանի զինված ուժերի հնարավորությունները և պատրաստվածությունը ցույց տալը։
Մեզ կարող են առարկել, թե՝ ո՞վ է ուշադրություն դարձնելու իրանցի զինվորականների տրամադրությանն ու հայտարարություններին։ Այստեղ սխալը զինվորականների գործոնի և այն գործոնի թերագնահատումն է, որ Իրանի կրոնական ղեկավարությունը պատերազմի պայմաններում միշտ հաշվի է առել և առնում զինվորական վերնախավի ցանկությունները, որովհետև ամբողջ իշխանությունը հենվում է զինվորականների (բանակ, նավատորմ, ԻՀՊԿ, «Բասիջ» աշխարհազոր և այլն) կողմից Իրանի կրոնական ու քաղաքական ղեկավարության անվերապահ պաշտպանության վրա։ Մի՞թե դա չի երևում տաք ու հարմարավետ առանձնասենյակներից։ Իսկ մեր կարծիքով, դա տառացիորեն աչք է ծակում... Չէ՞ որ Իրանում ոչ ոք չի կեղծում, այլ իսկապես հավատում է Ալլահին ու երկրի վրա «Ալլահի ներկայացուցիչ» հոգևորականների առաքելությանը։ Այդ երկրում այժմ գերհարգանքով են վերաբերվում բոլոր հավատացյալներին՝ մահմեդականներին, կրակապաշտներին, քրիստոնյաներին, հուդայականներին... Խաղից դուրս են միայն, ինչպես ասում են Իրանում, աղանդավորները և զանազան «թաքֆիրականները», որոնց թվին են պատկանում, ի դեպ, նաև վահաբականները։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ