ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էրդողանը գնում է Բեռլին, իսկ կգնա՞ն մյուսները

Էրդողանը գնում է Բեռլին, իսկ կգնա՞ն մյուսները
15.01.2020 | 14:56

Գերմանիան մտադիր է Բեռլինում հունվարի 19-ին Լիբիայի հարցով սամիթ անցկացնել՝ հաղորդում է AFP-ը՝ հղում անելով սամիթի կազմակերպման կառավարական հանձնաժողովի իր աղբյուրներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր մասնակցությունը սամիթին: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հաղորդել է, որ Էրդողանը ներկա կլինի սամիթին, որ պիտի միավորի 10 երկրների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներին, Գերմանիային, Թուրքիային, Իտալիային, Եգիպտոսին ու ԱՄԷ-ին): Հունվարի 13-ին Թուրքիայի նախագահը և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին Լիբիայիում երկարաժամկետ ու հաստատուն հրադադարի կոչ արեցին: Հրադադարի համաձայնագիրը պետք է ստորագրվեր Մոսկվայում, որտեղ հունվարի 13-ին բանակցում էին լիբիական կոնֆլիկտի երկու կողմերը՝ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը և միջազգային հանրության ճանաչումն ունեցող Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը: Թեպետ նրանք եկել էին Մոսկվա, միմյանց չհանդիպեցին: Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ և ՊՆ նախարարների միջնորդությամբ անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին բանակցեցին Ստամբուլում և Լիբիայի կոնֆլիկտի կողմերին կոչ արեցին ռազմական գործողությունները հունվարի 12-ին դադարեցնել: Ներլիբիական կոնֆլիկտի միջնորդներ Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր կողմերի են աջակցում: Թուրքիան օգնում է Ֆայեզ Սարաջին, նախագահ Էրդողանը քանիցս հայտարարել է, որ Լիբիայում 2000 ռուս վարձկաններ կան՝ «Վագների» խմբից, որ աջակցում են Խաֆթարին: Խալիֆա Խաֆթարը ռուսական բուհի շրջանավարտ է ու խոսում է ռուսերեն: Հունվարի 11-ին, Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամլո ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ եթե Լիբիայում կան Վագների խմբի վարձկաններ, նրանք չեն ներկայացնում Ռուսաստանի շահերը: Հունվարի 12-ին Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները ևս քննարկեցին իրավիճակը Լիբիայում, Իրանում ու Սիրիայում: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ հունվաի 12-ից հրադադարը Լիբիայում, որի մասին պայմանավորվել են կռվող կողմերը, պետ է լինի «հուսալի, հաստատուն ու վերահսկողության հնարավորությունը կանխատեսող»: Սակայն երկարաժամկետ հրադադարի համաձայնագրի բացակայությունը հարցականի տակ է դնում Բեռլինի սամիթի արդյունավետությունը: Այս պահին հայտնի չէ՝ Բեռլին կգա՞ն կոնֆլիկտի կողմերի ղեկավարները:
RFI


Հ.Գ. Ալեն Բառլյուեն Le Figaro-ում գրում է, որ Լիբիայի շուրջ դիվանագիտական գործունեությունը նման է շարժիչի, որին մեկ արագացում են հաղորդում, մեկ՝ արգելակում: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ստամբուլում հանդիպումից, Անգելա Մերկելի Մոսկվա այցից հետո երկուշաբթի Մոսկվա եկան և Լիբիայի հակամարտող կողմերը՝ բանակցելու համար: Բայց նրանց չհաջողվեց կնքել հրադադարի համաձայնագիր, որ առաջարկել էին Պուտինն ու Էրդողանը:
Բանակցությունների 7 ժամից հետո համաձայնագիրը ստորագրեց միայն Ֆայեզ Սարաջը, Խալիֆա Խաֆթարը հրաժարվեց: Նա լրացուցիչ ժամանակ խնդրեց մինչև 14-ի առավոտը՝ մտածելու համար՝ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ընդունելով, որ որոշակի առաջընթաց եղել է: Լիբիայում կիրակի ուժի մեջ մտած հրադադարը հիմնականում պահպանվել է, չնայած մի քանի խախտումներին, որոնց պատասխանատվությունը կողմերը միմյանց վրա են գցում: Մոսկվայում բանակցությունները վատ սկիզբ ունեցան՝ միջազգային հանրության ճանաչումն ունեցող կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը հրաժարվեց Խալիֆա Խաֆթարի հետ մի սեղանի շուրջ նստել: Բանակցությունները նրանց միջև վարում էին միջնորդները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: Սենյակում դրված թափուր աթոռները այդպես էլ մնացին՝ երկու գլխավոր լիբիացիները չեկան:

Մոսկվայում քննարկվող համաձայնագրի նախագիծը, որ ունի ռուս-թուրքական աջակցությունը, նախատեսում է «ռազմական գործողությունների անսահմանափակ կրճատում» Լիբիայում, «առօրյա կյանքի նորմալացում Տրիպոլիում ու մյուս քաղաքներում», «մարդասիրական օգնության հասանելիություն ու անվտանգ բաշխում»: «Գազային հանքավայրերի բաշխումը մարտական ուժերի միջև առանցքային հարցերից մեկն է, որ հիմա քննարկվում են ու պետք է կարգավորվեն»՝ ասել է հավաստի աղբյուրը: Էմանուել Մակրոնը Վալդիմիր Պուտինի հետ հեռախոսազրուցում կիրակի օրը պնդում էր հրադադարի «հավաստի, հաստատուն ու վերահսկողության ենթակա» լինելու անհրաժեշտությունը՝ միջլիբիական երկխոսության վերսկսման համար: Չնայած ստեղծված անորոշությանը՝ Բեռլինում արդեն նախապատրաստվում են Լիբիայի քաղաքական ապագան որոշող սամիթին՝ առաջիկա կիրակի, երբ Գերմանիայի մայրաքաղաքում է լինելու Էրդողանը: Նա արդեն հայտարարել է, որ սամիթին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտիի հետ: Բեռլինի հանդիպման նպատակը Լիբիայի հարցում միջազգային կոնսենսուսի ամրապնդումն է՝ հեշտացնելու համար միջլիբիական երկխոսությունը և հաշվի առնելու տարածաշրջանային շահերը: Այնուհանդերձ՝ Մոսկվայից Բեռլին ճանապարհը շատ ավելի զիգզագներ ունի, քան սպասվում էր:


Իրականում խնդիրը հենց «տարածաշրջանային շահերն» են՝ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Լիբիան Օսմանյան կայսրության տարածք է եղել ու Թուրքիան չի կարող անտարբեր լինել այնտեղ կատարվողին, ավելի պարզ՝ Անկարան չի կարող «անտարբեր» լինել նավթին ու գազին: Պատահական չէ, որ Էրդողանը Ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միակողմանի դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին, եթե փորձեն խախտել հրադադարը Իդլիբ նահանգում: Այսինքն՝ Սիրիան, Լիբիան Թուրքիայի համար կարևոր են իբրև տարածքներ, ոչ թե պետություններ: Էրդողանը Ազգային մեծ ժողովում նաև ասել է. «Քանի որ Սիրիայում չկա օրինական կառավարություն, որը կներկայացնի ամբողջ ժողովրդի շահերը, մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք այդ աշխատանքը (երկրում հակամարտությունը լուծելու համար): Հուսով եմ, որ ներկայիս զինադադարը կդառնա մշտական», այսինքն՝ նա վերսկսել է Ասադի դեմ պայքարը, որովհետև Սիրիայի կառավարական ուժերը ուզում են երկրի տարածքը մաքրել օտարերկրյա ներկայությունից: Նա նաև սպառնացել է Խալիֆա Խաֆթարին. «Եթե Լիբիայի օրինական կառավարության վրա շարունակվեն հարձակումները, մենք ձեռնպահ չենք մնա Խաֆթարին դասեր տալուց»: Տեղեկություններ կան, որ Խալիֆա Խաֆթարի բանակը սկսել է նախապատրաստվել հարձակողական գործողությունների և ուժեր է կուտակում Տրիպոլիի հարավում: Հաշվարկը պարզ է՝ բլից կրիգով մինչև Բեռլինի սամիթը՝ հունվարի 19-ը, գրավել Տրիպոլին և վերջ տալ երկիշխանությանը: Բայց հիմա Խաֆթարի դեմ ոչ միայն Ֆայեզ Սարաջն է, այլև՝ Էրդողանը, որ Սարաջի կառավարության հետ մի քանի համաձայնագիր է կնքել նավթի ու գազի, Միջերկրականի ծովային սահմանների վերաձևման վերաբերյալ և ոչ մի դեպքում թույլ չի տա Սարաջի անկումը: Սպասենք մինչև կիրակի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ