Տաղանդի մասին, ու՝ ոչ միայն
14.01.2020 | 03:17
Վերջապես ձյուն էլ եկավ Երևանում, ու մեր թիթիզ ձմռանը մի քիչ լրջություն հաղորդեց: Լրջություն, որի կարիքն ունենք բոլորս: Մենք, որ չափազանց բևեռացված ենք, մենք, որ չունենք չափի զգացում, մենք, որ անհարկի քաղաքականացված ենք: ՈՒ՝ շարունակում ենք իրար վախեցնել, ու՝ իրարից … վախենալ:
Օրինակ՝ ԱՄՆ-Իրան կոնֆլիկտը: Տարին սկսվեց արտաքին քաղաքական անակնկալներով՝ Բաղդադում ԱՄՆ նախագահի հրամանով սպանվեց Ալ Կուդսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին՝ Իրանի դեֆակտո երկրորդ դեմքը: ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի նոր զարգացում, որ մի քանի օր չէր իջնում թերթերի առաջին էջերից ու եթերից ամբողջ աշխարհում: Հատկապես, որ Իրանը հրապարակավ խոստանում էր աշխարհացունց վրեժ: Սոլեյմանիի հուղարկավորումից հետո, սակայն, պաշտոնական վրեժն ավարտվեց Իրաքում ԱՄՆ 2 ռազմաբազա հրթիռակոծելով՝ նախապես Իրաքին, վստահության համար նաև Դանիային, նախազգուշացնելուց հետո: Հետո Հասան Ռոհանին կառավարության նիստում հայտարարեց. «Ես կարծում եմ՝ գլխավոր հարվածը ԱՄՆ-ին պետք է տան տարածաշրջանի ժողովուրդները. ամերիկացիները կտրել են մեր թանկագին գեներալ Սոլեյմանիի ձեռքը, ի պատասխան Ամերիկայի ոտքը կկտրեն տարածաշրջանում»:
Փորձագետները համոզված են, որ այս փուլում ԱՄՆ-ԻԻՀ կոնֆլիկտը կավարտվի, բայց կողմերը շարունակում են գլորվել դեպի մեծ պատերազմ: Իրանի ու ԱՄՆ-ի պատերազմի անխուսափելիության մասին խոսում են 40 տարի՝ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո:
Բնականաբար՝ Հայաստանը պիտի իր համապարփակ անվտանգության մասին մտածեր՝ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում: Բայց այն, մեղմ ասած, իրարանցումը և ապոկալիպսիսի գուշակությունները, որ սկսվեցին լրատվամիջոցներում, բնորոշ էին միայն ամեն ինչից վախեցած մարդու ու պետության: Թեև իշխանությունը ձեռնարկում էր քայլեր՝ ռազմականից մինչև պարենային անվտանգության ապահովման համար: Իսկ մամուլը Կասանդրայի սինդրոմով աշխարհի վերջը, երրորդ համաշխարհայինի սկիզբն էր ուրվագծում, ու ինքն իր խելացիությամբ հրճվում: Ոչ ոք, իհարկե, չկանխատեսեց այն, ինչ կատարվելու էր հետո: Նույն այդ «վրիժառության» գիշերվա լուսաբացը, երբ Իրանը սխալմամբ խոցեց ՈՒկրաինայի ուղևորատար բոինգը: Խոցեց ու 3 օր ժխտում էր: Հունվարի 3-11-ը այաթոլա Ալի Խամենեիի հաղթահանդեսի օրեր էին. Դոնալդ Թրամփի հրամանով սպանված գեներալ, մահից հետո՝ գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Ղասեմ Սուլեյմանին շարունակում էր ծառայել իշխանությանը՝ համախմբել պատժամիջոցների պատճառով սոցիալ-տնտեսական ծանր վիճակում հայտնված մարդկանց, որ մի քանի ամիս առաջ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքի ցույցերի, ու ոչ ոք չի կարող ասել՝ քանիսն այլևս տուն չվերադարձավ:
«Մահ Ամերիկայինը» վերստին դարձել էր գլխավոր կարգախոս: Իրանում քչերն են ընդունում, որ Ղասեմ Սոլեյմանին 1978-ի իսլամական հեղափոխությունից մեկ տարի հետո անդամակցելով իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ու արագ առաջ գնալով՝ զբաղվում էր սպանությունների ու ահաբեկչությունների կազմակերպմամբ՝ երկրից դուրս: ՈՒ դա բարձրաստիճան զինվորականի համար այնքան էլ պատվաբեր գործ չէ: Նա գիտեր բազում գաղտնիքներ, ու նրա խղճին կային բազում զոհեր: Ճիշտ է՝ հանուն ալլահի ու Իրանի, բայց դա ընկալվում է միայն Իրանում, իսկ Իրանից դուրս շատերի համար նա ահաբեկիչ էր:
Դոնալդ Թրամփն այնքան էլ պոպուլիզմի ու իր վերընտրության հարցը չէր լուծում՝ Սոլեյմանիի վերացման հրամանը տալով, որքան ապահովում էր յուրայինների անվտանգությունը: Դա է փաստում նաև, որ Իրաքում տեղակայված ԱՄՆ 2 ռազմաբազաների գիշերային հրթիռակոծումից հետո նա ռազմական պատասխան չձեռնարկեց, միայն խոստացավ լրացուցիչ պատժամիջոցներ: «Իրանը, կարծես, նահանջում է, ու դա շատ լավ է բոլոր շահագրգիռ կողմերի համար, լավ է ամբողջ աշխարհի համար»,- ասաց Դոնալդ Թրամփը: Բայց անգամ նա չէր կարող կանխատեսել, որ Իրանը կխոցի ուկրաինական ինքնաթիռը, կժխտի, հետո կխոստավանի, ու Թեհրանում ցույցեր կսկսվեն այաթոլա Ալի Խամենեիի հրաժարականի պահանջով: Շրջադարձը սա էր՝ գերագույն հոգևոր առաջնորդը մեկ օրում կորցրեց համերկրացիների աջակցությունը՝ ի վերջո, խոցված ինքնաթիռի 176 ուղևորներից 83-ն իրանցի էին:
ՈՒ հիմա՝ այաթոլայից նախագահ, ԱԳ նախարար, տարբեր պաշտոնյաներ, որ 3 օր ապացուցում էին ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը, պիտի ոչ միայն աշխարհին, սեփական ժողովրդին բացատրեն՝ ինչպե՞ս ու ինչու՞ խփեցին ուկրաինական բոինգը: Բայց Թեհրանի փողոցներ են դուրս գալիս մի քանի հազար մարդ ընդամենը, դա սպառնալիք չէ մոլլաների կրոնապետությանը: Հայաստանի համար, իհարկե, շահեկան կլիներ, որ Իրանը լիներ ոչ թե մոլլաներով կառավարվող կրոնապետություն, այլ դինամիկ զարգացող աշխարհիկ պետություն: Դա շահեկան կլիներ նախ և առաջ Իրանի համար, տարածաշրջանի ու աշխարհի, բայց կա ինչ կա: ՈՒ մենք պիտի իրավիճակի բոլոր նրբությունների հաշվառումով շարունակենք համագործակցությունը թե ԱՄՆ-ի, թե Իրանի հետ: Բայց վերջապես թոթափենք մեր գավառամտությունը, թույլի, վախեցածի ու անվերջ վախեցողի սինդրոմը, թե աշխարհի մեծերը կռվշտեն, մենք ոտատակ ենք գնալու, մենք ո՞վ ենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդ ու խաղաղարար լինենք: Եվ այլն, և այլն… Պետությունը պիտի ամբիցիա ունենա, քաղաքացին՝ բացի հպարտ լինելուց, պետք է զգա ու հասկանա իր պետության ու երկրի արժեքն ու դերը: Ընդհանրապես ու մասնավորապես: ՈՒ դա պիտի լինի ոչ թե ընթացիկ կամ հպանցիկ զգացում, այլ մշտական ու մշտամնա:
Իսկ մինչ այդ գիտակցությանը գալը շարունակեք ՀԴՄ կտրոն պահանջել բոլոր գնումների համար: Հավաքեք այդ կտրոնները, համարակալեք ու պահեք մինչև վարչապետի ծննդյան օրը: Ավելի մեծ նվեր նրան ՀՀ հպարտ քաղաքացուց հնարավոր չէ պատկերացնել: Գոնե այս պահին: Վստահաբար՝ չէ որ ինքն է իր ֆեյսբուքյան էջում գրել. «Այսօր կարդում էի կանխատեսումները և վերլուծությունները 2020-ի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին: Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը: Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում»: Կստացվի, որ դուք էլ նրան եք դուխ տալիս: Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը հայկական բիզնեսին դուխ տալը պատկերացնում է հայկական արտադրության հագուստով ու ծիրանի կոնյակ ըմպելով: Թեթև տարեք. ի վերջո, լրագրող է՝ ընդդիմադիր պատգամավորի մի քանի տարվա ստաժով: Ճիշտ է՝ շատ է աշխատում, բայց պատկերացնու՞մ եք՝ ամեն օր ինչ ու ինչքան տեղեկատվություն է հոսում նրա աշխատասենյակ: Օրինակ՝ հայ-վրացական թեթևակի սկանդալը:
Միանշանակ է, որ երբ վարչապետին տրամադրվել են տվյալներ, պոպուլիստ հայրենասերի նրա սիրտը չի զգուշացրել մտքին, որ անմիջապես ինչ ձեռքն է ընկնում, չպետք է հրապարակել, արժի մի քիչ սպասել, ստուգել: Հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է արտաքին աշխարհին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարևաններին գերազանցելուն:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով, մեկ շնչի ՀՆԱ-ի աճի մասով, թե այլ մասերի: Որ այդ երկրի ընդամենը նախարարը իրեն չպատասխանի ու չասի. «Սա սխալ գնահատական է, քանի որ հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր»: Միանշանակ է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը ավելի պոպուլիստ է ու ավելի անշրջահայաց, համենայն դեպս, պետական էթիկայի տեսակետից: Նույն միտքը հնարավոր էր ձևակերպել շատ ավելի կոռեկտ: Համենայն դեպս, Հայաստանը շատ ավելի առիթներ է ունեցել, մասնավորապես Վրաստանի նախագահի հայտարարությունների դեպքում, բայց Սալոմե Զուրաբիշվիլին, Բաքվում արած հայտարարություններից հետո չի բացատրել դիվանագիտության տարրական մեթոդոլոգիական սխալները: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հոխորտանքին, թե Տիգրան Մեծից հետո Հայաստանը երբեք Վրաստանից առաջ չի անցել, փաստերով պատասխանել է միայն ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Թեպետ Սաակաշվիլին պատասխանել է ոչ թե ՀՀ վարչապետին, այլ զբաղվել է ինքնագովազդով ու Բիձինա Իվանիշվիլու վրա քաղաքական տակառ գլորելով: Իսկ Հրանտ Բագրատյանն էլ նրանից առաջ էր պնդել, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։
Նիկոլ Փաշինյանը պարզապես մենակ է մնացել իր աշխատասենյակում՝ շրջապատված մարդկանցով, որ նրա հաշվին լուծում են ազդեցիկության ու ազդեցության մեծացման հարց: Պատահական չէ, որ հունվարի 8-ին՝ առաջին աշխատանքային օրը Հանրապետության հրապարակին հրաժեշտ տվեց նրա մամլո քարտուղարը: Առիթը ամանորյա ուղերձի սուֆլյորի տեքստի սխալներն էին, ավելի ճիշտ՝ կրկնությունը: Բայց որևէ ղեկավար իր ենթակային պաշտոնական այդ անփութության պատճառով հրաժեշտ չէր տա, եթե չունենար ավելի լուրջ պատճառ: Իսկ լուրջ պատճառ կար. իր հրապարակային հայտարարություններով Վլադիմիր Կարապետյանը ոչ միայն չէր նպաստում վարչապետի գործունեության ընկալելի լինելուն, այլև հաճախ հակառակն էր անում՝ առաջնորդվելով լրատվության ու քարոզչության միայն իրեն հայտնի կանոններով: Իհարկե, դժվար է աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հակասական, պոռթկուն ու անկանխատեսելի բնավորության պատճառով, բայց վարչապետի մամլո քարտուղարի խնդիրը նրա գործողությունները շահեկան ներկայացնելն է, ճշտված ու հավաստի տեղեկություններ հաղորդելը, նրա գործունեության լուսաբանման մոդել ունենալը, ոչ թե հընթացս ու իրավիճակային լուծումներ մատուցելը: Գուցե քչերը նկատեցին, որ Վլադիմիր Կարապետյանի նշանակումից հետո Նիկոլ Փաշինյանը համարյա դադարեցրել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերները, բայց համարյա կես տարի անց վերսկսեց՝ համարելով, որ ինքը ֆեյսբուքով ավելի շատ գործ է անում, քան Կարապետյանն իր լրատվական ռեսուրսներով: Մամուլը գրեց, որ Վլադիմիր Կարապետյանը նաև «պալատական խարդավանքների» մեծ վարպետ էր և կարողանում էր ՀՀ վարչապետի ականջին այնպիսի ինֆորմացիաներ հասցնել, որ իրականում գոյություն չունեն: Իսկ ում հետ հակադրվել կամ չի ընդունել, անմիջապես պիտակավորել է «քոչարյանական»՝ նրա նկատմամբ թշնամանք քարոզելով: ՈՒ հիմա նորից վարչապետն ինքն է իր մամլո քարտուղարը: Բայց նա միայն ինքն իր մամլո քարտուղարը չէ, ինքն իր իշխանությունն է ու ընդդիմությունը՝ համաժամանակյա: ՈՒ դա անձի երկվություն չէ, կամ խելագարության կանխավարկած, որ իբր պիտի վարկաբեկեր նրան ու իշխանափոխության պահանջ դառնար՝ հայտնի կամ անհայտ ուժերի թելադրանքով: Դա պարզապես կյանքն է՝ մենակ ու ոչ այնքան վճռական մարդու կյանքը, որ հայտնվել է պետության առաջին դեմքի դերում՝ առանց սուֆլյորի: Հենց սուֆլյորի ու ներքին կարգավորիչի բացակայությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է կառավարության նիստում քննարկել ռեստորանների զուգարանների, փողոցում մեքենայից նետված ծխախոտի ու կոնֆետի թղթերի հարցը: Ամենայն լրջությամբ: Համարյա համազգային մենթալիտետի: Սինգապուրին հղում անելով: Չկա չափանիշի չափանիշ, որով նա կարգավորի ու խմբավորի հարցերը, որոնք պետք է պետության ղեկավարը բարձրացնի ու լուծի, որոնցով պիտի զբաղվեն այլ պաշտոնյաներ: ՈՒ պատճառը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը խորապես համոզված է, որ ինքը եկել է ամեն ինչ փոխելու, որովհետև ամեն ինչ սխալ է: Բայց այդպես էլ չկողմնորոշվեց՝ ինքը Հիսու՞սն է, թե՞ Հռոմի պապը: Ավելի շահեկան է Հռոմի պապը, պոնտիֆիկոսը ոչ միայն հովվապետ է, այլև պետության ղեկավար: Թեկուզ՝ Վատիկանի պես: Վատիկանն աշխարհում շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան նրա սահմաններն են Հավերժական քաղաք Հռոմում: Երևանը Հռոմից 25 տարի շուտ է հիմնադրվել, ուրեմն ՀՀ վարչապետը Հռոմի պապից… չասեմ ինչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ երբ սկսվի ՀՀ երրորդ նախագահի դատավարությունը, երկրորդի՞նը, թե՞ երրորդինն է լինելու թոփ 1 թեման: Տաղանդի հարց է, ու՝ ոչ միայն:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ