Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը այնպիսի դեր է խաղում Միացյալ թագավորության համախմբվածության մեջ, այնպիսի կարևոր դեր ունի բրիտանացիների սրտում ու միջազգային ասպարեզում նրանց փափուկ ուժի մեջ, որ Վինձորների հոգեվիճակն ու տարաձայնությունները չեն կարող մանրուք համարվել: Հունվարի 8-ին՝ թագաժառանգ Չարլզի երկրորդ որդու՝ Հարիի ու նրա կնոջ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ հասարակական միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու՝ այսինքն՝ արքայական ընտանիքի հիմնական գործառույթի, որոշման հայտարարությունը Լոնդոնում տարակուսանք առաջացրեց՝ գրում է Le Monde-ը: Ամուսինների միապետությունից հեռանալու սկանդալն սկսվեց այն տեղից, որ նախքան իրենց որոշման մասին հայտարարելը, չեն խորհրդակցել թագուհու հետ, որ կարող է համարվել արհամարհանք պետության գլխի նկատմամբ: Գլխավորը՝ այդ որոշումը հետևեց փաստին, որ արքայական պարտականությունները վայր էր դրել թագուհու երկրորդ որդին՝ արքայազն Էնդրյուն: Ճգնաժամը խորացնում է և Հարրիի ու Մեգանի հայտարարած՝ Բուկինգհեմյան պալատի մեդիա օրենքներից հեռանալը, որոնց համաձայն ընդունված է շփումներ ունենալ միայն «արքայական թղթակիցների» սահմանափակ շրջանակի հետ, որի՝ Վինձորների քիչ թե շատ ստուգված փաստերի ու արարքների տարեգրությունը կազմում է նրանց աշխատավարձը, սակայն կարող է արքայական ընտանիքի կյանքն անտանելի դարձնել: Բուկինգհեմյան պալատի ամուսնական զույգի որոշման պատճառով նորից կասկածի տակ է դրվում բրիտանական տաբլոիդների դերը: Բրիտանական տաբլոիդները, որ մշտապես լուսաբանում են կամ գլամուրային պատմությունները՝ լի արքայական ընտանիքի նկատմամբ հիացմունքով, կամ արքայական ընտանիքի անդամների մրցակցոթյունը ու ֆինանսական արտոնությունների չարաշահումը՝ ի հաշիվ հարկատուների, հիմա ցեխի հորձանք են ուղղում ամուսիններին՝ մեղադրելով դավաճանության ու եսասիրության մեջ: Daily Mail-ը առանց տատանվելու՝ պահանջեց, որ թագուհին արտաքսի «խաբեբաներին թագավորությունից», այդ «երեսառած երեխաներին, ինքնակոչներին, գիշատիչներին», որ սպառնալիք են միապետության ինստիտուտին:
Վինձորների ընտանիք խառնարյուն, ամուսնալուծված ամերիկուհի Մեգանի մուտքը սկզբում ընդունվեց իբրև բարիք միապետության համար, որ իր անախրոնիզմը թաքցնելու համար մշտապես պետք է ցուցադրի նորացման ձգտումը: Արքայական զույգի ճակատագիրը, որ ինչ-որ ժամանակ բրիտանացիների ֆավորիտն էր, ցույց է տալիս այդ խնդրի ողջ բարդությունը:
Le Monde
Հ.Գ. Դա արդեն ստացել է Megxit (բրեկզիտի նմանությամբ) անունը: Հարրին ու Մեգանը հայտարարեցին, որ ուզում են հեռանալ իրենց ներկա դերից արքայական ընտանիքում: «Մենք մտադիր ենք հրաժարվել արքանական ընտանիքի բարձրաստիճան անդամների դերից և դառնալ ֆինանսապես անկախ՝ շարունակելով ամբողջությամբ աջակցել Նորին Մեծություն թագուհուն»՝ գրել էին նրանք: Նրանք հաղորդել են, որ շարունակում են ակտիվ համագործակցել արքայական ընտանիքի բոլոր անդամների հետ ներառյալ արքայազն Չարլզին ու արքայազն Ուիլյամին, սակայն ընտանիքում հայտարարությունը ռումբի պայթյուն էր, որովհետև Սասեքսի դուքսն ու դքսուհին ոչ մեկին չէին տեղեկացրել իրենց որոշման մասին: Ելիզավետա երկրորդը «ծայրահեղ հիասթափված» էր, արքայական ընտանիքի անդամները՝ շոկի մեջ, տխուր ու զայրացած: Իսկապես՝ նրանք ունեին ամեն ինչ՝ իրենց ցանկացած տունը, իրենց ցանկացած գրասենյակը, անսահմանափակ գումար, ուրիշ ի՞նչ էր պետք: Իսկ սա պատմություն է պահպանողական ընտանիքի արքայազնի մասին, որ ամուսնանում է ամերիկուհի ազատամիտ դերասանուհու հետ: Արքայազն, ում մայրը բաժանվել էր գահաժառանգ ամուսնուց: Գուցե Դիաննայի գեներն են, գուցե պարզապես ազատ ապրելու ցանկությունը, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին հեռանում են Բուկինգհեմյան պալատից ու նույնիսկ մտադիր են տարվա կեսն ապրել Կանադայում, կեսը՝ Բրիտանիայում: Սա իսկապես մեգզիտ է: Շատ չէ՞ Մեծ Բրիտանիայի համար և բրեկզիտը, և մեգզիտը՝ համաժամանակյա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ