ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մակրոնը հրաժարվեց

Մակրոնը հրաժարվեց
25.12.2019 | 12:55

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հրաժարվել ապագա նախագահական թոշակից հօգուտ նոր կենսաթոշակային բարեփոխման «ունիվերսալ համակարգի»՝ դեկտեմբերի 22-ին հաղորդել է Ելիսեյան պալատը: Բայց կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ գործադուլը շարունակվում է: Նախկին նախագահներին հատուկ թոշակը նախատեսվում է 1955-ի օրենքով և հավասարեցված է պետական խորհրդականի աշխատավարձին: Հիմա պետխորհրդականի տարեկան աշխատավարձը 75 000 եվրո է: Նախկին նախագահները (հիմա 3-ն են) ամեն ամիս ստանում են մոտ 6000 եվրո՝ հարկերով հանդերձ: Դրան կարող է հավելվել այլ գործունեության վարձը:


«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը տարածվում է և իր վրա, ու նա չի ստանա 2022-ին, մանդատի ժամկետը լրանալուց հետո, 1955-ի օրենքով նախատեսված գումարը»՝ նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունում: Ելիսեյան պալատից նաև ճշտել են, որ Մակրոնը հրաժարվում է Սահմանադրական խորհրդի անդամությունից, որ տրվում է բոլոր նախկին նախագահներին: Դեկտեմբերի 21-ին Էմանուել Մակրոնը դարձավ 42 տարեկան: Ֆրանսիայի նախագահի հերթական ընտրությունները 2022-ի գարնանն են: Մակրոնը իրավունք ունի ևս մեկ անգամ առաջադրվել և ընտրության դեպքում կնախագահի մինչև 49 տարեկանը:


Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումը առաջարկում է պարզեցնել 42 հատուկ կենսաթոշակային համակարգերը, որ թույլ էին տակիս մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչների կարիերան ավելի վաղ ավարտել մյուսներից: Կենսաթոշակները հաշվարկվելու են ոչ թե աշխատած տարիների համար, այլ՝ կենսաթոշակային համակարգ վճարված յուրաքանչյուր եվրոյի համար ստացված միավորների: Բարեփոխումը մեծ դժգոհություն առաջացրեց նախևառաջ երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների շրջանում, որ օգտվում էին հատուկ կենսաթոշակային համակարգից: Դեկտեմբերի 5-ից սկսված գործադուլը կարող է շարունակվել ամանորի տոներին: Կիրակնօրյա JDD թերթի հրապարակած հարցումով, որ անցկացրել է IFOP-ը՝ հասարակական կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտը, հարցվածների 51%-ը աջակցում է գործադուլին, 34%-ը դեմ է, 15%-ը՝ անտարբեր: Սոցիոլոգները նշում են, որ գործադուլի աջակցությունը մեկ շաբաթում նվազել է 4 տոկոսով:
RFI


Հ.Գ. Փաստացի՝ Ֆրանսիայի երիտասարդ նախագահը ոչնչի առաջ կանգ չի առնում՝ հազիվ էր մարել դեղին ժիլետների շարժումը՝ նա ֆրանսիացիներին հրամցրեց հերթական բողոքի ակցիաների նոր առիթ՝ կենսաթոշակային բարեփոխումը: Նույնիսկ հաշվի չառնելով, թե բողոքի ինչ ու ինչքան ակցիաներ եղան Ռուսաստանում, որտեղ մարդիկ շատ դժվար են փողոց դուրս գալիս, ինչքան նվազեց ՌԴ նախագահի վարկանիշը: Էմանուել Մակրոնը ընտրությունից առաջ խոստացել է տեղից շարժել ու առաջ տանել Ֆրանսիան, կատարում է խոստումները, ինչու՞ են դիմադրում նրան ընտրած ֆրանսիացիները: Գուցե իներցիայով, գուցե դրսի միջամտությամբ՝ Մակրոնը ուզում է բարեփոխել կյանքը ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ ԵՄ-ում: Եվ չես կարող չընդունել, որ նա չի մտածում իր վարկանիշի մասին ու անում է քայլեր, որ անհրաժեշտ է համարում պետության զարգացման համար, թեպետ դառնում է շարքային ֆրանսիացիների բողոքների թիրախ: Փաստացի՝ Ֆրանսիայի նախագահը պրագմատիկ ու հակապոպուիստ է, իսկ դա կարող է 2022-ին նրան չներվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ