Չինաստանի իշխանությունները համառորեն կոչ են անում հիմնական կրոնների ներկայացուցիչներին կրոնական տեքստերի բնագրերի թարգմանություններում սրբագրումներ անել՝ «նոր ժամանակաշրջանի պահանջներին» համապատասխանեցնելու նպատակով՝ գրում է Սեբաստիան Ֆալետին Le Figaro-ում: «Կրոնական դասական գրականության գոյություն ունեցող թարգմանությունների համակողմանի գնահատական է պետք տալ: Այնտեղ, որտեղ բովանդակությունը չի համապատասխանում, անհրաժեշտ է փոփոխել ու նորից թարգմանել տեքստը»՝ նշված է «Սինխուա» գործակալության հրապարակած հաշվետվության մեջ նոյեմբերի 6-ի սիմպոզիումի մասին, որ նախագահել է Վան Յանը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 7 մշտական անդամներից մեկը:
«Այդ սիմպոզիումը վկայում է, որ կրոնների վերահսկողությունը կդառնա շատ ավելի կոշտ»՝ գտնում է Ռեն Յանլին՝ Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի աշխատակիցը: Սիմպոզիումին հրավիրված էին Չինաստանի հիմնական պաշտամունքների ներկայացուցիչները, որպեսզի նպաստեն հոկտեմբերի վերջին Պեկինում կայացած կուսակցության 4-րդ պլենումի որոշումները՝ ուժեղացնել գաղափարախոսական գերակայությունը հասարակության վրա և ամրապնդել կոնտրմոդելի հավակնություննեը՝ իբրև հակակշիռ արևմտյան ժողովրդավարություններին: Վան Յանը ընդգծել է գաղափարախոսությունների ու կրոնական կանոնների մեկնության հիմնարար կարևորությունը՝ նպատակ ունենալով «աստիճանաբար ձևավորել կրոնական-գաղափարական համակարգ՝ չինական բնորոշիչներով»: Գաղափարախոսությունը ձևափոխելու այս ցուցումը նախագահ Սի Ձինպինի ձգտումն է՝ ճնշել որևէ տեսակետ, որ կարող է այլընտրանք լինել կուսակցության տեսակետին: 2013-ին իշխանության գալուց հետո Սին պնդում էր, որ պետք է ուժեղացնել հավատացյալների հայրենասիրությունը, երկրորդ ժամկետում նա ձեռնամուխ է եղել գաղափարական բովանդակությանը: Աստվածաշունչը խմբագրելու ցանկությունը միայն սկիզբն է: Քայլ առ քայլ դա արտահայտվում է տաճարներում կարմիր դրոշի բարձրացմամբ կամ քարոզչական ցուցապաստառների տեղակայմամբ մզկիթներում՝ ինչպես եղավ Նինսյա-Խուեյի շրջանում: Վերջերս Սի Ձինպինի դիմանկարը փոխարինեց Սուրբ Մարիամի ու մանուկ Հիսուսի դիմանկարին Ցզյանի կաթոլիկ եկեղեցում՝ ինչպես հաղոորդել է Bitter Winter ոչ կառավարական կազմակերպությունը, որ պայքարում է ամբողջ աշխարհում հավատի ազատության համար:
«Կոմունիստական վարչակարգը աղանդ է, որ Տիբեթի բուդդայականությունը, կաթոլիկությունը կամ իսլամը ընդունում է իբրև մրցակից գաղափարախոսություններ: Կրոնների նկատմամբ վերահսկողության ուժեղացումը իրականում բացահայտում է վախը, որ կորցնում են հասարակության վերահսկողությունը»՝ նշում է անկախ պատմաբան Չժան Լիֆանը, որ նույնպես վերահսկողության տակ է: Այս նոր հարձակումը խոստանում է դառնալ չինական հասարակության սիրտը ներխուժելու կուսակցության կարողության ստուգում՝ առավել լարված միջազգային ու տնտեսական ենթատեքստում, որ բնութագրվում է Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի հետ ռազմավարական դիմակայությամբ: «Կրոնների վերահսկողության ուժեղացումը կարող է հակաարդյունավետ լինել, ինչպես ցույց են տվել անցյալ տասնամյակները: Իշխանությունը երկրի, տնտեսության, հասարակության կառավարման համար է, բայց ոչ՝ հավատի: Կարծես թե որոշ ղեկավարներ դա չեն հասկանում»՝ գտնում է կառավարական հետազոտական կենտրոնի փորձագետ Ռեն Յանլին: Սակայն Աստվածաշնչի վերախմբագրման աշխատանքներն արդեն սկսվել են:
Հ.Գ. Չինաստանում քրիստոնյաներին միշտ են հալածել, և դա Սի Ձինպինի նորամուծությունը չէ: Հավատացյալների մասին Չինաստանում, որքան էլ տարօրինակ է, ճշգրիտ թվեր չկան: Պաշտոնական տվյալներով՝ Չինաստանում ապրում է 70 միլիոն քրիստոնյա՝ բնակչության 5,1 %: Operation World-ի 2001-ի գնահատականով՝ քրիստոնյաները Չինաստանում 91,575 միլիոն են, 23 միլիոնը ,երեքի շարժումից» են, 11,7 միլիոնը՝ կաթոլիկներ: Իսլամը Չինաստանում ներկայացված է 10 ազգություններով, դավանում է 18 միլիոն մարդ: US Department of State - 2012 Report on International Religious Freedom: China (Includes Tibet, Hong Kong, and Macau)-ի տվյալներն այլ են: Չինաստանի Վիճակագրական վարչության տվյալներով՝ 2010-ի նոյեմբերի 1-ին երկրում կար 1 միլիարդ 339 միլիոն 725 հազար մարդ: ՄԱԿ-ի համար նախապատրաստված զեկույցում Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ երկրում կան 100 միլիոն տարբեր կրոնների հետևորդներ և նրանց թիվը մեծանում է: 2007-ին East China Normal University-ի հարցումը պարզել է, որ 31,4%-ը, այսինքն 300 միլիոնը կրոնական համոզմունքներ ունեն: Հարցման տվյալներով՝ կան 200 միլիոն բուդդայականներ, դաոսականներ ու տեղական աստվածների երկրպագուներ, ճշգրիտ տվյալներ հայտնի չեն, որովհետև հավատացյալների մեծ մասը իր տանն է ծեսերն անում: State Administration for Religious Affairs (SARA)-ի տվյալներով՝ Չինաստանում պաշտոնապես կա 21 միլիոն մուսուլման, ոչ պաշտոնական տվյալներով՝ 50 միլիոն: Նրանց մեծ մասը խուեյ ազգության են ու ապրում են Նինսյայում, Գանսուում, Յունանում: Պաշտոնական վիճակագրական տվյալներով (Սինցզյանի վիճակագրական վարչություն, 2010) 10 միլիոն ույգուրներ են ապրում Սինցզյանում:
2011-ին the Institute of World Religions at the Chinese Academy of Social Sciences (CASS) հրապարակեց Կապույտ գիրքը, որի տվյալներով բողոքականների թիվը 23 40 միլիոն է: SARA-ն 2010-ի հունիսին հայտարարեց, որ Three-Self Patriotic Movement (TSPM) գրանցել է 16 միլիոն բողոքական: Pew Research Center в 2010-ին հաշվել է 67 միլիոն: SARA-ն հաշվել է 6 միլիոն կաթոլիկ, Pew Center-ը՝ 9 միլիոն: Ընդհանուր առմամբ՝ ոչ ճշգրիտ ու ոչ ամբողջական, բայց պատկերը այսպիսին է. Չինաստանի բնակչության 1 000 000 000 հավատացյալ չէ, բուդդայականություն, դաոսականություն ու տեղական աստվածների են դավանում 2 000 000 000, բողոքականություն՝ 60 000 000, իսլամ՝ 50 000 000, ավետարանչականություն՝ 22000000, կաթոլիկություն՝ 9000000, այլ հավատալիքներ ունեն 1000000:
Այս պատկերն ունենալով՝ ինչու՞ է Սի Ձինպինը որոշել խմբագրել միայն Աստվածաշունչը, բայց ոչ Ղուրանը: Ով էլ լինի՝ Սի Ձինպինը, թե Չինաստանի ամբողջ ղեկավարությունը, Աստվածաշնչի «չինացումը» կամ չին քրիստոնյաների հալածանքներն ավելի են ուժեղացնելու նրանց դիրքերը: Շատ ավելի արմատական լուծում կլիներ, եթե Սի Ձինպինը ու Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ձեռնարկեին նոր կրոնի ստեղծում՝ «Սին մեր աստվածն է, ու չկա ուրիշ աստված» սկզբունքով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ