Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Դուռդ միշտ բաց լինի, տաշտումդ միշտ հաց լինի

Դուռդ միշտ բաց լինի,  տաշտումդ միշտ հաց լինի
12.09.2013 | 23:57

Թե լուսահոգի տատիս որևէ բան հարցնեիր, խոսքը կսկսեր առնվազն մի հիսուն տարվա խորքից: Քանի դեռ ջահել էի, հարցին պատասխանելու տատիս տակտիկան թվում էր ժամանակի անհարկի կորուստ: Երբ հասակ առա ու իմ այս հիսունհինգից (նկարի մեջ ջահել երևալուս հանկարծ չխաբվեք) սրընթացորեն մոտենում եմ տատիս հասակին, իսկ դրան առնվազն մի քառասուն տարի դեռ կա (բոլորիդ այդքան երկարակեցություն եմ ցանկանում, մնացածի տերն էլ` Աստված), հասկացա մի պարզ ճշմարտություն. ամեն սերունդ ասելիքի մեջ ապրածի խտացումն է փորձում դնել ու չի ցանկանում, որ իրենից հետո եկողը գնա սեփական սխալների վրա կյանքը կառուցելու ճանապարհով:

Ասածս զի՞նչ կցուցանե: Որ թերթն էլ է մարդ, տարիքն առած, կյանքի փորձառությունն ուսած մարդ, ու թերթն էլ է ուզում տարիքի առավելության, տարիների բերած առավելության դիրքերից ելնելով` խորհրդատու լինել:
Հիմա կասեք` հինգ տարեկանից ի՞նչ խորհրդատու:
Էս ի՞նչ եք ասում:
Է՜, ջահել եք, ջահել, եթե, իհարկե, նման բան անցավ մտքներովդ: Նախ` հինգը թերթի կենսաբանական տարիքն է, իսկ այն կազմողները, որ չլինեն-չլինեն, առնվազն այդ հինգի կողքը մի զրո կունենան (սա` միջինացված թվաբանությամբ), իսկ եթե պետով ու ծետով վերցնես ու բոլորի տարիքը գումարես, դուրս կգա մոտավորապես ճիշտ այնքան, որի թվաբանականը բառայինով մոտավորապես կհնչի այսպես. «գնա` գալիս եմ»: Այս «գնա` գալիս եմ»-ը, ինչ խոսք, ձեզ չի տանի-հասցնի դինոզավրների ժամանակներ, բայց Նարեկացի` նաղդ է, իսկ Նարեկացին, գիտեք, ուղենիշային մեծություն է ու այդպիսին է ոչ միայն հայերիս համար, այլև քաղաքակիրթ ողջ աշխարհի: Արդ, քանի որ այսքանը հասկացանք, յուրացրինք կյանքի լուսավոր էջերի պես, անցնեմ խոսքիս շարունակությանը։ Դե հիմա վերցրեք ու էսքան մարդու տարիների կյանքի փորձի, մի մասի վարարուն ու մյուս մասի փիլիսոփայական խորք մտած արյան հոսքի բերած իմաստնությունը ժողովեք, տեսեք՝ ինչ դուրս կգա: ՈՒ քանի որ, սիրելի ընթերցող, քեզ անկեղծորեն եմ սիրում, մտորումների մեջ առանձնապես չգցեմ, ինքս էլ պատասխանեմ` դուրս կգա էն, ինչը Աստծո ամեն բարի երեքշաբթի և ուրբաթ ձեր օջախներն է մտնում ձեր լավը կամեցող հարազատի տեսքով, ով նույն ձեր այդ լավի գիտակցմամբ փորձում է ձեզ մի քիչ ավելի տեղեկացված, մի փոքր ավելի ներողամիտ, մի փոքր ավելի բարյացակամ, մի փոքր ավելի հավատով, մի փոքր ավելի առողջ, մի փոքր ավելի սիրող լինել, քան կաք: Քան կանք:
Թերթերը մեր օրերի Հայաստանում բավականին շատ են: Թող լինեն: Էստեղ, բացի լավից, վատ բան չկա: Վատը լրագրողների պակասն է: Ինձ նման մի քիչ հին մարդկանց ժամանակներում լրագրողին տրվող ամենաբարձր գնահատական-արտահայտությունն էր` գրիչ բռնել գիտե: Կյանքը, բնականաբար, զարգանում է, տեխնիկան իր նորամուծություններն է բերում, սակայն վերը հիշատակված արտահայտությունն այդպես էլ չի կորցնում իմաստի մեջ եղած խորքը: Հիմա ես չէ, դուք` կարո՞ղ եք «գրիչ բռնել» ու «ձայնագրիչ բռնել» արտահայտությունների մեջ համարժեքություն տեսնել: Սա շատ լուրջ խնդիր է, ճիշտ և ճիշտ նույնքան, որքան ստորագրության պատիվն ունենալու գիտակցությունը: Այ էստեղ է, որ մեր շատ լրատվամիջոցներ խեղճանում են, իսկ ապավինել դիմացինի գրագիտությանը, հոդաբաշխ արտահայտվելու շնորհքին, դժվարությամբ տրվող երջանկություն է: Սա է մեր օրերի ցավն ու մեր շատ լրագրողների ցավը (խոսքս մատների վրա հաշվվող շնորհալիներին չի վերաբերում), թե չէ, ի՞նչ է պատահել, մեզնից էլ, մեզնից առաջ ու նրանցից ավելի առաջ եղածներից ավելի բոյ-բուսաթով են, ավելի ներկայանալի ու սիրուն են…
«Իրատես de facto»-ի բախտը լավ լրագրողների հարցում լավ էլ բերել է (էս լավերի միջից ինձ թույլ տվեք խոնարհաբար հանել, քանզի ինքս ինձ լրագրող չեմ հաշվում ու այսպես վարվելս կեղծ համեստություն չէ): Դուք տեսեք, թե ասելիքի մատուցման ի՜նչ բազմազանություն է, ի՜նչ խորքայնություն, ի՜նչ ինքնատիպություն: Սկզբունքորեն այդ ո՞ր մեկի առաջին իսկ նախադասությունը չկարդաս ու անսխալ չգուշակես նյութի հեղինակին: Սա լուրջ լրագրություն է արդեն, բարեկամներս: Սա արդեն թերթի անհատականացվածություն է: Էլ չեմ խոսում գրագիտության մասին:
Անկեղծ լինեմ` թերթի խմբագրակազմի բախտը բերել է լրագրողների հարցում, սակայն եկեք չմոռանանք, որ այդքան անհատականություններ մի տեղ ժողովելու համար խելք ու իմաստնություն էլ պիտի ունենալ: Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չմոռանալ, որ այս մասին ես խոսում եմ ոչ միայն որպես թերթին թղթակցող: Ես հիմա էլ եմ թերթ խմբագրում, ու այնպես չէ, որ չկամ խմբագրական գործում: Այնպես որ, ինձ քաջածանոթ է լավ լրագրող ունենալու հիմնախնդիրը:
«Իրատեսն» աշխատում է, «Իրատեսը» գործում է:
Քմահաճ մարդուս համար թերթում շատ բաներ կան առանձնացնելու:
Լա՛վ առումով առանձնացնելու:
Լինեմ սակավախոս ու նշեմ դրանցից մեկը: Թերթը կարողանում է մատը պահել զարկերակի վրա, իսկ սա տեղեկատվական միջոցի ամենախոշոր առավելությունն է: Այնպես որ, «Իրատեսի» հաջողության գաղտնիքն ուրիշ տեղ մի փնտրեք:
Ավարտեմ:
Ի՞նչ եմ ցանկանում թերթին: Նախ և առաջ` երկարակեցություն, ապա՝ ժամանակի զգացողության պահպանում, խոհունություն, ասելիքի կշռվածություն ու, որ ամենակարևորն է, Հայրենիքին ծառայող զինվորի մշտարթունություն: Պահպանվեց այս ամենը` հինգի կողքին զրոների ավելանալն անխուսափ կլինի: Նաև` ինքնաբերաբար: Այս անխուսափությունն եմ ցանկանում ու ներողություն, որ գործընկերներիցս ոչ մեկին անձնապես չհիշատակեցի: Նրանք դրա կարիքն էլ չունեն: Ընթերցողը նրանց մշտապես է տեսնում թերթի էջերում և, հարկավ, ավելի օբյեկտիվ է իր գնահատականներում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ