ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան

ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան
11.04.2013 | 19:13

Վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները հետին պլան են նետել տարածաշրջանում ընթացող գործընթացների և արտաքին քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը: Մինչդեռ տարածաշրջանը թևակոխում է աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ, որը պարունակում է ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ: Հարևան Վրաստանի նոր իշխանությունը փորձում է հարաբերությունները վերականգնել հյուսիսային հարևանի հետ` հասկանալով, որ 21-րդ դարում անհնար է զարգացնել տնտեսությունն առանց մեծ շուկաներ մուտք ունենալու: 2008 թ. օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմից հետո Միխեիլ Սաակաշվիլու վարչակազմը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ` ինքնաբերաբար զրկվելով նաև ռուսական շուկաներից օգտվելու հնարավորությունից: Թբիլիսիում կարծում էին, թե հնարավոր կլինի վրացական ապրանքն արտահանել Եվրոպա և ԱՄՆ` փոխհատուցելով ռուսական շուկայի հնարավորությունները:

Սակայն հետխորհրդային երկրները տնտեսապես ճանաչվելու, «բրենդային» խնդիր ունեն: Ինչպես հայկական կոնյակն ու հանքային ջրերը, այնպես էլ վրացական գինին և հանքային ջրերը ճանաչված են և պահանջարկ են վայելում հետխորհրդային շուկաներում: Դեռևս պետք է տասնամյակներ անցնեն, որպեսզի վրացական արտադրանքը ճանաչելիություն ունենա նաև Արևմուտքի շուկաներում, իսկ վրացիները երկար սպասել չեն կարող, ուստի և անհրաժեշտ է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ` սկսելով տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցությունից: Թերևս սա էր պատճառը, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքական փորձը կարող է օգտակար լինել նաև Վրաստանի համար: Անշուշտ, Իվանիշվիլու շրջապատն ուսումնասիրել է հետխորհրդային Հայաստանի արտաքին քաղաքականությունը և եկել եզրակացության, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, հնարավոր է արդյունավետ համագործակցություն ապահովել տարածաշրջանում ներկայացված բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ` առողջացնելով տնտեսությունն ու հիմքեր ստեղծելով այլ ոլորտներում հարաբերությունները կարգավորելու հարցերում:
Եթե Իվանիշվիլին շարունակի նույն ոճով, ապա մոտ ապագայում Վրաստանը կհայտնվի շատ ավելի շահեկան վիճակում, քան Ադրբեջանը: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն, հրաժարվելով առանց նախապայմանների համագործակցելուց Հայաստանի հետ տնտեսական և ենթակառուցվածքների համատեղ շահագործման հարցերում, վատթարացրել է հարաբերությունները նաև Թեհրանի և Մոսկվայի հետ: Եթե վրացիները կարգավորեն իրենց հարաբերությունները Կրեմլի հետ, եթե վրացական ապրանքները նորից հայտնվեն ռուսաստանյան շուկայում, վերագործարկվի վրաց-աբխազական երկաթգիծը, ապա Հայաստանը դուրս կգա շրջափակումից և Ադրբեջանը կհայտնվի մեկուսացված վիճակում: Ստացվում է, որ Երևանը բարձր մակարդակի հարաբերություն է ապահովում տարածաշրջանային գերտերությունների` Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը հայտնվում է մեկուսացման մեջ, հատկապես երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ սառը պատերազմի ավարտից հետո գերտերությունները շահագրգռված չեն թույլ տալու փոքր պետություններին իրենց շահերն ապահովել մեծ պետությունների հակասությունների վրա քաղաքականություն կառուցելու մեթոդով:
Պետք է նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես «ֆենոմենալ» է համարվել: Այսպես. Հայաստանը համարվում է ՌԴ ռազմաքաղաքական դաշնակիցը, անդամակցում է ՀԱՊԿ-ին, իսկ այս անվտանգության համակարգում «առաջին ջութակը» Ռուսաստանն է, միևնույն ժամանակ բարձր մակարդակի հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի «առաջին ջութակ» ԱՄՆ-ի հետ և միևնույն ժամանակ բարձր մակարդակի հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 1990-ականների կեսերին, այնուհետև լուրջ զարգացում է ապրել 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ և վարչապետ Սարգսյանները լրջագույն քայլեր կատարեցին ինչպես Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու, այնպես էլ ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները կարգավորելու հարցում: ՈՒշագրավ է, որ նախորդ 5 տարիներին Արևմուտքի և ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը տեղի ունեցավ ոչ թե մեկը մյուսի հաշվին, այլ համահունչ և համադրման մեթոդոլոգիայով: Կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքականության փոխլրացման մոտեցումը հանդուրժվում Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում, արդյո՞ք հայկական ռազմավարությունը խանդ չի առաջացնում աշխարհաքաղաքական կենտրոններում:
Իհարկե, Հայաստանը չէր կարող հաջողել այս հարցում, եթե աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը փորձեր առաջնորդվել ոչ թե շահերի համադրման, այլոց շահերի նկատմամբ հարգանք ունենալու սկզբունքներով, այլ գերտերությունների հակասությունների վրա քաղաքական գիծ առաջ մղելու սկզբունքներով, ճիշտ այնպես, ինչպես դա անում է Ալիևի վարչակազմը: Ժամանակն ապացուցեց, որ հնարավոր է պարզ, արդար և հստակ մղումներով արտաքին քաղաքականություն կառուցել, ինչն աչքի կընկնի արդյունավետությամբ և օրինակ կծառայի նաև հարևանների համար: Ի դեպ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն արդյունավետ է եղել ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցերում: 1990-ականների կեսերից արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային հորիզոնականներում է եղել եվրաինտեգրացիայի խնդիրը: ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանն անշեղորեն ընթացել է եվրոպական կառույցների հետ մերձենալու, այդ կառույցներում ընդգրկվելու և տնտեսական, հումանիտար զարգացման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովելու ճանապարհով:
Վերջին զարգացումները գալիս են ապացուցելու, որ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները չեն պատրաստվում շեղվելու այս ճանապարհից: ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանը զուգահեռ քայլեր են ձեռնարկվում նաև դեռևս սաղմնային փուլում գտնվող Եվրասիական Միության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: ՀՀ կառավարության ղեկավարի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի միջև ստորագրված փոխգործակցության մասին հուշագիրը կարելի է որակել որպես նոր հնարավորությունների հեռանկարի բացում: Ինչպես Եվրոպական Միությունը, այնպես էլ Եվրասիական Միությունը Հայաստանի համար գրավիչ են տնտեսական, հումանիտար զարգացման համատեքստում, և այս կառույցների հետ դիվերսիֆիկացված համագործակցությունը լուրջ հեռանկարներ է ստեղծում ոչ միայն տնտեսական զարգացման, այլև անվտանգության ապահովման հարցերում: Ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացումը, այնպես էլ ինտեգրացիոն գործընթացները չեն ընթանում մեկը մյուսի հաշվին, և սա խոսում է դիվանագիտական ճկունության, պարզ և արդար քաղաքական կեցվածքի մասին: Հայաստանի նման փոքր երկրների համար փոխլրացումն ու շահերի համադրությամբ արտաքին քաղաքականության իրականացումն այլընտրանք չունեն, և ճիշտ ժամանակն է ինտեգրացիոն գործընթացները դիտարկելու ՀՀ ազգային անվտանգության համատեքստում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ