ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երեք օրվա սինդրոմը

Երեք օրվա սինդրոմը
06.04.2013 | 18:07

Երեք օրվա սպասում` մինչև ապրիլի 9-ը: Ընդամենը: Ամենայն հավանականությամբ երեք օրում ոչինչ չի փոխվի, թեպետ շատ ավելի ճիշտ կլիներ, որ իրավիճակը լիցքաթափվեր նախքան երդմնակալությունը, ավելի ճիշտ` երդմնակալությունները: Իրավիճակի անհեթեթությունը արդարացում չէ:

Եթե մինչև այս Րաֆֆի Հովհաննիսյանի եռակի պտույտները հանրապետության մարզերով, հացադուլը, Ազատության հրապարակի իրադարձությունները գերազանցապես թատերական բնույթ ունեին, որովհետև չէին առաջադրվում քաղաքական պահանջներ, արձագանք չէին գտնում քաղաքական դաշտում և ընդդիմադիր ուժերի համախմբման պատճառ այդպես էլ չդարձան, ավելին` աստիճանաբար պակասեց ժողովրդի մասնակցությունը, վերջնագծում իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ:
Այս ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցեց, որ հիանալի հայ է, հիանալի ընտանիք ունի, հաստատակամ է ու համառ իր նպատակներին հասնելու ճանապարհին, բայց ամբողջ խնդիրը նպատակի չձևակերպվածությունը մնաց: Ընդհանրական կարգախոսներով` նոր Հայաստան, ապագա, հաղթանակ և այլն, կոնկրետ արդյունքների չեն հասնում: Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն ինչ արեց, որ չգնա իր նախորդների ճանապարհով, ովքեր ևս ոչ մի տեղ չէին հասել իրենց պայքարի արդյունքների տեսակետից: Լրացուցիչ սատարող հանգամանք էր գործող նախագահի վարած քաղաքականությունը, որը նույնպես կարելի է անվանել փափուկ ուժի դրսևորում: Բայց այս ճանապարհը ևս արդյունքների տեսակետից ոչ մի տեղ է տանում: Ավելին` Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից ներքաշվում է այլոց ծրագրերի մեջ, որոնք այդքան էլ խաղաղասիրական չեն: Ընդամենը մեկ համեմատություն` եթե ապրիլի 5-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը ազգային-հայրենասիրական տեսակետից փայլուն ելույթ է ունենում, որը սակայն լիովին կտրված է Հայաստանի ու այսօրվա իրականությունից, ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրում է համեմատաբար գործնական պահանջներ` ապրիլի 9-ին գործադուլ ու դասադուլ (լավ է, որ հացադուլի պահանջ չհնչեց), միլիոնների հավաք համայն աշխարհից Ազատության հրապարակում, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նրանից 50000 մարդ է ուզում իր խոսքով «նեխած ձվերի» հարցը լուծելու համար: Պատկերացրեք, որ այդ 50000 մարդը նա ստանում է, հետո՞: Նոր մարտի 1 ապրիլի՞ն: Անդրիաս Ղուկասյանին այդքան հմայե՞լ է 2008-ի մարտը իր արտակարգ իրավիճակով, բռնություններով ու շոկով, նրան նոր արյու՞ն է պետք: Նրա և նրան դրդողների քունը չի՞ տանում, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմի վտանգ չկա, որ հասարակության երկփեղկումն ու թշնամության, խորթացման ու անվստահության մղձավանջը չի կրկնվում: Ամենավտանգավորը` որոշակի իրավիճակում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է կորցնել իր բարևն ընդունածների կառավարումը, իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ: Սադրիչների պակաս մեր մեջ ե՞րբ է եղել: Հետո՞: Այս հարցը այսօր բոլորիս առաջ է` անկախ ապրիլի 9-ին ով որտեղ է լինելու:
Ի վերջո` երդմնակալությամբ ոչ թե երկիշխանություն է ստեղծվելու Հայաստանում, ինչպես միամտորեն կարծում են կամ փորձում են հավատացնել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընդամենը քրեական գործ: Միևնույն է, Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն չի ունենալու օրենսդիր ու գործադիր իշխանության որևէ գործառնության վրա նույնիսկ ներգործելու, ուր մնաց ղեկավարելու, մինչդեռ նրա քայլը կարող է բնորոշվել իշխանության բռնազավթում: Եզրակացությունները թողնում եմ ձեզ, թե ինչ կհետևի այդ քայլին:
Բոլոր ներկայացումներն էլ ավարտ են ունենում: Լավ կամ իրատեսական: Քաղաքական ներկայացումները նույնպես: Ապրիլի 9-ը չպիտի դառնա Անդրեաս Ղուկասյանների ու Հայաստանը դեպի անցյալ մղողների օր: Եվ առաջինը դա պիտի զգա Րաֆֆի Հովհաննիսյանը, ում մեջ հայրենասիրությունը գենետիկորեն է զարգացած, մնում է, որ նույնքան զարգանա նաև քաղաքականության ու իրատեսության զգացումը:
Երեք օրը քիչ ժամանակ չէ: Քրիստոնյա Րաֆֆի Հովհաննիսյանը լավ պիտի հասկանա երեք օրվա սինդրոմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ