Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը»

«Բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը»
10.04.2009 | 00:00

«ԳԼԽԱՎՈՐԸ ՄՈՌԱՆԱԼՈՎ` ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԻ ՎՐԱ ՄԻԱՅՆ»
Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները մեկնաբանում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։
-Պարոն Այվազյան, հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կապվում էր ԱՄՆ-ի նախագահի` Թուրքիա կատարած այցի հետ։ Այցի ժամանակ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարություններով, որոնք ինչպես ոգևորիչ են Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այնպես էլ շատերի համար հիասթափեցնող են։ Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը կապել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հետ։
-Իհարկե, ճիշտ չէ։ Հայկական հարցը սոսկ ցեղասպանության ճանաչման հարց չէ։ Պարզապես վերջին 30 տարվա ընթացքում սփյուռքի լոբբիստական գործունեության, իսկ հետո նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայկական հարցն իր բովանդակային արտահայտումը չգտավ։ Դրա համար էլ ստեղծվել է տպավորություն, թե դա միայն ցեղասպանության ճանաչման հարցն է։ Մինչդեռ Հայկական հարցը Հայաստանի պետականության գոյության համար քաղաքական ու տարածքային երաշխիքներ ապահովելու խնդիրն է։ Ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել այդ հարցի լուծմանը։ Սակայն շփոթ ստեղծելը շատ վտանգավոր է, որովհետև գլխավորը մոռանալով` հայությունը կենտրոնացել է ցեղասպանության ճանաչման հարցի վրա միայն։
-Սակայն հենց դա է, որ պետք է ստեղծի համապատասխան միջազգային երաշխիքներ։
-Գործնականում ստացվում է, որ այնքան էլ այդպես չէ։ Օրինակ, Կանադան, Լեհաստանը կամ Ֆրանսիան ճանաչել են ցեղասպանությունը։ Բայց փաստ է, որ մենք չենք կարողացել քաղաքական առումով դա կապիտալիզացնել։ Այսինքն` ճանաչումով հանդերձ նրանց քաղաքականությունը Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, որովհետև մենք չենք պարզաբանում աշխարհին, որ ցեղասպանությունը կատարվել է Հայաստանը հայաթափելու, հայությանը իր հայրենիքում պետականություն ստեղծելու հնարավորությունից զրկելու նպատակով։
Այսօր Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆասիեն հայկական կողմից պահանջում է Ադրբեջանին հանձնել ազատագրված տարածքը, Արցախ վերադարձնել ադրբեջանցիներին և դրանից 10-15 տարի հետո միայն Արցախում հանրաքվե անցկացնել։ Սա նշանակում է հայկական պետականությունը զրկել անվտանգության երաշխիքներից՝ ապագայում անորոշ լուծումների հույսերի դիմաց։ Անտեսվում է այս հարցի և ցեղասպանության խնդրի միջև անմիջական կապը, որը մենք պետք է շեշտադրեինք անցած ամբողջ ժամանակահատվածում։ Հիմա, եթե ԱՄՆ-ի նախագահը նույնիսկ ճանաչի ցեղասպանությունը, դեռ մեծ հարց է, թե որքանով մենք կկարողանանք որպես դրա հետևանք փոխհատուցում պահանջել` նկատի ունենալով մեր պետության ծանրագույն աշխարհառազմավարական դրությունը։
-Ճանաչումը, ցանկացած դեպքում, նպաստավոր է։ Ինչ վերաբերում է փոխհատուցման պահանջին, ապա եկեք ընդունենք, որ դա ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր խնդիրն է։
-Մեր պետական այրերը պարտավոր էին և պարտավոր են պարզաբանել միջազգային հանրությանը, որ մենք այս ծանրագույն աշխարհառազմավարական վիճակում ենք հայտնվել ցեղասպանության պատճառով։ Դա ոչ միայն չի արվել, այլև բարեկամ, դաշնակից համարվող Ֆրանսիան մեզանից Ղարաբաղի հարցում անհիմն ու խիստ վտանգավոր զիջումներ է պահանջում։
-Մինսկի խմբում մեր ֆորմալ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, բայց նա էլ է նույն զիջումները պահանջում։
-Բայց, բոլոր դեպքերում, Ֆրանսիան բարեկամ երկրի համարում ունի, այդպիսի ընկալում է ստեղծվել անցած տարիներին։ Սա նշանակում է, որ մեր դիվանագիտության մեջ լրջագույն պրոբլեմներ կան։ Օրինակ, Ջավախքի հայաթափումը շարունակվում է, ընդամենը երկու օր առաջ Վահագն Չախալյանին 10 տարվա ազատազրկման դատապարտեց վրացական դատարանը։ Այնտեղ իրադրությունը զարգանում է նախիջևանյան սցենարով՝ հայաթափում, իսկ Հայաստանը, որպես պետություն, որևէ առարկայական աջակցություն ցույց չի տալիս իր հայրենակիցներին։
-Վրաստանի նկատմամբ Հայաստանը մշակված քաղաքականություն չունի, դա բացթողում է։ Սակայն, այնուհանդերձ, վերադառնանք հայ-թուրքական հարաբերություններին։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում։
-Հայ-թուրքական հարաբերություններն իրենց բովանդակությամբ թշնամական հարաբերություններ են։ Երբ խոսում են դրանց կարգավորման մասին, պետք է նայել, թե ինչ է առաջարկվում։ Առայժմ խոսվում է միայն սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին` մնացած ու ամենակարևոր հարցերը թողնելով անորոշ ապագային։ Իսկ այդ «մնացածը» անվանվում է երկրորդական, «վիճահարույց», «զգացմունքային»։ Մինչդեռ հայ-թուրքական հակամարտության կառուցվածքը բաղկացած է տասնյակ մակարդակներից և ենթամակարդակներից, որտեղ Թուրքիան իրականացնում է հարձակողական և խիստ թշնամական գործողություններ, որոնք մնում են անպատասխան։ Այդ մասին ես մի առանձին ուսումնասիրություն եմ հրապարակել։
-Կարծում եք, որ Հայաստանը բանակցությունների հենց սկզբից պետք է ներկայացներ իր պահանջների ամբո՞ղջ փաթեթը, ներառյալ ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը։
-Թուրքիան Հայաստանի դեմ համալիր թշնամական ծրագիր է իրականացնում բազմաթիվ ուղղություններով ու տարբեր միջոցներով։ Ադրբեջանին ցուցաբերվում է ամեն տեսակի աջակցություն, տարիներ շարունակ Բաքվում զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում են թուրք գեներալները։ Այս տարվա փետրվարի 19-ին էլ, այսպես կոչված հայ-թուրքական «երկխոսության» պայմաններում, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե Ղարաբաղի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները միանգամայն նույնն են, որ իրենք վարում են համատեղ մշակված քաղաքականություն։
Թուրքիան շարունակում է հայոց պատմության խեղաթյուրումն ու մեր պատմամշակութային ժառանգության ավերումն ու յուրացումը։ 2007-ի դեկտեմբերից մինչև օրս թուրքական դպրոցներում ֆիլմ է ցուցադրվում, թե ինչպես են հայերն իբր ոչնչացրել թուրքերին։ Այդ ֆիլմի 600 000 սկավառակ է տարածվել։ Սա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ոչ մի ցանկություն չունի։ Այս պայմաններում ի՞նչ բանակցությունների մասին ընդհանրապես կարող է խոսք լինել, երբ Թուրքիայի պաշտոնյաները հետևողականորեն շարունակում են հերքել ցեղասպանության փաստը ամենաբարձր ամբիոններից։ Ցեղասպանության ժխտումը, ի դեպ, ցեղասպանագետները գնահատում են իբրև դրա իրագործման վերջին փուլը՝ «կրկնակի սպանություն»։
-Այսինքն, Դուք առաջարկում եք, որ Հայաստանը արձագանքի՞ այդպիսի դրսևորումներին։
-Անպայման։ Ի՞նչ իմաստ ունի բանակցել մեկի հետ, որը քո նկատմամբ շարունակում է իրականացնել անվերապահ թշնամական քաղաքականություն։ Ապրիլ ամսին Հայաստանի արտգործնախարարի այցը Թուրքիա և Բաբաջանի սպասվող այցը Հայաստան մեր ազգային արժանապատվությանը հասցված վիրավորանք են, ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ։ Արևմտյան աղբյուրներում, մասնավորապես «ՈՒոլ Սթրիթ Ջոռնալ»-ում հրապարակված և ՀՀ իշխանությունների կողմից չհերքված տեղեկությունների համաձայն, Հայաստանի և Թուրքիայի միջև պատրաստվում են համաձայնագրեր, որոնցով, մասնավորապես, Հայաստանը ճանաչելու է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, Հայաստանը համաձայնելու է «1915 թվականի իրադարձությունները» քննող պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն։ Եթե այս չհերքված տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, ապա գործ ունենք Կարսի պայմանագրի վերահաստատման և ցեղասպանության արդյունքի օրինականացման հետ։ Այսինքն՝ երկխոսության անվան տակ ժողովրդի թիկունքում նախապատրաստվում է Հայաստանի կապիտուլյացիան թուրքական ճակատում։ Բացի այդ, գոյություն ունեն թուրքական նախապայմաններ, որոնք բացահայտ չեն հայտարարվում։ Անկասկած, լայն հասարակության համար չբացահայտված այդպիսի նախապայմաններից է եղել Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր դառնալու Թուրքիայի պահանջը, որն էլ անհավատալիորեն ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից։ Դառնալով ռազմավարական խոշորագույն այդ օբյեկտի բաժնետեր, Թուրքիան կամ թուրքական ընկերությունները ստանալու են Հայաստանի անվտանգության մասին զգայուն տեղեկատվություն ունենալու, Հայաստանի իշխանություններին և ժողովրդին որևէ պահի ահաբեկելու և ճնշումներ գործադրելու հիանալի հնարավորություն։ ՀՀ իշխանությունների համաձայնությունը վկայում է, որ նրանք կորցրել են իրականության զգացումը, այս թշնամուն տեսնելու պարզ կարողությունը, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով։
Կարճ ասած, եթե նախկինում խոսում էին ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, ապա այժմ բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը, որի առաջին փուլում նախատեսվում է հայոց ցեղասպանության արդյունքների օրինականացում, Հայաստանի տնտեսական, գաղափարական և մշակութային կլանում և ստրկացում, իսկ հաջորդ փուլերում՝ Ջավախքի հայաթափման ավարտ ու Արցախի բռնազավթում և Հայաստանի` աշխարհի քարտեզի վրայից վերացում։
-Զարմանալի է, որ Հայաստանի փորձագիտական դաշտում Դուք նման արմատական տրամադրություններով միակ մարդն եք։ Նույնիսկ ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական կուսակցություններն այդքան կատեգորիկ չեն արտահայտվում։ Ի՞նչն է պատճառը։
-Ես իրավիճակը գնահատում եմ պատմական փորձի ու այսօրվա իրականության սառը վերլուծության հիման վրա։ Իսկ եթե Հայաստանի քաղաքական դաշտը չի ուզում իրականությունը տեսնել, ցավալի է։ Անցյալում էլ նման իրավիճակ եղել է՝ 1907-12 թվականներին Հայ հեղափոխական դաշնակցությունը համագործակցում էր երիտթուրքերի հետ, ուշքի չեկավ նույնիսկ 1909-ի ապրիլի Ադանայի ջարդից հետո։ Արդյունքը եղավ 1915-ը։ Մեր քաղաքական կուսակցությունների մի զգալի մասի ծրագրերում հայ-թուրքական խնդիրներն ընդհանրապես արծարծված չեն, իսկ մյուս մասի ծրագրերում արտահայտված են ԱԳՆ-ին բնորոշ «շտամպային» ձևակերպումներով։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն ու կուսակցությունները կայացած չեն ու չեն կարող այսպիսի լրջագույն հարցի մասին տրամաբանված և հստակ դիրքորոշումներ ունենալ։ Չկա ո՛չ այդ ներուժը, ո՛չ էլ ցանկությունը. զբաղված են այլ, բոլորիս հայտնի ճղճիմ և իրենց ձեռնհասության ծիրում գտնվող խնդիրներով։
-Լավ, ի՞նչն է Ձեզ այս փուլում կոնկրետ մտահոգում։
-Այն, որ մենք առանց իրական հետևանքները հաշվարկելու, արդեն պատրաստվում ենք գրկախառնվելու թուրքերի հետ։ Սահմանը բացվելու դեպքում տնտեսական հարաբերություններ կսկսվեն, թեպետ մեր ու Թուրքիայի ուժային հարաբերակցությունը ցանկացած առումով շատ տարբեր է։ Ժամանակի ընթացքում կփլուզվի մեր ներքին արդյունաբերությունը, կմեծանա տնտեսական կախումը, և ուղղակի խաղաղ ճանապարհով Թուրքիան կհասնի նրան, ինչը չկարողացավ ավարտել 1915-23-ին։ Կամ էլ՝ թուրքական խոր ներթափանցման հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության համակարգի ընդհանուր անկման պայմաններում Ադրբեջանը Թուրքիայի դրդմամբ պատերազմ կսկսի և մեկ հարվածով կլուծի հարցը։ Անթալիայում հանգստացողները չէ, որ պիտի այդ պայմաններում գնան արցախյան ճակատ` երկիրը պաշտպանելու։
-Ընդունենք, որ հայ-թուրքական հարաբերություններում ներկա պրոցեսը պայմանավորված, նույնիսկ պարտադրված է տարածաշրջանային զարգացումներով։ Ռուս-վրացական հակադրության պատճառով Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլանում են, փոխվում է ընդհանուր վիճակը։
-Համամիտ չեմ։ Վրացական այս վերջին պատերազմից հետո ոչ պակաս հիմնավոր կարծիքներ կան, որ Ռուսաստանի ազդեցությունը, հակառակը, ամրապնդվել է։
-Դո՞ւք էլ եք այդ կարծիքին։
-Ես չէի ասի` ուժեղացել է կամ թուլացել։ Կա պայքար, որի ընթացքում ռուսները կարողացան վերահաստատել իրենց ներկայությունը և նպատակ չունեն տարածաշրջանից հեռանալու։ Չեմ կարծում, թե կա այնպիսի ուժ, որը կարողանա Ռուսաստանին տարածաշրջանից ամբողջությամբ դուրս մղել։ Թեպետ դրա ճանապարհներից մեկն էլ ՆԱՏՕ-ի ընդարձակումն է, նաև հայ-թուրքական հարաբերություններն այնպիսի վիճակի բերելը, որ սկզբունքային խնդիրներ չմնան։
Իհարկե, Հայաստանի վրա կա արտաքին ճնշում, բայց ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ճնշման ենթարկվել չի կարելի։ Օրինակ, ազատագրված տարածքի հարցում էլ ճնշում կա, բայց մենք դրան չենք ենթարկվում, որովհետև գիտենք, թե դա ինչ հետևանքներով է հղի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։ Հայ-թուրքական հակամարտության մեջ արձանագրվող զարգացումները Հայաստանի պետականության համար կարող են ունենալ նույնպիսի վճռորոշ նշանակություն, ինչպիսին Արցախյան հիմնախնդիրն է։ Սխալվել, զգոնությունը կորցնել չի կարելի։ Օրինակ, Նախիջևանում Թուրքիան ունի ոչ բացահայտ ռազմական ներկայություն։ Հայաստանը դրա դեմ ոչ մի անգամ չի բողոքել ու հասկանալի չէ՞, թե ինչու։
-Որովհետև 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով Թուրքիայի միջամտության իրավունքը Նախիջևանում նախատեսված է։
-Բայց այդ դեպքում ինչո՞ւ մինչև 1991-ը Թուրքիան այստեղ զորք չուներ։
-Որովհետև կար Խորհրդային Միությունը։
-Հիմա մենք Թուրքիայի դատապաշտպանի դերո՞ւմ ենք։
-Բացարձակապես ոչ, ուղղակի պահանջը պետք է հիմնավորված լինի։
-Շատ լուրջ և հիմնավորված կարող էր լինել, եթե ճիշտ ներկայացվեր։ Մանավանդ որ այդ ռազմական ներկայությունը բացահայտորեն հայտարարված չէ։ Մինչդեռ վերջին շրջանում նկատում ենք այլ բան։ Հայկական հեռուստաընկերությունները սկսել են Թուրքիան ներկայացնել դրական լույսի ներքո, հետն էլ խոսել ցեղասպանության ճանաչման մասին։ Սա իրականությունը խեղաթյուրելու փայլուն գործողություն է։ Մեր իշխանությունների այդպիսի պահվածքը բերելու է հասարակության հերթական պառակտման ու սուր բախման։ Մի կողմում կլինեն նրանք, ովքեր առողջ բնազդով չեն վստահում «երկխոսությանը», մյուսում նրանք, ում զգոնությունն այլևս բթացել է։
Հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ նույն ցեղասպանության հարցում ռացիոնալ է, հաշվարկված։ Իսկ մենք այսօր բախվում ենք հայկական իռացիոնալ ժխտողականության հետ, որը ցանկալին իրականի տեղ ներկայացնելով, ինքն իր համար ժխտում է Թուրքիայի թշնամական քաղաքականությունը։ Իրականությունից փախչելու տիպիկ դրսևորում է սա, որ միանգամից տեղի չունեցավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը` իրենց արտգործնախարարներով տարիների ընթացքում արմատավորեցին այս մթնոլորտը, քանի որ այդ ընթացքում իրենց ուղղորդում էին արևմտյան տարբեր վերլուծաբաններ։ Ազգային անվտանգության բնագավառում հայ ազգային միտքը եղել և մնում է ժխտված մեր ղեկավարության կողմից։ Մեր բարձրացրած բազմաթիվ հարցերը շարունակաբար անտեսվում են։
-Ի՞նչ կուզենայիք ասել որպես մեր զրույցի վերջաբան։
-Անապահովության, վտանգվածության սուր զգացողություն կա այս ամբողջ գործընթացից, հայ և թուրք պաշտոնյաների, այսպես կոչված, «երկխոսությունից»։ Նման մի զգացողություն կար Գետաշենի անկման ժամանակ, բայց այն տարիներին մենք անկախ պետականություն չունեինք։ Հիմա թղթի վրա այդ պետականությունը կա, բայց անպաշտպանվածության զգացումը չի վերացել։ Պետություն ունեցող ազգն իրեն այսպես անպաշտպան զգալու իրավունք չունի։ Իշխանությունները չեն ներկայացնում քաղաքագիտական, տնտեսագիտական, անվտանգության հետ կապված ոչ մի լուրջ ուսումնասիրություն հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա զարգացումների հնարավոր հետևանքների մասին։ Բացարձակ անպատրաստ մտել են մի գործընթացի մեջ, որի վտանգավոր խութերը նրանք շատ վատ են պատկերացնում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ